«Խոսրովի պետական արգելոցի» եւ Վայոց ձորի մարզի հրդեհները դեռ չմարսած՝ սեպտեմբերի 3-ին հրդեհ էր բռնկվել Բյուրականում, որի հրդեհաշիջման աշխատանքները մինչ օրս ընթանում են:
Թվում էր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հրդեհից իշխանությունները, մասնավորապես արտակարգ իրավիճակների նախարարությունը, դասեր քաղած կլինեն, բայց ապարդյուն. հերթական անտառային հրդեհները այս անգամ Բյուրականում, Հրազդանում, հակառակն ապացուցեցին: Եվ չնայած վաղուց արդեն 21-րդ դարում ենք, սակայն Հայաստանում հրդեհները շարունակում են հանգցնել նախնադարյան մեթոդներով՝ լաթերով ու ծառի ճյուղերով:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:
-Պարո՛ն Գաբրիելյան, ի՞նչ դասեր քաղեցիք Վայոց ձորի եւ Խոսրովի անտառի հրդեհից հետո: Ի՞նչ է պետք անել նման իրավիճակներում:
-Իհարկե, անհրաժեշտ դասեր քաղվել են: Հրշեջները նաեւ իրենք են մարտավարական տեսանկյունից փորձ ձեռք բերում: Ճիշտ է՝ բավական բուսածածկ տարածքներ հրդեհվեցին, շարքից դուրս եկան, բայց մենք էլ դասեր քաղեցինք այնքանով, որ կարողացանք համահունչ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները: Շատ կարեւոր բան էր դա: Իհարկե, անհրաժեշտ է նաեւ բարձր անցողականության մեքենաներ, այն, ինչ որ ունենք, դա քիչ է, դրա համար մենք միջոցներ ենք ձեռնարկել: Գրանտային ծրագրով երեք մարզերում լեռնային պայմաններում աշխատող հրշեջ մեքենաներ ենք ձեռք բերելու 2018-ի վերջին, 2019-ի սկզբի, որը բավական մեծ թիվ է՝ 36 հրշեջ ավտոմեքենա՝ 3 մարզերում, ընդ որում, դրանք լեռնային, նախալեռնային պայմաններ ունեցող են՝ Լոռին, Շիրակը, Սյունիքը, եւ երեք ավտոսանդուղք: Ասել, որ միջոցներ չեն ձեռնարկվում, սխալ կլինի: Իհարկե, անընդհատ պետք է թարմացվի, իհարկե, դա միջոցների հետ է կապված, եւ մեր ղեկավարության ու կառավարության կողմից հստակ քայլեր են ձեռնարկվում՝ կարողությունների զարգացման եւ արդիականացման համար:
-Ամեն օր ԱԻՆ պաշտոնական կայքում հայտարարություն ենք տեսնում այն մասին, որ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ ենք անում այդ դեպքերում:
-Ամեն տարի՝ տարվա սկզբին, «Հայանտառ»-ն իր ստորաբաժանումներով իրականացնում է համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ նախապատրաստվելով այդ բոլոր հանգամանքներին: Հակահրդեհային միջոցառումներ պետք է իրականացնեն ե՛ւ «Հայանտառը», որը համակարգման ոլորտում մտնում է գյուղատնտեսության նախարարության մեջ, ե՛ւ պահպանվող տարածքները, որոնց համակարգման ոլորտը՝ բնապահպանության նախարարություն: Այսինքն՝ նրանք նախօրոք պետք է այդ միջոցառումներն իրականացնեն: Իհարկե, մենք էլ ենք աջակցում նրանց, որ կարողանան անել դա, համատեղ պլաններ ունենք մշակած: Բայց առաջնայինն այդ կառույցների կողմից ձեռնարկվող միջոցառումներն են, որը շատ կարեւոր է:
-Այսինքն՝ այդ կառույցների կողմից Դուք թերացումնե՞ր եք նկատում:
-Չեմ նկատում, ես ասում եմ՝ այն, ինչ կա: Ես փաստում եմ այն, որ պետք է արվի: Թող հետազոտություն արվի եւ պարզվի՝ որտեղից է տեղի ունեցել հրդեհը, ինչից է ծագել, ովքեր են մեղավոր եղել: Հրդեհավտանգ իրավիճակների մասին այդպիսի հայտարարություններով կառույցներին եւ մարդկանց նախօրոք զգուշացնում ենք, որ կանխարգելեն դա: Բայց մենք չենք կարող գնալ, հետեւել այն կառույցների գործունեությանը, որոնք մեր համակարգման ոլորտում չեն: Պետք է հատուկ խրամատներ փորվեն, ճանապարհներ բացվեն, լրացուցիչ խոնավ միջավայր ստեղծվի, եւ այլ բազմաթիվ միջոցառումներ կան, որոնք պետք է իրականացվեն:
-Դուք խոսեցիք քաղված դասերի մասին, սակայն Բյուրականի հրդեհն ապացուցեց, որ ամեն դեպքում հրդեհն արագ մարել մեզ չի հաջողվում եւ նույնիսկ փոքր հրդեհն աղետ է դառնում: Աշխատանքի անկազմակերպվածություն առկա՞ չէ: Մենք ահազանգեր ենք ստացել այն մասին, որ աշխատակիցներն իրենց աշխատանքը չեն կատարում ըստ պատշաճի, քնում են մեքենաների մեջ:
-Դուք չեք զգո՞ւմ, որ նույն Բյուրականի հատվածում հրդեհի ծավալները չեն մեծանում: Բյուրականի կրակը հիմնականում եղել է գետնատարած, մենք, օրինակ, անօդաչու թռչող սարքերով նկարահանումներ ունենք իրականացրած, որով հստակ երեւում է, որ գետնի վրա խոտն է այրվել, եւ հրդեհը եղել է գետնատարած: Իսկ Դուք գիտեք, որ Վրաստանում, որտեղ մեր փրկարարները մասնակցում են հրդեհաշիջման աշխատանքներին, ժամը 20:00-ին աշխատանքները դադարեցվում են, եւ բոլորին իջեցնում են ցած: Ընդհանրապես գիշերով հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, իսկ մեր տղաները մինչեւ կեսգիշեր աշխատում են, մինչեւ իջեցնում են ցած: Հետո ամենակարեւոր հանգամանքը, որն առկա է նաեւ հրդեհաշիջման միջազգային պրակտիկայում. առաջին հերթին պայքարը տանում է մարդկանց անվտանգության ապահովման համար: Մեր գործունեության գերակայությունը մարդկանց անվտանգության ապահովումն է: Հրդեհի արագ տարածման համար, իհարկե, կան մի քանի օբյեկտիվ պատճառներ՝ քամու ուժգնությունը, արագությունը:
-Պարո՛ն Գաբրիելյան, նախօրեին ահազանգ եղավ նաեւ Հրազդանում հրդեհի մասին, եւ քաղաքացիներն ահազանգեցին նաեւ տան հրդեհի մասին: Բայց հրշեջները Ծաղկաձորում էին աշխատում:
-Երեկ՝ ժամը 15:00-ի սահմաններում, արդեն 14 խոտածածկ տարածքի հրդեհ ունենք տարբեր տեղերում՝ Ջաջուռ գյուղի մոտ, նախօրեին Կոտայքի մարզում կար, չգիտեմ ինչու՝ օգտատերերի կողմից տարբեր լուրեր էին տարածվել, թե տներ էին այրվում, բայց նման բան չկար: Իհարկե, տներ չեն այրվել, նման բան չկա, դա կեղծ ինֆորմացիա է: Եթե ահազանգել են, թող որեւէ բնակիչ ահազանգի, որ իր տունը հրդեհվել է, եթե կա այդպիսի մարդ:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՊԱՏԺԵԼ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանն այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ բյուրոյի քաղաքական հանձնաժողովի նիստին:
Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ իրավական հանձնաժողովի նիստում նախօրեին քննարկվել է զեկույց Ադրբեջանի նախագահության մասով, իսկ երեկ մոնիթորինգի հանձնաժողովում քննարկվել է զեկույց Ադրբեջանի մոնիթորինգային պարտավորությունների մասով: Նրա խոսքով՝ զեկույցի հետ կապված շատ մանրամասներ կհրապարակվեն հոկտեմբերին՝ ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ, եւ որպես այդպիսին խստացումներ են ամրագրվել:
Արփինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի մասին սկանդալային հրապարակումներին՝ չբացառելով, որ այդ հրապարակումներից հետո ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների դադարեցման հարց բարձրացվի: «Նման հնարավորություն կարող ենք դիտարկել, սակայն դա կախված չէ բացառապես հայկական պատվիրակությունից կամ դիրքորոշումից: Իհարկե, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի եւ ԵԽԽՎ-ի շատ պատվիրակներ այս օրերի ընթացքում արդեն ծանոթացել են այդ հրապարակումներին: Կանոնակարգի համաձայն՝ պատվիրակությունը կքննարկի այդ հարցը», – նշեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը:
Հիշեցնենք, որ բրիտանական The Guardian պարբերականը բացահայտումներ է արել եւ հաշվետվություններով պարզել Ադրբեջանի կողմից կոռուպցիոն սկանդալների մասին: Ըստ մամուլի հրապարակումների՝ ադրբեջանցի օլիգարխները Մեծ Բրիտանիայում հիմնված 4 ստվերային ընկերությունների միջոցով ստեղծել են գաղտնի հիմնադրամ՝ եվրոպացի քաղաքական գործիչներին, լրագրողներին կաշառելու, փող լվանալու եւ թանկարժեք գնումներ կատարելու համար: Գաղտնի սխեմայի հետաքննությունը կոչվել է «Ադրբեջանի լվացքատուն»: Այդ հետաքննությամբ բացահայտվել է, որ Ադրբեջանի իշխող վերնախավի ներկայացուցիչները 2012-2014 թթ. երկրից դուրս են բերել 2.9 մլրդ դոլար, որի մի մասը ծախսվել է տարբեր մարդկանց կաշառելու նպատակով:
Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ
ԱԺ նոր ղեկավարությունը «մտել է» խիստ ղեկավարի կերպարի մեջ եւ որոշել է պատգամավորների սխալ քայլերը չներել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ՀՀԿ պատգամավորներին զգուշացվել է, որ օրեր անց մեկնարկող քառօրյային եւ, առհասարակ, ողջ աշնանային նստաշրջանին բացակայությունների հարցը շատ խիստ դրված է լինելու: Ընդ որում, ՀՀԿ-ականներին հրահանգվել է ոչ միայն ներկա լինել եւ ուղղակի կոճակ սեղմողի դեր կատարել, այլ ակտիվ լինել, հարցեր հնչեցնել, շփվել լրագրողների հետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները հստակ մեսիջ են ստացել, որ այն, ինչ եղել է նախորդ ԱԺ ղեկավարների օրոք, այս անգամ չի ներվելու: Հնաբնակ պատգամավորներն էլ իրար մեջ նույնիսկ կատակում են, թե Գալուստ Գրիգորիչի ժամանակ ամեն ինչ ուրիշ էր. նա բարեսրտորեն ամեն ինչ ներում էր:
ՀԻՆ «ՏԱՇՏԱԿՈՎ»
Բոլորովին վերջերս ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար նշանակված Արա Նազարյանը դեռ շարունակում է երթեւեկել պաշտպանության նախարարության ծառայողական ավտոմեքենայով: Հիշեցնենք, որ մինչ ԱԻ փոխնախարար նշանակվելը նա զբաղեցնում էր պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատեց, թե ինչպես է Նազարյանը կառավարության շենքին մոտեցել պաշտպանության փոխնախարարի` «ՊՆ 0005 Մ» համարանիշներով ավտոմեքենայով: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ը ԱԻՆ-ից հետաքրքրվեց` թե ինչու է ԱԻ փոխնախարարը շահագործում մեկ այլ գերատեսչության ծառայողական ավտոմեքենան: Մեր հարցին ի պատասխան՝ հայտնեցին. «Դեռ հանձնման եւ ընդունման գործընթացը մինչեւ վերջ չի կատարվել: ՊՆ-ի մեքենայով Արա Նազարյանը կշրջի այնքան ժամանակ, մինչեւ իրեն կտրվի համապատասխան ծառայողական ավտոմեքենա, որը այժմ սարքում են: Իսկ ՊՆ-ի տվյալ ծառայողական մեքենան լիցքավորվում է ԱԻՆ-ի հաշվին: Նման պայմանավորվածություն կա երկու գերատեսչութունների միջեւ»:
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՖՈՒՏԲՈԼ
«Ուլիս-2» ֆուտբոլային ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանի գործը հասել է ՀՀ վերաքննիչ դատարան: Ինչպես հայտնի է՝ 2016 թվականին ԱԱԾ-ն բացահայտել էր հայկական ֆուտբոլային «Ուլիս-Երեւան» ակումբի գլխավոր մարզիչների կողմից կաշառք ստանալու դեպք, եւ այս գործով մեղադրյալ էր ներգրավվել «Ուլիս-2» ակումբի մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը: Արդյունքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր առողջական խնդիրներից ելնելով՝ նրան ուղարկել հարկադիր բուժման: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջինիս պաշտպանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան եւ պահանջում է, որ նրա նկատմամբ հարկադիր բուժումը իրականացվի ոչ հիվանդանոցային պայմաններում, այլ տանը: