ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության. Սերժ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի բացմանը: Հանրապետության Նախագահը համաժողովի առաջին լիագումար նիստում հանդես է եկել ելույթով:

Ներակայացնում ենք Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի առաջին լիագումար նիստում`

Արցախի Հանրապետության մեծարգո՛ նախագահ,

Ձե՛րդ Սրբություն Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,

Գերաշնո՛րհ և հոգեշնորհ հայրեր,

Հարգարժա՛ն գործընկերներ,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ուրախ եմ բոլորիդ ողջունելու համայն հայության մայրաքաղաք Երևանում՝ Հայաստան-սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի շրջանակներում: Արդեն բարի ավանդույթ է դարձել Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների և կառույցների այս ներկայացուցչական համաժողովի պարբերաբար անցկացումը մայր հայրենիքում, որի ընթացքում բոլորս միասին քննարկում ենք իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշում նոր նախաձեռնությունների մեկնարկը տարբեր ուղղություններով:

Ձեզանից շատերը հեռվից երկար ճանապարհ են կտրել դեպի քաղաքամայր Երևան: Ոմանց անգամ պետք է եղել երեք-չորս ինքնաթիռ փոխել՝ այսօր այստեղ գտնվելու համար, իրենց համայնքի պատգամը, հույզերն ու հարցադրումները բերելու համար: Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ և բարի գալուստ եմ մաղթում մայր Հայաստան:

Համաժողովի երկու օրերի ընթացքում այստեղ, անշուշտ, կքննարկվեն կարևոր մարտահրավերներ և կնախանշվեն նոր հնարավորություններ Հայաստան աշխարհի և հայ ժողովրդի ապագայի համար: Վստահ եմ, որ քննարկումների առանցքում պահելու եք մեր հայրենիքի շենացման և արդար, զարգացած ու համերաշխ երկիր կառուցելու բոլորիս ընդհանուր տեսլականը:

Արագ զարգացող աշխարհում փոխվում ենք նաև մենք՝ ողջ հայ ժողովուրդը: Փոխվում են սփյուռքի համայնքները, եկեղեցին, համայնքային և համահայկական կառույցները և, հետևաբար, փոխվում է նաև մեր օրակարգը: Հայաստան-սփյուռք համաժողովները պատեհ առիթ են կարևոր հանգրվաններում միմյանց շունչը զգալու համար:

Նախորդ համաժողովին լսվեցին շատ կարծիքներ, եղան մի շարք արժեքավոր առաջարկություններ, որոնց մի մասն արդեն վերածվել է ընթացիկ ծրագրերի: Նախորդ համաժողովի ընթացքում, օրինակ, հավանության արժանացավ Համահայկական խորհուրդ ձևավորելու գաղափարը, ի մի բերվեցին Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման վերաբերյալ իրավական մի քանի թղթածրարներ և այլն:

Իհարկե, լավ գաղափարները դառնում են նախաձեռնություններ, իսկ դրանք արդեն պետք է վերածվեն ծրագրերի և գործողությունների: Սովորաբար գաղափարներ ու նախաձեռնություններ հնչեցնելը շատ ավելի հեշտ է, քան դրանք իրականացնելը:

Այժմ, անշուշտ, հասունացել է մեր անցած ճանապարհն ամենայն ուշադրությամբ ուսումնասիրելու պահը: Դրան զուգահեռ առաջարկում եմ այս համաժողովն օգտագործել որպես Հայաստան-սփյուռք ռազմավարական երկխոսության հարթակ, որտեղ միասնականության և բազմակարծության ոգով անցկացվող քննարկումների արդյունքում կծնվեն ապագային միտված նոր գործողությունների ծրագրեր՝ Հայաստանի, Արցախի և սփյուռքի համայնքների զարգացման ու հզորացման համար:

Կասկածից վեր է, որ Հայաստանի երրորդ Հանրապետությունն անհամեմատ ուժեղ է սփյուռքի ավանդական կառույցների միջազգային համայնքում ինտեգրված մեր հայրենակիցների ջանքերի շնորհիվ: Մենք բարձր ենք գնահատում բոլորիդ և յուրաքանչյուրիդ ներդրումը: Հայաստանում և Արցախում այսօր գոյություն ունեն բոլոր հնարավորությունները առաջին հերթին մեր հայրենակիցների ինքնադրսևորման, հանրային, հասարակական կամ մասնավոր ոլորտներում հաջողություններ գրանցելու և, ի վերջո, ավելի լավ երկիր կառուցելու մեր ջանքերին կոնկրետ աշխատանքով կամ բարի խորհրդով օժանդակելու ձեր մղումը կյանքի կոչելու համար:

Սիրելի՛ բարեկամներ,

Որքան էլ մենք գնահատենք ավանդական կառույցների և փորձառու նվիրյալների ջանքերը, կուզեի հիշեցնել բոլորիս, որ առանց երիտասարդության, առանց նոր սերնդի կառուցողական ներգրավման մեր ջանքերը լիարժեք չեն լինելու: Ուստի, խոսքս այս պահին ուղղում եմ մեր պայծառ երիտասարդությանը:

Սփյուռքի տարբեր համայնքներում, պայմանավորված գլոբալացվող աշխարհի միտումներով, հատկապես երիտասարդության շրջանում ստվարանում են իրենց բազմաէթնիկ բնորոշող անհատների շարքերը: Մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այս միտումներին և նոր ծրագրեր մշակենք մեր երիտասարդության մշակութային և մասնագիտական զարգացումը ապահովելու, նրանց ինքնությունը հարստացնելու համար:

Այս առումով հատուկ դրվատանքի են արժանի սփյուռքի նվիրյալների ջանքերով Հայաստանում մասնագիտական փորձաշրջաններ, երիտասարդական հավաքների հնարավորություններ ընձեռող կազմակերպությունները: Մենք պետք է հարստացնենք մեր կյանքը թե՛ Հայաստանում ու Արցախում, թե՛ սփյուռքի տարբեր համայնքներում՝ երիտասարդների համար՝ հենց իրենց իսկ ուժերով:

Կարևոր եմ համարում ընդգծել ևս մեկ, հաճախ թյուրընկալվող հանգմանք. մեր պապերից ժառանգած միասնականության պատգամը երբեք չի նշանակել միակարծություն կամ մեծամասնության կարծիքը անհատի մտքի նկատմամբ գերադասելու անհրաժեշտություն: Թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում մենք ողջունում և գնահատում ենք բազմակարծությունը, ինչը կարևոր պայման է նորը ստեղծելու համար:

Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության կոչը չպետք է դիտվի որպես ինքնուրույնության հականիշ: Ընդհակառակը, համագործակցաբար, ուս ուսի տված և միայն տարբեր մոտեցումների համադրմամբ մենք կարող ենք հասնել արդյունավետ լուծումների: Մեր ուժը մեր բազմակարծության մեջ է:

Յուրաքանչյուր արտասահմանյան ուղևորության ժամանակ ես բաց չեմ թողնում տեղում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու առիթը: Բոլոր այդ հանդիպումներն առանձնացել են հատուկ ջերմությամբ, և մեծ հպարտություն եմ զգացել՝ տեսնելով մեր քույրերի ու եղբայրների հաջողությունները: Ամեն տեղ ես տեսել եմ հպարտ հայեր, ովքեր պահպանել են իրենց ազգային դիմագիծը և ամեն ինչ անում են մեր ընդհանուր հարուստ ժառանգությունը սերնդեսերունդ փոխանցելու համար:

Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես տեսել եմ, որ ամեն համայնք ունի իր հատուկ դիմագիծը: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ես դիմել եմ ձեզ և խնդրել պահպանել հայկական ինքնությունը և միաժամանակ լինել ձեր երկրի լավագույն քաղաքացին, մերժել ուծացումը, բայց միևնույն ժամանակ լավագույնս ինտեգրվել:

Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի համար ընտրված քննարկումների չորս ուղղությունները լավ հարթակ են մեր ընդգրկուն օրակարգի խնդիրները վերհանելու, լուծումներ քննարկելու, տարբեր պետական, հասարակական և համահայկական կառույցների ջանքերը համադրելու ու սերտ գործակցության նոր ուղղություններ հաստատելու առումով:

Հարգելի՛ բարեկամներ,

Նախորդ երեք տարիների ընթացքում Հայաստանի կյանքում տեղի են ունեցել նշանակալի իրադարձություններ: Այժմ գտնվում ենք լիարժեք խորհրդարանական կառավարման անցնելու ճանապարհին:

Սա նշանակում է, որ նոր հնարավորություններ են ստեղծվում երկրի հասարակական-քաղաքական կյանքին մասնակցելու և ապագայի հանդեպ պատասխանատվություն ստանձնելու առումով:

Կոչս առաջին հերթին ուղղված է մեր այն հայրենակիցներին, ովքեր տարիներ ի վեր ճանապարհներ են փնտրել զարգացման և բարեփոխումների իրենց գաղափարները Հայաստանում լսելի դարձնելու համար: Հիմա եկել է գաղափարները կյանքի կոչելու ժամանակը:

Ինչպես գիտեք, 2015 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանում համապետական հանրաքվեով ընդունվեցին Սահմանադրության փոփոխությունները, որոնք հեղափոխական բարեփոխումների հիմք են դարձել մեր պետական կառավարման, հանրային կյանքի և քաղաքական բնագավառներում: Հայաստանը փոխվում է, դառնում ավելի բաց, ճկուն և ժողովրդավար:

Փոխվում են նաև մեր քաղաքացիները, քաղաքական և հասարակական կյանքը՝ դառնալով ավելի օրինապաշտ և կազմակերպված: Ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության, իշխանությունների պատասխանատվության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հասունության իրողություններն են, որ պետք է անընդհատ կատարելագործենք:

2017 թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցան հերթական խորհրդարանական ընտրությունները, որոնք անցան աննախադեպ թափանցիկության, և միջազգային մասնագիտական կառույցների բարձր գնահատականներ ստացած նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

Միջազգային և տեղական դիտորդները բարձր գնահատեցին ժողովրդավարության կառուցման ճանապարհին այս ձեռքբերումը, որը, իհարկե, հնարավոր չէր լինի առանց հասուն քաղաքացու, իրենց պատասխանատվությունը գիտակցող քաղաքական ուժերի, արմատավորվող երկխոսության մշակույթի և միջազգային մեր գործընկերների քաղաքական և ֆինանսական աջակցության:

Միս ու արյուն ստացող սահմանադրական նոր կարգը լավ հիմք է քաղաքական երկխոսության մշակույթը ամրացնելու, քաղաքական ուժեղ կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը ուժեղացնելու և օրինականության հանդեպ հարգանքը մեր երկրում խորացնելու և անշրջելիորեն արմատավորելու համար:

Կարևոր է նաև, որպեսզի մենք պայմաններ ստեղծենք բոլոր հնարավոր ժամանակակից միջոցներով սփյուռքի մեր եղբայրներին և քույրերին Հայաստանի իրական կյանքին ծանոթացնելու համար` անկախ նրանց կուսակցական կամ քաղաքական նախասիրություններից։ Միայն օբյեկտիվ իրականությունը և միմյանց կարիքները հասկանալով մենք կարող ենք ստեղծել ներառական և իրական օրակարգ։

Հայրենակիցնե՛ր,

Ամփոփելով անկախության քսանհինգ տարիների ձեռքբերումներն ու բացթողումները՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստում մենք հրապարակեցինք գալիք 25 տարիների հիմնական գերակայությունների մասին մեր պատկերացումները։ Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի բարելավումը հիմնական շեշտադրումներից մեկն էր այդտեղ։

Մենք արձանագրում ենք, որ ժողովրդագրական միտումները մեր երկրում խիստ մտահոգիչ են և հետևանք են քառորդդարյա օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ գործոնների։ Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը, արտագաղթի և ներգաղթի հարաբերակցության էապես վերափոխմանը։

Մենք հայտարարել ենք, որ մեր նպատակն է, որպեսզի Հայաստանը 2040 թվականին ունենա առնվազն 4 միլիոն բնակիչ: Ակնհայտ է, որ միայն ծնելիության մակարդակի ավելացման, մարդկանց կյանքի տևողության երկարացման և ժողովրդագրական պատկերը բարելավող մյուս քայլերով մենք այդ նպատակին դժվարությամբ կհասնենք ՝ չնայած այդ ուղղություններով հաստատակամորեն առաջ ենք գնալու։ Հետևաբար նպատակադրումը ենթադրում է գալիք 25 տարիների ընթացքում դեպի Հայաստան ներգաղթի լուրջ ցուցանիշների ձեռքբերում։

Հենց այս խնդրի իրականացումն է դառնալու, իմ կարծիքով, գալիք մի քանի Հայաստան-սփյուռք համաժողովների քննարկման հիմնական թեման։ Մինչև հաջորդ համաժողով մենք կավարտենք բոլորիս անելիքների քարտեզագրումը, կբյուրեղացնենք ինչպես մեր միասնական քայլերի տրամաբանությունը, այնպես էլ սփյուռքի յուրաքանչյուր համայնքին բաժին ընկնող նպատակների ու անելիքների համալիրը։

Հաջորդ Հայաստան-սփյուռք համաժողովը լինելու է «4 միլիոնանոց Հայաստան» ծրագրի համահայկական քննարկման հավաքն ու դրա իրականացման ընթացքի իրական սկիզբը։ Սա պայմանավորվում ենք հենց հիմա այստեղ:

Հայաստանյան և համահայկական կառույցները արդեն երկար ժամանակ համակարգված աշխատանք են տանում սփյուռքի համայնքներից դեպի հայաստանյան կյանք երիտասարդ մասնագետների, գործարարների հայրենա-դարձությանը օժանդակելու համար, ինչի համար երախտապարտ ենք նրանց։ Կարծում եմ, որ մենք հասունացել ենք հայրենադարձության կազմակերպման հարցի շուրջ լրջորեն քննարկում ծավալելու համար։

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Ցավոք, անցած երեք տարիներին շարունակվեց լարվածությունը մեր տարածաշրջանում:

2016-ի ապրիլին մեր ժողովրդին նորից պարտադրվեց պատերազմ, և մենք նորից պատվով դիմագրավեցինք հակառակորդի կողմից նախնադարյան մտածողության արգասիք վայրագությանը: Այսօր մենք պետք է դրվատենք մեր զինվորների և սպաների անձնվիրությունը, հերոսությունը և մարտական ոգին, բայց պետք է չմոռանանք, որ կարճատև պատերազմում մենք ունեցանք նաև կորուստներ: Փա՛ռք ու պատիվ մեր զինված ուժերին:

2016-ի ապրիլին մենք կրկին ցույց տվեցինք աշխարհին մեր միասնականությունը և հայի անկոտրում ոգու ուժը: Մենք համախմբվեցինք, լարեցինք մեր ուժերը մարտի դաշտում, որպեսզի այնուհետև ամրագրենք մեր շահերը բանակցությունների սեղանի շուրջ: Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ միջազգային դատարանները, համոզված եմ, դեռ իրենց վճիռները կկայացնեն:

Հայաստանի և Արցախի զինված ուժերն են այսօր այս անկայուն տարածաշրջանում անվտանգության և խաղաղության երաշխավորը, և համաշխարհային հանրության առջև մենք կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները: Հայ զինվորն է այստեղ պահպանում խաղաղությունը՝ իրականության հետ կապը կորցրած հարևան երկրի իշխանությունների դեմ: Ադրբեջանի իշխանությունների կողմից հայատյացության քարոզը երկրի ներսում և այդ քարոզչությունը միջազգային ասպարեզ արտահանելու փորձերը ստեղծում են մի վիճակ, երբ հայ հասարակությունը` Արցախում, Հայաստանում ու սփյուռքում ավելի է կարծրացնելու փոխզիջման պատրաստ իր դիրքորոշումը:

Չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն, մինչև Ադրբեջանի ղեկավարությունը չհամակերպվի միջազգային հանրության կողմից ամրագրված սկզբունքների գոյության հետ: Մենք համոզված ենք, որ միջազգային խաղաղության պահպանման և հակամարտությունների կանխարգելման համար կարևոր է մարդու իրավունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքների իրացումը, քանի որ գրեթե բոլոր դեպքերում այդ իրավունքի սահմանափակումը առաջացնում է քաղաքական ճգնաժամ և ապա՝ պատերազմ:

Վերջին տասնամյակում, ինչո՞ւ ոչ՝ անգամ 1994-ի մայիսից շատ է խոսվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, կարգավորման տարրերի և սկզբունքների մասին: Դուք էլ այս համաժողովի ընթացքում անկասկած կքննարկեք խնդիրը՝ դիտարկելով այն բոլոր հնարավոր տեսանկյուններից:

Անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ պետության դիրքորոշումը մնացել է նույնը՝ Արցախի Հանրապետության բնակչությունը ունի սեփական երկրում ազատ, անկախ և անվտանգ ապրելու բնական իրավունք, և պարբերաբար անցկացվող հերթական ընտրություններով, պետական կայուն համակարգով, զարգացող տնտեսությամբ ու հայրենասեր քաղաքացիների ջանքերով ամեն օր իրացնում է իր այդ իրավունքը:

Արցախի քաղաքացիների կողմից իրենց անօտարելի իրավունքի իրացումը պատմական փաստ է: Մնացյալ հարցերը կարելի է կարգավորել խաղաղ բանակցությունների միջոցով: Տարիների ընթացքում, չնայած բոլոր տեսակի քաղաքական առասպելներին մենք ապացուցել ենք, այս ուղուց մեզ շեղել հնարավոր չէ:

Հարգելի՛ գործընկերներ,

Անկայուն իրավիճակը մեր սահմաններին նախևառաջ մեզ ստիպում է ավելի աչալուրջ լինել արտաքին վտանգների նկատմամբ և ինքնակազմակերպվել մեր երկրում՝ կառուցելով ավելի արդյունավետ պետական կառավարման համակարգ, շարունակելով ուժեղացնել ժողովրդավարական ինստիտուտները, ամրապնդելով և զարգացնելով տնտեսությունը: Այս բարդ տարածաշրջանում մենք դեռ պարտադրված ենք ապրելու շրջափակման մեջ:

Չնայած մեր բարի կամքին, բոլոր միջազգային գործընկերների կողմից բարձր գնահատված քաղաքական խիզախությանը՝ Թուրքիան հրաժարվեց կյանքի կոչել 2009 թվականին ստորագրված Ցյուրիխյան երկու արձանագրությունները: Ավելին, փորձեց Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ ևս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելը այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում:

2015 թվականի փետրվարի 16-ին ես հետ կանչեցի ստորագրված արձանագրությունները Ազգային ժողովի օրակարգից: Նույն տարում ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ես արդեն հայտարարել եմ այս հարցի առնչությամբ Հայաստանի վերջին խոսքը և այդ իմ դիրքորոշումը չի փոխվել:

Տեսնելով Թուրքիայի շարունակական ուրացումը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին դարձավ պարզապես արհամարհանք ժամանակակից քաղաքակրթության արժեքների նկատմամբ, կարծում եմ, միջազգային հանրությունը և հայկական սփյուռքը այլևս պետք է հետամուտ լինեն նոր ռազմավարության:

Աշխարհի շատ առաջատար երկրներ արդեն իսկ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը: Այս երկրներում ապրող մեր հայրենակիցները կարող են հպարտությամբ հռչակել իրենց հաղթանակը, և այդ հպարտությամբ կարող ենք աշխատել այդ երկրների հետ նոր օրակարգի ձևավորման ուղղությամբ:

Արդի աշխարհի փոփոխությունների համատեքստում մենք պետք է նորովի դիտարկենք մեր սփյուռքի «փափուկ ուժը» և հանրային դիվանագիտության կարողությունները՝ պաշտոնական դիվանագիտությունը առավել զորացնելու համար:

Հայաստանի նորընտիր Ազգային ժողովին ուղղված իմ ուղերձում արդեն ներկայացրել եմ խորհրդարանական դիվանագիտության արդյունավետության բարձրացմանն ուղղված սկզբունքների ներդրման կարևորությունը, որը, անշուշտ, ավելի զորեղ կդառնա սփյուռքի անհատների և կառույցների աջակցությամբ:

Վստահ եմ, որ սփյուռքի և հայրենիքի ներուժի շարունակական բացահայտման ջանքերը նոր լիցք կտան Համահայկական խորհրդի ձևավորմամբ: Այս համաժողովը նշանավորվում է նաև այդ Խորհրդի ձևավորմանն ուղղված ևս մեկ որոշիչ քայլով:

Այսօր մենք ի մի կբերենք նախորդ երկու տարիներին կատարված նախապատրաստական աշխատանքները և 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-րդ տարեդարձի տոնակատարությունների շրջանակներում կընդունենք վերջնական որոշում:

Սիրելի՛ բարեկամներ,

Սփյուռքի բոլոր շերտերի հետ փոխադարձ ներգրավվածությունը քաջալերելը, սփյուռքում հայապահպանությանն աջակցելը, արտակարգ իրավիճակներում հայտնված մեր հայրենակիցներին, հատկապես սիրիահայությանը հնարավորինս աջակցություն տրամադրելը և համակարգումը եղել է պետական քաղաքականության առանցքում: Անկախության 26 տարիների ընթացքում մեր գործարար համայնքի ներկայացուցիչները բազում նվիրատվություններ և բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում: Ներդրումներ են արվել նաև մեր լուսավոր ապագայի մեջ՝ ի դեմս «Թումո», «Սմարթ կենտրոնների» և այլն:

Հիմա մենք ասում ենք, որ մի քայլ առաջ պետք է անենք և դեպի Հայաստան ուղղենք նաև սփյուռքի այն ներդրումային ուժը, որը ցանկանում է գործարարությամբ զբաղվել և շահույթ ստանալ՝ զուգահեռաբար շենացնելով մեր երկիրը, աշխատատեղեր ստեղծելով, աջակցելով սոցիալական կապիտալի զարգացմանը և ի վերջո՝ հայրենադարձությանը: Այդպիսի ոգևորիչ բազմաթիվ օրինակներ մենք արդեն ունենք այսօր:

Դրա համար Հայաստանում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները և ներդրումային միջավայրը: Սփյուռքահայ մեր քույրերի ու եղբայրների ներգրավումը թույլ կտա նաև հարստացնել ու զարգացնել մեր հայաստանյան գործարար մշակույթը, կբարձրացնի երկրի գրավչությունը արտաքին շուկաների համար, ընկալելիությունը աշխարհում, կբազմապատկի մեր հարստությունը:

Կառավարությունը բոլոր բիզնես ծրագրերին, անկախ ներդրումային ծավալից, ամենայն աջակցություն ցուցաբերելու հանձնառություն է ստանձնել:
Ոտքերի վրա ամուր կանգնած մեր հայրենիքը այսօր ուժ և կամք ունի վերջապես մշակելու Հայաստան-սփյուռք հարաբերությունների ռազմավարական զարգացման հայեցակարգը:

Այն դաշտը, որի վրա մենք պետք է կառուցենք հայրենիք-սփյուռք համագործակցությունը՝ ուժեղ և զարգացած Հայաստան, անկախ և անվտանգ Արցախ, սփյուռքի կազմակերպված համայնքներ ունենալու տեսլականն է՝ հայկականության ոգով, եռանդով և հային բնորոշ մտքի թռիչքով:

Մայր Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է՝ անկախ քաղաքական և այլ կողմնորոշումներից: Մենք ճանաչում և արժևորում ենք սփյուռքն իր բազմաշերտ էության մեջ: Վերջին տարիներին տարբեր առիթներով ես հանդիպել եմ մեծ հաջողությունների հասած կամ դեռ այդ ճանապարհին գտնվող բազմաթիվ երիտասարդների, տեսնում եմ նրանց ավյունը իրենց հայրենիքին օգտակար լինելու հարցում: Մենք պետք է նոր ուղիներ գտնենք նրանց ներգրավվածությունը ապահովելու համար:

Մեր սփյուռքի գաղթօջախները բազմազան են և ոչ միատարր՝ կախված նրանից, թե երբ և ինչ պատճառներով են ձևավորվել: Միատարր չեն թե՛ իրենց պատմական փորձով, և թե՛ քաղաքական հայացքներով: Յուրօրինակ լինելով՝ ցանցերը միմյանց հետ պետք է շաղկապվեն և համագործակցեն թե՛ իրենց հյուրընկալ երկրներում հաջողության հասնելու, թե՛ մայր Հայաստանի ապագան կառուցելու նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ,

Խոսելով սփյուռքի ապագայի, տարբեր համայնքներում ինքնության պահպանման, մշակութային զարգացման և օտար հասարակություններում ներգրավվելու ու հաջողության հասնելու մասին, անշուշտ պետք է նկատի ունենանք աշխարհում տեղի ունեցող կարևոր փոփոխությունները և քայլենք ժամանակին համընթաց:
Գլոբալ միգրացիոն միտումները վերաբերում են նաև Հայաստանին ու աշխարհասփյուռ հայ համայքներին: Տեղի է ունենում մարդկանց մեծ խմբերի միգրացիա ոչ միայն նախկին սոցիալիստական ճամբարի երկրներից դեպի ավելի հրապուրիչ աշխատաշուկա ունեցող երկրներ, այլև Մերձավոր Արևելքի երկրներից դեպի Կանադա, Միացյալ Նահանգներ ու Եվրոպա:

Մենք այսօր ականատես ենք, թե ինչպես է փոխվում հենց սփյուռքի կայացած համայնքների կառուցվածքը: Այո՛, մենք տեսնում ենք, որ Հայաստանը և հայկական տարբեր համայնքներ դարձել ենք հաղորդակից անոթներ:

Մեր խնդիրն է, որ այդ շփումները և հաղորդակցությունը գան զարգացնելու և զորացնելու ինչպես Հայաստանը, այնպես էլ աշխարհի ցանկացած անկյունում գտնվող հայ համայնքը:

Մենք անխուսափելիորեն քննության առարկա պետք է դարձնենք հայի ինքնության հետ կապված հարցերը: Ուրախ եմ, որ այս հարցադրումը տեղ է գտել այս համաժողովի օրակարգում: Համոզված եմ, որ հայրենիքից դուրս հայի ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հզոր, զարգացող ու արդար Հայաստանն է:

Սա է այն ձգողական և կենսատու ուժը, որը առավել հզորացնում է մեր քույրերին և եղբայրներին իրենց բնակության երկրներում: Իհարկե, ինչպես եզրակացրել էին «Գյուլբենկյան» հիմնադրամի հովանու ներքո իրականացված մի հետազոտության հեղինակները, այս ընթացքում մենք պետք է հատուկ ուշադրություն դարձնենք և մշտական հոգածություն ներքո պահենք գոյություն ունեցող համահայկական և համայնքային կառույցների զարգացումը և ներառական բնույթի նախաձեռնությունների իրականացումը:

Պետք է նկատենք, որ անկախության հռչակումից հետո փոխվել է նաև հայրենիք-սփյուռք հարաբերությունների տրամաբանությունը և դինամիկան: Նախորդ 26 տարիների ընթացքում մենք դեռ յուրացնում էինք անկախ պետականություն ունենալուց բխող բոլոր հնարավորությունները և բացահայտում գործակցության նոր հորիզոններ:

Հայաստանը լինելու է աշխարհին լիարժեք ինտեգրված, ուժեղ, զարգացած ու հպարտ երկիր: Սա է մեր տեսլականը:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ այս եռօրյա քննարկումներում։

Շնորհակալություն:




Լրահոս