ՁՈՂԻԿՆԵՐՈՎ ԵՎ ՍՈՒԼԻՉՆԵՐՈՎ` ԴԵՊԻ ԹԱՏՐՈՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել էր Երեւանի թատրոններ` մասնակցելու կիսամյակային հաշվետվությանը: Ըստ ցուցանիշների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներն անկում են արձանագրել. «Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը: Պետք է քայլեր ձեռնարկեք»,-ասել էր Արմեն Ամիրյանը: Իսկ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կիսամյակային հաշվետվությանը ծանոթանալուց հետո նախարարը նշել էր. «Վատ չեք աշխատում, հրաշալի կոլեկտիվ ունեք, բայց պետք է վերանայեք մոտեցումները: Պետք է ստեղծեք միջավայր, որում հանդիսատեսը նաեւ ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենա»: Իսկ արդյո՞ք նախարարի դիտարկումները տեղին էին եւ արդարացված. թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի հետ:

-Պարո՛ն Խզմալյան, նախարարի պահանջը, թե հանդիսատեսը նաեւ ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն պետք է ունենա, այսօրվա պայմաններում կարեւորություն ունի՞:
-Չէի ասի, թե դա առաջնային խնդիր է, ես կարող եմ ավելի լուրջ խնդիրներ թվարկել: Մեր թատրոններում, հատկապես Սունդուկյան թատրոնում, մանկական ներկայացումներից առաջ մուտքի մոտ շուկա է ձեւավորվում, վաճառվում են ձողիկներ, փուչիկներ, սուլիչներ եւ այլն: Դրանցով երեխաները մտնում են ներկայացում դիտելու եւ հենց մուտքի մոտից ապականում են թատրոն այցելելու մշակույթը: Իսկ այդ մշակույթը պետք է ձեւավորել վաղ տարիքից: Այնպես որ, միայն ընդմիջումը խնդիր չէ:
-Իսկ ի՞նչ կասեք նախարարի այն դիտարկման շուրջ, որ թատրոնները չեն կարողանում ճիշտ մատուցել իրենց աշխատանքի արդյունքը:
-Մշակույթի նախարարության մտահոգությունը հասկանում եմ, մեր երկրի պետական բյուջեի միջոցները սուղ են եւ չեն կարող բավարարել մշակութային կառույցների պահանջներին: Բայց ես շատ կցանկանայի, որ նախարարի կողքին հավաքված լինեին ոլորտից բան հասկացող մարդիկ, որոնք ճիշտ կկողմնորոշեին նրա ցանկությունը: Մենք խոսում ենք մշակույթը կապիտալիզացնելուց, բայց այսօր թատրոնի դեպքում դա չի կարող իրականացվել, քանի որ շուկան փոքր է, իսկ ժողովուրդը թատերասեր չէ: Սա խնդիրների խնդիրն է: Ես ավելի շատ հակված եմ խոսելու թատրոնների տված գեղարվեստական արժեքի, հետո նոր մյուս խնդիրների մասին: Մեկ ձեռքի մատների վրա կարող ենք թվել ներկայացումներ, որոնք կարող ենք «քուչից դուրս», աշխարհի տարբեր ծայրերում ցույց տալ: Իհարկե, թատրոնը պետք է լինի տաքուկ ու հարմարավետ, որ մարդ տեղափոխվի ուրիշ աշխարհ, բայց եկեք՝ չմոռանանք կարեւոր խնդիրը: Այսօր բոլորը խոսում են ամեն ինչից, բացի ամենակարեւորից` ինչ անենք, որ ունենանք լավ դերասաններ ու ռեժիսորներ, որ թատրոնն իր մեկուսի վիճակը հաղթահարի:
-Ներկայացման մասին տեղեկությունը, ըստ Ձեզ, ի՞նչ արդյունավետ մեթոդներով կարելի է հանդիսատեսին տեղ հասցնել:
-Թատրոնը հրապարակային երեւույթ է, եթե այնտեղ ստեղծվում է արժեք, այդ մասին հանրությունն անպայման իմանում է: Թատրոնը պետք է ունենա հետաքրքիր, հանդիսատեսի սրտի հետ խոսող ներկայացում. ա՛յ քեզ գովազդ, ա՛յ քեզ հանրահռչակում: Մյուս կողմից պետք է նկատել, որ մեր թատրոնը հասարակության հետ հաղորդակցման առումով մնացել է 20-րդ դարում. մենք դեռ մուտք չենք գործել 21-րդ դար: Պետք է նաեւ, որ թվային տիրույթում թատրոնները ակտիվանան, բայց ինձ համար զրոյական արժեք ունի, օրինակ, «Ֆեյսբուքում» որեւէ ներկայացման ակտիվացումը, եթե այն չունի գեղարվեստական արժեք: Նպատակը պետք է լինի ոչ թե պարզապես ինֆորմացիայի, այլ լավ ինֆորմացիայի տարածումը: Իսկ, առհասարակ, պետք է անկեղծորեն ասեմ, որ ներկայացումները հանրահռչակելու կոնկրետ դեղատոմս չունեմ: Այսօր ամենաբարդ վիճակում թատրոնների, հատկապես պետական թատրոնների տնօրեններն են: Մի շարք անձինք, վաղուց իրենց մասնագիտությունից հոգնած, զբաղվում են դերասանությամբ կամ ռեժիսուրայով: Իրականում սա պետության կողմից սոցիալական աջակցություն է տվյալ անձանց: Տնօրենը չի կարող կադրային այնպիսի քաղաքականություն վարել, որ մարդկանց աշխատանքից ազատելով` սովի մատնի նրանց, բայց այս պարագայում էլ նա չի կարողանում թատրոն բերել նոր ուժեր եւ հայացքներ: Այն, որ հայ թատրոնը կադրային մեծ բեռնաթափման կարիք ունի, եւ այս լճացած վիճակի համար թարմ ջուր բերող խողովակներ են պետք, մտածելու բան է: Գուցե բոլոր թատրոններից հավաքվեն ուժեր եւ ստեղծեն նո՞ր թատրոն: Բոլոր այս հարցերի հիմքերի հիմքում ընկած է կրթության խնդիրը. սա լուծելուց հետո նոր պետք է անդրադառնալ մյուս խնդիրներին: Սա պետք է ոլորտը կառավարողները հասկանան:
-Չե՞ք կարծում, որ կառավարությունն էլ պետք է հստակ դիրքորոշում, քաղաքականություն ունենա այս հարցի շուրջ:
-Մեր ոլորտն արժանի չէ, որ վերեւից նման դիրքորոշում լինի. այն այսօր վարկաբեկված ու խեղճ վիճակում է, խեղճ` ինքն իր աչքում, ուր մնաց` կառավարության աչքում չլինի: Եթե ոլորտը չեն հարգում (իսկ մեր ոլորտը հարգված չէ) մեղավորը ոչ թե չհարգողն է, այլ ոլորտի գործիչները:
-Ո՞ր դեպքում կարող է իրավիճակ փոխվել:
-Երբ ոլորտ մտնեն պրոֆեսիոնալները, քաղաքացիական դիրքորոշում եւ կեցվածք ունեցողները, ոչ թե պնակալեզներ, երկրի ապագայով մտահոգ մարդիկ, որոնց սրտի ցավը կհամընկնի հանդիսատեսի սրտի ցավի հետ:

Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

 

 

 
ՍԱԹԵՆԻԿԸ՝ ԲԻԶՆԵՍՎՈՒՄԱՆ, ԱՐԲԻՆ՝ «ՆՈՒՅՆ ԱԽՄԱԽԸ»

Ինչպես հայտնել ենք՝ «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը կունենա իր շարունակությունը։ Աշնանային նոր եթերաշրջանում «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերում 10 տարի անց կմեկնարկի «Անուղղելիները» սերիալը, որը կշարունակի «Վերվարածների» սցենարի տրամաբանական գիծը, սակայն չի կրկնի այն։ Արբին, Անթառամը, Ճպլը, Լիպոն ու մյուսները կրկին «կայցելեն» հեռուստադիտողների բնակարաններ, բացի այդ՝ սերիալում կավելանան նոր կերպարներ, այդ թվում՝ երեխաներ։ «Ժողովուրդ»-ը զրուցել է սերիալում ընդգրկված դերասաններ Մարգարիտ Խաչատրյանի եւ Արթուր Հակոբյանի հետ։

Մարգարիտ Խաչատրյանը նշեց, որ ժողովուրդը վերջին տասը տարիների ընթացքում անընդհատ կարոտել է սերիալը, ցանկություն հայտնել կրկին տեսնել այն եթերում «Ըստ իս, սերիալի ֆենոմենը կապված է հետաքրքիր սցենարի եւ դերասանական կազմի հետ։ Սերիալում հեռուստադիտողը չի հանդիպի, օրինակ, արյունոտ, գռեհիկ տեսարանների»,- նկատեց տիկին Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է իր դերին, դերասանուհին նշեց, որ նույն կերպարն է մարմնավորում, սակայն իր առջեւ արդեն բոլորովին նոր խնդիրներ են դրվել: «Սերիալում Սաթենիկը հանդես կգա արդեն որպես բիզնեսվուման, նա ունի ներքնազգեստի բրենդային խանութ։ Իմ կերպարն ունի նաեւ թոռնիկ, որին մոլեռանդորեն սիրում է։ Ինձ համար սա օտար մոտեցում է, քանի որ ես իմ երեխաների եւ թոռների հանդեպ բավական խիստ եմ եղել։ Այնպես որ, լուրջ մոտեցում է պետք, որպեսզի հաջողությամբ մարմնավորեմ նոր Սաթենիկին։ Նրա մեջ ինձ դուր է գալիս այն հանգամանքը, որ չնայած բոլոր դժվարություններին, այդ կինը ոչ մի վայրկյան չի կորցնում իր կենսունակությունը»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։
Նա պատմեց, որ նկարահանման հրապարակում տասը տարի անց հանդիպելով՝ դերասանները միմյանցից իրենց կարոտն են առնում։ Նույնը փաստեց նաեւ սերիալի մեկ այլ դերասան Արթուր Հակոբյանը։ Նա, անդրադառնալով իր կերպարին, խոստովանեց. «Արբին էլի նույն ախմախն է մնացել, ավելի ճիշտ՝ ազնիվը։ Հեռուստադիտողն էլ կհամաձայնի, որ նա այսօրվա մարդ չէ, այս աշխարհից չէ։ Արբիի կյանքը, սակայն, մի փոքր փոխվել է: Նա ամուսնացել է, ավելին՝ մի քանի միլիոն դրամ ժառանգություն է ստացել»- ծիծաղելով ասաց դերասանը։
Նա եւս ուրախություն հայտնեց այն առթիվ, որ տարիներ անց իրենք կրկին հավաքվել են նույն ջերմ տանիքի ներքո։

ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ




Լրահոս