ԻՆՉ ԱՐԵՑ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ 1 ՏԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին կլրանա վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակման մեկ տարին: Սա լավ առիթ է` ամփոփելու նրա պաշտոնավարման ընթացքը, առավել եւս, երբ Կարապետյանն ինքն էր կառավարության անդամներին հանձնարարել մեկամյակի կապակցությամբ հանդես գալ հաշվետվությամբ:
Եւ այսպես՝ Կարեն Կարապետյանի առանցքային խոստումներից մեկն էլ առնչվում էր ներդրումներին. վարչապետը խոստացել էր 2017թ. ընթացքում 830-850 մլն դոլարի ներդրում ապահովել: Սակայն ԱՎԾ-ն հրապարակեց այս տարվա կիսամյակային տվյալները, ըստ որի՝ ոչ միայն չենք մոտեցել խոստացված ցուցանիշներին, այլեւ նախորդ տարվա համեմատ ներդրումները մի բան էլ նվազել են. 2017թ. ուղղակի օտարերկրյա ներդրումների չափը կազմել էր 35.9 մլն դոլար: Սակայն նախօրեին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը ծավալուն հաղորդագրություն էր տարածել` փորձելով համոզել, թե տնտեսության իրական հատվածում ներդրումների ծավալներն իրենք այլ մեթոդոլոգիայով են հաշվարկում, ԱՎԾ-ն` այլ: Ու նախարարության մեթոդոլոգիայով հաշվելու դեպքում կստացվի` վարչապետի խոստումը իրագործվել է մոտ 40 տոկոսով, եւ այս ընթացքում իրականացվել է ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրում, որից 328 մլն դոլարը ուղղակի ներդրումներն էին: Սակայն այս հրապարակումն է՛լ ավելի խորացրեց կասկածները, որ ներդրումների ոլորտում ինչ-որ բան այն չէ: Նախարարությունն իր հսկայածավալ պարզաբանման մեջ այդպես էլ չի մանրամասնել, թե կոնկրետ ո՞ր բնագավառներում են իրականացվել ներդրումները, ո՞ր երկրների կողմից, ինչպես անում է ԱՎԾ-ն: Այնինչ՝ այս մանրամասների հրապարակումը կարող էր լույս սփռել իրականության վրա: Ու միգուցե պարզվեր, որ ներդրումների մասին հրապարակված ցուցանիշները կապ չունեն իրականության հետ, եւ նախարարությունը հաշվարկել է նաեւ ոչ թե իրականացված, այլ խոստացված թվերը եւս:

 

 
Ինչպես հայտնի է` Սերժ Սարգսյանը մտադրված է նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ իր ձեռքում պահել իշխանական լծակները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել անգամ շատ կուսակիցների մոտ եւ վարչապետ դառնալու որոշման մասին հարցերին անորոշ պատասխաններ է տալիս: Իսկ իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ: Բայց իշխանական ճամբարում բոլորը համոզված են, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը հենց Ս. Սարգսյանն է լինելու: Եւ արդեն սցենարներ են գծվում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ հաջորդ տարի ՀՀԿ «ճակատագրական» նիստերից մեկում որոշում կկայացվի, որ մեր երկրի անվտանգության նկատառումներից ելնելով՝ խիստ անհրաժեշտ է, որ Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ, իսկ գործող վարչապետ Կարեն Կարապետյանն էլ կնշանակվի առաջին փոխվարչապետ` համակարգելու տնտեսության ոլորտը:

 

 

 
ՀՀ կառավարության ներսում շարունակվում է միջգերատեսչական պայքարը, երբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է վերջին օրերի հրդեհի մեղավորությունը բարդել դիմացինի վրա: Նախօրեին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ու բնապահպանության նախարարությանը մեղադրել էր հակահրդեհային միջոցառումներ չիրականացնելու մեջ: Երեկ էլ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հակադարձել է. «Սխալ են ասում: Իրենք մեր աշխատանքը որտե՞ղ են տեսել՝ անում ենք, թե չենք անում… Բազմաթիվ միջոցառումներ են արվել, օրինակ՝ նշեմ, որ վերահսկվող հրդեհներ են կազմակերպվել անտառամերձ շրջաններում»: Հավելենք, որ նախկին պատգամավոր Մանուկյանի պաշտոնավարումից ի վեր ճակատագրի հեգնանքով ՀՀ գրեթե բոլոր անտառները սկսեցին հերթով վառվել:

 

 

 
«Դանինի» ընկերությունը, որ կապվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ, հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընկերությունը սեւ ցուցակում է մնալու մինչեւ 2020 թվականի ապրիլի 21-ը: Պատճառը եղել է այն, որ ընկերությունը չի կատարել պետական գնումների մատակարարման ժամանակ ստանձնած պարտավորությունները: Մինչդեռ նախկինում «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում, ընդ որում` մրցույթները շահել է անազնիվ եղանակով. այդ ամենը դեռ 2013 թվականին բացահայտել էր Վերահսկիչ պալատը: Իսկ իրավիճակի պատճառն այն է, որ ընկերությունը մշտապես վայելել է Տարոն Մարգարյանի հովանավորությունը:

 

 
ԿԱՐՃԵՑԻՆ
Երեկ հայտնի դարձավ, որ Վահրամ Շահինյանի ղեկավարած հատուկ քննչական ծառայությունը կարճել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունում նախընտրական սկանդալային ժողովի վերաբերյալ հարուցված քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով: Հիշեցնենք, որ գործը հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդվածի հատկանիշներով` թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով։
ՀՔԾ այս որոշումը միանգամայն սպասելի էր: Ի սկզբանե պարզ էր, որ իշխանությունները որեւէ մեկին անգամ սիմվոլիկ պատժի չեն ենթարկի, այլ որոշ ժամանակ ձեւական նախաքննություն անցկացնելուց հետո կկոծկեն այս գործը: Բացահայտված սկանդալը նույնիսկ քաղաքական հետեւանքներ չունեցավ մեկ պարզ պատճառով. Արտակ Սարգսյանը, որ վայելում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ Վաչիկ Ղազարյանի հովանավորությունը, իշխանության հենասյուներից է: Եւ հետո՝ նա ՀՀԿ-ին ձայներ ապահովող հիմնական ֆիգուրներից մեկն է. նոր ընտրակարգով ռեյտինգային թեկնածուի ստացած ձայները հաշվում են նաեւ որպես կուսակցության օգտին տրված քվեներ: Ա. Սարգսյանը հավաքել էր 12 հազար 27 քվե, ուստի բնական է՝ նրան պետք է ներվեր ամեն ինչ: Չէ՞ որ իշխանությունները գործում են «նպատակն արդարացնում է միջոցները» կարգախոսով՝ փորձելով ամեն ինչ անել հանուն վերարտադրության:
Միայն թե, նկատենք, ՀՔԾ որոշմամբ իշխանություններն անհարմար դրության մեջ են հայտնվել միջազգային կառույցների առաջ. նախընտրական ժողովի ձայնագրության հրապարակումից հետո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հատուկ հայտարարություն էր տարածել` «խիստ մտահոգիչ» որակելով բացահայտվածը, նաեւ նշելով. «ընտրական գործընթացների վրա բիծ են թողել քվեներ գնելու եւ ընտրողների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին արժանահավատ հաղորդումները»: Իսկ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին էլ նշել էր. «Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։ Երբեմն բարդություններ կան, որոնք պետք է քրեական գործում բացահայտվեն, սակայն այս փաստերը ակնհայտ են, ու կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ դրանք վերանան»։ Հիմա, փաստորեն, իշխանությունները ջանքեր ներդրեցին, բայց ոչ թե կատարվածը բացահայտելու, այլ ընդհակառակը` կոծկելու ուղղությամբ:




Լրահոս