ՊՈՂՈՏԱՅԻ ՇԵՆՔԵՐԻ ՎԵՐՆԱՀԱՐԿԵՐԸ ՍԵՅՍՄԱԿԱՅՈՒՆ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի էլիտար թաղամասերից մեկի՝ Հյուսիսային պողոտայի բարձրահարկ շենքերի մեծ մասի վրա հարկեր են ավելացվում: Ինչը խիստ մտահոգել է մասնագետներին, քանի որ նրանք համոզված են, որ սա նախապես հաստատված նախագծից շեղում է:

2001 թվականին երեւանցիներին տնազուրկ անելու գնով, անտուն մնացածների լացի ու անեծքների ներքո սկսեց Երեւանի ամենակարեւոր փողոցներից մեկի շինարարությունը, որը նպատակ ուներ Հանրապետության հրապարակից դեպի Օպերայի շենքը ուղիղ ճանապարհ ու տեսարան ունենալ: Սկզբում նախատեսված էր, որ շենքերը պետք է լինեն 6 հարկանի, որպեսզի տեսարանը գեղեցիկ լինի: Բայց կառուցապատողների ագահությունը խափանեց ծրագրերը, ու Հյուսիսային պողոտան դարձավ բարձրահարկ ու մեռելային շինությունների նեղ արահետ:
«Ժողովուրդ» օրաթերթը այս խնդրի առնչությամբ եղավ Հյուսիսային պողոտայում եւ լուսանկարեց բարձրահարկ շենքերը, որոնց վրա հարկեր են ավելացվել: Ու այժմ էլ այնտեղ հարկերի ավելացման մասով շինաշխատանքներ են իրականացվում:
«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե ե՞րբ եւ ո՞ւմ կողմից է տրվել բարձրահարկ շենքերի վրա հարկեր ավելացնելու շինթույլտվությունը: Մենք նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե ի՞նչ հիմնավորմամբ է տրվել շինթույլտվությունը, ո՞վ կամ ո՞ր ընկերությունն է կառուցապատողը: Եւ արդյո՞ք հաստատված նախագծից շեղում չէ տրված շինթույլտվությունը:
Պարզվեց, որ ներկա պահին Հյուսիսային պողոտայի թվով երկու շենքերի վրա են իրականացվում վերնահարկերի կառուցման աշխատանքները. Հյուսիսային պողոտա հ 10/1 շենքն է, որի կառուցապատողն է քաղաքացի Գրիգոր Գրիգորյանը, եւ հ 11 շենքն է, որի կառուցապատողն է «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը: Ըստ քաղաքապետարանի պարզաբանման` այս շինարարական աշխատանքների համար առկա են բոլոր անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը: Բացի այս՝ քաղաքապետարանից տեղեկացրել են նաեւ, որ նախագծային աշխատանքներն իրականացվել են Հյուսիսային պողոտայի շենքերի համապատասխան հեղինակ-ճարտարապետների կողմից:
Դե իհարկե, Հյուսիսային պողոտայի ցանկացած շենքի վերջին հարկում բնակարան գնելու հնարավորություն քչերն ունեն: Եւ հարկեր ավելացնողներն էլ պատահական մարդիկ չեն: Քաղաքացի Գրիգոր Գրիգորյանի մասին դեռ առիթ կունենանք տեղեկացնելու, իսկ «Գոլդեն Փելիս» հյուրանոց ընկերությունը պատկանում է ՀՀ նախկին ՊԵԿ Արմեն Ավետիսյանին, որը Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերն է:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Հյուսիսային պողոտայի էլիտար շենքերում բնակարաններ ունեն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը եւ այլք:
Ինչպես հայտնի է` Հյուսիսային պողոտայի նախագծի վրա աշխատել են 12 ճարտարապետ` քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, քաղաքաշինական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ: Սակայն Հյուսիսային պողոտայի նախագիծը մեծ աղմուկով ընդունվեց ե՛ւ հանրության, ե՛ւ մասնագետների կողմից: Ըստ մասնագետների` այն կառուցվել է թամանյանական նախագծից շեղումներով: Գտնվեցին մարդիկ, ովքեր չէին ողջունում նախագիծը, հայտարարում էին, որ դա ընդհանրապես որեւէ կապ չունի Թամանյանի հետ:
Այս պատճառով «Ժողովուրդ»-ը վերնահարկերի կառուցման աշխատանքների վերաբերյալ լուսանկարները ներկայացրեց քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանին: Քաղաքի նախկին ճարտարապետի պատասխանը ավելի զարմացրեց: Նա փոխանցեց, որ թույլատրվել է հարկերի ավելացումը` գոյություն ունեցող, մեկ հարկի վերակառուցում, եւս մեկի ավելացումով, քանի որ այդ շենքն իր բարձրությամբ պակաս է եղել հարեւան շենքերից: «Լուսանկարում պատկերված շենքը կառուցվել է միաժամանակ, սակայն բաղկացած է եղել 4 լոտերից եւ տարբեր կառուցապատողներից: Նախագծողները տարբեր ճարտարապետներ են. վերնահարկի նախագծումը եւս իրականացվել է միեւնույն հեղինակների կողմից: Ներկայումս 4 կառուցապատողներից երեքի կողմից իրականացվող շինարարությունը մոտենում է ավարտին: Իսկ մեկը դեռեւս սկսված չէ` կապված կառուցապատողի կողմից օրենքով սահմանված կարգով փաստաթղթերի կազմման հետ»,- ներկայացրեց Ն. Սարգսյանը:
Մինչ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը վստահեցնում են, որ նախագծային շեղում չկա, այս ընթացքում մասնագետները ահազանգում են, որ վերնահարկերի ավելացումը խիստ վտանգավոր է եւ հակասեյսմիկ:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Իրենց շենքերն են, իրենք են կառուցապատողները: Ամեն պաշտոնական փաստաթղթում նշվում է քաղաքաշինական նորմերի մասին, բայց ով է հետեւում դրանց: Ոչ ոք օրենքը չի պահպանում, հաշվի չեն առնում քաղաքի վիճակը: Տեսեք, թե Հանրապետության հրապարակի շուրջ ինչ է կատարվում: Նույն իրավիճակն այդտեղ է: Ուզում են նոր քառակուսիներ ձեռք բերել, դրա համար էլ ավելացնում են: Իրենց շենքերն է, եւ հաշվի չեն առնում օրենքը, ոչ էլ քաղաքի շահերը, իրենց պետք է հենց հիմա ունենալ ավել մակերեսներ, ունենում են»,- վրդովվեց Մինասյանը: Ապա ընդգծեց, որ Հյուսիսային պողոտայի շենքերի վերնահարկերի ավելացումը անթույլատրելի է: «Իհարկե, չի կարելի: Հյուսիսային պողոտայի շենքերն առանց այն էլ մի քիչ ավելի բարձր հարկայնությամբ են կառուցվել: Ուղղակի շենքի տերը ցանկանում է եւս երկու հարկով բարձրանալ»,- նկատեց ճարտարապետը: Իսկ այս ամենի արդյունքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անտեսելով շինհրապարակի վերածված մայրաքաղաքի խնդիրները, սեյսմիկ առումով վտանգավոր որոշումներ է կայացնում: Ահա ավելի լավ եւ ապահով Երեւան խոստացող քաղաքապետը:
Ըստ թամանյանական նախագծի՝ պողոտայում պետք է կառուցվեին 4-5 հարկանի շենքեր, ոչ թե 8-9, ինչպիսին այսօր է կառուցված։ Տեղեկացնենք, որ պողոտայի կառուցապատողներն են «Նորդ Այլենդ», «Վիզկոն», «Գլենդել Հիլզ» ընկերությունները, որոնք արդեն սնանկացել են։ Մինչդեռ նրանց մեծ մասը դեռ չի փոխհատուցել Կենտրոնից վտարված քաղաքացիներին բնակարանների համար։

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս