Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվեց շախմատի պատանիների եւ աղջիկների (Մ 8, 10, 12, 14, 16 եւ18 տարեկաններ) Եվրոպայի առաջնությունը:
Մ 18 տարեկան աղջիկների մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Սոնա Ասատրյանը փայլուն հանդես եկավ: Մեր շախմատիստուհին 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ նվաճեց չեմպիոնական տիտղոսը (5 հաղթանակ, 4 ոչ-ոքի): Ասատրյանը 128 կետով բարելավեց նաեւ անհատական վարկանիշը: Այս տարիքային խմբում Մարիամ Ավետիսյանը 6 միավորով 7-րդն է:
Մ 16 տարեկան աղջիկների առաջնությունում Աննա Սարգսյանը 7 միավորով բաժանեց 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստուհին դարձավ չորրորդը եւ անմասն մնաց մեդալից:
Մ 10 տարեկան տղաների մրցապայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով բաժանեց 3-7-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով բավարարվեց 6-րդ հորիզոնականով:
Մրցանակային տեղերին մոտ էին Շանթ Սարգսյանը (Մ 16) եւ Հայկ Մարտիրոսյանը (Մ 18): Նրանք վերջին տուրից առաջ իրենց մրցաշարերում բաժանում էին առաջին տեղը, սակայն որոշիչ պարտիաներում կրած պարտությունները նրանց ետ մղեցին (համապատասխանաբար 6-րդ եւ 7-րդ տեղեր):
Առաջնությանը մասնակցում էր Հայաստանի 36 ներկայացուցիչ: Իրենց տարիքային խմբերում լավագույն տասնյակում են նաեւ Բենիկ Աղասարովը (Մ 8, 10-րդ տեղ) եւ Մարիամ Մկրտչյանը (Մ 14, 10-րդ տեղ):