Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Թուրքմենստան՝ ներկա գտնվելու երեկոյան մայրաքաղաք Աշգաբատում կայանալիք Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահ Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հայ գործընկերոջը` հրավերն ընդունելու և Աշգաբատ ժամանելու համար: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ բարձր մակարդակով կազմակերպված Ասիական խաղերը հաջողությամբ կանցկացվեն և համահունչ կլինեն խաղերի կարգախոսին: Թուրքմենստանի Նախագահը կարևորել է սպորտի և օլիմպիական շարժման դերը միջպետական կապերի ամրապնդման, ժողովուրդների միջև բարեկամության ու փոխըմբռնման հասնելու տեսանկյունից: Նախագահ Բերդիմուհամդովի համոզմամբ, դա կօգնի նաև ՄԱԿ-ին` հաջողությամբ կյանքի կոչելու կայուն զարգացմանը միտված համընդհանուր ռազմավարությունը:
Հանդիպմանը երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-թուրքմենական հարաբերություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում` էներգետիկայի և տրանսպորտի, փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել բարձր մակարդակով Երևանում կայացած վերջին հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
Երկկողմ հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը, այլ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ միասին, կհյուրընկալվի Թուրքմենստանի առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ Թուրքմենստանի Նախագահի կողմից կկազմակերպվի ընդունելություն: Ասիական հինգերորդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Աշգաբատի Օլիմպիական մարզադաշտում: Օլիմպիական գաղափարախոսության համաձայն անցկացվող այդ խաղերին մասնակցում են վաթսունհինգ երկրից հինգ հազարից ավելի մարզիկներ, ովքեր իրենց ուժերը չափելու են քսանմեկ մարզաձևերում: Ասիական հինգերորդ խաղերն անցկացվում են «Առողջություն, ներշնչանք, բարեկամություն» խորագրի ներքո: