«Ժողովուրդ» օրաթերթը սկսում է նորընտիր խորհրդարանի պատգամավորների կյանքի մասին պատմող շարք. որտեղից են եկել հայրենի ազգընտիրները, ինչ անցյալ ու կապիտալ ունեն եւ ինչպես են հասել այսօրվա կարգավիճակին:
Սկսենք ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից: Նա ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետը:
1970-1971թթ. եղել է Երեւանի թիվ 8 պոլիկլինիկայի ուրոլոգիական բաժնի բուժակ, բժիշկ, այնուհետեւ մանկական վիրաբույժ եւ ուրոլոգ: 1982-1990թթ.` Երեւանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոլոգիական բաժանմունքի վարիչ: 1990թ. հիմնադրել է «Ուրոնեֆրոլոգիայի եւ մանկական վիրաբուժության մասնագիտացված կենտրոն»-ը: Եղել է ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր:
Սա մասնագիտական գործունեությունն է: Սակայն 1991 թվականին Արա Բաբլոյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարար: ՀՀՇ-ի իշխանության տարիներին նա եղել է ամենաերկարակյաց պաշտոնյաներից մեկը: Ծառայել է օրվա իշխանությանը՝ բոլոր պահանջներով, եղել է համեստ կատարող: Ու այդ տարիներից սկսել է մտածել առողջապահական ոլորտում սեփական բիզնեսը հիմնելու մասին: Եւ հենց նախարար աշխատելու տարիներին նա հիմնադրել է «Արաբկիր» բժշկական համալիրը՝ նախկին «Բաբլոյան» կենտրոնը:
Ու քանի որ Հայաստանում բիզնես ունենալ առանց քաղաքական տանիքի, թերեւս, քիչ է հնարավոր, ՀՀՇ-ի իշխանության օրոք 6 տարի նախարարի աթոռը զբաղեցրած Բաբլոյանը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տապալումից հետո, առանց դույզն-ինչ մտածելու, թռավ «խորտակվող նավից»՝ ծվարելով արդեն այսօրվա իշխանության «գրկում»: Բայց որպեսզի անցումը սահուն լինի, նախարարի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո նախ աշխատեց իրեն պատկանող «Արաբկիր» մանկական բժշկական կենտրոնում որպես գլխավոր տնօրեն: Այնուհետեւ որոշակի «բժշկական դադարից» հետո վերսկսեց քաղաքական գործունեությունը: 2007-ին նա ԱԺ պատգամավոր ընտրվեց Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակով: ԱԺ-ում Բաբլոյանը առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահն էր եւ այստեղ էլ պետական լծակները օգտագործում էր անձնական բիզնեսի զարգացման համար:
Մամուլում բազմիցս գրվել է, որ 2012 թվականին Բաբլոյանի կողմից հիմնադրվել է «Գարանտ լիմենս» ապահովագրական ընկերությունը, որն ուներ 41 բաժնետեր: Իհարկե, սովորաբար ընկերությունների բաժնետերերի թիվը 3-4 է, սակայն «Գարանտ լիմենսի» ամենախոշոր բաժնետերը տվյալ պահին Ա. Բաբլոյանի կինն էր` Մանուշակ Երիցյանը, ով նաեւ «Արբես» բժշկական կենտրոնի տնօրենն է (այս հաստատությունը գործում է «Արաբկիր» բժշկական կենտրոնի կազմում): Մ. Երիցյանին պատկանում է «Գարանտ լիմենսի» բաժնետոմսերի 25.29 %-ը: Իսկ ի՞նչ էր անում Բաբլոյանը «Գարանտ լիմենսի» համար: Նա 2012-ին ԱԺ-ում առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահն էր եւ ստիպում էր մարզպետներին մարզում բժշկական ապահովագրության բոլոր պոլիսները պատվիրել «Գարանտ լիմենսին»:
Բայց այս գործունեությունը ներվեց գործող իշխանության կողմից: Ավելին՝ Բաբլոյանը կարողացավ պատգամավորական կապերն օգտագործելով՝ հարազատ որդուն՝ Արման Բաբլոյանին, 2013 թ. դեկտեմբերի 20-ին նշանակել տալ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ: Սակայն երկու տարի անց կրտսեր Բաբլոյանը վերադարձավ՝ ընտանեկան բիզնեսին «տերություն անելու»՝ նշանակվելով ««Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն:
Արա Բաբլոյանը պատգամավոր դարձավ նաեւ այս տարվա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Նա առաջադրվել էր համամասնական ընտրակարգով. զբաղեցնում էր ցուցակի 4-րդ հորիզոնականը: Իսկ որդին՝ Արման Բաբլոյանը, առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով հարազատ Արաբկիր համայնքից: Եվ հայր ու որդի Բաբլոյանները, ունենալով սեփական մի շարք բիզնեսներ, այդ թվում եւ հիվանդանոց, միասին կարողացան հավաքել ընդամենը 2298 ձայն: Բայց դա չխանգարեց, որ Սերժ Սարգսյանը Արա Բաբլոյանին որպես ԱԺ նախագահի տեղապահ նշանակեր: Ինչու տեղապահ, որովհետեւ ինքը՝ Բաբլոյանն էլ լավ գիտի, որ 2018 թվականի գարնանը սպասվելիք փոփոխություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնին հնարավոր է՝ հրաժեշտ տա:
Պարզապես ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր արտաքուստ ինտելեկտուալ իմիջ ունեցող կերպար, որին Աժ նախագահ նշանակելով՝ չէր հայտնվի քննադատության թիրախում: Դրա համար էլ ընտրվեց Արա Բաբլոյանի տարբերակը, որի հիմնական առավելություններից մեկն էլ այն է, որ ֆրանսերեն լեզվին է տիրապետում:
Ահա այսպես մանկաբույժ, այսօրվա Արա Բաբլոյանը, զբաղեցնելով պետական լծակներ, որպես դասական հայ չինովնիկ, հսկայական կարողություն է կուտակել:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա պաշտոնական հայտարարագրից պարզ է դառնում, որ Արա Բաբլոյանը հայտարարագրել է 21 մլն 543 հազար դրամ, 17 հազար 250 դոլար, 9 հազար 500 եվրո եւ 7 հազար շվեյցարական ֆրանկ կարողություն: ԱԺ նախագահը նաեւ հանձնած փոխառություններ ունի՝ 23 մլն 700 հազար դրամ եւ 31 հազար 300 ԱՄՆ դոլար:
Իսկ ի՞նչ եկամուտ է հայտարարագրել թաքնված միլիոնատեր Արա Բաբլոյանը: Ըստ նույն փաստաթղթի՝ նրա եկամուտները հարկային տարում կազմել են 38 մլն 533 հազար 375 դրամ, ինչը երեք անգամ ավել է 2017 թվականի տվյալներից:
Այսպես Արա Բաբլոյանը ապրել եւ հարստացել է մեր երկրում՝ պետական լծակներն օգտագործելով, դրա համար էլ ըստ արժանվույն գնահատվեց՝ նշանակվելով ԱԺ նախագահ:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿԼՈՒԾԱՐՎԻ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը առաջիկայում կլուծարվի: Փոխարենը կստեղծվի կրթության տեսչական մարմին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ տեսչությունը լուծարելու մասին որոշման նախագիծը մշակվել է կառավարության աշխատակազմի տեսչական բարեփոխումների խմբի եւ ՎԶԵԲ գործարարության աջակցման գրասենյակի կողմից: Այն կառավարությանը կներակայցվի վաղը: Իսկ ահա տեսչության փոխարեն ստեղծվող տեսչական մարմինը իրականացնելու է հիմնականում կրթության պետական տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները: Տեսչական մարմինը կկառավարի տեսչական մարմնի կառավարման խորհուրդը:
Ի դեպ, տեղեկացնենք, որ լուծարվող տեսչության պետ Արամ Կարապետյանը արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է արձակուրդում: Իսկ կառավարությունը տեսչությունը լուծարելու մասին որոշումը կայացնելու է հենց իր արձակուրդում գտնվելու ժամանակ: Արամ Կարապետյանը, լսելով կրթության պետական տեսչությունը լուծարելու մասին նորությունը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անմիջապես հայտարարեց, որ տեղյակ է: Բայց չնայած դրան` ինքը սեպտեմբերի 12-ին աշխատանքի է գնալու: «Ժողովուրդ»-ի հարցին` իրեն տեսնո՞ւմ է նոր ստեղծվող տեսչական մարմնի ղեկավար կազմում, Կարապետյանը արձագանքեց. «Խնդրում եմ, ինձ նման հարցեր մի՛ տվեք: Չեմ կարող պատասխանել: Դա վարչապետը պետք է որոշի, որովհետեւ ինքն է նշանակում եւ ազատում: Բայց տեսչությունը լուծարելը դա օրենքի պահանջ է»: Զրույցի ավարտին նա փոխանցեց, որ լուծարման արդյունքում կրճատումներն անխուսափելի են:
«Ժողովուրդ» օրաթերթը օրեր առաջ գրել էր, որ Կարապետյանին նախարարության վերին օղակները «հրահանգել են» արձակուրդ ստանալու համար դիմում գրել, ապա զգուշացրել են, որ արձակուրդից հետո աշխատանքի չի գալու: Ըստ որոշ տեղեկությունների` Ա. Կարապետյանը հրաժեշտ է տալու իր պաշտոնին, ում հնարավոր է փոխարինի նրա տեղակալներից երիտասարդ դաշնակցական Նաիրի Սաղաթելյանը, ով ՀՅԴ ռեյտինգային թեկնածու Իշխան Սաղաթելյանի եղբայրն է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ԵՆ ԿՐՃԱՏՎՈՒՄ
Օգոստոսի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը գրավոր ծանուցում է ուղարկել այդ ՊՈԱԿ-ի «Տավուշ» մասնաճյուղի Նոյեմբերյան քաղաքում աշխատողներին:
Ծանուցման մեջ Ա. Վանյանը, հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 115-րդ հոդվածի 1-ին մասը, տեղեկացրել է, որ նշված կենտրոնի «Տավուշ» մասնաճյուղում «աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ պլանավորված՝ տեղի է ունենալու աշխատողների թվաքանակի եւ հաստիքների կրճատում: Վերոհիշյալ հանգամանքով եւ այլ աշխատանք առաջարկելու հնարավորության բացակայությամբ պայմանավորված»՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին լուծվելու է աշխատողների հետ կնքված աշխատանքային պայմանագիրը:
Նման «գույժ» ստացել են «Տավուշ» մասնաճյուղի՝ Նոյեմբերյան քաղաքում աշխատող 13 անձանցից 11-ը, ծանուցագիր չեն ստացել միայն Նոյեմբերյանի «Սանէպիդկայանի» բժիշկ-մանրէաբանը եւ վարորդը: Կրճատվող աշխատողները փորձառու, իրենց գործի մեջ հմտացած մասնագետներ են, նրանց մեծ մասը իրենց ընտանիքների միակ աշխատողն է, այդ կանայք սոցիալական ոչ բարվոք վիճակում են: Նրանք բանկերից, վարկային կազմակերպություններից վարկեր են վերցրել՝ վստահ լինելով, որ իրենց աշխատավարձով դրանք մարելու են: Աշխատատեղը կորցնելուց հետո նրանք վարկերը մարելու գործում խնդիրներ են ունենալու:
Նշենք, որ նախկինում կրճատվել են «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ «Տավուշ» մասնաճյուղի Դիլիջանի քաղաքի աշխատակիցները, սահմանամերձ Բերդ քաղաքի աշխատակիցները, Նոյեմբերյան քաղաքի աշխատակիցների նման առաջիկա կրճատումների մասին օգոստոսին են ծանուցվել: Վերջին տարիներին Տավուշի մարզի սահմանամերձ տարածաշրջանների հիմնարկությունների աշխատողների շատ կրճատումներ են եղել: Գանձապետական բաժանմունքները, տարածքային հարկային տեսչությունները, անշարժ գույքի կադաստրի մասնաճյուղերը, «Հայփոստի» տեղական բաժանմունքները կորցրել են իրենց կարգավիճակը, այդ հիմնարկություններում մի քանի աշխատող է մնացել:
Հավելենք, որ 2016թ. աշնանը Նոյեմբերյան քաղաքը եւ սահմանամերձ 8 գյուղեր միավորվեցին, ու համայնքի խոշորացման հետեւանքով սահմանամերձ գյուղապետարաններում ընդհանուր թվով 52 աշխատող կրճատվեց: Այս տարվա նոյեմբերի 5-ին Բերդի տարածաշրջանի 17 համայնքները կմիավորվեն, խոշորացված Բերդ համայնքի ձեւավորումով սահմանամերձ գյուղերում շատ աշխատատեղեր կկրճատվեն: Իսկ աշխատատեղերի կրճատումը խթանում է սահմանագոտուց արտագաղթը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ