Կրիմինալը հերթական ապտակը հասցրեց իրավապահ համակարգին. ո′չ անվտանգություն, ո′չ էլ առաջընթաց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ Սերժ Սարգսյանը նախագահության երկրորդ ժամկետում խոստանում էր կառուցել ավելի ապահով Հայաստան, իսկ ՀՀԿ-ն ԱԺ վերջին ընտրություններում՝ «անվտանգություն եւ առաջընթաց», Հայաստանում անպատժելիության մթնոլորտը գնալով ավելի է խորանում, եւ զենքով հարցեր լուծելու, վրեժխնդրության դրսեւորումները դարձել են սովորական: Ընդ որում, տարբեր քրեական հեղինակությունների միջեւ զինված մարտերն ընթանում են անարգել՝ Հայաստանի քաղաքներում, անգամ՝ մայրաքաղաքի կենտրոնում: Երեկ՝ օրը ցերեկով, Երեւանում՝ Վերնիսաժի տարածքում, ՀՀ-ում Լեհաստանի եւ Ճապոնիայի դեսպանատների, իշխող ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի գրասենյակների հարեւանությամբ, կրակում էին:

Վիրավորներից մեկը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թիմից է: Ինչպես հայտնի է՝ Ալավերդի քաղաքում գործում է թշնամի երկու հանցավոր խմբավորում: Մեկը ղեկավարում է քրեական հեղինակություն Տարոն Աբգարյանը, մյուսը՝ նրա հեռավոր ազգական ու միաժամանակ թշնամի Վահագն Աբգարյանը:

2015-ի սեպտեմբերին՝ Ալավերդու քաղաքապետի ընտրություններին, հիմնական թեկնածուները մարզպետ Նալբանդյանի մտերիմ Կարեն Փարեմուզյանն ու հեղինակություն Տարոն Աբգարյանի եղբայրը՝ Արթուր Աբգարյանն էին: Հաղթեց մարզպետի թեկնածուն, որից հետո «ռազբորկաներից» մեկի ժամանակ Տարոնի տղաներից Վարդան Փիրուզյանը Վահագնի խմբի երկու տղաներին՝ Էդվարդ Պողոսյանին եւ Վարդան Ավագյանին, սպանեց: Վահագնի խմբի անդամ Վալերի Դավթյանն էլ սպանեց փախուստի մեջ գտնվող Վարդանի եղբորը՝ Կամո Փիրուզյանին: Եւ ահա երեկ կրակեցին Վահագնի ուղղությամբ, բայց սպանվեց թիկնապահը:

Ու կարելի է ասել, որ կրիմինալը երեկ հերթական ապտակը հասցրեց իրավապահ համակարգին՝ ցույց տալով, որ ինքն է իրադրության տերը: Իհարկե, նրանց այս անարգել խրախճանքը պատահական չէ. նույն քրեական տարրերն ընտրություններին աշխատում են իշխանությունների համար, եւ որպես փոխհատուցում արտոնություններ ստանում»:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս