Իրավապահ համակարգը ԱՄՆ-ում կայացած է, Հայաստանում՝ խաղալիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի նախկին գլխավոր խորհրդական Սթիվ Բեննոնը հանդես է եկել մի հետաքրքիր հարցազրույցով, որտեղ պատմում է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ՀԴԲ-ի արդեն նախկին ղեկավար Ջեյմս Քոմիի պաշտոնանկության մասին: Այդ որոշումը ԶԼՄ-ները անմիջականորեն կապում էին Բեննոնի անվան հետ՝ պնդելով, թե հենց նրա խորհրդով էր նախագահը այդ քայլին գնացել: Հարցազրույցում, սակայն, Բեննոնը կոպտագույն սխալ է որակել նախագահի քայլը՝ նկատելով, որ անթույլատրելի է այդօրինակ պաշտոնանկությունը իրավական ու ժողովրդավարական երկրում:

Նրա մոտեցումը լիովին կարելի է վերագրել նաեւ հայկական իրականությանը, որտեղ իրավապահ համակարգը ամբողջությամբ հայտնվել է կոնկրետ մեկ անձի՝ Սերժ Սարգսյանի գրպանում:

Հիշեցնենք, որ ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնանկությունը, թեեւ պաշտոնապես առնչակցվում էր քրեական գործերում անհետեւողական լինելու պատրվակի հետ, սակայն իրականում, ինչպես Թրամփն էլ խոստովանեց, թելադրված էր «ռուսական հետքի» գործի հետ, որով ՀԴԲ-ն հետաքննում է նախընտրական շրջանում Թրամփի մերձավորների եւ ՌԴ կառավարող շրջանակների գաղտնի կապերի մասին տեղեկությունները: Եվ ահա չկարողանալով իր կամքը պարտադրել հետաքննությունը ուղղորդելու հարցում՝ Թրամփը հարկադրված էր Քոմիին հեռացնել աշխատանքից:

Ամերիկյան ԶԼՄ-ները համոզված պնդում էին, որ դրա թիկունքում էր նաեւ նախագահի գլխավոր խորհրդականը, որը բնույթով բոլորին իշխելու եւ ուժեղ կենտրոնացված համակարգի կողմնակից է: Սակայն պաշտոնանկությունից հետո Բեննոնը հանդես եկավ բացատրություններով՝ պնդելով, որ ինքը Թրամփին այդպիսի խորհուրդ չի տվել, ավելին՝ համոզված է, որ դա կոպիտ վրիպում էր: Ըստ նրա՝ նախագահը թույլ էր տվել ժամանակակից քաղաքական պատմության մեջ ամենակոպիտ սխալը:

Նա նախ առաջարկում է վերլուծել իրավիճակը՝ հիմնվելով քաղաքական շահի ու տարրական տրամաբանության վրա: Նրա կարծիքով՝ ով էլ նշանակվեր ՀԴԲ-ի ղեկավար, ինստիտուտի քաղաքականությունը չէր փոխվելու: Ավելի եւս մանրամասնելով՝ Բեննոնը հավելել է, որ եթե Քոմին չպաշտոնազրկվեր, այդ նույն հետաքննությունն անցկացնելու համար արտակարգ լիազորություններով դատախազ չէր նշանակվի: Ստացվեց, որ ազատվելով ՀԴԲ անցանկալի ղեկավարից՝ Թրամփը ստացավ է՛լ ավելի անտանելի իրավիճակ, երբ հատուկ դատախազը կարող է ցանկացած պահի ուզածի պես ուղղորդել գործն ու ծանր գլխացավանքի վերածվել անձամբ նախագահի համար:

Նրա կարծիքով՝ նախագահը չի կարող աշխատանքից ազատել ՀԴԲ-ի ղեկավարին, քանզի ՀԴԲ-ն իրավական համակարգի հիմնասյուներից է, որի ղեկավարը ոչ թե գործադիրի առաջնորդի հլու կամակատարն է, այլ օրենքի ու իրավունքի պաշտպանության առաջնային դեմքերից մեկը: Նա համեմատություն է անցկացրել ԱՄՆ պետական մյուս հաստատությունների ղեկավարների հետ (Սենատ, Ներկայացուցիչների պալատ եւ այլն)՝ նկատելով, որ յուրաքանչյուր պետական ինստիտուտ ունի իր աշխատանքի տրամաբանությունը: Վերջինը, Բեննոնի համոզմամբ, չի կարող երբեւէ սահմանափակվել առանձին գործիչների անհատական հնարավորություններով ու նեղ-անձնական շահերով: Բեննոնը, փաստորեն, դաս է տալիս ինչպես ԱՄՆ նախագահ Թրամփին ու նրա մերձավորներին, այնպես էլ մեզ նման երկրների ղեկավարությանը՝ պարզորոշ հայտարարելով, որ պետական ինստիտուտի աշխատանքը կախված չէ ղեկավարի անձից, եւ վերջինի կամայական փոփոխությունը կարող է բումերանգի էֆեկտով հարվածել հենց դրա իրականացնողին:

Հարցն առավել եւս սրվում է, երբ գործ ենք ունենում գործադիրի ղեկավարի կողմից արդարադատական համակարգը սեփական շահերին ծառայեցնելու վտանգավոր փորձի հետ: ԱՄՆ-ում Թրամփի այդ քայլը ոչ միայն հանդիպեց իրավապահների դիմադրությանը, այլեւ Կոնգրեսի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խիստ դժգոհությանը եւ հանգեցրեց նրան, որ Թրամփը հայտնվեց ավելի ծանր կացության մեջ: Ահա այստեղ է դրսեւորվում պետության ու պետական ինստիտուտների հզորությունը, երբ ղեկավարը կարող է ուղղորդել ինստիտուտի աշխատանքը, սակայն խեղել դրա հիմնադրույթները պարզապես անկարող է:

Հայաստանում իրավապահ համակարգը թերեւս երբեւէ անկախ չի եղել: Ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Հայաստանում արդարադատության բնագավառը ոչ միայն չդարձավ իշխանության ներսում գործադիրին ու օրենսդիրին հավասարակշռող գործոն, այլեւ չկարողացավ անգամ պահպանել իր հարաբերական անկախությունը: 1990-ական թթ. Հայաստանյան իրավապահ համակարգը, թեպետ բազմազան էր, որտեղ յուրաքանչյուր ոլորտ ղեկավարվում էր մի ազդեցիկ գործչի կողմից, սակայն մեծ հաշվով կրկին միտված էր իշխանության պահպանմանը: Այսժամ կարելի է խոսել հարաբերական անկախության մասին այնքանով, որքանով համակարգը բացարձակորեն չէր ենթարկվում մեկ կետրոնի ու հլու-հնազանդ կատարում մեկ մարդու հրահանգները: Դա առավել ցայտուն դարձավ 1998-99 թթ., երբ երկրում փաստացի երկիշխանություն էր, եւ Ռոբերտ Քոչարյանը զրկված էր ողջ համակարգի նկատմամբ իշխանությունից: Դրա լավագույն հաստատումներից մեկը Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված գործն էր ու վերջինիս վարման ընթացքը: Այդժամ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանից խնդրում էր համաձայնություն տալ՝ Վ. Սիրադեղյանին կալանավորելու համար, սակայն քանի որ Վազգեն Սարգսյանը դրան դեմ էր, Քոչարյանի ծրագիրը այդժամ խափանվեց:

Իր իշխանավարության շրջանում, սակայն, վերջինս ամբողջովին իրեն ծառայեցրեց իրավապահ համակարգը. ցանկացած պաշտոնյայի ազատ հեռացնելով կամ նշանակելով՝ պետական ինստիտուտները դարձրեց հակառակորդներին ճնշելու իր ձեռքի խաղալիքը: Սերժ Սարգսյանը էլ ավելի կատարելագործեց այդ արատավոր պրակտիկան՝ 2008թ. մարտի 1-ից հետո ուղղորդված դատավարություններով ու սպանությունների՝ ծածկադմբոցի վերածված քննությամբ: Խնդիր դրած լինելով բացառապես իր անձնական իշխանության ամրապնդումը՝ Սարգսյանն այսօր անարգել խեղել է իրավապահ համակարգի իրական էությունը՝ այն վերածելով իր անձնական սպասարկուի, որը ցանկացած գնով չեզոքացնում է նրա իշխանությանը սպառնացող վտանգները:

Ն. Հովսեփյան




Լրահոս