ՄԱՐՏԻ 8-Ի ՓՈՂՈՑԻՑ ՄԻՆՉԵՎ ՆՈՐԱՇԽԱՐՀՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որոշ ժամանակ առաջ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունն առաջարկել էր անվանափոխել մայրաքաղաքի` բոլշեւիկների անուններ կրող փողոցները: Նախաձեռնությունը տապալվեց:

«Ելք»-ը մասնավորապես առաջարկել էր Կասյան փողոցն անվանակոչել կաթողիկոս Վազգեն Առաջին վեհափառի անվամբ, Ֆրունզեի փողոցը` ապրիլյան հերոսների, Ամիրյան փողոցը` Վռամշապուհ արքայի, Միկոյան փողոցը` Քըրք Քըրքորյանի: Վերջերս, սակայն, «Ելք»-ի անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ Երեւանի քաղաքապետարանը մերժել է փողոցների անվանափոխության մասին խմբակցության առաջարկը: Բացասական պատասխանը, թերեւս, սպասելի էր. քաղաքային իշխանության ներկայացուցիչները տարբեր առիթներով շեշտում են, որ Խորհրդային Հայաստանի պատմության հետ կապված էջերը հենց այնպես ջնջել չի կարելի: Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ քաղաքապետարանն այս պարագայում զերծ մնաց գիտական բանավեճերից եւ հիմնավորումներից, պետք է նկատենք նաեւ, որ «Ելք» խմբակցության առաջարկն էլ ինքնին մի շարք խոցելի կետեր ուներ:
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով մայրաքաղաքի քարտեզը, նկատեց մի շարք փողոցների անուններ, որոնց ծագմանը ծանոթանալուց հետո չենք կարող չհարցնել` որքանո՞վ է նպատակահարմար տվյալ փողոցների անունների կիրառումը, ի՞նչ ծագում ունեն դրանք եւ ի՞նչ կապ ունեն դրանք մեզ հետ: Եւ ամենակարեւորը՝ ինչո՞ւ չի բարձրացվում այդ փողոցների անվանափոխության հարցը:
Արաբկիր վարչական շրջանում, օրինակ, կա Բարբյուսի փողոց: Այն կրում է ֆրանսիացի գրող, լրագրող եւ հասարակական գործիչ Անրի Բարբյուսի անունը: Մենք փոքրիկ հարցում իրականացրինք մայրաքաղաքի փողոցներում եւ պարզեցինք, որ «Կրակը» հակապատերազմական վեպի հեղինակին հարցվածներից ոչ ոք չի ճանաչում, ավելին` այս անվանումը շատերն իսկապես դժվարությամբ են արտաբերում, իսկ տաքսու վարորդներն էլ դժվարությամբ են մտաբերում փողոցի անունը:
Շենգավիթ վարչական շրջանում էլ ունենք Կոտովսկու փողոց` խորհրդային պետական եւ ռազմական գործիչ Գրիգորի Կոտովսկու անունով, Նիզամի փողոց` պարսկական էպիկ գրականության ներկայացուցիչ պոետի անունով, իսկ Էրեբունի վարչական շրջանում` Կուստոյի փողոց` ֆրանսիացի անվանի օվկիանոսագետ եւ ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոյի պատվին:
Որքան էլ զարմանալի է, Երեւանում կա նաեւ, օրինակ, Խաղաղ Դոնի փողոց` Էրեբունի վարչական շրջանում: Իհարկե, լավ է, որ մենք անտարբեր չենք Միխայիլ Շոլոխովի վեպ-էպոպեայի հանդեպ, սակայն անհասկանալի է, թե ինչու պետք է այդ անունով փողոց ունենանք:
Անտրամաբանական է նաեւ Արաբկիր վարչական շրջանում Սեւաստոպոլյան փողոցի անվանումը: Նույն տրամաբանությամբ Շենգավիթ վարչական շրջանում ունենք Օդեսայի փողոց: Սեւ ծովի ափին գտնվող քաղաքների հանդեպ մեր սերն, իհարկե, կարող էր այլ, առավել համեստ դրսեւորումներ ունենալ:
Երեւանում քիչ չեն նաեւ փողոցները, որոնք առանձնապես իմաստ չեն արտահայտում, երբեմն նույնիսկ առաջացնում են զավեշտ: Օրինակ` Երեւանի Կենտրոն վարչական շրջանում ունենք Մարտի 8-ի փողոց: Այն անվանակոչվել է Կանանց միջազգային օրվա պատվին: Կանանց միամսյակից անվերջ դժգոհող տղամարդկանց հազիվ թե դուր գա այս հանգամանքը: Փաստորեն, մարտի 8-ը երեւանցիների համար միայն տոն լինելով չի սահմանափակվում:
Լեզվաբաններն ու աշխարհագրագետները դժվար կկարողանան բացատրել, թե ինչպես կարող է աղբյուրը ուղիղ կամ փոխաբերական իմաստով ծարավ լինել, բայց արի ու տես, որ Ավան վարչական շրջանում ունենք Ծարավ աղբյուրի փողոց, իսկ, օրինակ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մարդիկ ապրում են նոր աշխարհում, անգամ փողոց ունեն այդ անունով` Նորաշխարհյան փողոց:
Ցանկը, իհարկե, կարելի է շարունակել: Ու թերեւս ճիշտ կլիներ, եթե «Ելք»-ը եւ փողոցների անվանափոխության բանավեճում ընդգրկված այլ կողմեր մտորեին նշյալ փողոցներին ավելի հաջող, դիպուկ եւ կիրառական անուններ տալու մասին:

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ

 

 

 

 
ԱՐԱՄ MP3-Ն ՈՒ ԳԱՐԻԿԸ ՇՈՒՏՈՎ ՆՈՐ ՇՈՈՒ ԿՎԱՐԵՆ

Երգիչ Արամ MP3-ն երկրպագուների համար անակնկալներ է պատրաստում։ Նա նախ ծրագրում է մոտ օրերս նկարահանել նոր տեսահոլովակ՝ հայերեն պարային, ռիթմիկ երգի հիման վրա։ Երգիչը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ երգի հեղինակն ինքն ու Ֆելիքս Խաչատրյանն են, իսկ գործիքավորումը կատարել է Լազարոն. «Կփորձենք անել ամեն բան, որ հոկտեմբերի սկզբին տեսահոլովակը հանձնենք հանդիսատեսի դատին»,- ասաց Արամը։

Շարունակելով գործնական նորությունների թեման՝ երգիչը տեղեկացրեց, որ ինքն ու հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանը շուտով Հանրային հեռուստաընկերության եթերում կվարեն late-night շոու, որը բաղկացած կլինի նաեւ երաժշտական հատվածից։ Այս մասին մանրամասներ մեր զրուցակիցը դեռեւս հայտնել չցանկացավ։ Ինչ վերաբերում է երկրպագուների հետ հանդիպման առիթներին, երգիչը խոստացավ առաջիկայում Իվետա Մուկուչյանի հետ հանդես գալ բացօթյա համերգով. «Հուսանք՝ սեպտեմբերին կհասցնենք համերգը կյանքի կոչել, այժմ բանակցությունների փուլում ենք»,-նշեց երգիչը։
Ի դեպ, Արամն այս սեպտեմբերին իր որդուն առաջին անգամ ուղեկցել է դպրոց։ Նա խոստովանում է, որ այդ պահին հակասական զգացողություններ է ունեցել. «Այդ պահին, իսկապես, շատ երկար էի սպասել, ներսումս խառնվել էին ուրախության եւ հպարտության զգացումները։ Երջանիկ էի, որ որդիս եկել, հասել էր կյանքի այդ փուլին, միաժամանակ մտորումների մեջ էի ընկել. փաստորեն այնքան մեծացա, որ տղաս արդեն դպրոց է գնում»,-անկեղծացավ երգիչը։
Արամի անձնական կյանքով հետաքրքրված երկրպագուները թերեւս գիտեն, որ նա սպասում է իր երկրորդ զավակի ծնունդին. ծերջինս լույս աշխարհ կգա հոկտեմբերին. «Ամբողջ ընտանիքով անհամբերությամբ սպասում ենք այդ պահին։ Ասեմ, որ այս անգամ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեբանորեն լավ պատրաստված եմ (ծիծաղում է), թեպետ երեխայի ծնունդը միշտ էլ լի է անակնկալներով։ Ինձ ուրախացնում է հատկապես այն հանգամանքը, որ որդիս չի խանդում փոքրիկին, որ նոր է ծնվելու, հակառակը՝ ուրախ է, որ եղբայր է ունենալու»,-եզրափակեց երգիչը։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ




Լրահոս