Օգոստոսի 28-ին Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, Հարավային Սուդանից մի աղջկա մալարիայով հիվանդանալու դեպք է բացահայտվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուսանողին ուղարկել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, նրա վիճակը հիմա բարվոք է: Առողջարանային, տուրիստական Դիլիջանում մալարիայով հիվանդի բացահայտումից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ հիմա մոծակների ակտիվության շրջանն է, Դիլիջան քաղաքում նմուշառում է կատարել՝ տեսնելու համար, թե մալարիա փոխանցող մոծակներ հայտնաբերվո՞ւմ են: Նախորդ տարիներին Դիլիջանում նման մոծակներ հայտնաբերվել են: Իսկ միջազգային քոլեջի ուսանողի հիվանդանալու դեպքի հետ կապված հարկ էր նմուշառում անել: Մալարիա տարածող մոծակները թռչում են մինչեւ 3 կմ, ուստի միջազգային դպրոցի շրջակայքի շինություններում միջատասպան նյութերով մշակումներ են արվել: Դիլիջանում բնակիչների՝ մալարիայով հիվանդանալու վտանգը մեծ չէ, այն տեսական է, սակայն անհրաժեշտ միջոցառումները արվել են, որ կանխվի վտանգը:
Հավելենք, որ 2006թ. Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Լուսինե Պարոնյանը հայտնեց՝ Դիլիջանում վերջերս լայմի հիվանդությունով հիվանդանալու դեպքեր են եղել: Այդ հիվանդությունը տարածում են անտառային տզերը: Նա ասաց, որ Հայաստանում լեյշմանիոզով հիվանդանալու ամենամեծ թվով դեպքերը Տավուշի մարզում են գրանցվում: Վերջերս նման դեպք է հայտնաբերվել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում: Լեյշմանիոզի դեպքեր են եղել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն եւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղերում: Լեյշմանիոզով հիվանդ երեխաներ են հայտնաբերվել, որոնք բուժվել են: Այդ հիվանդությունն ավելի տարածված է երեխաների, իմունային թույլ համակարգ ունեցող անձանց շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է բժիշկների, նաեւ անասնաբուժական ծառայության հետ, քանզի լեյշմանիոզի հարուցիչը հայտնաբերվում է շների մեջ:
Ու կարելի է ասել, որ լեյշմանիոզի վարակի աղբյուրը շունն է, սակայն շունը անմիջական վտանգ չի ներկայացնում մարդու համար: Բայց երբ մլակը կծում է հիվանդ շանը, մլակի օրգանիզմում վարակի հարուցիչը որոշակի փուլեր է անցնում, այնուհետեւ խայթելով մարդկանց՝ վարակում է լեյշմանիոզով: Ինչպես հայտնի է՝ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում:
Այժմ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի նրանք թույլ չտան օրգանական աղբի կուտակումներ:
Ոսկան Սարգսյան
Տավուշ