Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից
Սեպտեմբերի 7-ին Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի երդման հանդիսավոր արարողությունը: Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը:
ՀԱՐՑ. Եթե անձը դիմել է ապաստան ստանալու համար եւ մերժում ստացել, ապա նրա հետագա քայլը ո՞րն է։ Ի՞նչ պետք է անի նա, իրավունք ունի՞ ապաստանի տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը բողոքարկել։
Էմմա Հովհաննիսյան (45 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ դիմողն իրավունք ունի ապաստանի իր դիմումի վերաբերյալ միգրացիոն պետական ծառայության կողմից ընդունված բացասական որոշումը բողոքարկել դատական կարգով` ՀՀ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան, այնուհետեւ ՀՀ վճռաբեկ դատարան:
Եթե դիմողը բողոքարկել է ՄՊԾ-ի որոշումը, ապա մինչեւ դատական ատյանների կողմից վերջնական որոշում ընդունելը նա համարվում է ապաստան հայցող եւ իրավունք ունի օրինական գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում: Քաղաքացին չի արտաքսվի կամ որեւէ կերպ չի վերադարձվի իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր, քանի դեռ նրա ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշում չի ընդունվել:
ՀՀ միգրացիոն պետական ծառայություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ապաստան ստանալու մասին դիմումը ծառայությունում մուտքագրվելուց հետո 30 օրվա ընթացքում (լրացուցիչ ուսումնասիրությունների անհրաժեշտության դեպքում` մինչեւ 3 ամսվա ընթացքում) ՄՊԾ-ն ընդունում է որոշում` Հայաստանում փախստական ճանաչելու եւ ապաստան տրամադրելու մասին, կամ ապաստանի դիմումը մերժելու մասին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ կոնկրետ նշել, թե ո՞ր դեպքում է իրականացվում հաշմանդամի վերափորձաքննությունը: Եվ ուզում եմ իմանալ՝ ի՞նչ ժամկետում է հաշմանդամ չճանաչելու մասին որոշումը տրամադրվում քաղաքացուն։
Ստեփան Կարախանյան (59 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հաշմանդամի վերափորձաքննությունը կատարվում է հաշմանդամության խմբի կամ «հաշմանդամ երեխա» կարգավիճակի համար սահմանված ժամկետը լրանալու, նրա առողջական վիճակը վատթարանալու, նրա` բժշկասոցիալական փորձաքննության որոշման համար հիմք հանդիսացող փաստաթղթերում կեղծիք հայտնաբերվելու դեպքերում, ինչպես նաեւ նրա (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի համաձայն կամ դատարանի որոշմամբ։
Միաժամանակ հայտնում ենք, որ հանձնաժողովի նախագահը բժշկասոցիալական փորձաքննություն անցած անձի կամ նրա ներկայացուցչի ներկայությամբ հրապարակում է հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը: Անձին հաշմանդամ չճանաչելու մասին հանձնաժողովի որոշումը եռօրյա ժամկետում հանձնվում է դիմողին կամ նրա ներկայացուցչին:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ բժշկասոցիալական մարմիններին դիմող անձին` բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում տրամադրվում է հաշմանդամության խումբ՝ 1-ին, 2-րդ , 3-րդ եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ (մինչեւ 18 տարեկան)։ 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառվել է հաշմանդամություն ունեցող 200.177 անձ, որն ընդհանուր բնակչության 6,6%-ն է: Նրանցից 7 801-ը՝ 3,9 %-ը, հաշմանդամ երեխաներն են: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող անձանց 31,4 %-ը հաշմանդամ է ճանաչվել սրտանոթային խանգարումների հետեւանքով։