ԱԱԾ-Ն ՔՆՆԻՉՆԵՐ Է ԽՆԴՐԵԼ ԿՈՄԻՏԵԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային անվտանգության ծառայության կողմից տրանսպորտային միջոցների տեխզննման կեղծ կտրոնների հայտնաբերման փաստի առթիվ հարուցված քրեական գործը պատուհաս է դարձել ոչ միայն քաղաքացիների, այլ նաեւ իրավապահ համակարգի համար: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հարուցված քրեական գործը քննության ընթացքում այնքան է ընդլայնվել, որ ԱԱԾ-ն դիմել է հայաստանյան քննչական մարմիններին, որպեսզի քննիչներ գործուղեն ԱԱԾ:

Իսկ ինչպե՞ս է բացահայտվել այս գործը: Տարիներ առաջ՝ մինչ 2011 թվականը, Հայաստանում բոլոր վարորդները տարեկան մեկ անգամ իրենց մեքենան պարտադիր տեխզննման էին տանում, ստանում հավաստող փաստաթուղթ, որ այն գտնվում է սարքին վիճակում, եւ միայն դրանից հետո նոր ձեռք էին բերում տեխզննման կտրոն եւ այն փակցնում ավտոմեքենայի դիմապակուն: Սակայն ՀՀ առաջադեմ վարչապետներից Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով 2011 մարտի 31-ից կտրոն ստանալու կարգը փոխվեց: Մեքենայի տեխզննումը այլեւս դարձավ ոչ պարտադիր: Եւ հիմա վարորդները տեխզննման կտրոնը ստանում են միայն բանկում՝ 9-11 հազար դրամ վճարելով՝ կախված մեքենայի տեսակից: Իսկ տեխզննումը մնում է վարորդների բարեխղճության վրա:
Ահա այսպես՝ բանկիրի հոգեբանությամբ վարչապետ աշխատած Տիգրան Սարգսյանը երբ այս ոլոտն էլ «մտցրեց» բանկերի տակ, չարաշահումների դրսեւորումները սկսեցին շատանալ:
2016 թվականի ապրիլի 20-ին ԱԱԾ-ն ստուգումներ էր իրականացրել Երեւանի տեխզննման կետերում, առանձին համայնքների վարչական շենքերի վարձակալված սենյակներում, որոշ քաղաքացիների բնակարաններում, ինչի արդյունքում հայտնաբերվել էին տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության 1000-ից ավել կեղծ կտրոններ: Հայտնաբերվել էր նաեւ տպարանը, որտեղ պատրաստվել էին տեխզննման կեղծ կտրոնները: Հարուցված քրեական գործով 9 անձի մեղադրանքներ էին առաջադրվել, որոնցից ութի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը:
Գործով ներգրավված են եղել մի շարք հայտնի ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ` «Սիլ ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ աշխատակից Գագիկ Մարգարյանը, «Ռեսո» ապահովագրական ՓԲԸ աշխատակիցներ Տարոն Բեգլարյանը, Համբարձում Գրիգորյանը եւ այսպես շարունակ:
Այսքանով, սակայն, ամեն ինչ չավարտվեց: Իրավապահների կողմից ստուգումների ընթացքում վերոնշյալ 9 անձանցից բացի եւս 6 այլ անձինք հայտնվեցին ամբաստանյալի աթոռին, մասնավորապես «Վիկտորիա-Արման» ՍՊԸ-ի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից Սամվել Բարխոյանը, «Դավիթ եւ Էլինա» ՍՊԸ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության կայանի աշխատակից Սարգիս Հակոբյանը եւ այլն: 15 մեղադրյալների մասով նախաքննությունը ԱԱԾ-ում վաղուց ավարտվել եւ քրեական գործերը մտել են դատարան, սակայն գործով անցնող մեղադրյալների գրեթե մեծ մասը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը` հայտարարելով, որ իրենց գործողություններով պետությանը վնաս չեն հասցրել:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ տրանսպորտային տեխզննման կեղծ կտրոնների մասով հարուցված քրեական գործով հնարավոր է՝ մեղադրյալների թիվն ավելանա: Չի բացառվում անգամ, որ բանը հասնի «խոշոր ձկներին»` պաշտոնատար անձանց: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դեռեւս 2016 թվականին հարուցված քրեական գործի քննությունն այնքան է ընդլայնվել, որ ԱԱԾ-ն դիմել է ՀՀ քննչական մարմիններին, որպեսզի քննիչներ գործուղեն ԱԱԾ: Բնականաբար, ԱԱԾ-ի պահանջը չի մերժվել, եւ տասնյակից ավել քննիչներ գործուղվել են ԱԱԾ, որպեսզի շարունակեն բացահայտումների մեծ շղթան:
Ավելին՝ մեզ տեղեկություններ հասան, որ ԱԱԾ-ն հանձնարարական է տվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, որպեսզի ստուգումներ իրականացնեն ինչպես մարզերում, այնպես էլ մայրաքաղաքում՝ տեխզննման կտրոնների մասով՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դեռ կան մեքենաներ, որոնց վրա փակցված տեխզննման կտրոնները կեղծ են: Ավելին՝ իրավապահ մարմիններին հրահանգվել է կասկածների դեպքում կոնկրետ գործողություններ իրականացնել:
Չի բացառվում, որ ոստիկանները ԱԱԾ այս հանձնարարականի հետեւանքով էին ժամկետանց տեխզննման կտրոն ունեցող ասմունքող Լիանա Զուրաբյանից այդքան հետեւողական պահանջում փաստաթղթերը, որից հետո անհարմար վիճակում հայտնվեց տիկինը: Թեեւ ՀՀ ոստիկանությունն իրավունք չուներ վարչարարության նկարահանումը հրապարակել եւ խայտառակել ՀՀ քաղաքացուն:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ Է ՈՒԶԵԼ
Դեռեւս այս տարվա հուլիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեն բացահայտել էր, որ «Շիրակ» օդանավակայանից անհետացել էին 6 մետաղյա բաշխիչ արկղ: Արդյունքում, պաշտոնեական դիրքն օգտագործելու եւ յուրացում կատարելու փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ:
Նախնական քննության տվյալներով՝ պարզվել էր, որ «Շիրակ» օդանավակայանի համար 2016թ. հունիսի 24-ին ԱՁ-ից հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերվել 6 մետաղյա բաշխիչ արկղ, որոնք օդանավակայանին պաշտոնատար անձինք պետք է տեղադրած լինեին թռիչքուղում: Սակայն չէին տեղադրվել եւ շահագործման չէին հանձնվել: Ավելին՝ քննիչները բացահայտել էին, որ 2015թ. դեկտեմբերի 11-ին օդանավակայանի համար գնվել էին նաեւ 14 խոնավաչափ եւ 15 ջերմաչափ, սակայն ըստ էության պաշտոնատար անձինք դա եւս որոշել են մեջ-մեջ անել:
Արդյունքում, հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի` յուրացնել եւ վատնել, եւ 314-րդ հոդվածի` պաշտոնեական կեղծիք հատկանիշներով:
«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գտնվում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը, ինչին ի պատասխան՝ վերջինս հայտնեց. «ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում շարունակվում է պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են մի շարք դատավարական այլ գործողություններ, նշանակվել է դատաապրանքագիտական եւ դատահետքաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: «Զվարթնոց» ԱՕԿ ՓԲ ընկերությունից գրությամբ պահանջվել է ընթացիկ տարվա ընթացքում ընկերության կողմից ձեռք բերված ջերմաչափերի, խոնավաչափերի եւ բաշխիչ արկղերի քանակի, արժեքի եւ բաշխման վերաբերյալ տեղեկատվություն եւ դրանց համապատասխան փաստաթղթերը /պահեստի մուտք ու ելք, դուրսգրում եւ բաշխում/, որոնք դեռեւս չեն ստացվել»:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՇՈԳ ԿԼԻՆԻ
Ուշադրություն. Սեպտեմբերի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արեւմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ին կնվազի 3-4 աստիճանով, 9-10-ը նույնքան կբարձրանա:

 
ԿԶՐԿԵՆ ՍԵՐԳԵՅԻՆ
Գործարար Սերգեյ Մանուկյանին (Շինանյութի Սերգո) պատկանող «Գուդվին» ընկերության «Էլ լոտո» խաղային սարքավորումների մեծ թափով տարածումը կկանխվի: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ «Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը կսահմանվի որպես շահումով խաղի կազմակերպում: Ֆինանսների նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մասնավորապես «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաեւ էլեկտրոնային ապարատների (տերմինալների) միջոցով կազմակերպվող վիճակահանության վրա, որոնց համար մինչ այժմ չէր սահմանափակվել հնարավորությունը շահագործվելու «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունների ներքո: «Էլ լոտո» խաղային սարքավորումների շահագործումը, եթե սահմանափակվեց, գազալցակայանների տարածքում տեղադրված այդ ապարատները պետք է հեռացվեն, քանի որ շահումով խաղերի համար սահմանված են այն վայրերը, որտեղ պետք է գործեն նման խաղային սարքավորումները: Խոսքը խաղատների տեղակայման մասին է: Հայտնի է, որ խաղատները Հայաստանում կարելի է շահագործել Ծաղկաձորում, Ջերմուկում եւ Մեղրիում: Իհարկե, բացառություն կա, օրինակ, «Շանգրի լա»-ի դեպքում, քանի որ այս խաղատան կապիտալը թույլ է տալիս այն տեղակայել խաղատների համար սահմանված վայրերից դուրս: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ «Էլ լոտոյի» խաղային ապարատներ են տեղադրված Հայաստանի գազալցակայանների մեծամասնությունում: Դրանցից կարող է օգտվել ցանկացած քաղաքացի, անձնագրի առկայությունն անհրաժեշտ չէ, սակայն ապարատի էկրանին գրված է, որ դրանից կարող են օգտվել 18 տարին լրացած անձինք:

 

 

ՊԵՏԱԿԱՆ «ԱԽՐԱՆԱՆ»
Հայաստանի կառավարությունը պետական պահպանության ծառայությանը կհատկացնի 50 մլն դրամ։ Նշված գումարը ծախսվելու է արտասահմանյան գործուղումների համար։ Բանն այն է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ուղեկցող ՊՊԾ զինծառայողների գործուղման ծախսերը վճարվում են կառավարության՝ 2005 թվականի որոշման համաձայն։

 

 

ԱՌԱՋԻՆԻ ՄԵՔԵՆԱՆ
ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 7-ի նիստում որոշեց թույլատրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերջինիս ամրացված «Մերսեդես Բենց 500 ՍԵԼ» մակնիշի տրանսպորտային միջոցը (թողարկման տարեթիվը` 1982 թվական), օտարել դասական աճուրդով: Տրանսպորտային միջոցը զրահապատ է: Գույքի մեկնարկային գինը սահմանվում է 17 մլն դրամ: Աճուրդը կկազմակերպվի եռամսյա ժամկետում: Նշենք, որ ավտոմեքենան սպասարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանին նրա նախագահության ժամանակ:




Լրահոս