Երգչուհի Լայանան մտադիր է հեռանալ Հայաստանից. ինչո՞ւ է նա նման անսպասելի որոշում կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Լայանան (Լիաննա Թեւոսյան) չի երեւում էկրաններին, ակտիվություն չի ցուցաբերում շոու-բիզնեսում։ «Ժողովուրդ»-ը նրանից հետաքրքրվել է պատճառների մասին։

Պարզվում է՝ երգչուհին ընտանյոք հանդերձ պատրաստվում է առաջիկայում լքել Հայաստանը. «Ամուսնուս գործի բերումով այնպես է ստացվել, որ որոշ ժամանակ անց, թերեւս արդեն մյուս տարի, ընտանիքով բնակություն կհաստատենք Ռուսաստանի Դաշնությունում։ Այդ է պատճառը, որ ստեղծագործական դադար եմ վերցրել եւ այս պահին, օրինակ, նոր տեսահոլովակ թողարկելու մասին չեմ մտածում»,- մեկնաբանեց Լայանան։

Հարցին, թե արդյո՞ք երգչուհին պատրաստվում է մշտական բնակություն հաստատել արտերկրում, վերջինս պատասխանեց. «Դա կախված է ամուսնուս գործերից։ Եթե ամեն բան հաջող ընթանա, թերեւս կմնանք»։

Մենք հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Լայանան այդ դեպքում չի հեռանա երգարվեստից, շոու-բիզնեսից. «Գիտե՞ք՝ երբ ընտանիք ես ունենում, քեզ համար առաջնայինն այն է, որ ընտանիքիդ անդամների հետ լինես, որ սատար կանգնես նրանց։

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ չեմ դադարի երգել, գուցե Ռուսաստանում ինչ-որ ակումբներում կամ ռեստորաններում երգեմ, տեսնենք, կյանքը ցույց կտա։ Համենայն դեպս, ես չեմ պատկերացնում իմ կյանքը առանց երգի, առանց արվեստի»։

Լայանան նաեւ տեղեկացրեց, որ մտադիր է Ռուսաստանում կարուձեւով, հագուստի մոդելավորմամբ զբաղվել, ինչո՞ւ ոչ, գուցե նաեւ սեփական ատելյեն ունենալ, բիզնեսով զբաղվել. «Փոքրուց զբաղվել եմ կարուձեւով, հիմա, արդեն փորձում եմ մասնագիտանալ այդ գործում։ Կարծում եմ՝ վատ չի ստացվի»,- ասաց նա։

Երգչուհուց, որն արդեն դուստր ունի, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք երկրորդ երեխա լույս աշխարհ բերելու ցանկություն ունի. «Այո՛, ասեմ, որ պլանավորում ենք հաջորդ տարի երկրորդ երեխան ունենալ, Աստված առաջ։ Առհասարակ, ես սիրում եմ ամեն բան պլանավորել։ Իսկ ընտանիքը համալրելու ցանկություն, իսկապես կա»,-եզրափակեց նա։

Անի Անտոնյան




Լրահոս