Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ։
«Ժողովուրդ» օրաթերթը նորանշանակ պետից հետաքրքրվեց՝ արդյո՞ք մտավախություն չունի, որ կարժանանա Վազգեն Խաչիկյանի ճակատագրին:
-Պարո՛ն Սահակյան, արդեն մեկ ամիս է, ինչ նշանակվել եք սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ի՞նչ եք արել այս մեկ ամսվա ընթացքում:
-Նախ՝ ոլորտը ինձ անծանոթ չէր: Առաջին քայլը՝ ուսումնասիրել այն ծրագրերը, այն միջոցառումները, որոնք իրականացվել են եւ ընթացքի մեջ են: Դուք արդեն իսկ տեղյակ եք, որ մենք իրականացնում ենք երեխաների, նրանց ծննդյան նպաստի առցանց տրամադրումը եւ համագործակցում ենք արդարադատության նախարարության եւ ՔԿԱԳ մարմնի հետ: Մենք ունենք բազմաթիվ նոր ծրագրեր, որոնք մշակման փուլում են: Անելիքները շատ են, բարեփոխումները շատ են, տրամադրություններս լավ է, գնալու ենք առաջ:
-Սովորաբար նորանշանակ պաշտոնյաներն ազատվում են հին կադրերից, կա՞ն անձինք, որոնցից պատրաստվում եք ազատվել:
-Ես առաջին իսկ օրը ասել եմ, որ այն անձինք, ովքեր կհամարեն, որ սոցիալական ապահովության պետական ծառայությունը բացառապես ծառայություն է մատուցելու մեր ծնողներին, մեր տատիկներին, մենք միասին կարող ենք անցնել ճանապարհ, եթե կան մարդիկ, որոնք այն սկզբունքները, որը մենք ենք որդեգրել կամ ներկայացրել, օրինակ՝ ցանկացած որոշման հիմքում պետք է լինի արդարությունը, եւ նմանատիպ այլ սկզբունքներ, այդտեղ մենք կարող ենք անցնել համատեղ ճանապարհ, եթե չէ, ապա աշխարհը մեծ է:
-Դուք զբաղեցնում եք Ձեր նախկին գործընկերոջ՝ ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի պաշտոնը, որը սոցիալական ապահովության պետական ծառայության ոլորտում չարաշահումներ էր թույլ տվել եւ ազատազրկման էր դատապարտվել 12 տարով: Չե՞ք վախենում նրա ճակատագրին արժանանալ:
-Հարցադրումը մի փոքր ոչ տեղին եմ համարում, պրովոկացիոն եմ համարում եւ հորդորում եմ ավելի հետաքրքիր հարցադրումների անցնենք: Ես աշխատել եմ սոցիալական ապահովության պետական ծառայության համակարգում այն ժամանակ, երբ կոչվում էր կենսաթոշակային հիմնադրամ: Փառք Աստծո, բոլոր այդ քննությունների, այդ անցուդարձերի արդյունքում որեւէ, նույնիսկ մի թերթիկի ծայրում իմ անունը գրված չի եղել: Ես աշխատել եմ տարբեր պետական մարմիններում, տարբեր կառույցներում եւ ցանկացած տեղ կարող եք հետաքրքրվել, որ իմ պարտականությունները կատարել եմ պատվով, պատասխանատվությամբ եւ որեւէ ակնկալիք չեմ ունեցել: Շարունակելու եմ այդպես, որովհետեւ ապրում եմ Հայաստանի Հանրապետությունում եւ մեծացնում եմ արու զավակներ:
-Վերջին անգամ ե՞րբ եք տեսել Խաչիկյանին:
-Տեսել եմ իր մոր հոգեհանգստի, հուղարկավորության ժամանակ: Մենք գործընկերներ ենք, եւ հեռու եմ այն մտքից, որ եթե կա ընկերություն, կա գործընկերություն, ապա ինչ-ինչ գործընթացներ կարող են խանգարել: Աշխատանքի մեջ ունեմ իմ սկզբունքները, շարժվում եմ իմ սկզբունքներով:
-Չի՞ խանդում, որ իր նախկին պաշտոնին եք նշանակվել:
-Խանդը այլ կատեգորիա է, Դուք կարող եք խանդել Ձեր ամուսնուն, ընկերոջը, բայց տղամարդը տղամարդուն չի խանդում:
-Սոցիալական ապահովության պետական ծառայությունը յուրացման աղմկալի բացահայտում էր իրականացրել, որով այսօր զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն: Նույն անձը ներկայացրել է 300 մարդու մահվան վկայական եւ ստացել նրանց հատկացվող թաղման նպաստները: Խոսքը վերաբերում է սգո ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք, ներկայացնելով մահացած անձանց մահվան վկայականները, ստացել են թաղման համար նախատեսված 200 հազարական դրամները: Ի՞նչ եք պատրաստվում իրականացնել՝ կոնկրետ այս իրավիճակները բացառելու համար:
-Ծրագրերը բազմաթիվ են, բայց կան ծրագրեր, որ ես ինքս պետք է ընկալեմ, հասկանամ, որպեսզի ներկայացնեմ հանրությանը: Մի փոքր էլ սպասեք, մատուցվող ծառայությունների գործընթացների մասին առավել մանրամասն կխոսենք: Եթե որեւէ մեկը ունի մահվան փաստը հաստատող թղթիկը եւ կարող է գնալ, ստանալ այդ նպաստը` 200 հազար դրամը, ապա այնտեղ կարող էր լինել որոշակի չարաշահում՝ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ, եւ հիմա մենք փորձում ենք թաղման նպաստը առցանց կազմակերպել: Եթե ՔԿԱԳ-ն էլ կմիանա մեր այս համակարգին, եւ մահը գրանցելուց, ինչպես ծնունդը գրանցելուց միանգամից ստանում են այդ նպաստը ստանալու իրավունքը, ապա մենք մի շարք չարաշահումների՝ Ձեր կողմից մատնանշած խնդիրը կարող ենք լուծել կամ համարենք լուծված:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ՄԹԵՐՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Դանինի» ընկերությունը հայտնվել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցանկում: Պատճառն այն է, որ խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա» ենթակետը:
Ընկերությունը ավելի քան մեկ անգամ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը: Ինչն էլ հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծարմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Ի դեպ, տեղեկացնենք, որ ցանկում ընկերությունը հայտնվել է այս տարվա ապրիլի 21-ից եւ մնալու է մինչեւ 2020 թվականի ապրիլի 21-ը:
Նկատենք, որ «Դանինի» ՍՊԸ-ն տարիներ շարունակ եղել է բյուջետային տարբեր կազմակերպությունների կարիքների համար պետական գնումների մրցույթները հաղթողների արտոնյալ շարքում: Սակայն ՍՊԸ-ն գրեթե միշտ մրցույթները շահել է անազնիվ եղանակով. 2013 թվականին ՎՊ-ն բացահայտեց, որ պետական գնումների մրցույթում հաղթած «Դանինի»-ն ապրանքները մատակարարել է շուկայականից շատ ավելի թանկ գներով, եւ այդպես բյուջեից մեծ գումարներ էին վատնվել:
Ամենաուշագրավն այն է, որ այս ընկերությունը, շրջանառվող լուրերի համաձայն, առնչություն ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Ըստ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` «Դանինի» ընկերության հիմնադիրը Շավարշ Դանիելյանն է, որը «Ավան» ունիվերսամի տնօրեն Աղասի Դանիելյանի ազգականն է, եւ այդ ՍՊԸ հեռախոսահամարներն էլ «Ավան» ունիվերսամի հասցեում են գրանցված, իսկ ունիվերսամը պատկանում է Տարոն Մարգարյանին. նրա հայտարարագրում էլ ունեցած անշարժ գույքի մեջ նշված է նաեւ 820 քմ տարածքով «Ավան» առեւտրի կենտրոնը: Ահա թե ինչի հետեւանքով է այս ընկերությունը մշտապես շահել պետական գնումների մրցույթները:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Դանինին» արդեն սնանկացել է, եւ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Բոլորիս է հայտնի, որ այսօր գնումների գործընթացին մասնակցող բազմաթիվ ընկերություններ սնանկանալուց հետո արագ ստեղծում են նորը եւ այդ նոր ընկերությունով էլ մասնակցում պետական գնումներին: Եւ չի բացառվում, որ առաջիկայում «Դանինի»-ն այլ ընկերության անվան տակ մասնակցի գնումների գործընթացին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը պարզաբանել է, թե ինչ նկատի ունեն, երբ կուսակցության գաղափարախոսության եւ սկզբունքների «Դատապարտում ենք» բաժնում, ի թիվս տարբեր բացասական երեւույթների, նշված է, որ դատապարտում են Հայ Առաքելական եկեղեցու քաղաքական եւ տնտեսական իրավունք-մենաշնորհը։ Փոստանջյանն ասաց, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ ոչինչ չունեն. «Ինքս Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդն եմ, ինչպես իմ պապերը, տատերը, բայց, այնուամենայնիվ, գտնում ենք, որ օրենքի առաջ պետք է բոլորը հավասար լինեն։ Եթե արտոնություններ պետք է տրամադրվի, ապա միայն փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին»։ Նրա խոսքով՝ հոգեւոր ոլորտում նման խնդիրներ կան. «Մեր բարերարները պետք է հիմնականում իրենց ներդրումներն ու ցանկությունները բավարարեն այլ ոլորտներում»։
ՄԵԾ ՋԱՆՔԵՐ ԵՆ ՊԵՏՔ
ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն Հայաստանի կողմից ցանկանում է տեսնել էլ ավելի մեծ ջանքեր հայ-բրազիլական տնտեսական հարաբերությունների զարգացման հարցում: Դեսպանի խոսքով՝ հայ ներկայացուցիչները պետք է մասնակցեն Բրազիլիայում պարբերաբար կազմակերպվող առեւտրային տոնավաճառներին՝ ավելի ընդգրկուն կերպով Հայաստանը բրազիլացիներին ներկայացնելու համար: «Իհարկե, երբ բրազիլացի ներդրողներին տեղյակ է պահվում, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, որը ներկայացնում է 200 մլն սպառողների, տեղյակ են, որ այն շուտով պատրաստվում է համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, ունի առեւտրային սերտ համագործակցություն ԵՄ հետ, նրանք ավելի են հետաքրքրվում»,- ասել է նա, ում խոսքով՝ հայկական ընկերությունները պետք է ավելի շահագրգռված ու ներգրավված լինեն այդ հարաբերությունների զարգացման հարցում։
ՇՈՒԿԱՆ ԹԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ Է
«Համոզված եմ, որ հայկական շուկան դեռեւս թերագնահատված է ռուսական ընկերությունների համար», – հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարի առաջին տեղակալ Գլեբ Նիկիտինի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Վարչապետը կարեւորել է արդյունաբերության ոլորտում հայ-ռուսական գործակցության հետագա զարգացումն ու ընդգծել, որ դրա համար տեսնում է իրական մեծ հեռանկարներ: Գլեբ Նիկիտինն անդրադարձել է հայ գործընկերների, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ ունեցած բանակցությունների արդյունքներին եւ դրանք գնահատել արդյունավետ ու կառուցողական: Փոխնախարարի խոսքով՝ ռուսական կողմը լայն հնարավորություններ է տեսնում Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման գործում եւ կարեւորում է GSP+ համակարգի ու Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու հնարավորությունները ռուսական ընկերությունների համար: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը կարող է բավարարել ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ հաշվի առնելով նաեւ տարբեր ոլորտներում Հայաստանի առավելություններն ու կարողությունները:
ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ
Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, հրավերով Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի, տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի հոգեւոր առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպման ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքն է ուղղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ու Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեին: