2019-ԻՑ ԿԼԻՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԲՈՒԺԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը 1-5 բալանոց սանդղակում իր գործունեությունը գնահատում է 6` նշելով, որ Սերժ Սարգսյանը կամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ո՛չ նախատել են իրեն, ո՛չ էլ պարգեւատրել:

-Պարո՛ն Ալթունյան, երբ Դուք նշանակվեցիք ՀՀ առողջապահության նախարար, Սերժ Սարգսյանը Ձեր առաջ ի՞նչ խնդիր էր դրել:
-Հիմնական եւ ամենաարդիական խնդիրը բնակչության պաշտպանվածությունը եւ գոհունակությունը բարձրացնելն էր տրամադրվող ծառայություններից: Ինչ վերաբերում է խնդրին, որը ավելի մասնագիտական է եւ խորքային, դա առողջ կյանքի տեւողության երկարացումը եւ ընդհանուր կյանքի տեւողության երկարեցումն է:
-Բայց մենք տեղեկություններ ունենք, որ Ձեր առջեւ 3 հիմնական խնդիր է դրվել. անցում առողջապահական էլեկտրոնային համակարգին, պարտադիր բժշկական ապահովագրություն, ուղեգրային բժշկություն:
-Իրականում նախագահն առաջ է քաշել այն խնդիրները եւ այն նպատակները, որոնք ես բարձրաձայնեցի: Հետագա մեր հանդիպումների ժամանակ այս Ձեր թվարկված գործողությունները ներկայացված են եղել որպես գործիքներ՝ նպատակին հասնելու համար: Նույն էլեկտրոնային առողջապահությունը թույլ կտա մեզ, այսպես ասած, ոսկե ստանդարտ ներդնել Հայաստանի առողջապահության ոլորտում, ինչպես գումարի ծախսագրման տեսակետից, այնպես էլ միջին ստանդարտ, բուժման պրոցեսը կազմակերպելու ընթացքում:
-2016 թվականի սեպտեմբերի 27-ին նշանակվել եք նախարար: Ի՞նչ եք արել 1 տարում՝ այս 3 պահանջները կատարելու համար: Փաստոցի՝ ոչինչ:
-Ինչպես գիտեք՝ առաջին երկու-երեք ամիսը նորաստեղծ կառավարությունը զբաղված էր նրանով, որ ախտորոշում էր պրոբլեմները: Հետագայում ստեղծվեց մի ծրագիր, որը կյանքի է կոչվում պարբերաբար քայլերով:
Եթե Ձեզ հետաքրքրում է այն ժամանակացույցը… Հայաստանում նախատեսվում են ներդնել շուրջ 1000 փաստաթուղթ՝ տարբեր հիվանդություններով: Գնահատելով մեր հայաստանյան ներուժը՝ գիտական եւ թարգմանչական՝ մենք որդեգրեցինք հետեւյալ արագությունը. տարեկան 200 փաստաթուղթ: Այս տարվա կատարողականը սեպտեմբերի 1-ի դրությամբ մոտ 67 տոկոսն ենք կատարել, եւ այդ տեմպերը թույլ են տալիս կարծել, որ այս տարվա մեջ 200 փաթեթը կկատարենք: Ի՞նչ է կատարվելու, երբ 200 փաթեթը լինի: Այն թարգմանելուց, արդիականացնելուց եւ օրենսդրորեն կառավարության որոշումով ոսկե ստանդարտ դարձնելուց հետո մենք պետք այն թվայնացնենք: Թվայնացնելը նշանակում է, որ ինչ-որ մի էտապից ցանկացած հայաստանյան բժշիկ իր ծրագիրը բացելով եւ բացելով այս կամ այն հիվանդության ուղեցույցը՝ կարողանում է հակիրճ ինստրուկցիայի նման տեսնել, թե ինչ քայլեր է պետք կատարել այս բուժման համար: Իսկ իր ֆինանսական բաժինը տեսնում է, թե ինչ նյութական արժեքներ են պետք՝ այս հիվանդությունը բուժելու համար: Երբ ենք դա մենք զգալու: Եթե 200 փաստաթուղթը այս տարվա վերջ պատրաստ լինի, դրանց թվայնացումը կտեւի եւս երեք ամիս, եւ այս 200 հիվանդությունների անվանումով ապրիլին մենք կունենանք էլեկտրոնային հիվանդության գծով ուղեցույցներ եւ գործելակարգեր:
-Իսկ ի՞նչ եք արել մեկ տարվա ընթացքում պարտադիր բժշկական ապահովագրության համար:
-Ինչ է պետք անել այն ներդնելու համար: Առաջին հերթին՝ բերել տրամաբանական միջինին բոլոր բուժծառայությունների գները: Գաղտնիք չէ, որ այսօր շատ հիվանդությունների գներ ցածր են, քանի որ բյուջեն սուղ է, եւ մեզ պետք է ասել, որ մենք վճարելու ենք կույրաղիքի համար 100 հազար դրամ՝ հաստատ իմանալով, որ դրա արժեքը շատ է, բայց բյուջեում կույրաղիքի գծով կա սահմանափակ գումար: Որպեսզի մենք այդ գումարը հասցնենք տրամաբանական 200 կամ 250 հազարի, մենք պետք է կարողանանք պաշտպանել մեր սոցիալապես անապահով խավերին, եւ դրա համար երկրի առաջնորդը առաջարկել է մեզ ներդնել պարտադիր ապահովագրական համակարգ պետության հաշվին անապահով խավերի եւ դրանից հետ անցնել գների համապատասխանեցմանը շուկայական արժեքներին: Մենք հիմա լուծում ենք այդ խնդիրը: Մինչեւ անցումային էտապ մենք ապահովագրական դաշտ հանեցինք մինչեւ 100 հազար պետական ծառայողների փաթեթները: Այս է մեր ժամանակացույցը. հոկտեմբերի 1-ից պետական 100 ծառայող իրենց բուժումը եւ ծառայությունները կստանան ապահովագրական ընկերությունների միջոցով, իսկ ապրիլի1-ից նախատեսվում է 612 հազար անապահով խավերի պետության հաշվին ապահովագրություն: Մեկ տարի մշտադիտարկումից հետո գոհունակության աստիճանից կախված մենք կարող ենք խոսել համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին, երեւի թե դա կկատրվի 2019 թվականի կեսերին, եւ օրենսդրական նախաձեռնությունը կմտնի կառավարություն:
-ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր վերանայել պետպատվերի համակարգը, ինչքանո՞վ վստահ լինել, որ Ձեր վերանայման արդյունքում ցանկալի բուժհաստատությունները կստանան գումար, իսկ անցանկալիները դուրս կմնան:
-Պետք չէ մոռանալ, որ նախարարությունը չի զբաղվելու բյուջեի բաշխմամբ: Այսուհետ բյուջեն բախշվելու է ըստ հիվանդի դիմելիության, իսկ հիվանդը կարող է դիմել այս կամ այն հիվանդանոց, եթե նա ընտրել է ինչ-որ մի հիվանդանոցի այլ ֆունկցիա, որ մենք գումարները տրամադրենք այդ հիվանդանոց, չունենք: Միգուցե ինչ-որ հիվանդանոցներ կամ բուժկենտրոններ փակվեն, դա որակի խնդիր է:
-Պարբերաբար բոլոր նախարարները խոսում են մարզային հիվանդանոցների վերազինման անհրաժեշտության մասին, մինչդեռ մարզերում խիստ տնավարի են մարդկանց բուժօգնություն ցուցաբերում, ուստի մարդիկ հարյուրավոր կմ են կտրում, որ գան մայրաքաղաք: Ի վերջո, հնարավո՞ր է՝ գա մի օր, որ մարզային հիվանդանոցները մարդ բուժեն:
-Բավական մեծ քանակով ծառայություններ մարզերում նորմալ են: Այսօր Գյումրիում կատարվում են ստենդավորման միջամտություններ, որոնք ոչ մի ցուցանիշով չեն զիջում Երեւանում կատարվող ստենդավորումներին: Ուրիշ բան, աստղերի քանակը ցանկացած երկրագնդի կետում սահմանափակ է: Այո՛, մենք խնդիր ունենք այս ոլորտում, աշխատում ենք: Հիմնական մեր ուղղությունները սեւեռված են ոչ թե այն մասով, եկեք՝ շենքեր, շինություններ կառուցենք, թե եկեք՝ թանկարժեք սարքավորումներ ձեռք բերենք, չնայած դա արդիական է: Այսօր մենք խնդիր ունենք բժիշկ մասնագետին լիարժեք զբաղեցնելու:
-Հոգեբուժարանների օպտիմալացում եք սկսել: Հնարավո՞ր է, որ բուժհաստատությունների օպտիմալացում եւս լինի: Օրինակ՝ «Սլավմեդ» ԲԿ-ին չե՞ք կարող ուղարկել մարզ:
-«Սլավմեդի» աշխարհագրական տեղը կամ ապագան պետք է որոշի «Սլավմեդի» սեփականատերը, պետությունը միայն այս հարցում կարող է միջամտել՝ պետպատվեր տեղաբաշխելով կամ ոչ:
-Պարո՛ն նախարար, հետաքրքիր է՝ Դուք օրվա մեջ քանի՞ ժամ եք աշխատում:
-Ես կասեմ այսպես, առաջին կես տարին միգուցե մի քիչ ավել է աշխատանքը տեւում՝ 9-ից 9-ը, այսօր թեթե գրաֆիկ է, աշխատանքը տեւում է 9-ից 8-ը:
-Բայց Ձեր աշխատակիցները հակառակն են պնդում, որ առավոտյան գալիս եք, արդեն կեսօրին աշխատասենյակում չեք լինում, ինչո՞վ եք զբաղված, Ձեր բիզնեսո՞վ:
-Ամենանենգ ձեւով խաբում են (ծիծաղում է Ք. Մ):
-1-5 բալանոց սանդղակում ինչպե՞ս կգնահատեք Ձեր աշխատանքը:
-Ես կգնահատեի 6 (ծիծաղում է Ք. Մ):
-Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը կամ Սերժ Սարգսյանը ինչպե՞ս են գնահատում Ձեր աշխատանքը:
-Կասեմ այսպես, ո՛չ նախատումներ եմ ստացել, ո՛չ պարգեւներ: Երեւի իմ գործունեությունը իրենց սպասելի ռենջում է գտնվում:
Ամբողջական հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել Armlur.am-ում:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Օգոստոսի 31-ին խարդախությամբ գումար հափշտակելու կասկածանքով ձերբակալվել էր Գյումրու քաղաքապետարանի «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Ավետիսյանը:

ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրի քաղաքի բնակչուհիներից մեկը հաղորդում է տվել այն մասին, թե հայրը մահացել է 2013թ. մարտի 27-ին եւ հուղարկավորվել Գյումրու թիվ 2 գերեզմանատանը գտնվող իրենց ընտանեկան գերեզմանոցում, որտեղ ինքը վերջին անգամ այցելել է 2016թ. մայիսին: 2017թ. օգոստոսի 22-ին, այցելելով ընտանեկան գերեզմանոց, պարզել է, որ այնտեղ հուղարկավորված է մեկ այլ անձ, իսկ գերեզմանի տեղում կառուցված է նոր գերեզման:
Այս առիթով հարուցվել է քրեական գործ դիակն անարգելու փաստով, ու քրեական գործի ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ երկու անձ խարդախությամբ գումար են հափշտակել՝ գերեզմանոցի տեղը հատկացնելու համար, որոնցից մեկը՝ «Հավերժ հիշատակ» ՓԲԸ-ի տնօրեն Կոստիկ Ավետիսյանն է: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը հայտնեց, որ Կոստիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով` խարդախություն:
-Պարո՛ն Գաբրիելյան, մեղադրյալն արդեն հարցաքննվե՞լ է:
-Այո՛, հարցաքննվել է:
-Ընդունո՞ւմ է նա իրեն առաջադրված մեղադրանքը:
-Մեղադրանքն առաջադրված է, բայց նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը:
-Օգոստոսի 31-ին նա ձերբակալվել էր, 72-ժամյա ժամկետն արդեն լրացել է, ի՞նչ խափանման միջոց է ընտրվել նրա նկատմամբ:
-Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշումը:

Ք. Մ.




Լրահոս