Սեպտեմբերի 5-ին Իջեւանում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, նշանակված էր ադրբեջանական խնձորների ներկրման հետ առնչվող քրեական գործով դատական նիստը: Այն, ինչպես այս գործով դատական առաջին՝ օգոսոտոսի 18-ի նիստը, չկայացավ քրեական գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Վարդգես Սարգսյանի՝ դատին չներկայանալու պատճառով:
Նա դատարանին հայտնել է, որ սեպտեմբերի 5-ին մասնակցում էր նախապես նշանակված մեկ այլ դատական նիստի: Նախորդ՝ օգոստոսի 18-ի դատական նիստին եւս Վ. Սարգսյանը չէր ներկայացել, սակայն դատարանին չէր հայտնել, որ նիստին չի մասնակցելու եւ ինչ պատճառով: Երեւում է, որ գլխավոր դատախազությունը հետաքրքրություն չի ցուցաբերում այդ գործի հանդեպ: Համենայնդեպս, երկար սպասված գործի դատաքննությունը դատախազության պատճառով այդպես էլ չի սկսվում:
Իսկ այն, որ այդ քրեական գործով ամբաստանյալների նկատմամբ մեղմ պատիժներ են կիրառվելու, երեւում է նաեւ նրանց խափանման միջոցի փոփոխումից եւ ամբաստանյալներին առաջադրված ոչ ծանր հոդվածից: Մեղադրյալներից Հարություն Խաչատրյանի նկատմամբ, ով համագործակցել է նախաքննության մարմնի հետ, ինքնախոստովանական ցուցմունքներ տվել, խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մյուս 3 ամբաստանյալների հանդեպ՝ կալանավորումը: Քրեական գործը դատարան ուղարկելուց հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ 3 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք կալանքից ազատվել են:
Նշենք, որ Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Վահե Ասլանյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»): Սույն հոդվածը նախատեսում է 200-300 հազար դրամ տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկել՝ առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ 2-3 ամիս կալանք, կամ առավելագույնը 4 տարի ժամկետով ազատազրկում: Հիշեցնենք, որ Վահե Ասլանյանը օգոստոսի 18-ի դատական նիստում իրեն մեղավոր չհամարեց, սեպտեմբերի 5-ի դատական նիստում ամբաստանյալ Խաչիկ Հակոբյանը, պատասխանելով դատական նիստը նախագահող, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի այն հարցին, թե ինքը ներկայումս աշխատո՞ւմ է, Հակոբյանն ասաց, որ գտնվում է բյուլետենի մեջ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԱՅՐՈՒՄՑԻՆԵՐԸ ՋՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ԵՆ ԳԻՇԵՐՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ
ՀՀ Լոռու մարզի Մեծ եւ Փոքր Այրում գյուղերի բնակիչները տեւական ժամանակ է, ինչ կանգնած են խմելու ջրի խնդրի առաջ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգել նշված գյուղերի բնակիչները:
Նշենք, որ խմելու ջրի խնդիրն առկա է հիմնականում Փոքր Այրում գյուղում, որտեղ ապրում է մոտ 38 ընտանիք: Ի դեպ, նրանց մեծ մասը ծերացող ընտանիքներ են: Պարզվում է՝ Փոքր Այրումի բնակիչները ոչ միայն դպրոց ու մանկապարտեզ, այլեւ ջուր չունեն: Նրանք արդեն տասն օր է, ինչ խմելու ջուր չունեն: Իսկ Փոքր Այրումի աշակերտները հաճախում են հարեւան` Մեծ Այրում գյուղի դպրոց:
Փոքր Այրում գյուղում բնական մի աղբյուր կա, որը գյուղացիների պատմելով՝ ցամաքելու եզրին է: Եւ չնայած սրան` աղբյուրի մոտ օրեր շարունակ մարդիկ հերթեր են կանգնում` տուն ջուր հասցնելու համար: Ավելին՝ մարդիկ աղբյուրի մոտ ստիպված են լինում գիշերն անցկացնել` ջուր հավաքելու համար: Բնակիչների պատմելով՝ գյուղի բնակիչները դույլերն ու տարաները ձեռքներին՝ պառկում են աղբյուրի մոտ:
«Ես նույնպես, ինչպես համայնքի մյուս բնակիչները, իմ մեքենայի մեջ տարաներ կան դրված, որոնցով ջուր եմ տուն տանում: Ջուր չունենք, դրա համար էլ ահազանգել են: Երաշտ եղավ, որի պատճառով մեր աղբյուրները ցամաքել են: Իսկ մինչ այս, ջուրը երկու օրը մեկ ենք ստացել, գյուղացիներն էլ հասցրել են պահեստավորել: Բայց արդեն տասն օր է, ինչ տարբերակ չենք գտնում»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց Մեծ եւ Փոքր Այրումների գյուղապետ Սահակ Նազարյանը:
Նրա խոսքերով՝ այս խնդրին տեղյակ են ե՛ւ մարզպետարանը, ե՛ւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը: Բացի այս՝ գյուղապետը տեղեկացրեց, որ խմելու ջրի խնդրի լուծման նպատակով դիմել է բարեգործական մի քանի կազմակերպությունների: Սակայն անարձագանք:
«Կառավարության ծրագրով 2015 թվականին սկսել ենք եւ 2016 թվականին ավարտել Մեծ եւ Փոքր Այրումների ջրի մատակարարման արտաքին ցանցի կառուցման աշխատանքները: Բայց պետք է նաեւ ներքին ցանց էլ կառուցվի` IFAD-ի ծրագրով, կառավարությանն առընթեր գյուղական տարածքների տնտեսական զարգացման պետական հիմնարկի միջոցով եւ գյուղապետարանի 10 տոկոս ներդրումով: Բայց ծրագրերի ծավալուն լինելու պատճառով ամբողջը միասին չեղավ: Լոռի-Բերդ ջրատարից պոմպակայան հասցրել ենք կառուցել մոտ 6 կմ ջրագիծ: Բայց որ ներքին ցանցը չկա, չենք կարողանում այդ ջրից օգտվել: Ծրագիր ենք կրկին ներկայացրել IFAD-ին, հիմա սպասում ենք: Պետք է նախ ներքին ցանցը կառուցել: Այնպես չէ, որ ձեռքներս ծալած, նստած ենք:Կան գյուղեր, որոնք նույնպես խմելու ջրի խնդիր ունեն»,- անկեղծացավ գյուղապետը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԱՐՈՆԻ ՏՈՒԳԱՆՔԸ
ՀՀ վարչական դատարանը սեպտեմբերի 6-ին մասնակի բավարարել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայցն ընդդեմ ակտիվիստ Շահեն Հարությունյանի: ArmLur.am-ի հետ զրույցում Շահեն Հարությունյանը նշեց, որ դատարանը մի քանի կետերով բավարարել է քաղաքապետի հայցը, մի քանի կետերով մերժել:
«Դատական նիստը պետք է սկսվեր ժամը 17:00-ին: Մինչ մեզ ստուգեցին, եւ մտանք նիստերի դահլիճ, վճիռն արդեն կարդացել էին, ներկա էր իմ փաստաբանը: Չեմ կարող այս պահին հստակ ասել, թե կոնկրետ որ կետերով են ինձ մեղավոր ճանաչել, որով ոչ: Միայն այն է հստակ, որ մեր դրվագով մեղավոր եմ ճանաչվել եւ տուգանվել 150 հազար դրամով, մյուս երեք դրվագներով ինձ արդարացրել են: Կարող եմ մեկ հստակ բան ասել. անպայման բողոքարկելու եմ այս որոշումը: Մեկ ամիս ժամանակ ունեմ»,- ասաց Շահեն Հարությունյանը: ArmLur.am-ի այն դիտարկմանը՝ արդյո՞ք սպասելի էր դատարանի նման որոշումը, Շահենը միանշանակ դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պահանջում էր պատասխանատվության ենթարկել Շահեն Հարությունյանին՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի 1-ին մասով՝ առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու հավաքներ եւ երթեր անցկացնելու համար: Շահեն Հարությունյանը Հաց բերողի մահվան եւ դրան հաջորդող օրերին Ազատության հրապարակում չիրազեկված հավաք եւ երթեր էր անցկացրել:
ՈՐ ԲԱՆԱԿ ՉՏԱՆԵՆ
ՀՀ կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչիկ Ռոստոմյանը կառավարության դատին կներկայացնի մի նախագիծ, որով պետք է մի շարք ՀՀ քաղաքացիներ մինչեւ 2019 թվականն ազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Այդ քաղաքացիներն են Րյան Ջամար Բոաթրայթը, Ալին Ֆուլլեր Հեսսը, Կրիս Քայլ Յանկուն, Էնդրյու Մրֆի Չրաբասցը, Լուկաս Ջեյմս Ֆիշերը, որոնք ԱՄՆ քաղաքացիներ էին եւ ՀՀ քաղաքացիություն են ստացել նախագահի հրամանով, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացիներ Ալբերտ Թադեւոսյանն ու Արկադի Մկրտիչյանը, որոնք եւս ՀՀ քաղաքացիություն ունեն։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ վերոնշյալ անձինք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի թիմի կազմում: Հետեւաբար նախարարը խնդրում է այս քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ։