Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր անցկացվում է Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը, որին մասնակցում է 1500 մարդ 70 երկրներից, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ, հոգեւորականներ:
Նկատենք, որ Հայաստանի իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել «Ելք» խմբակցության գեթ մեկ ներկայացուցչի այն դեպքում, երբ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ:
Թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հետ` պարզելու համար՝ ինչն է պատճառը, որ իրենց չեն հարվիրել համաժողովին: Վերջինս մեզ հետ զրույցում առաջ բերեց երկու վարկած:
«Առաջին տարբերակն՝ անփութությունն է, որն աններելի է, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ չեն ցանկացել, որ «Ելք»-ը մասնակցի եւ իրենց ականջին ոչ հաճելի դրույթներ կամ ելույթներ հնչեցնի Հայաստանի սոցիալ-քաղաքական վիճակի մասին, որը կարող է մեր սփյուռքահայ հայրենակիցներին անակնկալի բերել»,- հավելեց Արարատ Միրզոյանը:
Լիդա Եղիազարյան