Իշխանությունները մտադիր են առաջիկայում փոփոխություններ կատարել ՀՀ ընտրական օրենսգրքում, որն, ի դեպ, համարվում է Սահմանադրական օրենք: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները՝ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հիմա լծվել է այդ գործին:
Ի սկզբանե պարզ էր, որ նախորդ խորհրդարանի կողմից ընդունված ԸՕ-ն ժամանակավոր բնույթ ունի. գրվել է իրավիճակից ելնելով՝ մեկ անգամյա օգտագործման համար: ԸՕ նախագծի վերաբերյալ բանակցությունների ժամանակ իշխանություններն ու ընդդիմությունը հիմնականում կենտրոնացան ընտրական գործընթացները վերահսկելու մեխանիզմներ ամրագրելու հարցերի վրա: Իսկ խորհրդարան կառավարման համակարգի պարագայում Ազգային ժողովի ձեւավորման կարգի, մասնավորապես տարածքային (ռեյտինգային) ցուցակներով ընտրություններ անցկացնելու դրույթները լուրջ քննություն չանցան: Բայց սա միանգամայն այլ պատճառով. իշխանությունները, ի դեմս ԸՕ համահեղինակ Դավիթ Հարությունյանի, համաձայնել էին ընդդիմության հետ բանակցություններում քննարկման առարկա դարձնել բոլոր հարցերը, պատրաստակամություն էին հայտնել փոխզիջումների գնալ բոլոր դրույթների շուրջ՝ բացառությամբ ռեյտինգային ընտրակարգից: Պատճառը պարզ էր. իշխող ՀՀԿ-ն, իր առաջ փակելով բացահայտ ընտրակեղծիքների դռները, ներդրեց ռեյտինգային ընտրակարգի մեխանիզմը, որպեսզի հնարավորություն ունենար, այնուամենայնիվ, բացարձակ մեծամասնություն ձեւավորել:
Բայց արդեն խորհրդարանական նախընտրական քարոզարշավի թոհուբոհում նոր ԸՕ-ն ի ցույց դրեց իր թերությունները, երբ ընդհարվեցին նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներն ու իրենց կողմնակիցները: Դրանից հետո արդեն ՀՀԿ-ական պատգամավորները, որ կողմ էին քվեարկել ԸՕ-ին` ատամներով պաշտպանելով իշխանությունների ներկայացրած յուրաքանչյուր դրույթ, կուսակցության ներսում դժգոհել էին ընտրակարգից, նույնիսկ Դավիթ Հարությունյանին մեղադրել էին ինքնագլուխ նման օրենքներ գրելու, այդպես կուսակցության ներսում լարումներ մտցնելու մեջ՝ առանց հաշվի առնելու հայաստանյան իրողությունները:
Հիմա, սակայն, իշխանությունները, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հայտնվել են մեկ այլ խնդրի առաջ. ԸՕ համաձայն՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորը եթե վայր դնի մանդատը, նրա փոխարեն խորհրդարան պետք է գա հաջորդ՝ առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Բայց այս դեպքում կարող է անհարմար իրավիճակ ստացվել. պատգամավորի մանդատ կարող են ստանալ ձեւական առաջադրվածները, որոնք քիչ ձայներ են ստացել, ասել է, թե պատգամավոր դառնան մարդիկ, որոնք այնքան էլ ՀՀԿ սրտով չլինեն: Մինչդեռ նախկինում, եթե հիշում եք, մեծամասնական ընտրակարգով պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում այդ ընտրատարածքում անցկացվում էին նոր ընտրություններ, եւ իշխանությունները կարողանում էին առաջ տանել իրենց թեկնածուներին:
Բացի այդ՝ կա նաեւ մեկ այլ իրողություն. հիշում եք, հավանաբար, ինչ կատարվեց «Ծառուկյան» դաշինքում, երբ թեկնածուների մի մասի անունից ԿԸՀ մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացվել, հետո այդ թեկնածուները ետ վերցրին դիմումները, հետո մի քանիսն արդեն ԱԺ-ում վայր դրեցին պատգամավորական լիազորությունները եւ այսպես շարունակ:
Այնպես որ, իշխանական կուլիսներում որոշվել է փոխել ընտրական օրենսգիրքը եւ դրույթ սահմանել, ըստ որի՝ ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավորի՝ մանդատը վայր դնելու դեպքում թափուր տեղը լրացվի համամասնական ընտրացուցակից: Ընդ որում, այդ փոփոխությունները պետք է ազդեն հենց այս խորհրդարանի վրա, հետեւաբար, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանական վերնախավում որոշում է կայացվել ԸՕ-ն փոխել հնարավորինս արագ՝ մինչեւ տարեվերջ: Միայն թե այս հարցում կան որոշակի խնդիրներ. պատգամավորական մանդատը նման կարգով բաշխելու դեպքում չի բացառվում, որ որոշակի հակասություններ առաջանան ՀՀ Սահմանադրության հետ: Ուստի հիմա Դավիթ Հարությունյանը փորձում է ելքեր գտնել, որպեսզի իրենց մտադրություններն իրականություն դարձնեն օրինական ճանապարհով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ՈՒՄ ԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում անդրադարձել էր ՀՀ ԱԺ-ում գործող բարեկամական խմբերին եւ նշել, որ ԱԺ նոր ղեկավարությունն ավելացրել է դրանց թիվը՝ այն դարձնելով 59-ի: Սակայն ուշագրավն այն է, որ այդ բարեկամական խմբերի կազմում չկա Հայաստան-Ռուսաստան բարեկամական խումբ, բայց դա այն դեպքում, երբ կան բարեկամական խմբեր այնպիսի երկրների հետ, որոնց տեղը քարտեզում թերեւս շատերը չգիտեն: Մեկնաբանությունների համար դիմեցինք ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների կապերի վարչության պետ Արսեն Բաբայանին: Ի պատասխան՝ նա նշեց, թե փոխարենն առկա է միջխորհրդարանական հանձնաժողով, ինչն ավելի բարձր է: Նկատենք, սակայն, որ բացի ՌԴ-ից՝ այդպիսի հանձնաժողովներ են առկա Արցախի, Բելառուսի եւ Կիպրոսի հետ: Փաստորեն ՀՀ ԱԺ-ն առավել կարեւոր է համարում միայն այս չորս երկրների հետ համագործակցությունը: Թերեւս այստեղ տարակուսելի է Բելառուսի առկայությունը, որը թեեւ ԵԱՏՄ-ի կազմում մեր գործընկերն է, սակայն մշտապես կանգնել է Ադրբեջանի կողքին:
«ԾՌԵՐԻ» ԴԱՏԱՎՈՐԸ ԵՎՍ ՉԴԻՄԱՑԱՎ
«Սասնա ծռեր» խմբի անդամների գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը չի դիմացել. երեկ «Սասնա ծռերի» դատի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է, եւ ստիպված է եղել ընդհատել նիստը: Բացի այդ, ինչպես տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, այս տարվա ընթացքում շուրջ 8 դատավոր դիմում է գրել դատարանների նախագահների խորհուրդ եւ հայտնել, որ իրենց բաշխվելիք քրեական կամ, առհասարակ, քաղաքացիական գործերի ցանկից հանեն կամ սահմանափակեն իրենց տրամադրվող գործերը ծանրաբեռնվածության պատճառով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ դատարանների խորհուրդ նման դիմում ներկայացրել է նաեւ Արտուշ Գաբրիելյանը, դիմումը բավարարվել է. մինչեւ 2017թ. դեկտեմբերի 29-ը ներառյալ նրա անունը հանվել է գործերի բաշխման ցանկից: Նա կզբաղվի միայն «Ծռերով»:
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԳԱՅԹԱԿՂՈՒՄ ԵՆ
Մինչ միջազգային փորձագիտական կազմակերպությունները պնդում են, որ «Լիդիանի Արմենիա»-ի ներկայացրած Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական, այս ընթացքում ՀՀ կառավարությունը արտոնություններ է տալիս ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության որոշմամբ երեկ ընկերությունը ստացավ ներմուծվող սարքավորումների ԱԱՀ-ի վճարման արտոնություններ։ Ի դեպ, ընկերությունը նախատեսում է Ամուլսարի հանքում արդյունահանել 2 մլն ունցիա ոսկի եւ 3 մլն ունցիա արծաթ: Ինչի արդյունքում կներդնի 180 մլրդ դրամ։ Նկատենք, որ մինչ կառավարությունը գայթակղվում է ընկերության կողմից խոստացվող ներդրումներով, այս ընթացքում բնապահպաններն ահազանգում են, որ երկարատեւ թթվագոյացումը սպառնում է ջրի որակին:
ՆԻՍՏ
ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել են ներքաղաքական, արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մանրամասները: «Կարող ենք արձանագրել, որ այս փուլում ՀՀ-ի եւ ՌԴ-ի հետ ռազմավարական, դաշնակցային հարաբերութունները բոլոր ուղղություններով դինամիկ զարգանում են: Հայկական կողմը դրական է գնահատում բոլոր հանդիպումները»,- նշեց Շարմազանովը: Վերջինս նշեց, թե նիստում քննարկվել են նաեւ ԱԺ աշնանային նստաշրջանի հետ կապված հարցերը, ինչպես նաեւ նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցության ձեւաչափը:
ՀԵՐԹԱԿԱՆ «ԽԻՍՏ» ՀՐԱՀԱՆԳԸ
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանել եւ կազմակերպել: «Կառավարությունում գինու եւ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներակայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տեւողության հարցը: Ասում էին՝ որոշ դեպքերում այն ֆինանսական խնդիրներ կարող է ստեղծել իրենց համար», -նկատեց նա: Վարչապետը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց երկօրյա ժամկետում ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու եւ կազմակերպելու վերաբերյալ: «Պարո՛ն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք արտահանողների ցուցակը: Պարո՛ն Հարությունյան, հատուկ ռեժիմ եք դնում այս մթերման ժամանակահատվածում: Մենք նաեւ ստեղծել ենք իրենց համար երեք տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն անցկացնենք մաքսիմալ արագ ու էֆեկտիվ»,-նշեց վարչապետը:
ՈՐԴԻՆ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ
Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը, ով 2003 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, առաջադրելու է իր թեկնածությունը Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։ Նա Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ, մեկ ամիս առաջ մահացած Ռուբեն Գեւորգյանցի որդին է:
ԶԵՆՔ ՈՒՆԵՆՔ
«Ես ո՛չ կարող եմ հաստատել, ո՛չ հերքել, հարցրե՛ք Հրանտ Բագրատյանին, թե որտեղից են նրան այդ տվյալները»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի՝ haqqin.az-ին տված այն հարցազրույցին, որտեղ նախկին վարչապետն ասում է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Դ. Բաբայանի խոսքով՝ «Մեր միջուկային զենքը մեր ժողովրդի, բանակի ոգին է, հաստատակամությունը, լավատեսությունը, քրտնաջան աշխատանքը եւ անձնվիրությունը, սա մեր միջուկային զենքն է, եթե այդպես են ուզում, թող այդպես իմանան, այո՛, ունենք այդ տեսանկյունից եւ միշտ էլ ունեցել ենք ու ունենալու ենք»: