4 ՄԼՆ ԵՎՐՈ՝ ՄԻԳՐԱՑԻԱՅՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովը քննարկում էր կառավարության կողմից ներկայացված «ՀՀ կառավարության եւ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի միջեւ կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Խորհրդարանում նախագծի հիմնական զեկուցողը ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն էր, ով նշեց, թե նախագծի նպատակը միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միջազգային իրավունքի իրավաբանական կարգավիճակ տալն է, որը հնարավորություն կտա այդ կազմակերպությանը ՀՀ-ում ավելի արդյունավետ աշխատել, ընդունել ՀՀ եւ օտարերկրյա քաղաքացիների, լինել արտոնյալ:

Նշենք, որ միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 1993 թվականին՝ Ավստրիայի եւ Շվեյցարիայի նախաձեռնությամբ: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում հայաստանյան գրասենյակը եւ ինչ ծրագրեր է իրականացնում:
«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար, ավստրիացի Կարել Հոֆստրան:
-Պարո՛ն Հոֆստրա, երեկ խորհրդարանում քննարկվեց Ձեր գրասենյակի հետ առկա համաձայնագիրը վավերացնելու հարցը: Որքա՞ն ժամանակ է, ինչ գործունեություն եք ծավալում Հայաստանում:
-Մենք 2016 թվականի հունվարից ենք աշխատում Հայաստանում: Մենք հիմնականում իրականացնում են Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր:
-Ձեր աշխատանքի բնույթը ո՞րն է, ինչպիսի՞ ծրագրեր եք իրականացնում:
-Մենք զբաղվում ենք միգրացիայով, դա մեր հիմնական ուղղություններից մեկն է, մյուսն էլ սահմանների կառավարումն է: Մենք միջազգային կազմակերպություն ենք, որը տարբեր երկրներում միգրացիայի գործով համագործակցում է տարբեր պետությունների հետ: Օրինակ՝ կարողությունների զարգացմամբ ենք զբաղվում, օգնում ենք տարբեր իրավաբանական հայեցակարգեր մշակել:
-Որքա՞ն ժամանակ է ծրագիրը գործելու: Կնշեք, թե որքա՞ն է կազմում ֆինանսավորումը, եւ որո՞նք են աղբյուրները:
-Մեր այժմյան ծրագիրը նախատեսված է երեք տարով՝ մինչեւ 2018 թվականի դեկտեմբեր: Այն ֆինանսավորվում է Եվրամիության կողմից, իսկ գումարն էլ կազմում է 4 մլն եվրո: Ծրագիրը կոչվում է «Աջակցություն Հայաստանի միգրացիայի եւ սահմանների կառավարման ոլորտներում»:
-Կնշե՞ք հստակ արդյունքներ, որ ունեցել եք այս մեկ տարվա ընթացքում:
-Մենք միգրացիոն պետական ծառայության հետ մշակել ենք նոր միգրացիայի հայեցակարգ եւ գործողությունների պլան: Իհարկե, աշխատում ենք նաեւ այլ շահագրգիռ կազմակերպությունների, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների հետ: Դա մեր արդյունքներից մեկն է: Մենք օգնում ենք պետական միգրացիոն ծառայությանը նոր դիզայն մշակել՝ փախստական հայցողներին ընդունելու համար: Դուք գիտեք, որ մարդիկ գալիս են Հայաստան եւ ապաստան հայցում, պետք է ընդունվեն Հայաստան: Խնդիրների դեպքում այդ մարդիկ դիմում են պետությանը, բայց մենք օգնում ենք պետությանը՝ այդ համակարգը բարելավելու: Մենք միայն զարգացնում ենք պետության կարողությունները, որպեսզի ավելի լավ աշխատեն եւ կարող են ավելի լավ լուծել իրենց առջեւ դրված խնդիրները: Մենք չենք որոշում փախստականի կարգավիճակը կամ այլ նման բնույթի հարցեր, մենք զուտ տեխնիկական կազմակերպություն ենք, որն աշխատում է պետությունների հետ՝ կարողությունները զարգացնելու համար:
-Միգրացիան հաճախ շփոթում են արտագաղթի հետ:
-Դա իսկապես վատ է: Պետք է շեշտ դնել, որ միգրացիա չի նշանակում արտագաղթել, միգրացիան գործընթաց է: Իհարկե, մարդիկ գնում են ու չեն վերադառնում, բայց դա մեծ մասը չէ: Մեծ մասը գնում է գումար աշխատելու համար, եւ վերադառնում են: Կան նաեւ ազգությամբ հայեր, ովքեր նույնիսկ ծնվել են դրսում, բայց վերադառնում են Հայաստան ապրելու: Կան միգրանտներ, ովքեր գալիս են Հայաստան եւ մշտական ապրում են: Միգրացիան կոմպլեքս հասկացություն է, դա ոչ միայն արտագաղթ է, սակայն շատ հայեր հենց դա են մտածում:
-Իսկ ինչո՞ւ որոշվեց Հայաստանում էլ նման գրասենյակ բացել: Ո՞վ է Ձեզ դիմել նման առաջարկով:
-Մեր կազմակերպությունն արդեն բավական վաղուց աշխատում է Հայաստանի հետ: Բայց 2016 թվականից մենք իրականացնում ենք մեր ծրագիրը: Մինչ այդ մենք Հայաստանում աշխատել ենք բազմաթիվ այլ ծրագրերում, պարզապես հիմա մեծ ծրագիրն ենք իրականացնում եւ հույս ունենք, որ միգրացիայի հետ կապված այլ ծրագրեր եւս կկարողանանք իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ թե ով է խնդրել մեզ այստեղ ներկայացուցչություն ունենալ, ապա ասեմ, որ դա առաջարկություն է եղել մեր գլխավոր շտաբի կողմից, որպեսզի մենք ավելի երկար մեր առաքելությունն իրականացնենք:

 

 

 
ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ

ԱԺ «Ելք» խմբակցությունը ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու գործընթաց է սկսում: Երեկ տեղի ունեցած խմբակցության նիստի ժամանակ որոշում է կայացվել «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու» ԱԺ հայտարարության նախագիծ ներկայացնել:

Իհարկե, սա առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիր գործիչները ԵՏՄ-ից դուրս գալու շուրջ գործընթաց են սկսում: Դեռեւս հինգերորդ գումարման խորհրդարանում նման գործընթաց էր սկսել անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, ու այդ ժամանակ քչերն էին պաշտպանել նրա նախաձեռնությունը. ընդ որում, այդ նախաձեռնության մաս չէր կազմել նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Չնայած ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունում այդ թեմայով քննարկում չի եղել, սակայն խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե դեմ է այդպես անմիջապես եւ արագ այդ միությունից դուրս գալուն:
-Պարո՛ն Ղուկասյան, ԱԺ «Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու գործընթաց է սկսում: Դուք կո՞ղմ եք, որպեսզի Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ի կազմից:
-Գիտեք ինչ, ես դեմ եմ դուրս գալուն: Իհարկե, «Ծառուկյան» դաշինքում այդպիսի քննարկում չի եղել, երբ որ լինի, մենք կարտահայտենք` ինչ-որ որոշեցինք: Բայց եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ապա ես դեմ եմ դուրս գալուն: Այդպես արագ կողմ, դեմ լինել պետք չէ: Այդ միությունում շատ աշխատանքներ ունենք անելու: Պետք է մեր ղեկավարությունը, կառավարությունն այդտեղ լուրջ աշխատանքներ անի:
-Օրինակ՝ Ձեր խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը նշում է, թե պետք չէ այս պահին միանգամից, կտրուկ հայտարարություններով դուրս գալ ԵՏՄ-ից, այլ կամաց-կամաց, աննկատ: Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր գործընկերոջ տեսակետին:
-Ճիշտ է, պետք է փուլ-փուլ, ես կողմնակից եմ նրա ասածներին: Երբ ԵՏՄ-ի հետ կապված խոսում ենք, պետք է մի բան իմանալ, որ մենք ՌԴ-ի հետ բարեկամական հարաբերությունների մեջ ենք, բայց որ զենք է վաճառում Ադրբեջանին, բոլորս դեմ ենք: Այդտեղ պետք է լուրջ աշխատանքներ տանել, բայց մեկից կտրել-կապելուն ես դեմ եմ: Եվ այդպես այլընտրանք ունե՞նք, որ մեր անվտանգությունը պաշտպանվի: Դուք մի՛ մոռացեք Խրիմյան հայրիկի այն շերեփը, որ ասում էին՝ մեր անգլիական մատերը չեն կարող գալ, ձեր սարերը բարձրանալ, այստեղ մենք հարեւաններ ենք: Պետք է լուրջ մտածել. այսպես արագ որոշում կայացնել պետք չէ:

Նյութերը՝ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

 

 

 
ԸՆԴԴԵՄ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ
Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 25-ին Երեւանի կենտրոնում հայտնվեցին ԼԳԲՏ անձանց թեմաներով սոցիալական գովազդի պաստառներ: Բայց այն բանից հետո, երբ աղմուկ բարձրացավ, թե Երեւանի քաղաքապետարանը գովազդում է համասեռամոլությունը, դրանք ապամոնտաժեցին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաստառի հեղինակները որոշել են չներել քաղաքապետի այդ քայլը, եւ դիմել են դատարան: Նշենք, որ պաստառները պատրաստել էին «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ի եւ «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի համագործակցությամբ, Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում եւ Վրաստանում» ծրագրի շրջանակներում: Տեղեկացանք, որ «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» ՀԿ-ն դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին՝ նշելով, որ նրանց քայլը իրավաչափ չէ, եւ պահանջում է պարտավորեցնել Երեւանի քաղաքապետարանին ապամոնտաժված գովազդային պաստառները վերականգնել:

 

 

ՓՈԽԵԼՈՒ ԵՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
«Ֆիրդուս» տոնավաճառի այն առեւտրականները, որոնք տեղափոխվել են «Երեւան» առեւտրի կենտրոն, հայտնվել են այլ խնդրի առաջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նրանք դժգոհեցին` պատմելով, որ մինչեւ այնտեղ տեղափոխվելը իրենց քաղաքապետարանը նախապես խոստացել էր, որ տաղավարի մեկ քառակուսի մետրի համար վճարելու են 500 դրամ: Սակայն արդեն մի քանի օր է, ինչ տոնավաճառի տնօրինությունը առեւտրականներին զգուշացնում է, որ 2018 թվականին պայմանները փոխվելու են: Առեւտրականների պատմելով՝ իրենց զգուշացրել են, որ փետրվարից իրենք տաղավարի մեկ քառակուսի մետրի դիմաց 500 դրամի փոխարեն վճարելու են 4000 դրամ:

 

 

ՊԱԼԱՏԱԿԱՆՆԵՐՈՎ
Հայաստանի ճարտարապետների միությունը հնարավոր է՝ առաջիկայում դադարեցնի իր գործունեությունը: Նշենք, որ քաղաքաշինական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը երեկ ԱԺ ներկայացրեց «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծը: Ըստ այդմ, միության փոխարեն կոմիտեն առաջարկում է ստեղծել ճարտարապետների պալատ, որը լինելու է ինքնակարգավորվող կառույց եւ ճարտարապետներին տալու է որակավորում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ, ով հայտարարեց, որ այս նախագծի մշակման գործընթացին ինքը եւս մասնակցել է. «Եթե միությունը ՀԿ-ի կարգավիճակում է, ապա պալատը կդառնա մասնագիտական, այսինքն՝ իր շուրջը կհամախմբի բոլոր ճարտարապետներին»: Սակայն այն չի ֆինանսավորվելու պետական միջոցներով: «Անդամավճարներից են գոյանալու ֆինանսական աղբյուրները: Պետությունը ֆինանսավորման հետ կապ չունի»,- փոխանցեց Մինասյանը: Իսկ պալատի նախագահի պաշտոնում իրեն կընտրեն, թե ոչ, նա դժվարացավ ասել:




Լրահոս