ԻՇԽՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱԶՄՆ ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018թ. ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը: «Ժողովուրդ» օրաթերթը իր նախորդ համարում գրել էր, որ հաջորդ տարի ձեւավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը կտրվի ԲՀԿ-ին (կամ որ նույնն է՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությանը), եւ այսպիսով ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն: Այս հեռանկարը երեկ չի բացառել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարեւորը իմ խոսքը, խոստումը իմ ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»: Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար վարչապետի ցանկալի թեկնածո՞ւ է, նա ասել է, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Երբ ՀՀԿ-ն համապատասխան իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք»:
Ս. Սարգսյանի վարչապետության դեմ ժողովրդի ընդվզման մասին էլ նա ասել է. «ժողովուրդը ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայնը տար՝ ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են»:

 

 
ՀՀ ՊՆ-ում լայնածավալ փոփոխություններ կատարելու առաքելությամբ նախարար նշանակված Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող կադրային փոփոխություններն ու սպաներին իրավապահ մարմիններին հանձնելու հաճախակիացած դեպքերը ՀՀ ՊՆ-ում լարված մթնոլորտ են ձեւավորել: Բոլորը շունչները պահած՝ սպասում են, թե Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Սարգսյանը ում է «զոհաբերելու» հաջորդիվ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը եւս որոշ ժամանակ անց հրաժեշտ կտա իր պաշտոնին, եւ փոխարենը կնշանակվի առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը: Մ. Հակոբյանը իր մտերիմների շրջապատում ակնհայտ ցույց է տալիս, որ իր նկատմամբ նման վերաբերմունքը անարդար է: Եւ որպեսզի ընդգծի իր առավելությունը «ջահելների» նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին սկսել է դեմոնստրատիվ քայլերով ի ցույց է դնել, որ զինվորական հարցերում որոշում կայացնողը ինքն է, այլ ոչ թե Վ. Սարգսյանը, որը կարող է զուտ ներկա գտնվել որեւէ նիստի:

 

 

 
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ավստրիացի Կարել Հոֆստրան տեղեկացրել է, որ 2016 թ. սկսած «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում» ծրագրի շրջանակներում ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 4 մլն եվրո: Այդ ծրագիրը կավարտվի հաջորդ տարի: Մինչ այդ, սակայն, նկատենք, որ Հայաստանում արտագաղթը չի դադարում, ընդհակառակը՝ այն գնալով ավելի է խորանում: Մեկ ուշագրավ փաստ էլ. ԱԺ-ն երեկ քննարկում էր «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջեւ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի՝ նախագծի նպատակը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միջազգային իրավունքի իրավաբանական կարգավիճակ տալն է:

 

 

 
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չշտապեց ամփոփել վարչապետ Կարեն Կարապետյանի գործունեության մեկ տարին: «Ժողովուրդ» օրաթերթի դիտարկմանը՝ Դուք նախկինում կառավարության գործունեությունը հավակնոտ եք համարել, այժմ ինչպե՞ս կգնահատեք նրա գործունեության մեկ տարին, Սվիտալսկին նշեց. «Դուք ինձնից լավ գիտեք»: Ընդգծենք, սակայն, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Պյոտր Սվիտալսկին վերապահումով է մոտենում կառավարության ծրագրին, քանի որ ԵՄ-ի հետ հարաբերությունները Կարեն Կարապետյանի կառավարության ե՛ւ վեցամսյա, ե՛ւ երկարաժամկետ ծրագրերում հետին պլանում է ներկայացված՝ 19-րդում: Ընդ որում, իր դժգոհության մասին Սվիտալսկին հայտնել է ՀՀ իշխանություններին, սակայն այդպես էլ իրավիճակը չի փոխվել: ԵՄ-ի հետ հարաբերությունները էլի մնացել են նույն՝ 19-րդ տեղում:

 

 

 
ԶՈՆԴԱԺԸ ՍԿՍԵԼ ԵՆ
Երբ ԱԺ ընտրություններից հետո ՀՀԿ ռահվիրաներից Գալուստ Սահակյանն իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ», շատերը չհասկացան այդ խոսքերի իմաստը կամ էլ առանձնապես ուշադրություն չդարձրին՝ համարելով այն Գրիգորիչի հերթական «շուլուխը»: Բայց քաղաքական աշնան մեկնարկով պարզ դարձավ, որ առաջիկա ամիսներին իշխանություններն ամեն գնով առաջ են տանելու այս թեզը՝ փորձելով հասարակությանը վարժեցնել այն մտքին, որ երբ 2018թ. ապրիլին ավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները, եւ ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունը, նա շարունակելու է երկիրը ղեկավարել արդեն որպես ՀՀ վարչապետ: Նոր Սահմանադրությամբ հենց այդ պաշտոնյայի ձեռքում է կենտրոնացված լինելու ողջ իշխանությունը, առաջին հերթին՝ ուժային կառույցները: Ու քանի որ նոր Սահմանադրությամբ վարչապետի առաջադրման իրավունքը պատկանում է խորհրդարանական մեծամասնությանը՝ ՀՀԿ-ին, վերջինս էլ «մինչեւ վերջ» առաջադրելու է կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին:
Երեկ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ օրը ՀՀԿ-ականներից մի քանիսը սկսեցին բարձրաձայնել Սերժ Սարգսյանի՝ ցմահ իշխանավարման «պատմական անհրաժեշտության» մասին. ՀՀԿ պատգամավոր Նաիրի Սահակյանը հայտարարել էր, թե «Անձամբ ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանը ցմահ մնա երկրի տեր-տիրական, որովհետեւ շատ վստահելի մարդ է»։ Մեկ այլ ՀՀԿ-ական, ընդ որում, այս կուսակցության ԳՄ անդամ Սամվել Ֆարմանյանն էլ, թե՝ Սերժ Սարգսյանն իր անցած ճանապարհով վաստակել է վարչապետ դառնալու հարցում որոշում կայացնելու իրավունքը: Ասել է, թե ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչն ավելի մեղմ ձեւով, ավելի «գրագետ տարբերակով» հասկացրել է, որ Ս. Սարգսյանն իրավունք ունի ընտրելու ցմահ իշխանավարման տարբերակը:
Մեծ հաշվով, իհարկե, այս հեռանկարը պարզ էր ի սկզբանե, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը. նա այդ քայլին գնաց իր անձնական իշխանությունը երկարաձգելու նպատակով: Պարզապես այս ծրագրի իրագործումից մոտ կես տարի առաջ սկսվել է հասարակական կարծիքի զոնդաժը՝ բնականաբար համեմված նաեւ հասարակական ուշադրությունը ձեռքի հետ տարբեր շոուներով զբաղեցնելու աճպարարությամբ: Ամենաթարմ օրինակը ճանապահային ոստիկանության աշխատակիցների եւ ասմունքող տիկնոջ հայտնի միջադեպն էր, որ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առարկա է դարձել: Վաղն էլ իշխանությունները մեկ այլ բան կհորինեն՝ խեղկատակության իրավունքը տալով ուրիշի, ու այսպես շարունակ: Եւ այդպես հասարակության ուշադրությունը կշեղվի իրական խնդիրներից. դե, հիմա ԼՂ հիմնահարցը, ժողովրդագրական աղետալի վիճակը, տնտեսական զարգացման հեռանկարների բացակայությունը եւ այս պայմաններում Սերժ Սարգսյանի իշխանության հավերժացումն ի՞նչ կարեւոր են:




Լրահոս