Կինոկենտրոնում չհաջողելուց հետո՝ կինոմիության նախագահի թեկնածու․ ինչու՞ է Գևորգ Գևորգյանը որոշել առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որի շրջանակում ընտրվելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Որպես նախագահի թեկնածու առաջադրվելու են Վահե Գեւորգյանցը` միության նախկին նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդին, Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, Հարություն Խաչատրյանը, որը վերջերս իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Որպես հնարավոր թեկնածուներ շրջանառվում են նաեւ Միքայել Դովլաթյանի, Էդգար Բաղդասարյանի, Դավիթ Մուրադյանի, Գոռ Վարդանյանի անունները:
«Ժողովուրդ»-ը թեմայի շուրջ զրուցել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գեւորգ Գեւորգյանի հետ:

-Պարո՛ն Գեւորգյան, ընտրվելու դեպքում առաջին փոփոխությունը, բարելավումը, որ կիրականացնեք միությունում, ո՞րը կլինի:

-Գիտե՞ք` շատ բան եմ մտածել: Դահլիճը պետք է վերականգնվի, երիտասարդներին փառատոների մասնակցելու հնարավորություն պետք է տրվի, մեծահասակների համար սոցփաթեթների հարցը պետք է լուծվի…

-Բայց այնտեղ բավական լուրջ խնդիրներ կան լուծելու, օրինակ` Կինոյի տան մեծ դահլիճը վերակառուցվելու եւ գործարկվելու կարիք ունի…

-Այո՛, իմ առաջնային հանձնարարականներից մեկն էլ այն է, որ այդ դահլիճը վերակառուցվի, օրինակ, «Եվրիմաժ» հիմնադրամի, տարբեր ֆոնդերի միջոցով: Պետք է վերականգնել կինոքննադատների ինստիտուտը, բոլոր ֆիլմերի առաջին դիտումը կինոգործիչների շրջանում պետք է անցկացվի: Հենց նրանք պետք է որոշեն` ով ինչ մրցանակի եւ կոչման է արժանի:

Թեկնածուների մասին, որոնք առաջադրվելու են միության նախագահի պաշտոնում, ի՞նչ կասեք:

-Հիմա կինոյի զարգացման համար որոշիչ փուլ է լինելու, կինոյի մասին օրենք է լինելու, կինոմիությունն էլ պետք է իր խոսքն ասի, իր գործն անի: Թեկնածուներից բոլորն էլ արժանի են, որ ընտրվեն:

-Վահե Գեւորգյանցի առաջադրվելու վերաբերյալ աղմուկ բարձրացավ: Շատերը պնդում էին, որ նրա ընտրվելու դեպքում միությունը հորից կանցնի որդուն, ինչը խրախուսելի չէ:

-Այն, որ Վահե Գեւորգյանցը Ռուբեն Գեւորգյանցի որդին է, դա դեռ ոչինչ չի նշանակում: Նա կինոմիության անդամ է եւ իրավունք ունի իր թեկնածությունն առաջադրելու: Նա երիտասարդ է, եթե կարողանա ներկայացնել համապատասխան ծրագիր, իհարկե, պետք է առաջադրվի, դա իր իրավունքն է: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, Հարություն Խաչատրյանը, օրինակ, լավ կինեմատոգրաֆիստ է, ադմինիստրատիվ աշխատանքի կարողություն ունի, այնպես որ շատ տեղին է նրա առաջադրումը: Կինեմատոգրաֆիստները բոլորն էլ մտահոգ են կինոյի ապագայի համար, եւ կարծում եմ` որեւէ մեկը հենց այնպես` պաշտոն գրավելու համար, իր թեկնածությունը չի առաջադրի: Ով էլ ընտրվի` պետք է գիշեր-ցերեկ աշխատի. կինեմատոգրաֆը դրա կարիքը շատ ունի: Կինոմիությունը հետ է մնացել շատ անցուդարձերից` փառատոների խնդիրը կա, երիտասարդների ուսման խնդիրը կա. սրանք պետք է լուծել, որպեսզի կինոմիության հեղինակությունն էլ բարձրանա:

-Պարո՛ն Գեւորգյան, քանի որ Հայաստանի ազգային կինոկենտրոնում նախարար Արմեն Ամիրյանը Ձեր գործունեությունը ոչ արդյունավետ էր գնահատել, ոլորտի գործիչներից ոմանք կարծում են, որ կինոմիության նախագահի պաշտոնի նկատմամբ Ձեր հավակնություններն էլ հուսադրող չեն: Ի՞նչ կասեք:

-Այդպես չէ. երեւի Ամիրյանի կարծիքով՝ այդ գործունեությունը ոչ արդյունավետ է, բայց կինոկենտրոնի ֆունկցիան ոչ թե շահույթ ունենալն է, այլ երկրում կինոյի զարգացումն ապահովելը, մատաղ սերունդ դաստիարակելը, միջազգային ասպարեզի հետ շփում ապահովելը: Այդ ամենը հաջողությամբ իրականացրել եմ, նույնը կարող եմ անել կինոմիությունում:

-Բայց կինոկենտրոնում Ձեր գրանցած վերջնական արդյունքը հաջող չէր, այսինքն` Դուք այնտեղ չհաջողեցիք:

-Ի՞նչ է նշանակում` «կինոկենտրոնում չհաջողեցիք»: Ես արել եմ այն, ինչ այն ժամանակ պահանջվում էր, ավելին` բազում փառատոներ, հոբելյաններ, մրցույթներ եմ իրականացրել, ամբողջ հանրապետությունում ֆիլմեր եմ ցուցադրել: Պետության ընձեռած հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արել եմ արդար:

-Հայ կինոյի ոլորտում նախատեսվում է ստեղծել ֆիլմ-հանձնակատարի ինստիտուտ: Ի՞նչ եք կարծում` այդտեղից աշխատանքի հրավեր կստանա՞ք:

-Առայժմ չեմ մտածել այդ մասին, չեմ խոսել նախարարի հետ, բայց կարծում եմ` առաջարկ կլինի, ես 1991-ից տնօրեն եմ եղել եւ 25 տարվա փորձ ունեմ, կարծում եմ` գոնե խորհուրդներով կարող եմ օգտակար լինել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս