«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենան շենքի բացման պաշտոնական արարողությունը:
Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորեւ ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են, եւ այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում եւ ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնել:
Մեզ հայտնի դարձավ, որ կառուցապատման աշխատանքներն իրականացնում է «Ալգարե» ՍՊԸ-ն: Եռահարկ շինությունը, որի մեկ հարկը ստորգետնյա է, լինելու է գեղագիտական-ուսումնական կենտրոն: Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաեւ բացօթյա դահլիճ: Շենքը նաեւ ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց: Ի դեպ, ուսումնական կենտրոնը տեսանելի է նաեւ Աթենքի փողոցից, քանի որ շինությունը հենց Հրազդանի կիրճի բարձունքին է: Արարատյան հայրապետական թեմից նորակառույց կենտրոնին հասնելու համար անհրաժեշտ է անցնել մոտ 100 մետր:
Մոտավորապես՝ 1.5 միլիոն դոլար արժեցող այս շինության ներդրողներից մեկը որոշ տեղեկություններով Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է:
Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ կառուցված շինությունը «Վարպետաց տուն»-ն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործում են հայորդած տներ, սակայն այդ կառույցը յուրահատուկ է: Կրկին նվիրված է երեխաներին, բայց առավել չափով ծառայելու է հաշմանդամ երեխաներին եւ նախատեսված է իրենց համար իբրեւ սոցիալական, մշակութային կենտրոն, որտեղ իրենք ուսանելու են տարբեր արվեստներ, արհեստներ»,- ասաց Տեր Վահրամն ու հավելեց, որ կենտրոնը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից կառուցապատման համար հանձնվել է «Երեւան իմ սեր» ծրագրին, որն էլ՝ բարերարությամբ Հայկ եւ Էլզա Թիթիզյանների՝ կառուցել է այդ շինությունը:
Հարցին, թե որքա՞ն է կազմում նվիրատվության չափը, Տեր Վահրամը պատասխանեց. «Նվիրատվության չափը չենք կարող իմանալ, ես անձամբ չեմ կարող ասել, որովհետեւ տեղեկատվությանը չեմ տիրապետում: Ծրագիրն իրականացվել է «Երեւան իմ սեր» ծրագրի կողմից, որի մասին վստահ եմ տեղեկություն ունեք, եթե իրենք նպատակահարմար գտնեն, իրենք պետք է բարձրաձայնեն նվիրատվության չափը»:
Դիտարկնանը, որ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանն էլ է ներդրումներ կատարել այս ծրագրի իրականացման համար, Տեր Վահրամը արձագանքեց, որ Արմեն Սարգսյանն առնչվում է նաեւ «Երեւան իմ սեր» ծրագրին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: