Քրեականներն ախպերական կապի մեջ են իշխանության հետ. Գուրգեն Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ամիսներին ՀՀ-ում արձանագրված դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տալիս: Ինքնասպանություններից բացի՝ Հայաստանում ավելացել են նաեւ սպանությունների դեպքերը, երբ մարդիկ իրենց խնդիրները փորձում են լուծել՝ ինքնադատաստան տեսնելով: Ինչի հետեւանք է սա:

«Ժողովուրդ» օրաթերթը թեմայի շուրջ զրուցել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հետ:

-Պարո՛ն Եղիազարյան, Հայաստանը վերածվել է սպանությունների թատերաբեմի: Ինչի՞ հետեւանք եք համարում ստեղծված իրավիճակը:

-Հայաստանը Սիցիլիայի է վերածվել: Ես պետք է Ձեզ գաղտնիք բացահայտեմ, որ այստեղ ոստիկանությունը մեղք չունի: Իհարկե, կա ոստիկանության մեղքի չափաբաժինը, որ պետք է լրջագույնս աշխատեն, պլանավորված աշխատեն: Գիտեք, հանցագործությունը մտնում է որոշակի վիճակագրական ճշգրիտ չափանիշների մեջ, այսինքն՝ ամեն 100 հազար մարդու համար միշտ կարելի է հաշվել տվյալ երկրում սպանությունները որքան կլինեն, ծանր մարմնական վնասվածքները որքան կլինեն, մարմնական վնասվածքները որքան կլինեն, եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ մոտավոր արդեն քրեագետները գիտեն, թե ինչ է սպասվում: Բայց ասեմ, որ Հայաստանը սպեցիֆիկ երկիր է, որտեղ վիճակագրական տվյալները չի կարելի տեղադրել Հայաստանի վրա: Պատճառն այն է, որ Հայաստանը ճանապարհային երկիր է, այսինքն՝ այն երկրները, որտեղ ճանապարհների խաչմերուկ է, միշտ այլ տվյալներ են գործում սպասվելիք հանցագործությունների առումով, մեզ մոտ՝ այլ:

-Բայց այս ամենն անպատժելիության հետեւա՞նք չէ: Ի՞նչ անելիք ունեն այստեղ իշխանությունները:

-Իհարկե, սա անպատժելիության մթնոլորտի արդյունք է: Ցավոք սրտի, քրեական հանցագործների գծով ոստիկանությունը գտնվում է հիմարագույն վիճակում: Որովհետեւ այդ նույն քրեական հեղինակությունները ուղիղ, ախպերական կապի մեջ են իշխանությունների հետ: Եվ ինչ պետք է անի քրեական հետախուզության տեսուչը, մենք բոլորս լավ գիտենք, սակայն այդ նույն քրեական հետախուզության տեսուչը շատ լավ գիտի, թե այդ քրեական հեղինակության հետեւում ով է կանգնած: Ես Ձեզ բերեմ մի պարզ օրինակ. ամիսներ առաջ հանցագործ էին տեղափոխում «Նուբարաշեն» ՔԿՀ, հանցագործները փակել էին ճանապարհը եւ չէին թողնում, որ իրենց ընկերոջը ներս մտցնեն: Այլ երկրներում այդպիսի բան չէին կարող անել, իսկ Հայաստանում դա հնարավոր է:

Եվ այդպես փակ են պահել ժամեր շարունակ, իսկ ինչի մասին է դա խոսում, հենց քրեականների սերտաճման մասին իշխանությունների հետ: Այդ սերտաճման հիմքում ընկած է հենց ոստիկանների անզորությունը: Այսօր Երեւանը համեմատում են Պալերմոյի հետ, սակայն Սիցիլիայում այդ ամենը կատարվում էր 60-70-ական թվականներին: Այստեղ ես չեմ ասի, որ բարդակ է տիրում: Ասեմ, որ ցանկացած բարդակում լուրջ, կանոնակարգված աշխատանք կա՝ մեծ կա, փոքր կա, գումար վերցնող կա, թեթեւաբարո կանայք կան, սակայն այս ամենը կարող եմ մեկ բառով ասել՝ բեսպրեդել: Ու սա կարող է փոխվել միայն իշխանափոխության դեպքում:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս