ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԽՄԲԵ՞Ր, ԹԵ՞ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավորի կարգավիճակը շատերի համար գործուղումների անվան տակ անվճար ճամփորդելու հրաշալի հնարավորություն է:

Եւ պատահական չէ, որ նախորդ խորհրդարանում որեւէ էկզոտիկ կամ էլիտար երկիր գործուղումներից առաջ պատվիրակությունների կազմում ընդգրկվելու համար շաբաթներով խմբակցությունների ներսում պատերազմներ էին ընթանում. հատկապես ՀՀԿ խմբակցության կին պատգամավորները փորձում էին իրենց համար ճանապարհ հարթել գործընկերներին սեւացնելու եւ վարկաբեկելու գնով: Պատմում են՝ շատ հաճախ Գալուստ Սահակյանը գլխացավանքից ազատվելու եւ վեճերը կանխելու համար ի սկզբանե փորձում էր ՀՀԿ-ական տիկնանցից հնարավորինս շատերի անունն ընդգրկել: Բայց հաճախ անգամ դա էլ չէր օգնում:
Հիմա նոր խորհրդարանի ղեկավարությունը որոշել է ընդլայնել ԱԺ-ի բարեկամական խմբերը՝ դրանցում ընդգրկելով հնարավորինս շատ պատգամավորների: Արդյունքում, այսօր խորհրդարանում բարեկամական խմբերի թիվը հասել է 59-ի: Ընդ որում, բարեկամական խմբեր են կազմվել այնպիսի երկրների հետ, որոնց տեղը քարտեզի վրա պատգամավորներից շատերը, այդ թվում՝ այդ խմբերում ընդգրկվածները, հազիվ թե իմանան: Իսկ դիվանագիտական հարաբերություններն այդ երկրների հետ եթե անգամ կան, ապա ձեւական բնույթ են կրում:
Օրինակ՝ ԱԺ-ում կա ՀՀ-Ինդոնեզիա բարեկամական խումբ, որի ղեկավարը «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանն է, կամ ՀՀ-Իռլանդիա բարեկամական խումբ, որն էլ ղեկավարում է նույն դաշինքի անդամ Վարդեւան Գրիգորյանը, իսկ ՀՀ-Իսլանդիա խումբը գլխավորում է Վահե Էնֆիաջյանը: Թե վերջին անգամ երբ է Հայաստանը դիվանագիտական որեւէ շփում ունեցել այս երկրների հետ, դժվար է հիշել: Նույնը նաեւ կարելի է ասել ՀՀ-Լյուքսեմբուրգ հարաբերությունների մասին, որի բարեկամական խմբի ղեկավարը ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն է, կամ Կուբայի մասին. այս խումբը գլխավորում է Արման Սաղաթելյանը. նա, ի դեպ, նաեւ ՀՀ-Հորդանան բարեկամական խմբի ղեկավարն է: Դժվար է հիշել, թե երբ է Հայաստանը որեւէ հարաբերություն ունեցել Մալթայի հետ, մինչդեռ ԱԺ-ում կա ՀՀ-Մալթա բարեկամական խումբ, եւ ղեկավարն էլ Էդմոն Մարուքյանն է: Նույնը նաեւ Ավստրալիայի, Չիլիի, Ֆիլիպինների, Մեքսիկայի եւ Մոնղոլիայի դեպքում:
Ինչ վերաբերում է երկրներին, որոնց հետ դիվանագիտական կամ առեւտրատնտեսական նորմալ հարաբերություններ ունենք, ապա այստեղ էլ ամեն ինչ չէ, որ դրական հունով է ընթանում. օրինակ՝ ՀՀ-Արաբական Միացյալ Էմիրություններ բարեկամական խմբի ղեկավարը ՀՀԿ-ական Ռուզան Մուրադյանն է, եւ դժվար է պատկերացնել, թե ինչպես է նա՝ որպես խմբի ղեկավար, զբաղվելու հայ-արաբական խորհրդարանական հարաբերությունների ամրապնդմամբ: Նույնը նաեւ կարելի է ասել Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի մասին, որի ղեկավարը ՀՀԿ-ական Ջեմմա Բաղդասարյանն է. մարդ, որը պատգամավոր է դարձել, քանի որ ՀՀ առաջին տիկնոջ ընկերուհին է: Ոչ պակաս կարեւոր են Հայաստանի հարաբերությունները Լեհաստանի հետ. այս երկիրը ոչ միայն առեւտրային գործընկերներից մեկն է, այլեւ նույնիսկ փորձում է Հայաստանում ռազմական արդյունաբերություն հիմնել: Եւ ահա այս խմբի անդամը ՀՀԿ-ական Վահան Հարությունյանն է, որը պատգամավոր է դարձել հոր՝ «Միկմետալ» ընկերության սեփականատեր Միխայիլ Հարությունյանի շնորհիվ. հիշեցնենք, որ Միխայիլ Հարությունյանը ԱԱ պետի նախկին տեղակալն է, Սերժ Սարգսյանի ընկերը:
Մեկ փաստ էլ. այդ բարեկամական խմբերում պատգամավորներն ընդգրկվում են ըստ իրենց «նախասիրությունների». եթե որեւէ մեկը տուն կամ բիզնես ունի այդ երկրում, ապա աշխատում է անպայման ընտրել հենց այդ խումբը: Արդյունքում ստացվել է այնպես, որ օրինակ՝ ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-Բելգիա, ՀՀ-Գերմանիա, ՀՀ-Իտալիա, ՀՀ-Հունաստան, ՀՀ-Մեծ Բրիտանիա, ՀՀ-Ֆրանսիա, ՀՀ-Չինաստան, ՀՀ-Ճապոնիա բարեկամական խմբերում ընդգրկվել է խորհրդարանի գրեթե կեսը: Այս ցանկից եվրոպական երկրներում պատգամավորների մի մասը բիզնես ունի, իսկ մյուս երկրների՝ Չինաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական խմբում ընգրկվել են արեւելքի հրաշքները տեսնելու ակնկալիքով:
Հ.Գ. Հետաքրքիր է, որ ԱԺ-ում չկա ՀՀ-Ռուսաստան բարեկամական խումբ. այսինքն՝ խորհրդարանական կապերը չեն փորձում ամրապնդել մի երկրի հետ, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, առեւտրատնտեսական հիմնական գործընկերը, եւ, վերջապես, որի ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ Սերժ Սարգսյանը նվազագույնը 5-6 անգամ շնորհակալություն է հայտնում: Թե ինչու է այսպես ստացվել, դժվար է ենթադրել. նոր խորհրդարանում մոռացե՞լ են ՌԴ-ի հետ նման խումբ ձեւավորելը, թե՞ վերջինիս չեն ընկալում այդպիսին. ամեն դեպքում հետաքրքիր է:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿՎԱՃԱՌԵՆ ՀԱՐԿԱԴԻՐ
Կառավարության նախաձեռնությամբ ԱԺ է ներկայացվել «Հողային օրենսգրքում» փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է լուծել ՀՀ քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիությունը դադարեցված կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողերի հետագա ճակատագիրը: Մասնավորապես առաջարկվում է, որ եթե այդ անձն ունի գույք, որն օրենքի ուժով նրան չի կարող պատկանել, ապա սեփականատերը պետք է այն օտարի մեկ տարվա ընթացքում: Եթե նշված ժամկետում գույքը չի օտարվում, ապա այն կվաճառվի հարկադիր կարգով, գումարն էլ կտրվի նախկին սեփականատիրոջը: Ժամանակին այս նախագիծը լուրջ քննադատությունների եւ դժգոհությունների տեղիք էր տվել: Իսկ երեկ էլ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում այս հարցը քննարկելուց հետո որոշում կայացվեց ԱԺ օրակարգում ընդգրկելու փոխարեն հետաձգելու մասին: Պատգամավորները մեծամասամբ դեմ չէին կարգավորմանը, սակայն բարձրաձայնեցին բացը լրացնելու մեխանիզմների մասին, որի պատճառով էլ առաջարկվեց նախագիծը լրամշակել:

 

 

ՌԴ-ԻՑ 200 ԴՈԼԱՐԻ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները գնալով ավելանում են: «Ժողովուրդ» օրաթերթը ԱՎԾ տվյալներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին մարդասիրական Հայաստան է ուղարկվել 85 մլն 929 հազար 900 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 27 մլն 740 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն: Հատկանշական է փաստը, որ մարդասիրական օգնություն Հայաստանը ստացել է ԵՄ եւ այլ երկրներից: Իսկ ԱՊՀ երկրներից, այդ թվում Ռուսաստանից այս տարվա հունվար-հուլիսին որեւէ մարդասիրական օգնություն չի եկել: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան ստացվել է 200 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

 

 

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ՍԳՈ  ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է սկսել սգո ծառայություններ մատուցող ընկերություններում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ այս տարվա մարտին իրավապահները բացահայտել էին, թե ինչպես նույն անձը ներկայացրել է 300 մարդու մահվան վկայական է եւ ստացել պետբյուջեից հատկացվող թաղման նպաստները: Խոսքը վերաբերում է սգո ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք, ներկայացնելով մահացած անձանց մահվան վկայականները, ստացել են թաղման համար նախատեսված 200 հազարական դրամները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ քրեական գործով հարկային ստուգումներ են իրականացվում:

 

 
ՉԻ ՎԱՃԱՌՎՈՒՄ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքել է այն լուրերը, թե իրենց ընտանիքին պատկանող բոլոր բիզնեսները վաճառվում են. «Ո՞վ է ասում, որ վաճառվում է բոլորը: Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է»: Աբրահամյանն ասել է նաեւ, որ մեկ գազալցակայան է վաճառվել, որն իր հորեղբորն է պատկանել. «Կարծում եմ, որ դա նորմալ է, երբ բիզնեսը համարվում է ոչ լավ, վաճառվում է, այլ բիզնեսի մեջ է ներդրվում, ու դրա մեջ զարմանալու բան չկա»: Հարցին` հանքը չի՞ վաճառվել, նա կրկին պատասխանել է, թե հանքն իր հորեղբոր հանքն է եղել, որը չի աշխատել:

 

 

ՆՈՐ ԴԵՍՊԱՆ
Սիրիայի նորանշանակ դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը երեկ հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին: Դեսպան Իբրահիմը փոխանցել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալիմի ողջույններն ու բարեմաղթանքները եւ վստահեցրել, որ առավելագույն ջանքեր կներդնի տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացման նպատակով: Դեսպան Իբրահիմը ներկայացրել է սիրիական ճգնաժամի հանգուցալուծման ուղղությամբ երկրի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը, ինչպես նաեւ ահաբեկչական խմբավորումների դեմ իրականացվող պայքարը:

 

 

10 ՏՈԿՈՍ ՎԱՐԿԱՆԻՇ
Օրեր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք, կարելի է ասել, սկանդալային էին: Հարցման տվյալներով` երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վարկանիշն ընդամենը 10 տոկոս է, մինչդեռ գործող վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի վարկանիշը վեց անգամ ավելին է` 60 տոկոս: Ըստ Ադիբեկյանի հարցման` Սերժ Սարգսյանից կրկնակի բարձր վարկանիշ ունի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 20 տոկոս։ Հավանաբար այս աննախադեպ արդյունքներն էին պատճառը, որ մամուլում գրեթե անդրադարձ չեղավ հարցմանը, հատկապես Սերժ Սարգսյանի 10-տոկոսանոց վարկանիշին։

 

 

ԱՇԽԱՏՈՒԺԻ ԱՐՏԱՀՈՍՔ
2013 թվականին, երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր, Հայաստանում զբաղվածների թվաքանակը, ըստ պաշտոնական վիճակագրության, կազմում էր 1 միլիոն 164 հազար մարդ: Անդամակցության առաջին իսկ տարում զբաղվածների թվաքանակը նվազեց ավելի քան 30 հազարով ու կազմեց 1 միլիոն 133 հազար: 2015 այդ ցուցանիշը նվազեց եւս 60 հազարով եւ դարձավ 1 միլիոն 72 հազար: Անցած տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, զբաղվածների թիվը Հայաստանում ընդամենը 1 միլիոն 6 հազար էր: Ըստ Armtimes.com-ի՝ այս դեպքում եւս կարող են հնչել պատճառաբանություններ, թե սա կապ չունի ԵՏՄ-ին անդամակցելու հետ: Այդ դեպքում նման պատճառաբանությունների հեղինակները պետք է բացատրեն, թե երեք տարվա ընթացքում ուր կորան 160 հազար զբաղվածները: Արդյո՞ք նրանց հիմնական մասին պետք չէ փնտրել «170 միլիոնանոց» շուկայում: ԵՏՄ-ի գաղափարախոսությամբ սահմանված աշխատուժի ազատ տեղաշարժը հանգեցրեց նրան, որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները մշտապես մնացին ՌԴ-ում: Փաստորեն մեր աշխատուժը այն հիմնական «ապրանքն» էր:

 

 

ՉԻ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ
«Եթե աշխարհի 2018 թվականի առաջնության առաջիկա ընտրական փուլը Հայաստանի հավաքականը ձախողի, ես հրաժարական կտամ: Երբեք չեմ ասել, որ շրջափուլի չստացվելու դեպքում կհեռանամ, բայց այժմ ասում եմ: Ես ստախոս չեմ»,- հայտարարել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Սակայն սեպտեմբերի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի Դանիայի դեմ խաղում թիմը պարտվեց 1:4 հաշվով: Այսպիսով՝ 6 միավորով մնաց ընտրական E խմբի նախավերջին՝ 5-րդ տեղում եւ զրկվեց 2-րդ տեղի ու աշխարհի առաջնության ուղեգրի համար պայքարելու հնարավորություններից: Սակայն հրաժարականը չկա ու չկա:




Լրահոս