Ամերիկյան և հայաստանյան առաջնորդների անսխալականության բարդույթները. Հիլարի Քլինթոնն անկեղծանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին առաջին տիկին, նախկին պետքարտուղար եւ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը հրատարակել է իր նոր գիրքը, որտեղ մանրամասնորեն խոսում է անցած նախագահական ընտրությունների մասին: Քլինթոնը այդ գրքում պատմում է դեպքերի զարգացման իր տպավորությունների մասին, ինչպես նաեւ արդարանում իր պարտության համար: Գրքի վրա նետած ընդհանրական հայացքն իսկ բավական է՝ հասկանալու համար, որ Քլինթոնը իր պարտության համար մեղադրում է բոլորին, բացի իրենից: Սա լիովին ծանոթ մի պատկեր է, որ հանդիպում է հայաստանյան քաղաքական գործիչների շրջանում:

Իր գրքում, որը վերանագրված է «Ինչ պատահեց», Քլինթոնը անդրադառնում է նախագահական ընտրարշավի գրեթե բոլոր անկյուններին` քննելով իր մրցակիցներին ու հակառակորդներին առանձին-առանձին: Նա Թրամփի քարոզարշավը անվանում է «Պատերազմ ճշմարտության դեմ», որը 2016թ. հասել էր իր գագաթնակետին: Նա մեղադրում է Թրամփին սուտ խոսելու ու դրանք տարածելու, ինչպես նաեւ մարդկանց այդ ստերին հավատացնելու մեջ: Նա արձանագրում է, որ վարել է նախընտրական քարոզարշավը դասական քաղաքական պայքարի կանոններով, մինչդեռ Թրամփը հանդես է եկել որպես հեռուստատեսության աստղ, որ շահարկել է ընտրողների դժգոհությունն ու զայրույթը: Քլինթոնը քանիցս անվանարկում է Թրամփին` նրան անվանելով ապագաղափարական, վտանգավոր մարդ ոչ միայն ամերիկացիների, այլեւ ամբողջ աշխարհի համար: Կռվում պարտվելուց հետո թափահարելով բռունցքները` Քլինթոնը, փաստորեն, անկարող է վեր կանգնել իր անձնական զգացումներից եւ ստիպված է կրկին ու կրկին մեղադրել իր մրցակցին, որը արդեն իսկ հաղթել է ու դարձել նախագահ: Ի դեպ, Թրամփը նույնպես մինչ օրս Թվիթերում ժամանակ առ ժամանակ հիշում է Քլինթոնին ու իր հին ոխը:

Ձախողման համար Քլինթոնը առաջինը մեղադրում է ներկուսակցական պայքարում մրցակից Բեռնի Սանդերսին, որը, ի վերջո, սատարել էր նախկին պետքարտուղարին: Վերջինս, սակայն, պնդում է, որ Սանդերսի քննադատությունը մեծ վնաս հասցրեց իր քարոզարշավին՝ թույլ չտալով կարճ ժամանակում համախմբել կուսակցության բաժանված թեւերն ու ճանապարհ հարթելով Թրամփի հաջողության համար: Իր ձախողման հաջորդ պատճառ է հռչակում ռուսական գործոնը: Համարելով, որ Թրամփը հաջողել է ռուսական աջակցությամբ՝ Քլինթոնը դա բացատրել է ՌԴ նախագահ Պուտինի դժկամ վերաբերմունքով իր հանդեպ: Ըստ նրա՝ Պուտինի հետ հարաբերությունները վաղուց են լարված, որը պայմանավորված է ՌԴ նախագահի արհամարհանքով կանանց եւ բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք ի վիճակի են դեմ կանգնելու իրեն: Քլինթոնը եզրակացնում է, որ այդկերպ ինքը կրկնակի խնդիր էր Պուտինի համար, որն էլ անձնական վրեժխնդրությամբ է առաջնորդվել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելիս: Մեղավոր է հռչակվում նաեւ այնժամ ՀԴԲ-ի ղեկավար Ջեյմս Քոմին, որը ընտրություններից 11 օր առաջ հայտարարել էր Քլինթոնի նամակների առթիվ հարուցված քրեական գործի վերաբացման մասին: Քոմիի հայտարարությունը որակելով իբրեւ «դրամատիկ միջամտություն»՝ նախկին առաջին տիկինը հենց դա է համարում ընտրությունների ելքը վճռած գործոնը:

Չի շրջանցվում նաեւ գենդերային թեման, որի համատեքստում Քլինթոնը պնդում է, որ սեքսիզմն ու կնատյացությունը մեծ դեր խաղացին 2016թ. ընտրության ժամանակ: Նա հիշատակում է Թրամփի հայտնի սկանդալային ձայնագրությունը, որտեղ նախագահը վուլգար արտահայտություններ էր արել կանանց հասցեին, ու զարմանում, թե ինչպես կարելի էր այդքանից հետո քվեարկել Թրամփի օգտին: Ի դեպ, գնահատելով Թրամփի երդմնակալության արարողությունը՝ Քլինթոնը խոստովանում է, որ տատանվում էր՝ մասնակցե՞լ դրան, թե՞ ոչ, սակայն նախկին նախագահներ Ջորջ Բուշի ու Ջիմի Քարտերի հետ խոսելուց հետո որոշել է անմասն չմնալ: Իսկ Թրամփի նախագահական առաջին ելույթն էլ գնահատել է Բուշի՝ այդ պահին հնչեցրած դիտարկմամբ.«Դա մի տարօրինակ աղբ էր»:
Թեպետ Քլինթոնը նշում է, որ պատասխանատվությունն իր վրա էր եւ սխալների ու բացթողումների հասցեատերն էլ ինքն է, սակայն գրքի ընդհանուր բովանդակությունն ու շարադրանքը ընթերցողից վանում են թեկնածուի մեղավորությունը: Նա ակնհայտորեն հրաժարվում է առարկայական պատասխանատվություն վերցնել, քանզի մեկ-երկու չնչին բացառություններից բացի՝ չի խոսում խոշոր սխալներից:

Սա չափազանց ծանոթ իրավիճակ է հայկական իրականության համար, որտեղ քաղաքական ու պետական գործիչները պատվից ցածր են համարում սեփական սխալներից խոսելը: Եթե համեմատության ելակետ վերցնենք ՀՀ նախագահներին ու նախագահության իրական հավակնորդներին, սեփական սխալները ընդունելու փաստերը մեկ ձեռքի մատների վրա կարելի կլինի հաշվել: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1997թ. մամուլի ասուլիսում ընդունել էր, որ մի շարք սխալներ էր գործել կադրային քաղաքականության հարցերում, իսկ 2007թ. կոնկրետ ներողություն էր խնդրել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու ու ժողովրդի վզին փաթաթելու համար: Ռոբերտ Քոչարյանը երբեւէ չի խոսել իր սխալների մասին՝ հավանաբար դա թուլություն համարելով: Նույնպիսի տրամաբանությամբ է առաջնորդվում նաեւ Սերժ Սարգսյանը, որի համար սխալների ընդունելու պահը դեռ չի հասունացել՝ մինչեւ 2040 թվականը իշխելու նկրտումներին հակառակ: Իսկ ընդդիմության առաջնորդներից, օրինակ, Վազգեն Մանուկյանը երբեք չընդունեց, որ ԱԺ-ի գրավումը մեծագույն հարված էր նորանկախ պետականության հիմքերին, որից մինչ օրս վերականգնվել չի ստացվում:

Ստեփան Դեմիրճյանն ընդհանրապես քաղաքական հաշվետվության հետ առնչություն չունի, որին ինչ-որ իմաստով երկրորդում է Րաֆֆի Հովհաննիսյանը: Արդ, Հայաստանի քաղաքական-պետական գործիչների ճնշող մեծամասնությունը կա՛մ չի խոսում սեփական սխալներից, կա՛մ էլ համոզված է իր քայլերի գերճշմարտացիության հարցում:

Ն. Հովսեփյան




Լրահոս