Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը, ով 2013 թվականից պատիժ է կրում ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում, ArmLur.am-ին տեղեկացրեց, որ անընդհատ ձգձգվում է իր պատժի տեսակի փոփոխման հարցը: Նա դիմել է ՔԿՀ-ին` կիսափակ ռեժիմից կիսաբաց ռեժիմին անցնելու համար, սակայն, վերջինիս խոսքով` այս գործընթացն անօրինական ձգձգվում է:
Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ Արկադի Վարդանյանը, ըստ օրենքի սահմանված կարգի, դիմում է ներկայացրել, որ իրեն տեղափոխեն կիսաբաց ռեժիմի:
«Երկու ռեժիմների տարբերությունը կայանում է նրանում, որ կիսափակ ռեժիմը խցիկային ռեժիմ է, իսկ կիսաբաց ռեժիմը խցիկային չէ: Այսինքն` Արկադի Վարդանյանը պատիժը կկրի ՔԿՀ-ի պատերի ներսում, բայց ոչ խցում, համեմատական առումով «ազատ» ռեժիմ է: Հաշվի առնելով իր առողջական վիճակը` դա ավելի բարենպաստ է», – ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Վերջինս նշեց, որ իր պաշտպանյալը դիմում է ներկայացրել Արմավիր ՔԿՀ-ին, որպեսզի իրեն տեղափոխեն կիսաբաց ռեժիմ.
«ՔԿՀ-ն հարգել է իր դիմումը, ներկայացրել է վարչությանը միջնորդագիր, որպեսզի իրեն տեղաբաշխեն կիսաբաց ռեժիմ: Միջնորդագրի համար հիմք են հանդիսացել նաև ներքին օպերատիվ և տարբեր բաժինների գրությունները. ոչ ոք չի առարկել: Միջնորդագիրը ներկայացվելուց հետո ստացվել է պատասխան, որ փաստաթուղթը ճիշտ չէ լրացված, տեխնիկական խնդիրներ կան և հետ է ուղարկվել ՔԿՀ հիմնարկ: Սա տեղի է ունեցել ապրիլ ամսին, և ՔԿՀ-ն դրանից հետո ոչ մի քայլ չի արել», – ասաց Բաղդասարյանը:
Փաստաբանի խոսքով` Արկադի Վարդանյանը բողոքներ է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին և այլ հաստատությունների, և միայն 2-3 ամիս հետո գրություն է ստացվել, երբ Արկադի Վարդանյանի բողոքը հանձնվել էր դատարանին. «Գրության մեջ ասվում է, որ օպերատիվ բաժինը հայտնել է, որ Արկադի Վարդանյանի անվտանգությունը չեն կարող ապահովել կիսաբաց ռեժիմում այն դեպքում երբ գրություն գրողը Արմավիր ՔԿՀ-ի օպերատիվ բաժինն է, իսկ այդ հիմնարկում Արկադի Վարդանյանի չի կարող շարունակել պատիժ կրել: Իրեն պետք է տեղափոխեն այլ ՔԿՀ, հետևաբար Արմավիր ՔԿՀ օպերատիվ բաժինը չէր կարող նման եզարահանգում անել», – ընդգծեց ArmLur.am-ի զրուցակիցը:
«Ակնհայտ է , որ ոչ օրինական ճանապարհով մարդուն ուզում են պահել կիսափակ ռեժիմում: Արկադի Վարդանյանն էլ համարում է, որ սա խոշտանգում է իր անձի նկատմամբ, մանավանդ որ ինքը առողջական խնդիրներ ունի: Նա սա կապում է իր քաղաքական հայացքների հետ»,- հավելեց փաստաբանը` նշելով, որ այս պահին գործը գտնվում է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում. «Ցավոք սրտի, 4-5 նիստ ենք արել, սակայն ՔԿՀ վարչությունից դեռ ներկայացուցիչ չի եկել դատարան»:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Քաղաքագիտության դոկտոր, հրապարակախոս Արկադի Վարդանյանը 10 տարվա ազատազրկման դատապարտվեց ընկերոջ հորը թունավորելու փորձի համար:
Լուսինե Առաքելյան