ՏՈՒՐԻԶՄՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆՔ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում անկում է՝ բացի զբոսաշրջությունից, այլեւս ակնհայտ իրողություն է, եւ այդ մասին փաստում է նաեւ ՀՀ պաշտոնական վիճակագրությունը: Բայց ի՞նչ կապ ունեն դրա հետ ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի բերած երիտասարդ կադրերը, որոնք մեկը մյուսի հետեւից գեղեցիկ անուններով տարբեր հաստատություններ են ղեկավարում եւ «գալստուկ կապում»:

Ինչպես հայտնի է՝ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը միշտ որբ է: Ու հիմա, երբ մենք ունենք զբոսաշրջության աճ, բոլորը ցանկանում են «վերմակն իրենց կողմը ձգել»՝ փորձելով դափնիներ նվաճել: Օր ու գիշեր ամենատարբեր մակարդակներում հայտարարվում է, թե զբոսաշրջության զարգացումը մեր հաղթանակն է, Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել է եւ այլն: Իսկ ի՞նչ են արել այդ մասով ՀՀ պետական գերատեսչությունները:
Հասկանալու համար նախ շարադրենք, թե քանի կառույց է Հայաստանում զբաղվում տուրիզմով եւ ինչ գործառույթներ ունի:
Այսպիսով՝ Հայաստանում գործում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտե, որի հիմնական նպատակներից է «Հայաստանում նոր զբոսաշրջային գրավչությունների բացահայտումը, մրցունակ եւ այլընտրանքային զբոսաշրջային արդյունքների ձեւավորումը, հայկական զբոսաշրջային արդյունքի բազմազանեցումը (դիվերսիֆիկացում), զբոսաշրջության ոլորտի նկատմամբ հանրային հետաքրքրության եւ շահագրգռվածության խթանումը, շահագրգիռ կողմերի միջեւ արդյունավետ համագործակցության ապահովումը, զբոսաշրջության բնագավառում գործող, մասնավոր հատվածը ներկայացնող կազմակերպությունների գործունեության աջակցությունը, բարենպաստ գործարար եւ ներդրումային միջավայրի ապահովումը, զբոսաշրջային կենտրոնների եւ գրավչության վայրերի կառավարման բարելավումը»: Կոմիտեի ղեկավարը երջանկահիշատակ Պերճ Զեյթունցյանի դուստրն է՝ Զարմինե Զեյթունցյանը:
Ունենք նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի՝ երկրի ազգային զբոսաշրջային գործակալություն, որի առաքելությունը պաշտոնապես այսպես է հռչակվել. «Հայաստանի ներգրավումը միջազգային զբոսաշրջության քարտեզի վրա որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն»: Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած «Հիմնադրամը խթանում է զբոսաշրջության ոլորտը՝ ապահովելով երկրի միջազգային ճանաչելիությունը եւ ներկայացնելով հայկական զբոսաշրջային արդյունքը համաշխարհային շուկայի երկրներում՝ մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իրանում: Հիմնադրամը զբոսաշրջության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնում է երկրի զբոսաշրջության խթանմանն ուղղված միջոցառումներ, գովազդային արշավներ, մշակում թիրախային եւ թվային մարքեթինգային ռազմավարություններ»:
Իսկ ի՞նչ են արել նրանք այդ ճանապարհին. պարզվում է, օրինակ, Հայաստանի զարգացման ու Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամները միջազգային շուկաներում համատեղ կխթանեն տեղական արտադրության գինիների ու կոնյակի ճանաչելիությունը: Երկու հիմնադրամների ղեկավարների՝ Արմեն Ավակ Ավակյանի եւ Զարուհի Մուրադյանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, որպես առաջին գործնական քայլ, երկու հիմնադրամները միասին կազմակերպում են հայկական արտադրողների մասնակցությունը նոյեմբերի 14-16-ը Չինաստանի Շանհայ քաղաքում «Prօwine China 2017» ցուցահանդեսին:
Բացի այդ՝ ունենք նաեւ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամ, որի տնօրենը Արա Խզմալյանն է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նա ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի բարեկամն է եւ նրա ղեկավարմամբ տեղի ունեցած խորհրդի նիստի ժամանակ էլ միաձայն ընտրվել է: Ըստ հռչակված սկզբունքների՝ զարգացման հիմնադրամի ուշադրության կենտրոնում են լինելու արդյունավետ մարքեթինգային միջոցառումների իրականացման եւ զբոսաշրջային արդյունքի զարգացման խնդիրները:
Բայց սա դեռ ամբողջը չէ. այս տարվա սկզբին Հայաստանում ձեւավորվեց նաեւ ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը, որի գործադիր տնօրենը վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանն է: Նրանք էլ իրենց առջեւ խնդիր են դրել անել առավելագույնը՝ իրենց վստահված գործառույթները պատշաճ իրականացնելու համար.
ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նպատակն է խթանել Հայաստանում առանցքային բարեփոխումների իրականացումը եւ նպաստել արտահանման ծավալի աճին, երկարաժամկետ օտարերկրյա ներդրումների ներգրավմանը: Ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ վերամշակման, կրթության, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաեւ այլ բնագավառներ՝ ըստ անհրաժեշտության:
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ մեր երկում տուրիզմի զարգացման պաշտոնապես հարցերով զբաղվում է նվազագույնը 4 հաստատություն (վստահ ենք՝ էլի կլինեն մարմիններ, որոնք հընթացս տուրիզմն են զարգացնում): Ու հասկանալի է, որ տարբեր կառույցներ նույն աշխատանքը կատարելիս դժվար թե պատասխանատվությամբ գործեն: Նկատենք, որ մի շարք պետական հաստատություններում օպտիմալացում ու կրճատումներ պարտադրող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այս բոլոր հաստատությունների համար առանձին աշխատակազմ է նախատեսել, նրանք աշխատավարձ են ստանում պետական միջոցներով: Ու ինչպես ընդունված է ասել՝ եթե ուզում ես որեւէ գործ ձախողել, ապա դրա համար մի քանի պատասխանատուներ կարգիր:
Բայց այս դեպքում երջանիկ պատահականությամբ մեր երկրում զբոսաշրջությունը իներցիայով սկսել է զարգանալ: Ինչու իներցիայով, քանի որ նշված հաստատությունների թիրախներում նշված գործառույթները հազիվ թե կարող են կապ ունենալ մի շարք երկրներից Հայաստան ժամանած մարդկանց թվի աճի վրա: Ու շատ փորձագետների կարծիքով՝ իրականում ՀՀ-ում զբոսաշրջիկների թիվը ավելացել է ՀՀ-ից հեռացած, ՌԴ-ում բնակություն հաստատած մեր համերկրացիների, Հռոմի Պապի եւ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստանի մասին արված բազմաթիվ հայտարարությունների հետեւանքով:
Այսպիսով՝ ֆիքսենք պաշտոնական վիճակագրության ուրախալի թվերը, ըստ որի՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալի ավելացել է 68.4 տոկոսով:
Հարեւան Իրանից մեր հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ է ավելացել՝ 66.8 տոկոսով:
Երրորդ տեղում Իտալիան է՝ 53.6 տոկոսով:
Մեր մյուս հարեւան Վրաստանից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը նույնպես աճել է 51.8 տոկոսով:
Հավերժ բարեկամ Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ աճել է 34.4 տոկոսով:
Գերմանիայից էլ աճ կա, բայց 14.4 տոկոսով:
Ու որքան էլ տարօրինակ է՝ Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվն էլ է աճել` 2.1 անգամ:
ՎԵրջում մեկ անգամ եւս շեշտենք, որ առավել արդյունավետ կլիներ, եթե մեր երկրում տուրիզմով զբաղվեր մեկ կոնկրետ կառույց, կոնկրետ նպատակներով ու թիրախներով, որ գոնե այս ոլորտում հույսներս միայն Աստծո վրա չդնենք:
Հ. Գ. Առաջիկայում մենք առավել մանրամասն կանդրադառնանք նշված հաստատությունների կոնկրետ գործունեությանը:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 
ՁԳՁԳՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԵՌՆԵՆՔ

«Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները կրկին ցույցի էին դուրս եկել եւ կրկին 2011-2012 թվականների չստացված աշխատավարձերի պատճառով:

Աշխատակիցները բազմիցս դիմել են մարզային իշխանություններին, պատգամավորներին եւ վարչապետին: Այս անգամ քիմպրոմցիները միաձայն շեշտում են. «Հարցին լուծում կարող է տալ միայն նախագահը»:
Նշենք, որ «Վանաձոր-Քիմպրոմ»-ը սնանկ է ճանաչվել 2016-ին: Որոշում է կայացվել գույքը վաճառել եւ մարել կուտակված աշխատավարձի պարտքերը, սակայն այդ ցուցակում աշխատավարձի պարտքը ամենեւին էլ առաջնային չէ: Ընդհանուր թվով 150 աշխատակիցների շուրջ 130 մլն դրամ է պարտք:
Վերջերս քիմպրոմցիները փակել էին գործարանի դռները՝ թույլ չտալով բեռնատար մեքենաների մուտքը գործարան: «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ ջերմաէլեկտրակայանի աշխատակիցները փորձեցին կրկին հանդիպել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հետ, նրանց դիմավորեց Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը. «Մարզպետը հիմա տեղում չի, գործուղման է: Մի քանի օր հետո եկե՛ք: Կգա, դուք էլ եկե՛ք, բայց սենց խմբով չէ: Ձեզնից մի երեք-չորս մարդ ընտրե՛ք, թող իրենք գան, նստե՛ք, նորմալ խոսե՛ք: Մարզպետը ձեզ միշտ ընդառաջել է»,-նշել է իր խոսքում տեղակալը:
Աշխատակիցները հակադարձեցին. «Դիտավորյալ են էսպես անում, մեր ցուցակից 10 հոգի արդեն մահացել է: Ուզում են ձգձգեն, որ մենք էլ մեռնենք: Գոնե մեզ մարդատեղ դնեն: Էնա, մեզ տվել, սպանել են՝ թողնելով առանց օրվա հացի: Իրանցը պետք է լինի, որ տեղն իմանան: Մեկ է, ինչքան էլ պետք լինի, պայքարելու ենք, հարկ լինի, անգամ ուժ կկիրառենք, մենք կորցնելու բան չունենք»: Ցուցարարները որոշեցին հաջորդ ուրբաթ նույն թիմով կրկին այցելել մարզպետարան՝ այս անգամ մարզպետին հանդիպելու եւ անելանելի վիճակի ելքը գտնելու ակնկալիքով:

ՄԱՐԻԱՄ ԳԱԼՈՅԱՆ
Վանաձոր




Լրահոս