Aravot.am-ը գրում է, որ այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի մասնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող հասարակական գործիչ, գործարար Զարեհ Պալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ինքը Հայաստանում 5 բիզնես է դրել, 5-ն էլ թալանել են:
Ըստ գործարարի, սփյուռքը զրո վստահություն ունի Հայաստանի իշխանությունների նկատմամբ. «Գիտի, որ թալանում են, անարդարություն կա, գիտի, որ դատարան չկա, եթե վեճի մեջ եմ ես: Ես 4 հատ բիզնես եմ դրել Հայաստանում, ճիշտ է, շատ մեծ բիզնեսներ չէին, մինչեւ 30 հազար դոլարի, 4-ն էլ թալանեցին ու տարան, ո՞ւր է դատարանը, որ արդարություն վերականգնեն: Չկա այդ բանը, հինգերորդն էլ անցյալ տարի դրեցի՝ շատ փոքր բիզնես, նախագիծը, եթե մի 5000 դոլար լինի՝ աշխատելու է, դրեցի՝ էլի չկա»:
Թե ի՞նչն է խնդիրը Հայաստանում՝ նա պատասխանեց. «Հոգեբարոյական արժեքների անկումը մեզ տանում է դեպի գահավիժում, անկում: Դա է խնդրի խնդիրը»:
Զարեհ Պալյանը պատմեց, որ Հայաստանում 200 հատ մեղվի փեթակ է դրել ու փորձել է հայերին, թե որքան են թալանում. «Էդ 200-ից 3 փեթակի տակ կշեռք էի դրել: Ամեն մեկը 40 կիլո քամեցինք, որովհետեւ վախեցել էր մեղվապահը, մնացած բոլորը՝ 10-15 կիլո: Հենց այդ 3 փեթակները, կշեռքով այսպես կախված էին մոմաթերթերը, սա ի՞նչ է նշանակում, նա հպարտանում է, որ կարողանում է գողանալ, խաբել ինձ»:
Մեր հարցին՝ այսինքն, Հայաստանում բիզնեսը չի զարգանա, որովհետեւ գողանում, «քցո՞ւմ» են, դա՞ է ձեր պատկերացումը՝ Պալյանը պատասխանեց. «Հայաստանում բիզնեսը չի զարգանա, եւ ամեն ինչի պատճառը առաջինը հոգեբարոյական, ազնվական արժեքների պակասն է եւ բացասական հատկանիշների ավելցուկը: Տո՛ էլ ստախոսություն, է՛լ անարդարություն, է՛լ անխղճություն, է՛լ քծնանք»:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: