Սփյուռքի նախարարության և «Ելք»-ի պատասխանները հակասում են իրար. ինչ է տեղի ունեցել իրականում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ «Ելք»-ից որևէ մեկը հրավեր չի ստացել` մասնակցելու Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի կարևորագույն միջոցառմանը:

«Ամենից ծիծաղելին այն է, որ փոխադարձ վստահության և միության անվան տակ ծպտվելով` Հայաստանի ապաշնորհ իշխանություններն այս համաժողովին չեն հրավիրել ԵԼՔ դաշինքի գեթ մեկ ներկայացուցչի, այն դեպքում, որ համաժողովին քննարկվելու են համահայկական նշանակության հարցեր` քաղաքական, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքական և այլ մարտահրավերների շուրջ…»,- մասնավորապես ընդգծել  է նա:

Իսկ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ընդգծել է.

ԵԼՔ դաշինքը չի մասնակցում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովին, որովհետեւ՝

1. Դաշինքի կուսակցությունները, ինչպես նաեւ ԱԺ կամ Երեւանի ավագանու խմբակցության անդամները համաժողովին մասնակցելու հրավերներ չեն ստացել, առավելեւս՝ չեն հրավիրվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների վերաբերյալ Դաշինքի մոտեցումները հայտնելու:

2. Այս եւ մի քանի այլ փաստեր գալիս են վկայելու, որ միջոցառումը միտված է Սերժ Սարգսյանի PR ակցիայի վերածվելու:

3. Հիշեցնում ենք, որ ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրի կարեւորագույն կետերից մեկը Հայաստանի խորհրդարանի երկրորդ պալատի ստեղծումն է՝ կազմված Սփյուռքի համայնքների ներկայացուցիչներից: Այս ծրագիրը պատրաստ ենք քննարկել Սփյուռքի բոլոր կառույցների հետ եւ ձեռնմուխ լինել համապատասխան սահմանադրական փոփոխությունների փաթեթի նախապատրաստմանը:

Սակայն  ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝  Էվելինա Բաղդասարյանը հայտնել է, որ հրավեր եղել է բոլոր խմբակցություններին, այդ թվում նաև «Ելք» խմբակցության պատգամավորներին:

Իսկ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում կրկին վստահեցրեց, որ իրենց խմբակցությունը համաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել:

Լիդա Եղիազարյան




Լրահոս