ՀՀԿ-ի հետ ամուսնության ակտ չենք արձանագրել. Արմեն Ռուստամյանը՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր կոլաիցիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը: Գրել էինք, որ մեր ունեցած տեղեկություններով` հաջորդ տարի ձեւավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը տրվելու է ԲՀԿ-ին (կամ որ նույնն է՝ «Ծառուկյան» խմբակցությանը), իսկ դա էլ նշանակում է, որ նոր կոալիցիան եռակողմ կլինի` ՀՀԿ, ԲՀԿ ու ՀՅԴ: Նոր կոալիցիա կազմելու հավանականությունը լրագրողների հետ զրույցում չեն բացառել ո՛չ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ո՛չ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«ՀՅԴ-ն իր կայուն տեղն ունի կոալիցիայում, իսկ 2018 թվականին կոալիցիան ինչպիսի տեսք կունենա, կքննարկենք 2018 թվականին», – նշել է Շարմազանովը` ըստ էության չբացառելով ոչինչ: Իսկ Գագիկ Ծառուկյանն էլ նշել էր. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարեւորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»:

Հետաքրքիր է՝ իսկ ինչպե՞ս է հնարավոր եռակողմ կոալիցիային վերաբերում ՀՅԴ-ն, ով այժմ ՀՀԿ-ի հետ քաղաքական կոալիցիայի մեջ է գտնվում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հետ:

-Պարո՛ն Ռուստամյան, ինչպե՞ս է ՀՅԴ-ն վերաբերում ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ հնարավոր եռակողմ կոալիցիային:

-Ես ասել եմ, որ այդպես հիպոթետիկ իրավիճակներին չեմ անդրադառնում: Այդ խոսակցությունները մեր իրականության մեջ հաճախ այնքան են տեղի ունենում, որ բացարձակապես երբեւէ չեն դառնում իրականություն: Եվ ուրեմն, երբ որ գա, նման իրավիճակ առաջանա, ըստ այդմ էլ մենք կքննարկենք կոնկրետ ստեղծված իրավիճակը:

-Բայց այդպիսի հայտարարություններ այժմ հնչում են կուսակցության ղեկավարի եւ ՀՀԿ մամուլի խոսնակի շուրթերով:

-Բայց ոչ մի կոնկրետ բան չի հնչում այդ նույն շուրթերից: Ես որեւէ կոնկրետ բան չեմ լսել: Իսկ ո՞վ կարող է ինչ-որ բան բացառել: Եթե դու ինչ-որ մի բան բացառում ես, նշանակում է, որ դու ամեն ինչ գիտես:

-Իսկ ՀՅԴ-ն ինչպե՞ս է վերաբերում հենց ԲՀԿ-ի հետ համագործակցությանը:

-Մենք բոլորի հետ էլ այսօր պատրաստ ենք համագործակցել` անկախ նրանից, որ մենք կոալիցիոն համաձայնագրով գտնվում ենք կոնկրետ տեղում: Բայց երբեք մենք մեր ծրագրերն իրականացնելու առումով չենք վարանել որեւէ մեկի հետ հարաբերություններ իրականացնել, պահպանել նորմալ կապեր:

Հիմա էլ ենք այդպես լինելու, որովհետեւ, ի վերջո, ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է, եւ իր ընդդիմության կամ իշխանության մեջ լինելով չի պայմանավորված իր ծրագրերի իրականացման հավատարմությունը: Բնական է, ով տվյալ պահին ընդունի կամ աջակցի մեր մոտեցումները, մենք պատրաստ ենք նրա հետ համագործակցել` անկախ նրանից, թե իրենք էլ որ դաշտում են գտնվում:

-Եվ անկախ նրանից, թե ինչպիսի՞ հարաբարություններ ունեք տվյալ քաղաքական ուժի հետ:

-Մենք մեր երկրում թշնամիներ չունենք, կարող ենք ունենալ գաղափարական հակառակորդներ, որը շատ էլ նորմալ է: Ուր է, որ մենք ունենանք այնպիսի քաղաքական դաշտ, որ հստակ բաժանված լինեն հստակ գաղափարախոսությունների, բայց այդ դաշտը չի ձեւավորվել, սակայն մենք հետեւողականորեն պայքար ենք տանելու եւ ամեն ինչ անելու ենք, որ մեր օրինակով ցույց տանք, թե դա ինչ է նշանակում:

-Եթե եռակողմ կոալիցիա լինի, ՀՅԴ-ն չի՞ խանդի: Ի վերջո, պորտֆելների քանակը կարող է կրճատվել:

-Խանդ լինում է նրանց մոտ, ովքեր փորձում են ամուսնանալ մյուս քաղաքական ուժի հետ: Մենք ամուսնության որեւէ ակտ չենք արձանագրել: Մենք միշտ էլ ասել ենք, որ մեզ համար քաղաքական պորտֆելներն ու դրանց քանակը կարեւոր չէ:

Կարեւորն այն ծրագիրն է, ինչը հիմք է կազմում համագործակցության համար: Մեզ համար հավասար ընդունելի է այն պորտֆելակիրը, ով չի հանդիսանում ՀՅԴ անդամ, սակայն կատարում է այն ծրագրերը, որոնք մենք իրար հետ համաձայնացրել ենք: Իսկ այն դաշնակցականը, որը չի հաջողում իր ոլորտում, ավելի լավ է՝ օր առաջ իր տեղը զիջի մեկ ուրիշին:

-Պարո՛ն Ռուստամյան, Ձեր խոսքում նշեցիք, որ ՀՅԴ-ն գաղափարական կուսակցություն է եւ ընդդիմության կամ իշխանության մեջ լինելով՝ հայտարարություններ չի անում:

Սակայն նախօրեին Ձեր կողմից հնչած հայտարարությունն այն մասին, որ հաղթել ենք ապրիլյան պատերազմում եւ այն էլ շնորհիվ նաեւ ԵՏՄ-ի կազմում գտվելու, քննադատությունների տեղիք տվեց: Հատկապես այն միտքը, որ Դուք խոսում եք հաղթանակի մասին այն դեպքում, երբ մենք 800 հա հող ենք կորցրել:

-Եթե որեւէ մեկին թվում է, որ մենք խնդիր էինք դրել նոր տարածքներ գրավելու, ապա այդպիսի ռազմավարական հարց այդ ժամանակ չի դրվել: Մենք հասել ենք շատ ավելի լուրջ ձեռքբերումների, որի մասին մենք խոսել ենք: Այն է, որ Հայաստանն այսօր ձեռք է բերել առավելություններ բանակցային գործընթացի մեջ: Եվ այն բոլոր փաստարկները, որով առաջնորդվում էր Ադրբեջանը, ձախողվել է:

Հիմա անհրաժեշտություն է առաջացել իսկապես վերականգնել նորմալ բանակցային գործընթաց, որից հրաժարվել եւ շարունակում է հրաժարվել Ադրբեջանը: Իսկ ինչ վերաբերում է հողերին, ապա ես միշտ ասել եմ, որ բաժանարար գիծը սահման չէ, դա դինամիկ փոփոխության ենթակա մի շփման գիծ է, որն անընդհատ կարող է փոփոխվել: Իսկ ո՞վ է հաշվել, մենք ուրիշ տեղեր ենք ունեցել ձեռքբերումներ: Դրա մասին չենք խոսում:

-Բայց տարածքների կորստի հարցը մատնանշեց հենց Սերժ Սարգսյանը:

-Հասկանալի է, ես չեմ էլ վիճարկում այդ փաստը, այդպես էլ կա: Բայց պետք չէ մտածել, թե դա այդպես հավերժապես մնալու է: Մենք մի օր դա հետ ենք բերելու եւ ավելին ենք ունենալու, եթե Ադրբեջանը շարունակի այդ պահվածքը:

-Այսինքն՝ չնայած տարածքների կորստին՝ մենք ապրիլյան պատերազմում հաղթանա՞կ ենք տարել:

-Իհարկե, հաղթանակ ենք տարել, Դուք պարզապես տեղյակ չեք այն նպատակների մասին, որն ունեցել է Ադրբեջանը: Բլից պատերազմով փորձել է ստատուս-քվոն փոխի, որը չի հաջողվել: Նա ցանկացել է մտնել Ստեփանակերտ, եւ մենք կարողացել ենք ձախողացնել դա եւ հետ շպրտել նրանց:

Պարզապես չենք ուզեցել լայնածավալ պատերազմը եւ կանգնել ենք այն շփման գծի վրա, որը եղել է հաստատված, քանի որ մեզ պետք է եղել հրադադարի եռակողմ պայմանագիրը վերահաստատել, որից ցանկանում էր ազատվել Ադրբեջանը, եւ որը նրան չի հաջողվել:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս