ՍՊԱՍՈՂԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ` ՀԱՅՏՆԻ ՍՑԵՆԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման այս ողջ ընթացքում իշխանական լծակները ծառայեցրեց երկու նպատակի. հնարավորինս ամայացնել քաղաքական դաշտը` այդպես ապահովելով իր հետագա իշխանավարման հարցը եւ կուտակել անծայրածիր հարստություն: Ու այսօր պետք է արձանագրենք, որ նա երկու հարցում էլ հասել է հաջողության (թեկուզ եւ ժամանակավոր):

Այս տարիներին Սերժ Սարգսյանի կուտակած ունեցվածքի մասին շատ է խոսվել. ժամանակին ռուսական մամուլն այն գնահատել էր ավելի քան 1 մլրդ դոլար:
Իսկ քաղաքական դաշտը փոշիացնելու եւ սեփական իշխանության վերարտադրության խնդիրը նա կարողացավ վերջնականապես լուծել 2015թ. սահմանադրական փոփոխությունների ու խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում: Ինչպես հայտնի է՝ սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո իշխանությունը կկենտրոնացվի վարչապետի ձեռքում: Ասել է, թե 2018թ. ապրիլից, երբ ավարտվեն գործող նախագահի լիազորությունները, երկրի իրական ղեկավարը լինելու է վարչապետը:
Եւ Սերժ Սարգսյանն իր պաշտոնավարման ավարտից հետո ծրագրել է ստանձնել հենց այդ աթոռը, առավել եւս, երբ վարչապետի թեկնածու առաջադրելու բացառիկ իրավունքը տրված է խորհրդարանական մեծամասնությանը, տվյալ դեպքում` ՀՀԿ-ին: Ու հազիվ թե որեւէ մեկը կարողանա խանգարել այս ծրագրերի իրագործմանը. հասարակությունը, որ պետք է դառնար հիմնական ըմբոստացողը, կարծես համակերպվել է ստեղծված իրավիճակին՝ օր օրի օտարվելով պետությունից (այլապես ԱԺ ընտրություններում 10 հազարական դրամի դիմաց չէր քվեարկի իշխող կուսակցության թեկնածուների օգտին): Իսկ քաղաքական կուսակցությունների գոյությունը մի տեսակ ինքնանպատակ բնույթ է կրում, հատկապես, երբ քաղաքական դաշտն աղճատված է առավել, քան երբեւէ ու չի տարբերվում` ո՞վ է ընդդիմադիրը, ո՞վ կեղծ ընդդիմադիրը, ո՞վ իշխանության սպասարկուն:
Այնպես որ, այս ընթացքում Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարի իրագործել իր նպատակը: Ճիշտ է՝ այս ընթացքում ինքն անձամբ ուղիղ տեքստով չի բարձրաձայնել վարչապետ դառնալու մտադրությունների մասին: Բայց հրապարակային հայտարարություններում Սերժ Սարգսյանը բազմաթիվ անգամ շատ հստակ, թափանցիկ հասկացրել է, որ մտադիր չէ հեռանալ իշխանությունից, այլ շարունակելու է իր ձեռքում պահել ազդեցության ողջ լծակները:
Հիշեցնենք` խորհրդարանական ընտրություններից առաջ՝ այս տարվա փետրվարին, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո վարչապետն ավելի լայն լիազորություններ ու հնարավորություններ կունենա, քան հիմա ունի նախագահը. «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին։ Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները»,- ասել էր նա: Իսկ մարտին արդեն Արցախում ավելի «մանրամասն» էր խոսել այդ թեմայով. «Ինձ անընդհատ հարցնում են՝ ի՞նչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում, իրոք, երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով` ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որեւէ ձեւաչափով օգտակար կլինեմ»:
Ու վերջապես, հյուրընկալվելով «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի եթերում, նա ասել էր. «Ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը, եւ նույնկերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռեւս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա, արդյո՞ք էական է, էական չէ, չէ՞…Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է: Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին»:
Սրանից պարզ ակնարկներ, թերեւս, դժվար է պատկերացնել: Բայց, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, Սերժ Սարգսյանն իր ապագա պլանների մասին աշխատում է չբարձրաձայնել: Ավելին՝ ամեն անգամ կուսակիցների` նման հարցերին նա անորոշ պատասխաններ է տալիս, թե «դրա ժամանակը չէ», «այդ մասին մտածելու եւ որոշում կայացնելու ժամանակ շատ կա», «ինչո՞ւ եք շտապում» եւ այսպես շարունակ: Միաժամանակ, մեր աղբյուրների պնդմամբ, Սերժ Սարգսյանն իրենց ապագայով անհանգստացած թիմակիցներին խորհուրդ է տվել սպասել մինչեւ ապրիլ՝ նշելով, որ հիմնական փոփոխություններն այդ ժամանակ կարվեն: Կարճ ասած, իշխանական ճամբարում սպասողական վիճակ է: Բայց դե, նույն իշխանական ճամբարում բոլորը համոզված են, որ խորհրդարանական կառավարման համակարգում վարչապետը հենց Ս. Սարգսյանն է լինելու:
Ինչ վերաբերում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանին, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ նրան վերապահված է լինելու առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ տնտեսական ուղղվածությամբ: Մեր աղբյուրները նշեցին, թե ապրիլին ՀՀԿ ԳՄ նիստում արդեն որոշում կկայացվի հայտարարություն անել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին առաջադրելու մասին /մանավանդ ինքը հայտարարել էր, թե միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի է լինելու/՝ իբր թե հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտությունը, երկրի անվտանգության խնդիրը։ Իսկ Կարեն Կարապետյանին կվերապահվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, որպեսզի համակարգի տնտեսությունը: Նշենք, որ նոր Սահմանադրությամբ ՀՀ-ն կարող է ունենալ երեք փոխվարչապետ, եւ ըստ ծրագրված սցենարի՝ մյուս երկու փոխվարչապետների պաշտոնները տրվելու են ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ԿՆՈՋԻՑ ԱՂՔԱՏ
Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, մեծ ունեցվածք է կուտակել: 35-ամյա դատավորի դրամական միջոցները պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ կազմել են 180 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը ամսական կազմում է 682 հազար դրամ: Բացի այս՝ դատավորն ունի 2 հատ բնակարան, անհատական բնակելի երկու հատ տուն, երկու հատ ավտոտնակ եւ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նույնքան հետաքրքրական է դատավորի տիկնոջ հայտարարագիրը, ըստ որի` նա ամուսնուց հարուստ է: Ռուզաննա Մանթաշյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 410 հազար դոլար եւ 15 մլն դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Դավիթ Հարությունյանը պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (հայտնի է Կրակեմ Հրաչ անունով) որդին է:

 

 

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՆ
Իշխող ՀՀԿ-ն նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վերջին հստակեցումներն է անում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշված են թեկնածուները, սակայն այդ մասին կհայտարարվի օրենքով սահմանված կարգով՝ հոկտեմբերի 1-ին: Գաղտնիք չէ, որ ամենամեծ ինտրիգն Արտաշատի ընտրություններն են: Ինչպես հայտնի է՝ այս քաղաքը մշտապես գտնվել է Աբրահամյանների տիրապետության տակ եւ Արգամ Աբրահամյանի՝ ԱԺ պատգամավոր դառնալուց հետո այս պաշտոնը ձեռք գցելը ՀՀԿ-ի համար «կենաց-մահու» հարց է դարձել, քանի որ փորձում են Արտաշատն ազատել նրանց տիրապետությունից: Մեր թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադեւոսյանը նշեց, թե արդեն որոշվել է՝ ով է լինելու ՀՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն:

 

 

ՏՆՕՐԵՆՆԵՐԸ ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
Արթիկ համայնքի մանկապարտեզների տնօրենները դուրս են եկել քաղաքապետի որոշումների դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի հուլիսի 27-ին «Արթիկի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմինե Պետոյանը դիմել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով, որ դատարանը անվավեր ճանաչի Արթիկ համայնքի ղեկավար Նորիկ Վարագյանի որոշումը: Բանն այն է, որ 2017 թվականի հուլիսի 1-ին համայնքի ղեկավարը վերջինիս ազատել է աշխատանքից, եւ նա դիմելով դատարան՝ պահանջում է քաղաքապետի որոշումը անվավեր ճանաչել, վերականգնել իր աշխատանքը տնօրենի պաշտոնում, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձել: Նշենք, որ նույն պահանջով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան է դիմել նաեւ «Արթիկի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Հասմիկ Մերուժանի Աջամօղլյանը:

 

 
ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր: Դեսպան Սվիտալսկին, անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոսոտումնալից է եւ նոր տարրեր է ներառելու: Կողմերն անդրադարձել են նաեւ ավիացիոն ոլորտի համաձայնագրի հետ կապված հարցերին, մտքեր փոխանակել ԵՄ-ում ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ։

 

 

ԶԵԿՈՒՑԵԼ Է
Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների, զարգացման ծրագրերի, առկա խնդիրների եւ դրանց լուծմանն ուղղված միջոցառումների մասին։ Նա ներկայացրել է ավիացիայի ոլորտում միջազգային համագործակցության արդյունքները, ՀՀ ավիացիոն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, ինչպես նաեւ ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացմանն ու ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումները: Ս.Սարգսյանը հանձնարարել է հետեւողական աշխատանքներ տանել գործընկերների հետ ավիացիայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման ուղղությամբ՝ ավիաընկերությունների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ միջազգային չվերթների իրականացման համար։

 

 

ՊԱՐԱՊ ՉԵՆ
«Մարդ չի կարող բոլոր տեղերը մասնակցել, միանալ»,- լրագրողների հետ զրույցում հարցին՝ ինչո՞ւ չմիացավ ներդրողների ակումբին, այդպես արձագանքեց ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: «Դա չի նշանակում, որ բոլորը պետք է միանան: Հազար գործ կա, որ ես անում եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա: Արա Աբրահամյանի խոսքով` ինքը զբաղված է իր հարցերով, իր ծրագրերով եւ նշեց, թե շատ ասելիք չունի այս պահին:




Լրահոս