ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԻՆ-ի համացանցի պաշտոնական էջի

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման եւ տարածման վտանգը: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տվյալներով՝ սեպտեմբերի 9-13-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: «Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կամ այլ կերպ ասած, դադարեցրեք խորովածով բացօթյա խնջույքները, խաշի սեզոնը սկսվել է…»,- հորդորում է ԱԻ նախարարությունը համացանցի իր պաշտոնական էջում:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ո՞ր օբյեկտները չեն կարող լիցենզավորվել։

Հարություն Գեւորգյան (45 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ լիցենզավորման մասին օրենքով սահմանվել եւ լիցենզավորման ենթակա տեսակների ցանկից հանվել են մի շարք օբյեկտների նկատմամբ լիցենզավորված կազմակերպությունների կողմից շինարարությունն իրականացնելու պահանջը, որոնց նկատմամբ կիրառվում է հսկողություն՝ համարելով դրանք չլիցենզավորված գործունեություն: Այդ օբյեկտներն են` բնակավայրերում կառուցվող 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող, մինչեւ երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տները, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտները, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները եւ 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակները, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունները եւ 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունները:
Վերոնշյալ օբյեկտների շինարարական աշխատանքները, պետք է կատարվեն տնտեսական եղանակով՝ առանց լիցենզավորված կապալառուի եւ տնտեսական հսկիչի ներգրավման:

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ի դեպ, լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առեւտրային եւ օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները:

 

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք Հայ առաքեlական եկեղեցին դեմ է յոգային։ Չնայած այն որեւէ այլ կրոնի կամ աղանդի հետ կապ չունի, այնուամենայնիվ, արդյո՞ք չի հակասում քրիստոնեությանը։

Մելինե Կարապետյան (29 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնենք, որ յոգան դեմ է քրիստոնեական վարդապետությանը: Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները նրանք են, ովքեր Առաքելական ավանդության համապատասխան մկրտված են Առաքելական Եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագի` հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ:
Հետեւորդ լինել նշանակում է հետեւել` հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, ում առաջնորդությամբ, մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որը մեղքերի քավության միջոցով է լինում:
Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին` սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը` հպարտությունը: Յոգայով զբաղվելով` դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը», «Չեք կարող երկու տիրոջ ծառայել»։

Արարատյան հայրապետական թեմ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ըստ մասնագետների՝ յոգան ուղղված է մեդիտացիայի միջոցով հասնելու մարմնի ու հոգու համահունչության, զարգացնելու մարմնի ճկունությունը։ Յոգա պարապող մասնագետների հավաստմամբ՝ այն բացի սովորական վարժանք լինելուց նաեւ օգնում է կտրվել աշխարհից։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է յոգային, Հայաստանում օրեցօր ավելանում են յոգայի խմբակներն ու դրանով հետաքրքրվողները։




Լրահոս