Նախորդ խորհրդարանում տեւական քննարկումներից հետո ընդունված ՀՀ ընտրական օրենսգիրքը չի բավարարում իշխանություններին, եւ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ձեռնամուխ է եղել սահմանադրական այդ օրենքում փոփոխություններ կատարելուն: Բանն այն է, որ ըստ գործող ԸՕ-ի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Բայց այս դեպքում կարող է պատգամավորի մանդատ ստանան ձեւական առաջադրվածները, որոնց թվում կան անգամ գյուղապետեր: Ու սա այնքան էլ ՀՀԿ սրտով չի լինի: Եվ հիմա իշխանական կուլիսներում որոշվել է փոխել ընտրական օրենսգիրքը եւ դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները ցանկանում են, որ այդ փոփոխություններն ազդեն այս խորհրդարանի վրա եւս, ուստի փորձելու են հարցն անցկացնել մինչեւ տարեվերջ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասցեին: Պատասխանելով հարցին, թե ինչու հրդեհավտանգ իրավիճակ հայտարարելուց հետո ԱԻՆ-ը կանխարգելող քայլեր չարեց, Գաբրիելյանը հայտարարել է. «Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը բնապահպանության նախարարությունն է»: Մեր հարցին, թե այդ կառույցների կողմից թերացումնե՞ր եք նկատում, պաշտոնյան պատասխանել է. «Չեմ նկատում, ես ասում եմ այն, ինչ կա: Ես փաստում եմ այն, որ պետք է արվի»: Հիշեցնենք, որ Խոսրովի անտառի հրդեհի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ակնհայտորեն փորձում էր իրեն հեռու պահել կատարվածից, իբր տեղի ունեցողն ամենեւին էլ իր ոլորտի հետ առնչություն չունի:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանը հայտնվել է ուշագրավ պատմության կիզակետում. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Ռուզաննա Մուրադյանն իրեն պատկանող հ/կ-ի միջոցով ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Նա նախատեսել է ձեռնարկները բաշխել դպրոցներին, բայց գործընթացը կասեցվել է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին, այդ թվում՝ ՀՀԿ-ական պատգամավորի հ/կ-ին: Եւ, ընդհանրապես, նրա «Դպրոց-կենտրոններ միավորում» եւ «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ներն այս տարիներին ահռելի չափերի դրամաշնորհներ ու ֆինանսական աջակցություններ են ստացել ԿԳՆ-ից, նախագահի աշխատակազմից, երիտասարդական հիմնադրամից եւ այլն:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Հայաստանում կրկին ավելացել է գազի բաշխման համակարգի կորուստների չափը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փաստաթղթերի համաձայն՝ 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ գազի կորուստները կազմել էին 19.4 տոկոս, արդեն 2016թ. առաջին կիսամյակում այդ թիվը դարձել էր 18.8 տոկոս, մինչդեռ այս տարի կորուստները կտրուկ ավելացել են՝ կազմելով 24.3 տոկոս: Նկատենք, որ վերջին հինգ տարվա ընթացքում սա «Գազպրոմ Արմենիայի» կորուստների ամենամեծ քանակն է. նախկինում երբեք գազի կորուստները բաշխման համակարգում չէին հասել 24 տոկոսի սահմանագծին: Կատարվածը, բնականաբար, մտահոգությունների տեղիք է տալիս, եթե հաշվի առնենք, որ նման բոլոր խնդիրների լուծումը սովորաբար տրվում է քաղաքացիների հաշվին սակագնի բարձրացման միջոցով:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՏՈՒՆՏՈՒՆԻԿ
Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ իշխանությունների քայլերից տպավորություն է, թե գործ ունենք ծույլ երեխայի հետ, որը դպրոց է հաճախում եւ դաս սովորում չուզենալով, ստիպված: Բայց անում է դա, որովհետւ ծնողները խոստացել են հեծանիվ գնել, իսկ կիրակի օրը տանել զբոսայգի՝ կարուսել նստելու, միգուցե նաեւ պաղպաղակ ուտելու: Հիմա իշխանություններին Արեւմուտքը՝ ԵՄ-ն իր հերթին, ԱՄՆ-ը իր հերթին համոզում են պայքարել կոռուպցիայի դեմ՝ խոստանալով դրամական մեծ օգնություն տրամադրել Հայաստանին: Ու հիմա հանուն այդ գումարի՝ իշխանությունները փորձում են ձեւացնել, թե անհաշտ պայքար են մղում արատավոր այդ երեւույթի՝ կոռուպցիայի դեմ. երեւույթ, որի արդյունքում իրենք այսօր իշխանության ղեկին են (հուսով ենք՝ չեք մոռացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հոսող 10 հազարական դրամների գետերը):
Օրինակ՝ տեւական ժամանակ Հայաստանում վարչապետի գլխավորած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որեւէ նիստ չէր գումարում, անգամ մոռացել էինք այդ կառույցի մասին: Բայց օգոստոսի 25-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպեց վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, քննարկեց հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ անդրադարձ եղավ կոռուպցիայի դեմ պայքարին: Ընդ որում, դեսպանը հատուկ շեշտել էր, որ իրենք ջանում են հակակոռուպցիոն խորհրդին աջակցելու ուղիներ փնտրել, ու հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ հակակոռուպցիոն հանձնաժողովի նիստը: Մինչ իշխանությունները կփորձեն համոզել, թե սա սոսկ զուգադիպություն էր, հակադարձենք. չենք հավատում: Քաղաքականության մեջ նման պատահականություններ չեն լինում:
Այս ամենը հիշեցինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ հանդիպման ֆոնին: Նրանց քննարկումների առանցքային թեման եւս եղել է կոռուպցիայի դեմ պայքարը, եւ դեսպանը հավաստիացրել է, որ պատրաստակամ են շարունակելու աջակցությունն այդ ոլորտին:
Ամենայն հավանականությամբ, այս կամ իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո ականատես կլինենք կոռուպցիոն գործերով աղմկահարույց ձերբակալությունների: Առավել եւս, երբ իշխանության ներսում կոռումպացված չինովնիկների պակաս չկա: Պարզապես քանի դեռ ամենաբարձր մակարդակով հրահանգ չի իջեցվել, որեւէ փաստ չեն բացահայտում: Հիմա Արեւմուտքը խոստացել է ֆինանսապես օգնել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, եւ իշխանությունները եւս մեկ-երկու հոգու կզոհաբերեն, բնականաբար՝ ոչ խոշոր ձկներից: Այս անգամ էլ թիրախում կլինեն մանր ու միջին չինովնիկները, որոնք չեն հասցրել «ավարը» կիսել վերեւների հետ: