ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՈՄԱՏԻ ՊԱՀԱԾՈ ՔԻՉ Է ԱՐՏԱԴՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տոմատի պահածոյի արտադրության ծավալները նվազել են 69.2 տոկոսով: Ըստ «Ագրագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի` տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազման պատճառը մորմազգիների ցեցն է: Ինչի պատճառով գյուղացիները խուսափում են լոլիկ մշակել:

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ եթե անցած տարվա հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 345 հազար 900 տոննա տոմատի պահածո, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 106 հազար 600 տոննա: Միայն անցած տարվա յոթ ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տոմատի պահածոյի արտադրության ծավալները 50.6 տոկոսով են ավելացել: «Ագրոգյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազմանը, հայտարարեց.«Հանրապետությունում լոլիկ չկա: Այս ամենի պատճառն այն է, որ մենք ժամանակին մորմազգիների ցեցի դեմ չպայքարեցինք: Արդեն հինգ տարի է, ինչ չենք կարողանում պայքարել: Արդյունքում գյուղացուն ձեռնտու չէ լոլիկ մշակել, քանի որ այդ ցեցը շատ մեծ վնաս է հասցնում»:
Սակայն, ըստ որոշ մասնագետների, լոլիկը տոմատի վերածվելու փոխարեն արտահանվել է: Բայց չնայած սրան` նկատենք, որ Հայաստանից այս տարվա վեց ամիսներին անցած տարվա 30.2 տոննայի փոխարեն արտահանվել է 18.4 տոննա լոլիկ: Այնուամենայնիվ, գյուղացիները նախընտրում են իրենց լոլիկը ներքին շուկայում իրացնել, քան այն վաճառել վերամշակող ընկերություններին, որովհետեւ այդ կազմակերպությունները ցածր գին են առաջարկում լոլիկի դիմաց:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վերամշակող ընկերությունները եւս մեծ քանակությամբ տոմատի պահածո չեն արտադրել:
Ինչպես հայտնի է` տոմատի պահածո արտադրում է նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին պատկանող «Մապ» ընկերությունը: «Մապ»-ը տեղ է գտել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում, բայց այս ընկերությունը վերջին երեք տարիներին զգալի նվազեցրել է հարկերը:
Այսպես՝ «Ժողովուրդ»-ը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ նախկին պատգամավորի ընկերությունը 2015 թվականի երկրորդ եռամսյակում պետական բյուջե կատարել է 428 մլն 614 հազար դրամի չափով հարկային վճարումներ: Բայց 2016 թվականի նույն ժամանակահատվածում ընկերությունը հարկային վճարումները զգալի պակասեցրել է` վճարելով 179 մլն 972 հազար դրամ հարկ ու տուրք: Ստացվում է, որ պահածոների արտադրությամբ զբաղվող այս ընկերությունը մեկ տարվա ընթացքում մոտ 249 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
«Մապ»-ը այսպես գործել է նաեւ այս տարվա երկրորդ եռամսյակում եւ պետական բյուջե վճարել է 160 մլն 179 հազար դրամ հարկ ու տուրք: Այսինքն՝ ավելի քիչ, քան նախորդ տարի: Ի դեպ, տեղեկացնենք, որ նույն պատկերն է արձանագրվում, երբ ընկերության վճարած հարկերի չափը տարիների կտրվածքով ենք համեմատում: Օրինակ՝ անցած տարվա ընթացքում ընկերության հարկային վճարումները կազմել են 392 մլն 207 հազար դրամ, մինչդեռ 2015 թվականին «Մապ»-ը վճարել է 428 մլն 614 հազար դրամ հարկ, մոտ 36.5 մլն դրամով պակաս:
Հարցին` ինչն է հարկերը նվազեցնելու պատճառը, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանն անկեղծացավ. «Քիչ ենք ծախել, իրացումը քիչ է, հետեւաբար հարկն էլ է քիչ: Դա տրամաբանական է, որ ոչինչ չվաճառես, հարկն էլ քիչ կվճարես: Հայաստանում իրացման ծավալները նվազել են, հարկերն էլ քչացել են: Հստակ չեմ կարող ասել, թե ինչի հաշվին են նվազել իրացման ծավալները, բայց պատճառները բազմաթիվ են. մշտական բնակչության թվաքանակի նվազում, գնողունակության անկում: Բայց փաստը մնում է փաստ, որ մենք այս տարի ավելի քիչ ենք Հայաստանում արտադրանք վաճառել, քան նախորդ տարի: Անցած տարի ավելի քիչ են վաճառել, քան 2015 թվականին. տարեցտարի ներքին շուկայում իրացման ծավալների նվազում է արձանագրվում»:
«Ժողովուրդ»-ը Ա. Պետրոսյանից հետաքրքրվեց նաեւ տոմատի պահածոյի արտադրության ծավալների նվազման պատճառների մասին: Ըստ գործարարի` պատճառն այն է, որ այս տարի գյուղատնտեսական տարին մոտ մեկ ամսով հետ է ընկել: «Տարին չի վերջացել, մարդիկ դեռ պետք է լոլիկ հավաքեն: Այնպես որ, չի բացառվում, որ սեպտեմբերին այդ բացերը լրացվեն»,- փոխանցեց «Մապ»-ի սեփականատերը, ապա ընդգծեց, որ հարկերի նվազումը պայմանավորված չէ իր պատգամավոր չընտրվելու հետ:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Ալեքսան Պետրոսյանը ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին: Եւ չնայած սրան` նա հսկայական գումարներ ծախսեց պատգամավոր ընտրվելու համար: Սակայն հավաքելով 9 հազար 581 ձայն՝ չընտրվեց պատգամավոր: Ստացվում է, որ պատգամավոր չընտրվելը բացասաբար է ազդել իր ձեռնարկատիրական գործունեության վրա: Տեղեկացնենք, որ այս ճակատագրին է արժանացել նաեւ ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ընկերությունը, որը նույնպես զգալի նվազեցրել է հարկային վճարումները:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԹԱՓԱՌՈՂ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Վանաձորում վերջին շրջանում նկատվում է թափառող կենդանիների թվի աճ: Բնակիչներն ահազանգում են, որ թափառող կենդանիները ոչ միան շատացել են, այլ նաեւ անարգել շրջում են քաղաքում՝ վտանգ ներկայացնելով անցորդների համար:
«Ժողովուրդ»-ի հետ զրուցելիս Վանաձորի Դիմաց թաղամասի բնակչուհի Լուսինե Հարությունյանը բողոքում է. «Մեր շենքից աղբանոց երկու քայլ է, բայց շները շատ են ու ագրեսիվ են: Հենց շքամուտքից դուրս ենք գալիս, ոհմակով մեր վրա են հարձակվում: Եթե ցերեկն են մեր վրա հարձակվում, բա երեկոյան ի՞նչ կանեն»:
Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնից տեղեկացրին, որ տարեսկզբին մեծ թվով թափառող կենդանիներ են ոչնչացվել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ Միշա Ազարյանը նշեց. «Ցերեկվա ժամերին մենք հաշվառում ենք՝ որտեղ կան կենդանիներ, հաղորդում ենք համապատասխան կազմակերպությանը, նրանք էլ արդեն քայլեր են ձեռնարկում՝ կենդանիներին վնասազերծելու համար: Բազմամարդ վայրերում ոչ մի որսորդ իրավունք չունի կրակելու: Այդ իսկ պատճառով վնասազերծումն իրականացվում է գիշերային ժամերին: Յուրաքանչյուր թափառող կենդանի վնասազերծելու համար համայնքապետարանը բյուջեով նախատեսել է 2000 դրամ»:
Թափառող կենդանիներից զատ քաղաքի կենտրոնում, հատկապես կանաչապատ գոտիներում, պարբերաբար նկատվում են խոշոր եղջերավոր անասուններ, որոնք արածում են: Միշա Ազարյանի խոսքով՝ անասնապահները նախնական բանավոր զգուշացրել են, որ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում կկիրառեն համապատասխան տուգանքներ:
Նշենք, որ Վանաձորում անասնապահությամբ զբաղվում են շուրջ հարյուր ընտանիք: Քաղաքապետարանում այս տարվա հունվարի մեկի դրությամբ հաշվառված է ավելի քան 1700 խոշոր եղջերավոր անասուն: Ցավոք, անասնապահության համար Վանաձոր համայնքը չունի արոտավայրեր:
Չնայած քաղաքապետարանի համապատասխան բաժնի պնդումերին՝ փաստն այն է, որ թափառող կենդանիները հատկապես երեկոյան ժամերին դառնում են խիստ վտանգավոր: Այս իրավիճակը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի, հակառակ դեպքում կարող են կրկնվել շների հարձակման դեպքերը, որոնք, հավանաբար, արդեն մոռացվել են:

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՈՅԱՆ
Վանաձոր

 

 

 
ԱՆՁՐԵՎՆԵՐԻ ՀԵՏ ԿՍԿՍՎԵՆ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄՆԵՐԸ

Վանաձորի փողոցների խայտառակ անմխիթար վիճակի մասին շատ է խոսվել: «Ժողովուրդ»-ի հարցմանը վանաձորցի վարորդների պատասխանները գրեթե չէին տարբերվում. «Ճամփաները շատ վատն են, քաղաքի կենտրոնում դեռ քշել լինում է, իսկ ծայրամասերում առանց մեքենա վնասելու՝ անհնար է»:

Ու վերջապես խնդիրը հասել է նաեւ բարձրագույն իշխանություններին: Սերժ Սարգսյանի հանձնարարականով կառավարության պահուստային ֆոնդից շուրջ 300 մլն դրամ է հատկացվելու` Վանաձորի ավտոճանապարհները վերանորոգելու համար: Այս գումարով նախատեսվում է վերանորոգել Վանաձորի 15-ից ավելի փողոցներ՝ Վարդանանց, Զորավար Անդրանիկի, Երեւանյան խճուղի, Հալաբյան, Աղայան, Ուսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացու, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6, Դեմիրճյան եւ Լոռու հրապարակից մինչեւ Նարեկացի փողոց ընկած փողոցները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե որ կազմակերպությունն է իրականացնելու վերանորոգման աշխատանքները: «Կիրականացվի մրցույթ՝ աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը որոշելու համար: Իսկ ճանապարհների վերանորոգման աշխատանքների ընթացքին եւ որակին հետեւելու է Լոռու մարզպետարանը»: Խոսելով որակի մասին՝ Արմեն Ջանազյանը նշեց որ ասֆալտի հաստությունը լինելու է 4 սմ, որը վանաձորցիներին կծառայի 2-3 տարի:
Ուշագրավն այն է, որ ճանապարհների փոսալցման եւ վերանորոգման աշխատանքները նախատեսվում է սկսել սեպտեմբերի 15-ին: Այսինքն՝ ճիշտ այն օրերից, երբ Վանաձորում սկսվում են անձրեւները: Իսկ թե երբ կավարտվեն վերանորոգման աշխատանքները, եւ իրականում ինչ որակի ասֆալտ կլինի, ցույց կտա ժամանակը:

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՈՅԱՆ
Վանաձոր




Լրահոս