Ամիսներ առաջ Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակում՝ 2018թ. մայիսի 28-ին, Հանրապետության հրապարակում (Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում) կտեղադրվի Առաջին Հանրապետության հիմնադիր, հայ ազգային հասարակական-քաղաքական, ռազմական ականավոր գործիչ Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը։ Քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ, որի հաղթողը պետք է իրավունք ստանար կերտելու Արամ Մանուկյանի հուշարձանը (մրցութային հանձնաժողովի նախագահը Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն էր): Հուշարձան-կոթողի նախագծի բաց մրցույթի հանձնաժողովի (ժյուրիի)՝ 2017 թվականի օգոստոսի 15-ի կայացրած որոշմամբ, սակայն, առաջին մրցանակ չէր տրվել, ուստի որոշվել էր մրցույթը երկարաձգել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 18-ը:
Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է քանդակագործներ Սահակ Պողոսյանի եւ Լեւոն Թոքմաջյանի հետ:
«Ընդհանրապես, ես տոտեմներ դնելուն դեմ եմ. դրանք միշտ ժամանակավրեպ են դառնում: Արամ Մանուկյանին ֆետիշացնելը նպատակահարմար չեմ համարում: Մենք չգիտենք` վաղը ինչ իրավիճակ կլինի, ինչ իշխանություններ կունենանք: Նախկինում ոչ ոք չէր մտածում, որ բոլշեւիկյան հեղափոխություն կլինի, եւ Արամ Մանուկյանի ընկերներին կգնդակահարեն: Այնպես որ, ամեն ինչ հնարավոր է: Դեմ եմ նաեւ, որ արձանը տեղադրվի Հանրապետության հրապարակում` ամենակենտրոնում»,-կարծիք հայտնեց Ս. Պողոսյանը:
Նրա խոսքով` եթե Արամ Մանուկյանին պատվելու ցանկություն կա, ապա ավելի նպատակահարմար է վերականգնել նրա տունը, քան նրա արձանը կանգնեցնել. «Լավ կլինի նաեւ, եթե նրա տունը վերածվի թանգարանի: Դա կլինի լավագույն «արձանը» Արամ Մանուկյանի համար»,-ասաց մեր զրուցակիցը:
Իսկ ահա Լեւոն Թոքմաջյանը, ով Արամ Մանուկյանի կիսանդրու (2009-ին այն տեղադրվեց Երեւանում` ՀՀ ոստիկանության շենքի դիմաց) հեղինակն է, վրդովված է, որ հենց իրեն չեն պատվիրել ստեղծել նաեւ Արամ Մանուկյանի արձանը. «Դա ես պետք է անեի, վստահորեն եմ ասում, որ իմ փոխարեն ոչ ոք դա չի անի, բայց ի՞նչ արած: Չէ՞ որ Հայաստանում առաջին անգամ իմ ստեղծած Արամ Մանուկյանի արձանն է տեղադրվել, ես միակ քանդակագործն էի, որ ծանոթ էի նյութին, ես գիտեմ` ով է Արամ Մանուկյանը, բայց 100-ամյա հոբելյան է, ինչ-որ բան պետք է անեն, վատն այն է, որ ամեն բան միջոցառման է վերածվում: Տեսեք` իմ կերտած Արամ Մանուկյանի մեջ ինչ դինամիկա, ինչ ընդվզում կա, բայց անտեսեցին, հերթական միջոցառումն են անցկացնում»,-նշեց քանդակագործը:
Հարցին, թե ինչու չի մասնակցել հայտարարված մրցույթին, Լ. Թոքմաջյանը պատասխանեց. «Ընդհանրապես, մրցույթների նկատմամբ ես որոշ վերապահումներ ունեմ: Ժյուրիի անդամ էի, սակայն առողջական խնդիրների պատճառով չկարողացա ներկայանալ: Ինձ հասած տեղեկություններով` հայտարարված առաջին մրցույթի շրջանակում ոչ մի լավ բան չի ներկայացվել, էսքիզները գոհացուցիչ չեն եղել»:
Ի դեպ, մրցույթի հաղթողն իրավունք կստանա իրականացնել Արամ Մանուկյանի հուշարձանը, երկրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը) կպարգեւատրվի 1500, իսկ երրորդ մրցանակի հեղինակը (հեղինակային խումբը)՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Հուշարձանը պետք է մարմնավորի հայոց նորագույն պետականության հիմնադրի, պետական եւ հասարակական գործչի կերպարը, արտահայտի նրա ազգային-գաղափարական արժեքը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանի արձանը Երեւանում կանգնեցնելու ծրագիրը նոր չէ: Դեռեւս 2009-ին ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը դիմել էր Երեւանի այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ առաջարկելով Արամ Մանուկյանի արձանը կանգնեցնել Հանրապետության հրապարակում: Դիմումին, սակայն, ընթացք չէր տրվել:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄԿՈՆ ԿՓՈԽԻ ՖՈՒԼՀԱՈՒՍՑԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ
«Ֆուլ հաուս» սիթքոմի հեղինակները անակնկալներ են պատրաստում իրենց երկրպագուների համար: Արդեն հոկտեմբերի սկզբից եթերում կլինի հումորային սերիալի յոթերորդ եթերաշրջանը: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց սիթքոմի դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանը: Հարցին, թե արդյո՞ք տեղին է երկրպագուների այն մտավախությունը, որ դա լինելու է վերջին եթերաշրջանը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այո՛, այս եթերաշրջանով էլ կավարտենք սիթքոմը, ամեն դեպքում, որոշել ենք բարի նոտայով ավարտել այն: Որքան փակագծեր կան, կբացենք, որքան պատմություններ կան, կհասցնենք իրենց ավարտին»:
Մենք հետաքրքրվեցինք` ինչպես է զարգանալու սիրային գիծը, արդյո՞ք նոր եթերաշրջանում կկազմվեն սերիալային նոր զույգեր. «Կլինեն թե՛ սպասված, թե՛ անսպասելի իրադարձություններ, կկազմվեն նաեւ զույգեր, բայց ոչ բոլոր դեպքերում դա լավ արդյունք կունենա, ամեն բան չէ, որ հարթ կընթանա»,-ասաց Գրիգորը:
Նա համոզմունք հայտնեց, որ նոր եթերաշրջանն ավելի հետաքրքիր կլինի ամուսնացածների համար. «Կներկայացվեն ամուսինների միջեւ տեղի ունեցող կենցաղային վեճեր, շատ ծանոթ իրավիճակներ»,-շեշտեց դերասանը:
Նա տեղեկացրեց, որ եթերաշրջանից դուրս է մնացել օլիգարխի որդու կերպարը, որին մարմնավորում էր Հայկ Պետրոսյանը, սպառվել է նաեւ Ֆելիքսի նախկին ընկերուհու կերպարային գիծը: Փոխարենը սիթքոմում հայտնվել է Մուշեղի հոր կերպարը, որին կմարմնավորի Մկրտիչ Արզումանյանը` Մկոն. «Գալով «Ֆուլ հաուս»` նա փոխելու է բոլորի կյանքը: Մկրտիչը մեկ անգամ առիթ ունեցավ մասնակցելու սիթքոմին, դրանից հետո մտածեցինք, որ կերպարային այդ գիծը կարելի է զարգացնել: Այս եթերաշրջանում բավական մեծ թվով իրադարձություններ կծավալվեն հենց նրա շուրջ: Ի դեպ, Մկրտիչի հետ շատ հետաքրքիր է աշխատել նկարահանման հրապարակում, վստահ ենք, որ նրա մասնակցությունը որոշիչ կլինի սիթքոմի համար»,-նշեց Գրիգորը:
Բացի Մկոյից` սիթքոմում կհայտնվի նաեւ սերիալներից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանը, որը կմարմնավորի լրագրողի. «Նա կհետապնդի արդեն հայտնի երգիչ Արսենին»,-մանրամասնեց սցենարիստը:
Մենք հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք սիթքոմի սաունդթրեքը փոփոխության կենթարկվի. «Սաունդթրեքը մնալու է նույնը, սակայն մատուցման ձեւաչափն է փոխվելու»,-պատասխանեց Գրիգորը:
Ի դեպ, սիթքոմի սիրահարները վերջին սերիան կարող են դիտել տարեվերջին. «Նոր եթերաշրջանը բաղկացած կլինի 25 սերիայից, վերջին սերիան կլինի բոնուսային եւ կցուցադրվի Ամանորին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ