Վերջին շրջանում, ինչպես հայտնի են, ավելացել են ընտանեկան բռնությունների դեպքերը, և առավել սարսափելի են դրանց դրսևորման ձևերը:
Որպես կանոն՝ բռնության ենթարկվում են կանայք, իսկ ամուսինների՝ տուժող ճանաչվելու դեպքում, կատարվածը մշտապես բնութագրվում է այսպես՝ կինը ինքնապաշտպանության է դիմել:
ArmLur.am-ը ներկայացնում է ընտանեկան բռնության դեպքերից հերթականը:
Արդյոք մի՞շտ են կանայք զոհի կարգավիճակում լինում, դժվար է միանշանակ ասել:
44-ամյա Սլավիկը մեղադրվել է սպանության սպառնալիքներ տալու համար:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի դեկտեմբերի 29-ին, գիշերվա ժամը 2-ին Սլավիկն իր հետ վերցրել է բենզինով լի շիշ, գնացել է մարզի գյուղերից մեկը՝ իր նախկին կնոջ մորը՝ Անահիտին պատկանող տուն, նրան մեղադրել է իր և կնոջ բաժանության համար:
ArmLur.am-ը նախաքննական եզրակացությունից տեղեկացավ, որ ապացուցված են համարվել հետևյալ հանգամանքները՝ ձախ ձեռքին պատրաստ պահելով բենզինով լի շիշը, իսկ աջ ձեռքով՝ վառվող ծխախոտը՝ Սլավիկը նախկին զոքանչի հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, հայտարարել է, թե սպանելու է նրան՝ բենզինով այրելու, դանակով հարվածելու է:
Նա ամբողջ ընթացքում դրսևորել է ագրեսիվ, վախեցնող, հարձակողական վարքագիծ:
Սլավիկի կողմից տրված սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ զգալով՝ տուժող կինը նրա ձեռքից վերցրել է բենզինով լի շիշն ու դեն է նետել, իսկ երբ տուժողի որդին ասել է, թե ոստիկանություն է զանգահարելու, Սլավիկը հեռացել է:
Բացի այդ, մի քանի օր անց՝ 2015 թվականի հունվարի 6-ին, ժամը 19-ին Սլավիկ Խ.-ն գնացել է մարզի մեկ այլ գյուղում բնակվող նախկին կնոջ տուն, նորից միանալու, համատեղ ապրելու առաջարկ է արել ու վիճել է նրա հետ, ձեռքին եղած դանակը ուղղել է նախկին կնոջ պարանոցին, տվել է սպանության սպառնալիքներ՝ դարձյալ վախեցնող, հարձակողական տոնով, «դեմքի միմիկաները և ձայնը փոխելով»՝ ասել է, թե կմորթի, կսպանի կնոջը:
Վերջինս սպառնալիքներն իրականացնելու իրական վտանգ է զգացել, փորձել է սենյակից դուրս գալ, նրա դուստրը զանգել է ոստիկանություն: Սլավիկը փախել է:
Ընդհանուր իրավասության դատարանում Սլավիկը հայտնել է, թե կնոջ հետ ցանկացել է խոսել, գնացել է նրա հայրական տան մոտ, զանգել է, բայց կնոջ հեռախոսն անջատված է եղել: Ինքը զանգել է նրա մորը, պահանջել է, որ նա հեռախոսը փոխանցի կնոջը:
Այդ ժամանակ տնից դուրս են եկել նրանց ընտանիքի անդամները, իրեն տարել են հարևանությամբ գտնվող մեկ ուրիշ տուն, այնուհետև այնտեղ են եկել ոստիկանները: Մինչև ոստիկանների գալը նախկին զոքանչը գնացել-եկել՝ իրեն ապտակներ է հասցրել, բայց ինքը ձայն չի հանել: Իրեն զրպարտում են, իր մոտ բենզինով լի շիշ չի եղել, ինքը նախկին զոքանչին սպանելու սպառնալիքներ չի տվել:
Սպանության սպառնալիքներ չի տվել նաև նախկին կնոջը, երբ գնացել է վերջինիս տուն: Այցի նպատակը եղել է այն, որ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ցանկացել է նախկին կնոջից 300 դոլար վերցնել…
Ըստ զոքանչի՝ դեպքի օրը նախկին փեսան զանգել է իրեն, հայհոյել ու սպառնացել է՝ ասելով՝ թող ամուսինը դագաղ պատվիրի, քանի որ շուտով վառելու, վերացնելու է իրեն: Դրանից հետո, ավելի ուշ ժամի, երբ ցանկացել են իրենց դարպասը փակել, Սլավիկը կանգնած է եղել դռնից երեք-չորս մետր հեռավորության վրա: Ինքը հարցրել է՝ այդ ժամին նա ի՞նչ է անում իրենց տան մոտ: Սլավիկն ագրեսիվ տոնով հայտարարել է, թե եկել է իրեն բենզինով վառելու:
Իսկ Սլավիկի կինը հայտնել է, թե մի օր նախկին ամուսինը գնացել տուն, դանակը պահել է իր պարանոցի ուղղությամբ, ագրեսիվ տոնով ասել է, թե խոզի պես մորթելու է իրեն, իր խռխռոցը լսելուց հետո միայն կարող է հանգստանալ:
Այդ պահին դուստրը ընկել է հոր դեմը, մի պահ կարողացել է դանակը վերցնել նրա ձեռքից, բայց Սլավիկը աղջկանից խլել է դանակը, նորից պահել է իր ուղղությամբ ու ասել է, թե մորթելու է:
Դատարանն արձանագրել է, որ Սլավիկ Խ.-ն նախկինում՝ 2010 թվականին, դատվել է զենքի գործադրմամբ կատարած խուլիգանության համար, դատվածությունը մարված չէ: