«Ժողովուրդ»-ը «Անտարես» հրատարակչության խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանից հետաքրքրվեց` իշխանական էլիտայի շրջանակում, ըստ իր դիտարկումների, ովքե՞ր են հետաքրքրված գրականությամբ, ովքե՞ր յուրահատուկ վերաբերմունք ունեն գրքի հանդեպ:
-Պարո՛ն Նիկողոսյան, պաշտոնյայի` գրքով հետաքրքրված լինելը կոնկրետ ո՞ր դրսեւորումներում եք նկատում:
-Դա երեւում է նրա ինտելեկտից, իսկ ավելի ուղղակի դեպքերում, օրինակ, այն ժամանակ, երբ նրան հանդիպում ես գրախանութում:
-Ըստ Ձեզ` ո՞ր պաշտոնյաներն են, որ գրքի հանդեպ անտարբեր չեն:
-Ինձ իրավունք չեմ վերապահի բոլորի մասին խոսել, բայց ասեմ, որ գիրքը արժեւորող պաշտոնյաներից է, օրինակ, ՀՀ փոխվարչապետ, ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահ Վաչե Գաբրիելյանը, ինչպես նաեւ նրա եղբայրը` ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը, որը քայլող ինտելեկտ է: Գրքասերների թվում պետք է նշեմ նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունը, որն, ի դեպ, գիտի ժամանակակից գրողների գործերը եւ, այսպես ասած, հետեւողի բնավորություն ունի, կառանձնացնեմ նաեւ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանին, որն, ի դեպ, շատ լավ պոետ է, ինչպես նաեւ` ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանին: Նույն խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը եւս կարեւորում է ընթերցանությունը. նա պարբերաբար ֆինանսապես աջակցում է գրական թերթերին: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւս ուշադիր է գրքի հանդեպ. դա երեւում է նաեւ իր վարած քաղաքականությունից: Մտաբերեցի նաեւ մի դրվագ, որի մասին կցանկանայի պատմել: Մի անգամ ականատես եղա, թե ինչպես ԱԺ պատգամավոր, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբոր՝ Կարեն Կարապետյանի որդու հարսանիքի առիթով վերջինիս ընկերներից մեկը, որն աշխատում է նախագահի աշխատակազմում, 60 կտոր գիրք գնեց` նրան նվիրելու համար:
-Այդ դեպքում ինչպե՞ս է Հայաստանում ստեղծվել հակագրքային մթնոլորտ, որի մասին Դուք ինքներդ էլ հաճախ ահազանգում եք:
-Գրքի հանդեպ ընդհանուր վերաբերմունքն է վատը: Իշխանության վարքագիծը հակագրքային է, միայն որոշ անհատներ են, որ անտարբեր չեն գրքի նկատմամբ: Այն պայմաններում, երբ գիրքը հարկվում է, ինչպես երշիկը, երբ գրադարաններն անմխիթար վիճակում են, գիտելիքով մարդն էլ շարունակում է իր տեղը զիջել ամենատարբեր կապերին ու հարաբերություններին, մենք կարող ենք մեզ ընդհանրացումներ անելու իրավունք վերապահել:
-Իսկ ի՞նչ է հարկավոր անել, որ հանրապետությունում հակագրքային այս մթնոլորտը փոխվի:
-Հասարակությունն ինքը պետք է ընթերցող լինի: Եթե դու չես կարդում, ո՞նց կարող ես պահանջել, որ իշխանությունդ ընթերցասեր լինի:
-Իսկ իշխանական էլիտայի ընթերցասերները կարո՞ղ են մթնոլորտ փոխել:
-Նրանք կարող են միայն իրենց շուրջը որոշ բաներ փոխել: Եթե այսօր ինչ-որ լավ բաներ կան, դրանք առանձին մարդկանց, էնտուզիաստների արած գործն է: Դրանք այն մարդիկ են, որոնք շարունակում են հավատալ ինտելեկտուալ, մշակութային Հայաստանին եւ չեն հիասթափվում: Իսկ եթե մենք իսկապես մտածում ենք մեր երկրի մասին, չպետք է հուսահատվենք, եւ որ շատ կարեւոր է` ինքներս պետք է ընթերցասեր լինենք: Թե չէ, հայերիս մի զգալի հատված գիրք չի կարդում, բայց ուզում է, որ պաշտոնյան կարդացած լինի, գրադարան չի այցելում, բայց ասում է. «Պահպանենք գրադարանները»: Եթե մեր հանրությունը հեղափոխություն է ուզում, պետք է դիմի ամենաանարյուն ու գեղեցիկ ձեւին` գրքի միջոցով հեղափոխությանը:
-Կարծում եք` Հայաստանում հնարավո՞ր է գրքի միջոցով հեղափոխություն անել:
-Այո՛, եթե այսօրվա պայմանները հաշվի առնենք, գուցե սա լավատեսական մոտեցում է, բայց եթե գլոբալ նայենք, նաեւ իրատեսական:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՆՈՐ ԱՍՏՂԵՐ ԵՆ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ, ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ՀՆԱՑԵԼ ԵՆՔ»
«Նոր աստղեր են դուրս եկել, մենք արդեն հնացել ենք, էլ պետք չենք»,-այսպես պատճառաբանեց դերասանուհի Արմինե Պողոսյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու վերջին շրջանում ինքը չի երեւում էկրաններին:
«Վայ, մամա ջան» եւ «Սիրո գործակից» ֆիլմերից հետո դերասանուհուն այլ հեռուստանախագծում չենք տեսել. «Եթե ֆիլմերը չհաշվենք, համարյա վեց տարի է՝ էկրաններին չեմ երեւում, բայց զգում եմ, որ ժողովուրդն ինձ չի մոռացել, անընդհատ հարցնում են, թե ինչու չեմ երեւում ասպարեզում»,-ասաց մեր զրուցակիցը։
Մեր դիտարկմանը, թե գուցե նախագծերի հեղինակները նախապատվությունը տալիս են ոչ պրոֆեսիոնալ եւ էժան աշխատուժին, դերասանուհին պատասխանեց. «Այո՛, պրոֆեսիոնալների նկատմամբ անպատվաբեր վերաբերմունք են ցուցաբերում: Այդ պատճառով էլ սերիալներն ու ֆիլմերը վերջին շրջանում աչքի չեն ընկնում իրենց որակով»։
Հարցին, թե նոր հեռուստանախագծից առաջարկ ստանալու դեպքում արդյո՞ք կընդունի առաջարկը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Եթե սցենարը դուրս գա, իհարկե, կընդունեմ առաջարկը։ Բայց հիմա այնպիսի սցենարներ են գրվում, որոնց համար չարժե դուրս գալ եւ ծաղրի առարկա դառնալ»։
Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ որտեղ է դերասանուհին ուզում մշտական բնակություն հաստատել՝ ԱՄՆ-ու՞մ, ուր ինքը պարբերաբար այցելում է, թե՞ Հայաստանում. «Իհարկե, ցանկալի է Հայաստանում։ Շատ եմ սիրում հայրենիքս եւ մտադրություն չունեմ այստեղից գնալու, բայց կարծում եմ, որ արվեստի բնագավառում մեզ մոտ պասիվություն է տիրում, այդ մթնոլորտում պրոֆեսիոնալ դերասանի համար դժվար է աշխատելը։ Կուզենամ, որ մեր արվեստը զարգանա, հասանելի լինի արտերկրին։ Մենք շատ լավ դերասաններ ունենք, եւ իմ ցանկությունն այն է, որ նրանք մուրացիկի պես չապրեն։ Չեմ մեղադրում այն մարդկանց, որոնք գնում են երկրից»,-նկատեց Ա.Պողոսյանը։
Հարցին, թե արդյոք արտերկրից ստացել է գրավիչ առաջարկներ, դերասանուհին պատասխանեց. «Դեռ ոչ, բայց Միացյալ Նահանգներ գնալուց հետո հարմար առաջարկի դեպքում հնարավոր է՝ ընդգրկվեմ որեւէ սերիալում կամ ֆիլմում»։
ԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆ