ԻՄ ՀԵՏՆՈՐԴԸ ՊԵՏՔ Է ՄԻ ՔԱՆԻ ԱՆԳԱՄ ԳՐԱԳԵՏ ԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ամփոփելով կառավարության գործունեության մեկ տարին եւ խոսելով իր գերատեսչության կատարած աշխատանքի մասին, չի շտապում գնահատական տալ՝ դա թողնելով վարչապետ Կարեն Կարապետյանին: Սակայն Արամյանը չի թաքցնում, որ գոհ է իր թիմից:

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նախորդ նիստում նախարարներին հանձնարարել էր ամփոփել կատարված աշխատանքներն ու հաշվետվություն ներկայացնել: Ֆինանսների նախարարության կատարած աշխատանքի եւ առկա խնդիրների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հետ:
-Պարո՛ն Արամյան, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարության անդամներին ամփոփել կատարված աշխատանքներն ու հաշվետվություն ներկայացնել: Ձեր ղեկավարած գերատեսչությունը որքանո՞վ է կատարել հանձնարարականները:
-Նախ ես պետք է իմ թիմից շնորհակալություն հայտնեմ, որովհետեւ թիմն ինձ հետ միասին քրտնաջան աշխատել է: Դուք նաեւ կարող եք դա տեսնել, որ երեկոյան ժամերին՝ մինչեւ 8-ը, 9-ը, իմ բոլոր աշխատակիցները քրտնաջան աշխատում են: Այն, ինչ որ մենք նախատեսել էինք կատարել 2017 թվականին, դրանք կատարել ենք, իհարկե, որոշակի ժամկետային շեղումներով: Օրինակ՝ հանրության հետ կապերն ուժեղացնելու մասով մենք նախատեսել էինք նոր կայքի կիրարկումը եւ կանխատեսել էինք, որ այն կիրառվի մարտ ամսին, սակայն դա ունի իր բացատրությունը, քանի որ ցանկացել ենք, որ որքան կարող է որակով լինի եւ հանրության համար հասանելի: Մենք ունենք բավականին մեծ առաջընթաց պետական գնումների ոլորտում, թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացման մասով, բայց դա չի նշանակում, որ անելիքներ դեռեւս չունենք: Մենք դրել ենք խնդիր, որպեսզի մեկնարկենք պետական բյուջեի ծրագրավորման կամ պլանավորման գործընթացի ավտոմատացում: Այդպես հսկողական համակարգերն ավելի են ուժեղանալու, եւ փոքրանալու է սխալի հավանականությունը, մեծանալու է թափանցիկությունը: Եթե ներկայումս մարդիկ են նստած եւ նույն գործողություններն են անում, ապա դրա փոխարեն լինելու է ծրագիր, եւ այդ ռեսուրսները վերաուղղելու ենք ավելի մեծ նպատակային բաների:
-Կառավարության յուրաքանչյուր նիստում մենք տեսնում ենք, որ վարչապետը տարբեր հանձնարարականներ է տալիս, այդ թվում՝ Ձեր ղեկավարած գերատեսչությանն ուղղված: Եթե ամփոփելու լինենք դրանց կատարումը, Ձեր աշխատանքը 5 բալանոց համակարգում որքա՞ն կգնահատեք: Վարչապետը Ձեզ նախատելու տեղ չի՞ ունենա:
-Այդ գնահատականը պետք է տա վարչապետը: Կոռեկտ չի լինի, եթե ես վարչապետի փոխարեն ասեմ, թե իմ աշխատանքն ինչպիսին է: Ես ոչ թե իմ աշխատանքն եմ գնահատում, այլ ֆինանսների նախարության թիմի աշխատանքը: Իմ խնդիրը կոորդինացնելն է, նրանց ուղղորդելը, կանոնակարգելը, բայց հիմնական աշխատանքը կատարում է թիմը, եւ եթե լավ թիմ չունես, ապա դատապարտված ես ձախողման: Ես իմ թիմի աշխատանքի մասով դրվատանքի խոսքեր չեմ խնայում, եթե թիմը լավ է աշխատում, ապա լավ խոսքեր պետք է ասել: Իսկ իմ աշխատանքի մասով ես չեմ կարող գնահատական տալ, դա տալիս է հանրությունը, տալիս է վարչապետը, տալիս է հանրապետության նախագահը:
-Դուք նշեցիք կատարված դրական աշխատանքը: Թերություններ չկա՞ն:
-Չի կարող աշխատանքի մեջ թերություններ չլինել, դա ազնվորեն կարող եմ նշել: Մենք պետք է բավականին շատ բարձրացնենք մեր աշխատողների արտադրողականությունը, նրանց գիտելիքների մակարդակը: Հարաբերականորեն ասեմ, որ մեր նախարարությունում կան գրագետ մասնագետներ, բայց մեր ամբիցիաները բավականին շատ են: Բայց ես ասել եմ, եթե ինձանից հետո իմ հետնորդը եղավ, ապա նա ինձանից պետք է մի քանի անգամ արդյունավետ լինի, ավելի գրագետ, եւ դրանով մենք կգնանք զարգացման:
-Պարո՛ն Արամյան, գումարների անխնա օգտագործման, կոռուպցիայի մասին բազմիցս է խոսվել: Ի վերջո, ինչպիսի՞ վերահսկողություն է առկա, կարո՞ղ ենք հստակ ասել, որ գումարներ կրկին չեն փոշիանա:
-Մենք պետական գնումների համակարգում լուրջ բարեփոխում ենք կատարել եւ գնացել ենք համարձակ քայլի: Մենք դրել ենք շահերի հայտարարագրման ինստիտուտ եւ գնումների գործընթացին մասնակցող յուրաքանչյուր տնտեսվարող պարտավոր է հետասյու հայտարարագրել այն մարդկանց անունները, ովքեր կարող են որոշումների վրա ազդել: Սա նոր ինստիտուտ է եւ միջազգային պրակտիկայում ընդունված: Կամ դրել ենք այնպիսի ինստիտուտ, որ պետական գնումների հանձնաժողովի անդամները պատրաստ են հայտը ստանալուց հետո հայտարարել իրենց փոխկապակցվածության մասին տենդերին մասնակցող ընկերությունների հետ: Որտե՞ղ է լինում կոռուպցիան, երբ ինչ-որ գործընթացներ թափանցիկ չեն: Ես չեմ կարող ասել՝ արդյոք գումարների այդպիսի անխնա օգտագործման դեպքեր կան, թե ոչ, բայց ես, որպես ֆինանսների նախարար, եթե իրականում իմանամ այդպիսի դեպքերի մասին, իմ օբյեկտիվ քայլը լինելու է այն, որ ես դիմեմ իմ դատախազության գործընկերներին, որպեսզի նրանք իրավական գնահատական տան:

 

 

 
ՄԵԿ ԳԻՇԵՐՈՒՄ ՈՐՈՇՈՒՄ ՉԵՆ ՓՈԽԻ

Սեպտեմբերի 3-ին լրացավ ՀՀ-ի՝ Մաքսային միությանը (այնուհետեւ ԵԱՏՄ-ին) միանալու որոշման 4 տարին: Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015 թվականի հունվարի 2-ից: Բոլորս ենք հիշում, որ ՄՄ-ին միանալու քայլը մեկնաբանվում էր՝ անվտանգությունից եւ տնտեսական նկրտումներից ելնելով:

Սակայն ինչ ունենք այդ որոշումից չորս տարի անց: ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ որոշումը, միեւնույն է, դրական համարեց:
-Պարո՛ն Մելիքյան, տարիներ առաջ ԵՏՄ-ին անդամակցությունը մեկնաբանվում էր՝ տնտեսական եւ անվտանգության նկատառումներից ելնելով: Ի՞նչ ունենք այսքան տարի անց:
-ԵՏՄ-ի հետ մեր անդամակցությունը դրական տեղաշարժ տվեց: Դրա արդյունքները մենք հատկապես տեսնում ենք վերջին տարիների ընթացքում, քանի որ միանգամից դա հնարավոր չէ: Արտահանման բնագավառում բավականին լուրջ առաջընթաց ունենք, նույնիսկ մի քանի ապրանքատեսակների դեպքում՝ եռակի: Անդամակցությունը մի տնտեսական շուկայում ավելի դյուրին է իրականացնել, քան մեկ այլ տարածաշրջան, մեկ այլ բնագավառ, որտեղ ավելի անելիք ունենք: Հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրումն ավելի հեշտ կլիներ, եւ բավականին ճիշտ որոշում էր կայացվել:
-Դուք նշեցիք արտահանման ծավալների աճի մասին, սակայն այդ աճը դեպի ՌԴ է, այլ ոչ թե դեպի ԵՏՄ մյուս անդամ երկրներ: Մյուսների հետ տնտեսական հարաբերությունները չեն ստացվո՞ւմ:
-ԵՏՄ անդամ մյուս երկրների հետ մենք հարաբերությունները զարգացնում ենք եւ ասել, որ ընդամենը ՌԴ-ի հետ է, եւ ՌԴ-ի հետ մենք այսպես, թե այնպես կարող էինք աճ ունենալ, ապա ես ասեմ, որ մենք նախկինում չունեինք ԱԱՀ չվճարելու խնդիր, իսկ հիմա ունենք այդ առաջընթացը: ԵՏՄ-ի անդամակցությունից հետո մենք ունենք արտոնություն ԱԱՀ-ի մասով: Այսինքն՝ այդ անդամակցությունը մեզ նաեւ աջակցեց, որպեսզի մենք արտահանման բնագավառում ունենանք լուրջ առաջընթաց:
-Ռազմաքաղաքական անվտանգության առումով ի՞նչ առաջընթաց ունենք: Մենք տեսնում ենք, որ լինելով նաեւ ՀԱՊԿ անդամ՝ այնքան էլ պաշտպանված չենք ՌԴ-ի կողմից:
-Այդ առումով եւս լուրջ առաջընթաց ունենք: Դա տեսանելի է մեր բնակչության համար, կարեւոր չէ, համենայնդեպս, այդ առաջընթացը մենք ունենք թե՛ ռազմատեխնիկական բնագավառում, թե՛ ռազմական արդյունաբերության աճի բնագավառում, թե՛ փոխադարձ համագործակցության բնագավառում: Այդ առաջընթացը մենք հետագայում ավելի կզգանք մեզ վրա: Սա այն բնագավառն է, որ արածների ու անելիքների մասին պետք չէ, որ շատ լուրջ մեկնաբանություններ արվեն:
-Իսկ կարո՞ղ ենք հուսալ, որ ԵՄ-ի հետ այս անգամ պայմանագիր կստորագրվի, եւ մեկ գիշերում կրկին որոշում չի փոխվի:
-Կարծում եմ, որ դրական զարգացումներն արդեն իսկ նկատելի են, եւ հուսանք, որ առաջիկայում այդ զարգացումներն իրենց վերջնակետին կհասնեն:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 
ՈՐՏԵՂ ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԸ
Երեկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանույշ Սահակյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ էականորեն ընդլայնվել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը: Սակայն Սահակյանը մոռացել է Սարգսյանին տեղեկացնել, որ ռեեստրը ընդլայնվել է միայն անուններով, իսկ նրանց դրամական միջոցների եւ ունեցվածքի մասին արդեն մի քանի ամիս է, ինչ ոչ մի տեղեկություն չկա: Մինչդեռ վարչական իրավախախտումների մասին օրենքում իրականացված փոփոխություններով պետք է տուգանքներ սահմանվեն այն դեպքում, եթե պաշտոնյաները բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով իրենց հայտարարագրերը կներկայացնեն սահմանված ժամկետի խախտումով: Ավելին՝ այդ պաշտոնյաների ու նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը պետք է պատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազար հինգհարյուրապատիկից երկու հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով:

 

 

ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐՅԱԼ
Գյումրիի նախկին քաղաքապետ, նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ հարուցված քրեական գործից անցել է 5 ամիս, սակայն մինչ օրս որեւէ մեկը չի հայտնվել մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ իրավապահ համակարգը այս գործով մի քանի տասնյակ անձանց է հրավիրել հարցաքննության, սակայն ձեւական կողմն ապահովելու համար: Առավել եւս, երբ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, միջադեպի մասնակիցներն էլ փորձում են այնպիսի ցուցմունքներ տալ, որ Սպարտակը հերթական անգամ ջրից չոր դուրս գա, եւ կարճ ժամանակ անց գործը փակվի: Մինչ այդ, հիշեցնենք, մայիսին Ս. Ղուկասյանը մտել էր իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի ենթարկել աշխատակիցներին։ Ղուկասյանի կողմից ծեծի ենթարկվողների մեջ եղել է նաեւ մի երիտասարդ, որի քեռին «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանն է:

 

 

ԱՐԴԻԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՆ
ԱԺ 314 սենյակը, որտեղ հիմնականում անցկացվում են պետաիրավական հարցերով եւ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովների նիստերը, արդիականացվել է: Մասնավորապես բոլոր պատգամավորների համար համակարգիչներ են դրված եւ վերջիններս հենց տեղում օնլայն տարբերակով եւս կարող են ծանոթանալ նախաձեռնություններին կամ անհրաժեշտ այլ աշխատանքներ կատարել: Բացի այդ՝ սենյակի հարակից միջանցքում մոնիտոր է տեղադրված, որի միջոցով լրագրողներն ու այլ անձինք կարող են տեղեկանալ ներսում ընթացող աշխատանքների մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում տեխնիկապես կհագեցվեն նաեւ մյուս հանձնաժողովների նիստերի համար նախատեսված աշխատասենյակները:




Լրահոս