ArmLur.am-ը քիչ առաջ հայտնեց, որ այսօր Էջմիածնում հերթական միջադեպն է տեղի ունեցել: Մասնավորապես, բնակիչներից մեզ հայտնի էր դարձել, որ քաղաքում կրակոցի ձայներ են հնչել, ավելի ուշ տեղեկացել են, որ կա վիրավոր:
Լուրի հրապարակումից րոպեներ անց մեզ հայտնի դարձավ նաև, որ քաղաքում դանակահարություն էլ է եղել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն օպերատիվ արձագանքեց մեր հրապարակմանը` հերքելով այն:
Ոստիկանության պաշտոնական մեկնաբանության համար դիմեցինք Ա. Ահարոնյանին, նա ի պատասխան` փոխանցեց հեռախոսահամար, որպեսզի զանգի միջոցով ուղղենք մեր հարցերը:
Մենք զանգահարեցինք նշված հեռախոսահամարով: Մեզ պատասխանած անձը ասաց, որ տեղյակ չի կատարվածից և խնդրեց զանգահարել առավոտյան, որպեսզի կարողանա ճշտումներ անել: Այսինքն` պատասխանատու կարգված ոստիկանն անտեղյակ էր:
Եվ մինչ կփորձեինք Աշոտ Ահարոնյանից խելամիտ պաշտոնական պարզաբանում ստանալ, նույն անձը մեզ հետ զանգահարեց և ասաց. «Քիչ առաջ ես ճշտեցի. կրակոցներ Էջմիածնում չեն հնչել»: Իսկ թե ինչ է եղել, այդպես էլ չպարզաբանեց:
Մինչդեռ Էջմիածնի Կիրովի փողոցում, բնակիչների համոզմամբ, կրակոցների ձայներ են հնչել, ինչպես իրենք են ասում` գմփոցներ, Կիրովի փողոցում շունը տիրոջը չի ճանաչում. լարված վիճակ է: Վիրավորին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Մարդիկ վախեցած են, իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից հերքում են:
Եվ այստեղ հարց է առաջանում` ինչ «գմփոցի» ձայն են լսել բնակիչները դեպքի պահին, եթե ըստ ոստիկանության այլընտրանքային տեղեկատվության` տեղի է ունեցել միայն դանակահարություն:
Իհարկե, հասկանալի է, որ ոստիկանության շահերից չի բխում վերջին դեպքերից հետո հաստատել հերթական կրակոցի լուրը, քանի որ ոստիկանության օպերատիվ հետախուզության աշխատակիցների անկարողությունը կրկին կընդգծվի, բայց իրականությունը երբեմն շատ դառն է լինում: