Մարդկանց եկամուտները համեմատելի չեն գնաճի հետ. կարագի գինը «վազելով» բարձրանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր հանրապետությունում չբարձրացվող աշխատավարձերին ու կենսաթոշակներին հակառակ բարձրանում են ապրանքատեսակների գները: Հետեւաբար մարդկանց եկամուտները համեմատելի չեն այսօրվա գնաճի հետ: Ու, ընդհանրապես, վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում կյանքը թանկացել է:

Ըստ մասնագետների` այս իրավիճակի պատճառն այն է, որ Հայաստանում ամեն ինչ մոնոպոլացված է, եւ մրցակցային դաշտի բացակայությունը հաճախ բերում է գների կամայական փոփոխության: Հայաստանում բոլոր ապրանքատեսակների գները պարբերաբար բարձրանում են, եւ, առհասարակ, ընդհանուր գնաճային ճնշումը չի նահանջում: Վերջին շրջանի գնաճը մասնագետները կապում են խորհրդարանական հետընտրական շրջանի հետ: Իսկ որոշ ապրանքատեսակների թանկացումը պայմանավորված է սեզոնով: Սակայն տնտեսագետները համոզված են, որ առաջիկայում սկսվելու է գների բարձրացման նոր էտապ, որը, ըստ նրանց, կապված է ձմեռային սեզոնի գալստյան հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրության արդյունքում պարզեց, որ մեր երկրում մի քանի ապրանքատեսակներ տարեցտարի թանկացել են: Այդ ապրանքատեսակների շարքին են պատկանում նաեւ միսը, մսամթերքը: Տավարի մսի գինը բարձրացել է հենց տարեսկզբից: Օրինակ՝ մարտին, փետրվարի համեմատ, 0.6 տոկոսով է թանկացել, ապրիլին` 1.2-ով: Իսկ ահա օգոստոսին, հուլիսի համեմատ, տավարի մսի թանկացումը կազմել է 1.5 տոկոս: Մինչդեռ տարեսկզբին այն անցած տարվա համեմատ ավելի էժան գնով է վաճառվել:

Երեւանի սուպերմարկետներում եւ խանութներում տավարի մսի մեկ կիլոգրամը անցած տարվա օգոստոսին վաճառվել է 2490 դրամով, երեկվա դրությամբ այն արդեն արժեր 2690 դրամ: Իսկ 2015 թվականի նույն ժամանակահատվածում` օգոստոսին, տավարի մսի մեկ կիլոգրամը վաճառվել է 2530 դրամով, իսկ 2014 թվականին` 2300-ով:

Խոզի մսի թանկացումը հասել է իր գագաթնակետին: Ըստ պաշտոնական վիճակագրության` խոզի միսը այս հունվարին, անցած տարվա համեմատ, 0.4 տոկոսով է թանկացել, բայց ապրիլին, մարտի համեմատ, ավելի է թանկացել` 5.3 տոկոսով: Ինչից հետո սկսվել է խոզի մսի թանկացման ալիքը, ինչը շատերը պայմանավորում են սեզոնով, քանի որ մարդկանց մեծ մասը ամռան ամիսներին ավելի շատ է օգտագործում խոզի միս: Այս մայիսին, ապրիլի համեմատ, խոզի միսը թանկացել է 9.2 տոկոսով, հունիսին, մայիսի համեմատ, 3.3 տոկոսով: Բայց հուլիսին խոզի մսի շուկայում գնային ցնցումներ են գրանցվել, եւ այն հունիսի համեմատ 8.1 տոկոսով է թանկացել, ինչը շարունակական բնույթ է կրել եւ օգոստոսին ավելի թանկացել` 12.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը խանութներում շրջայց անելուց հետո պարզեց, որ խոզի մսի մեկ կիլոգրամն այսօր երեւանյան սուպերմարկետներում վաճառվում է 3800 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում արժեցել է 2370-2720 դրամ:

Գնային գրեթե նման վայրիվերումներ օգոստոսին արձանագրվել են նաեւ գառան եւ ոչխարի մսի շուկայում, իսկ թանկացումները սկսվել են հունվարից: Գառան մսի մեկ կիլոգրամը այս օգոստոսին վաճառվել է 3190 դրամով, մինչդեռ անցած տարվա դրությամբ այն 2400-2730 դրամ է եղել: Ի դեպ, տեղեկացնենք, որ 2015 թվականին գառան մսի մեկ կիլոգրամը վաճառվել է 2630-3000 դրամով, 2014-ին` 2850-3030 դրամով:

Գնաճից չի խուսափել նաեւ ձկնամթերքի շուկան. այստեղ թանկացումը սկսվել է փետրվարից, բայց ապրիլին, մարտի համեմատ, ձուկը թանկացել է 7.2 տոկոսով, եւ գնային այդ մակարդակը պահպանվել է մինչեւ մեր օրեր: Նկատենք, որ այս օգոստոսին իշխան ձկնատեսակի մեկ կգ-ն արժեցել է 2050-2200 դրամով: Այն հիմա նույնպես այս գնով է վաճառվում: Բայց այն անցած տարի վաճառվել է 1730 դրամով: Իսկ 2015 թվականին ունեցել է 1840 դրամ արժեքը, 2014-ին` 1920 դրամ:

Իսկ կարագի շուկայում սահմանված գները անհասկանալի ու անբացատրելի չափերի են հասնում: Կարագի շուկայում թանկացումը սկսվել է այս հունվարից եւ այդպես շարունակվել մինչեւ մեր օրեր` էլ ավելի թանկանալով: Այս շուկայում միայն օգոստոսին, հուլիսի համեմատ, գինն աճել է 3 տոկոսով, իսկ հունիսին, մայիսի համեմատ, 2.3 տոկոսով: Երեկվա դրությամբ «President» տեսակի կարագի մեկ կիլոգրամը խանութներում վաճառվել է 4750-4780 դրամով, մինչդեռ այն անցած տարվա նույն ժամանակահատվածում ունեցել է 2930-3840 դրամ արժեք: Իսկ ահա 2015 թվականին նշված կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3000-4080 դրամով, 2014-ին` 3090-4540 դրամով:

Ի դեպ, ըստ որոշ տնտեսվարողների` կարագի գինը առաջիկայում էլի բարձրանալու է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս