ՀՀ Աժ պատգամավոր Ռուզան Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը ընթացիկ տարվա համար ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակացություն է ստացել` 20 մլն դրամի չափով: Թերեւս դժվար է պատկերացնել՝ եթե նա կրկին պատգամավոր չընտրվեր, ապա ինչպես էր հաջողացնելու պետական դրամաշնորհ ստանալ: Սա առիթ դարձավ ուսումնասիրելու, թե պատգամավորի գլխավորած այս կազմակերպությունը կոնկրետ ինչով է զբաղվում:
Նախ` նշենք, որ վերջին մի քանի տարիներին Մուրադյանի ղեկավարած միությունը ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունից պարբերաբար ստացել է 20 մլն դրամ գումար: «Ժողովուրդ» օրաթերթին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Դպրոց-կենտրոնների միությանը» պետական բյուջեից 2015, 2016 եւ 2017 թվականներին հատկացվել է 20 մլն դրամ: Իսկ ի՞նչ է արել այդքան գումար կազմակերպությունը: Միությունը իբր աջակցության ծրագրի շրջանակներում կազմակերպել է տարբեր մասնագիտական հավաքներ, հանդիպումներ, սեմինարներ, քննարկումներ: Այդ մասնագիտական հավաքներին մասնակցել են «Դպրոց- կենտրոնների միության» անդամ ավելի քան 100 դպրոց-կենտրոնների տնօրեններ: Սա ըստ իրենց ներկայացրած բացատրության:
«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաեւ «Դպրոց-կենտրոններ միության» պաշտոնական կայքէջը, որտեղից պարզ դարձավ, որ նորությունների բաժինը գերակշռում է իր մասին նյութերով եւ լուսանկարներով: Ստացվում է, որ Ռուզաննա Մուրադյանը սեփական անձի փիառով զբաղվելով՝ ցույց է տալիս, թե կրթական համակարգում սարեր է շուռ տալիս: Այնինչ՝ նրա ներդրումը կրթական համակարգում, մեղմ ասած, տեսանելի չէ: Ի դեպ, միության պաշտոնական կայքէջում բացակայում է ամենակարեւոր տեղեկությունը՝ կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվությունը: Ոչ մի տեղ նշված չկա, թե միության ղեկավարությունը կոնկրետ ինչ է արել ստացած պետական միջոցները, ինչպես է ծախսել կամ ում է տվել: Ինչը արդեն կասկածի տեղիք է տալիս` արդյո՞ք հատկացվող գումարները ծառայում են իրենց նպատակին: Տվյալ միության կայքէջում միայն նշված է, որ դպրոցների տնօրենների հետ հանդիպումների ճանապարհածախսը փոխհատուցում է միությունը: Թե ինչ են կոնկրետ տվել ուսուցիչներին կամ կրթության համակարգին Ռուզաննա Մուրադյանի կողմից կազմակերպված սեմինարները, հանդիպումները, ճամփորդությունները, դժվար է ասել:
Բացի այդ՝ պարզվում է, որ հանրապետական պատգամավորը, օգտագործելով իր կապերը, իրեն պատկանող մյուս՝ «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ով եւս դրամաշնորհ է ստացել, այս անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով: Այս հիմնադրամի ղեկավարն էլ ՀՀԿ-ական պատգամավոր, 41-ամյա երիտասարդ Կարեն ավագյանն է:
Տեղեկանալու համար, թե նախագահականից ստացված գումարներով ՀԿ-ն ինչ է արել, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀԵՀ, որտեղից փոխանցեցին, որ 2013 թվականից մինչ օրս կազմակերպվել է 19 մրցույթ. «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն առաջին անգամ ստացել է 2 մլն 376 հազար 667 դրամի չափով դրամաշնորհ: Այն ստացել է 2013 թվականին` իրականացնելու «Ընդդեմ ծխախոտի» կանխարգելիչ միջոցառումների շարք» ծրագիրը: Երկրորդ անգամ՝ այս տարի ստացել է 953 հազար 260 դրամի չափով դրամաշնորհ, որով իրականացնելու է «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» ծրագիրը: Ըստ էության Ռուզաննա Մուրադյանը, օգտվելով պաշտոնից, փորձում է ոչնչից հետ չմնալ եւ ամեն տեղ իր ձեռքն է գցում՝ չնայելով թեմաներին: Նա, փաստորեն, գլուխ է հանում բոլոր թեմաներից:
Ի դեպ, վերջերս Ազգային Ժողովում տեղեկություններ տարածվեցին, որ Ռուզաննա Մուրադյանը ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ըստ այդ տեղեկությունների` Մուրադյանը նախատեսել էր այդ թեմատիկայով ձեռնարկը բաշխել դպրոցներին: Ինչին խոչընդոտել է ՀՀ վերահսկիչ պալատը: Բանն այն է, որ երբ ՎՊ-ն սկսել է ուսումնասիրել կրթության եւ գիտության նախարարության ֆինանսական գործունեությունը, այդ ժամանակ բացահայտվել է, թե ինչ դրամաշնորհներ են տրվել կազմակերպություններին: Արդյունքում պարզվել է, որ ի թիվս այլոց՝ Ռուզաննա Մուրադյանի կազմակերպությունը նույնպես դրամաշնորհ է ստացել, որի միջոցներով նաեւ տպել են վերը նշված բովանդակությամբ բրոշյուրներ:
Եւ ամենաուշագրավն այն է, որ ՎՊ-ն «ներքին կարգով» հասել է կարեւոր արդյունքի. ԿԳՆ-ն արգելել է այդ բրոշյուրները տպարանից դուրս հանել, առավել եւս բաշխել դպրոցներին:
Այս տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ պատգամավոր, ՀԿ-ների տիրուհի Ռուզաննա Մուրադյանի հետ, ով հայտարարեց, որ ինքը այլեւս կապ չունի «Կրթությունն առանց սահմանի» ՀԿ-ի հետ: «Ես վաղուց «Կրթությունն առանց սահմանի» ՀԿ-ի նախագահը չեմ»,- հայտարարեց Մուրադյանը: Իսկ տպարանում մնացած ձեռնարկների մասով ասաց, որ նման բան չի եղել. «Առաջին անգամ Ձեզանից եմ լսում»:
Հուսանք՝ ԿԳՆ-ն առաջիկայում ավելի խոհեմ կգտնվի եւ պետական միջոցները արդյունավետ կբաշխի՝ հետեւելով դրանց ծախսերի արդյունավետությանը: Չէ՞ որ մարզային բազմաթիվ դպրոցներ կան, եւ ավելի նպատակային կլինի այդ գումարները հատկացնել դրանց՝ գոնե տարրական՝ զուգարանները նորոգելու համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԻՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ՋՐԱՌԱՏՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին է դիմել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ, նույն համայնքի ավագանու անդամ Աննա Մանուկյանը: Նրա պատմելով՝ իր հնգամյա թոռնուհուն` Աննա Գրիգորյանին, ով հաճախում է դպրոցի նախակրթարան, դպրոցի ուսմասվարը` Գոհար Մնացականյանը, կոպիտ է վերաբերվել:
Տատիկի պատմելով՝ իր թոռնուհին լաց է եղել ու պառկել հատակին եւ սկսել է ոտքերով հարվածել գետնին, իսկ Գ. Մնացականյանը օգնելու փոխարեն վատ է վերաբերվել: «Այդ ժամանակ մայրը դպրոցի միջանցքում սպասելիս է եղել: Իսկ ուսմասվարը դռները բացել է ու երեխային շպրտել մոր ոտքերի տակ: Ես արդեն երկու օր է, ինչ պատերազմների մեջ եմ իրենց հետ: Երեխան լացել է, ինքը պետք է այդ հարցին մոտենար որպես մանկավարժ-հոգեբան: Ուղղակի ինքը չի իմացել, թե ում երեխան է եղել, թե չէ վստահ եմ, որ չէր անի»,- վրդովված նկատեց Աննա Մանուկյանը:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերը զրուցեց նաեւ դպրոցի ուսմասվար Գոհար Մնացականյանի հետ, ով խոստացավ, որ իրականությունը կներկայացնի «առանց գունավորելու»: «Այս երեխան միանգամից ընկավ գետնին ու ոտքերով խփում էր գետնին, դա դեռ բավարար չէր, գլխով էր խփում: Ուսուցչուհին չէր կարողանում հանգստացներ: Ես մոտեցա, որ գրկեի, կախվեց շորերիցս, մազերս էր պոկում: Անկեղծ ասած` վախեցանք: Ես երեխային չեմ խփել, հակառակը` փորձել եմ օգնել: Երեխայի ձեռքերից բռնեցի, որ կանգնեցնեմ, ինքը ոտքերը օդի մեջ թափ էր տալիս, ձեռքերից բռնած՝ հանեցի, նրա մայրը դռան մոտ կանգնած էր: Երեխան այդ պահին սկսեց ոտքերը օդի մեջ թափ տալ, չէր կանգնում գետնին ու երբ իջեցրի, նա սկսեց կրկին ոտքերով խփել գետնին: Իսկ նրա ծնողն էլ ասում է, թե հանեցիք, շպրտեցիք: Ում ուզում եք՝ հավատացեք, սա է իրականությունը»,- ներկայացրեց դպրոցի ուսմասվար Գոհար Մնացականյանը:
Իսկ Ջրառատ գյուղի դպրոցի տնօրեն Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով այս խնդրին, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ արդեն երկու օր է, ինչ երկու կողմերի հետ քննարկում է անցկացնում: «Ես երկուսի հետ էլ զրուցել եմ: Ուսմասվարը չի խփել երեխային, վստահեցնում եմ Ձեզ: Նման բան չկա»,- փոխանցեց տնօրենը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐ
Երեւանի բնակիչ, 1960 թ. ծնված Աշոտ Եղյանը 2014թ. օգոստոսի 7-ին Բերդ-Թովուզ-Վերին Կարմիրաղբյուր ջրատարի վերակառուցման նպատակով Տավուշի մարզի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի Մաֆլար հանդամասում «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից աշխատանքներ կատարելու ժամանակ հրդեհավտանգ գազակտրման սարքավորման միջոցով խողովակների ապամոնտաժման ընթացքում չի ապահովել իր աշխատանքի անվտանգության կանոնները, որի հետեւանքով առաջացած կայծերից հրդեհ է բռնկվել: Այրվել է Վերին Կարմիրաղբյուրի 32 բնակիչներին պատկանող 11 հա պտղատու եւ խաղողի այգիներ, 10 մեղվաընտանիք, 15 հատ փեթակ եւ դրանց ծածկը՝ նշված անձանց պատճառելով ընդհանուր 5 միլիոն 542 հազար 450 դրամի նյութական վնաս: Ա. Եղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 186 հոդվածի 2-րդ մասով («Ուրիշի գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետեւանքով կամ առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառել»): Այդ քրգործով 2015թ. ապրիլի 10-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճիռ է կայացրել: Նա համարել է, որ Ա. Եղյանին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է, վերջինիս պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է համարել այն, որ նա նախկինում արատավորված չի եղել, բնութագրվում է դրական, պատճառված վնասի հիմնական մասը «ԵղվարդՇին» ԲԲԸ-ի կողմից վերականգվել է: Դատարանը, անդրադառնալով տուժողների կողմից ներկայացված քաղաքացիական հայցի պահանջներին, համարել է, որ տուժողների մի մասը պատշաճ կարգով հայցապահանջ չի ներկայացրել, իսկ նրանք, ովքեր ներկայացրել են, պատշաճ փաստաթղթերով չեն ապացուցել իրենց պատճառված վնասի ստույգ չափը, գործում կան վնասի հաշվարկման մասին իրարից տարբերվող մի քանի ակտեր եւ արձանագրություններ: Դատարանը վճռել է, որ նման պայմաններում հնարավոր չէ քաղհայցի բավարարումը, ուստի թվով 18 տուժողներին վերապահել է քաղաքացիական հայցի իրավունք: Զ. Զաքինյանը վճռել է Ա. Եղյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր. 186 հոդվածի 2-րդ մասով եւ նրան դատապարտել 300 հազար դրամի չափով տուգանքի: Տուժողները հիշյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել: 2016թ. մարտի 3-ին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը որոշել է բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը եւ քրգործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության: Հրդեհից տուժած գյուղացիները վճռական են տրամադրված: Նրանցից Վազգեն Մանուչարյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Հրդեհից կորցրել եմ իմ ունեցվածքը: Մենք թուրքի առաջ չենք նահանջել, հիմա էլ չենք նահանջելու ներքին թուրքի առաջ: 5 անգամ երկրի նախագահի նստավայրն ենք գնացել, 4 անգամ նամակ հանձնել, 2 անգամ ճանապարհ ենք փակել: 2015 hունվարի 21-ին ՀՀ նախագահի նստավայրի առաջ 4 հոգով մեզ վրա բենզին լցրինք, որ հրկիզվենք, սակայն մեզ բռնեցին, կանխեցին: Մենք չենք նահանջելու»: Այս քրգործով դատական հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, նշանակված է սեպտեմբերի 14-ին:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ