ԵՐԲ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԺԻԼԵՏՆԵՐՆ ՈՒ ԿՈՍՏՅՈՒՄՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Սկզբում այդ նշանակումը շատերի մոտ մեծ խանդավառություն առաջացրեց: Մարդիկ նրա հետ լուրջ հույսեր էին փայփայում՝ սպասելով, որ վերջապես սոցիալ-տնտեսական վիճակը կփոխվի, քանի որ նոր, «աչքը կուշտ» մարդ էր:

Սակայն կառավարության նիստերի եւ խորհրդակցությունների ժամանակ Կարապետյանի «ժիլետով շոուները», նաեւ Պուտինի «դաբրոյով» նշանակված, «Հայաստանում պաշտոն չունեցած եւ չկեղտոտված տղայի» միֆերը թողել են իրենց ազդեցությունը: Հիշում եք այդ ընթացքում նրա բարձր վարկանիշը` տարբեր գնահատականներով մոտ 70-80 տոկոս: Բայց մասսայական խանդավառությունը կարճ տեւեց, ու այսօր այդ վարկանիշից «ժիլետի թեւերն են» մնացել:
Առաջին հիասթափությունը եղավ այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը նախարարների իր թիմի ու 7 հազար «գազավիկների հետ» անդամակցեց ՀՀԿ-ին՝ դառնալով այդ կուսակցության փոխնախագահը:
Հետո, երբ վերջնականապես ցրվեց էյֆորիան, հատկապես ԱԺ ընտրություններից հետո մարդիկ կամաց-կամաց սկսեցին իրականությանը նայել բաց աչքերով, ու հասկացան` անձերի փոփոխությամբ որեւէ բան չի փոխվել, որովհետեւ շարունակում են նույնը մնալ իշխանության հաստատած խաղի կանոնները: Կարեն Կարապետյանն էլ, որպես այդ իշխանության մաս, ստիպված է ենթարկվել նույն այդ կանոններին: Ու հիմա նա աննկատ կերպով իշխանությունը ծառայեցնում է մերձավոր շրջապատի եւ բիզնես-գործընկերների հարստանալու պայմաններ ստեղծելու գործին:
Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է ամփոփել Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Ու պետք է ասել, որ պատկերը հիասթափեցնող է:
Կարեն Կարապետյանի գործունեության այս մեկ տարին հիշեցնում է «չհոգնելու», «հուպ տալու», «դմփոց-ռեֆորմների» եւ «աշխարհը շուռ տալու» հանձնարարականների շարան` դեռ Հին Հռոմեական ժամանակներից հայտնի «հաց եւ տեսարաններ» սկզբունքի շրջանակներում՝ համեմված տարբեր պաշտոնյաներին բիզնես-ծրագրեր ներկայացնելու առաջարկներով: Դրան գումարած՝ տարբեր ոլորտներում կառավարության ռազմավարական ծրագրերը, հայեցակարգերը՝ որպես բարի ցանկությունների մատյան, առանց կոնկրետ արդյունքներ խոստանալու: Բայց, դե, անցյալի դառը փորձը վկայում է՝ կառավարությունները միշտ էլ ներկայացրել են գեղեցիկ ծրագրեր, որոնք, սակայն, իրականություն չեն դարձել:
Եւ այսպես՝ Կարապետյանն ԱԺ-ում առաջին իսկ ելույթում անկեղծորեն խոստովանել էր. «Տնտեսության վիճակը չափազանց ծանր է», կառավարության առաջին իսկ նիստում հայտարարել կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ավելի ուշ արդեն հանձնարարել վերացնել «պրիմիտիվ գողությունները»:
Ի՞նչ ունենք այսօր. տնտեսական աճի ցուցանիշները լուրջ կասկածի տեղիք են տալիս, թեկուզ եւ այն պատճառով, որ իշխանությունները հարկ եղած ժամանակ նվազեցրել են այդ թվերը (օրինակ` երբ պետք էր պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանի կառավարությանը), եւ հարկ եղած դեպքում դրանք ավելացրել:
Առաջիկայում, երբ Կարեն Կարապետյանի հանձնարարականով կառավարությունն ամփոփի գործունեության մեկ տարին, կներկայացվեն տարբեր ցուցանիշներ, որ օրինակ` այս ընթացքում աճել է արտաքին առեւտրաշրջանառությունը, հատկապես արտահանումը՝ ավել քան 20 տոկոսով: Բայց բացարձակ թվային արտահայտությամբ այդ աճը մեծ չէ: Թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ դրան զուգահեռ՝ աճել են ներմուծումները, եւ արդյունքում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը շարունակում է խորանալ:
Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական պարտքն աճել է 717 մլն դոլարով. այժմ այն կազմում է 6 մլրդ 201,6 մլն դոլար:
Աճել է գործազրկության թիվը. նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների 77 հազար 54-ի փոխարեն պաշտոնապես գրանցվել է 79 հազար 247 գործազուրկ. ընդ որում, սրանք միայն պաշտոնապես գրանցված գործազուրկներ են, իսկ իրականում աշխատանք չունեցողների թիվն ավելի շատ է, եւ հիմա նրանց է գումարվել եւ գումարվելու նաեւ նրա հանձնարարությամբ սկսված օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած անձինք:
Պաշտոնավարման ամենասկզբում Կարեն Կարապետյանը ձեռնամուխ եղավ նախարարությունների անվանափոխության գործին, բայց դրանից բովանդակությունը չփոխվեց: Թեեւ էկոնոմիկայի նախարարությունը կոչվեց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարարություն, սակայն այս մեկ տարվա ընթացքում ներդրումները չավելացան. ընդհակառակը, ըստ ԱՎԾ-ի՝ առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են: Տարածքային կառավարման նախարարությունը վերանվանվեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, բայց այս դեպքում էլ ավելորդ է խոսել մարզերի զարգացման մասին. ասվածի վկայությունը օրեցօր դատարկվող Հայաստանն է, երբ անգամ պաշտոնական վիճակագրությամբ գնալով նվազում է բնակչության թիվը, ընդ որում, պակասում է հենց աշխատունակ տարիքի բնակչությունը: Բացի այդ՝ շարունակվում է ծնելիության թվի նվազումը, դրա հետեւանքով պակասում է բնական հավելաճը:
Կառավարության առաջին նիստերից մեկում վարչապետը հանդես եկավ ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը փակելու, այդպես` պետական կառավարումն արդյունավետ դարձնելու, նաեւ` պետական կառավարման համակարգն օպտիմալացնելու եւ բյուջետային ծախսերը կրճատելու նախաձեռնությամբ: Սակայն դրան զուգահեռ պետական կառավարման համակարգում նոր կառույցներ ստեղծվեցին, եւ իշխանությունները շարունակում են ճոխ գնումները:
Կարապետյանը հայտարարեց ներդրողների ակումբ ստեղծելու մասին, բայց սա էլ հերթական բլեֆն է, թեկուզ եւ այն պատճառով, որ բացի մեկ-երկու ռուսաստանահայ գործարարից (այն էլ՝ անձնական նկատառումներից ելնելով)՝ հազիվ թե որեւէ մեկն այդ ակումբին անդամակցի ու որոշի բիզնես հիմնել Հայաստանում, քանի որ շարունակում են պահպանվել ներդրումների ներգրավմանը խոչընդոտող երեւույթները: Օրինակ՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարեց, թե ավելի կարեւոր գործեր է անում, քան այդ ակումբին մասնակցելը:
Որպեսզի չստացվի, թե միայն բացասականն ենք նկատում, արձանագրենք մեկ-երկու դրական փոփոխություն: Կառավարության իր առաջին նիստում Կարեն Կարապետյանն առաջարկել էր վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Գազի եւ էլեկտրաէներգիայի սակագներն ԱԺ ընտրություններից առաջ, իրոք, նվազեցվեցին, բայց շատ չնչին չափերով. գազն էժանացավ մոտ 7 դրամով, ու միջին սպառողը դրանից հետո հնարավորություն ստացավ տնտեսելու հազիվ մոտ 1000 դրամ: Իսկ էլեկտրաէներգիայի սակագինը նվազեց ընդամենը 1.2 դրամով. կրկին` աննշան փոփոխություն, որը բնակչի գրպանի վրա որեւէ ազդեցություն չի թողնում. միջին սպառողի դեպքում խնայողությունը 1000 դրամ էլ չի կազմում:
Հանուն արդարության նշենք, որ որոշակի տեղաշարժ կա հարկային մարմինների գործունեության մեջ. տեղի-անտեղի ստուգումներ չեն իրականացնում, փոքր ու միջին բիզնեսին «չեն քերթում», բայց սա դեռ բավարար պայման չէ տնտեսական դաշտի կայացման համար:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Դեռեւս 2016 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր բոլոր գերատեսչություններին խնայողությունների գնալ: Ու շատ գերատեսչություններում կատարվող խնայողությունները արդեն թողնում են իրենց բացասական հետեւանքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս խնայողությունների արդյունքում ՀՀ առողջապահության նախարարության մի շարք աշխատողներ իրենց հաշվին պետք է գործուղման մեկնեն ՀՀ մարզեր, որն էլ նրանց մոտ դժգոհության ալիք է բարձրացրել: Ըստ տարածված լուրերի՝ նրանցից շատերը կա՛մ չեն կարողանում գնալ, կա՛մ պարզապես ինչ-ինչ պատճառներ առաջ քաշելով՝ հրաժարվում են գործուղման մեկնելուց:

 

 

ՊԱՇՏՈՆԱՆԿ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ է արվելու Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ընդ որում, պատահականություն է, թե ոչ, վերջինս այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում: Նրա պաշտոնանկության շուրջ մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հետ, ով իր ոճին համաձայն՝ նախ նշեց, թե բամբասանքներ չի ցանկանում մեկնաբանել, ապա հավելեց, որ այս կամ այն դեսպանին նշանակում կամ հետ կանչում են միայն նախագահի հրամանագրով, եւ քանի դեռ այն չկա, կոռեկտ չէ կանխատեսում կատարելը: Ըստ էության, պարոն Բալայանը ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը:

 

 

 

ԱՌԱՆՑ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՆ
«Ժողովուրդ» օրաթերթն իր՝ սեպտեմբերի 8-ի համարում տեղեկացրել էր, որ ավելացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաշխման համակարգում գազի կորստի ծավալները: Սակայն տեղի է ունեցել փոքր վրիպում. 2017թ. գազի կորստի ծավալները կազմել էին ոչ թե 24.3 տոկոս, ինչպես ներկայացված էր հրապարակման մեջ, այլ 24.3 մլն խմ: Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարզաբանում է ուղարկել՝ տեղեկացնելով. «Ըստ ՀԾԿՀ կայքում զետեղված տեղեկանքների` 2017թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետություն ներկրված բնական գազի ծավալը կազմում է 1273,9 մլն խմ, կորուստները բաշխման համակարգում՝ 24,3 մլն խմ կամ 1,91%»: Ըստ նրանց՝ կորուստների առավելագույն շեմը բաշխման համակարգում տարեկան կտրվածքով սահմանված է 2,05%, ասել է, թե կորուստները չեն գերազանցում սահմանված շեմը: «Հետեւաբար, կորուստների ավելացմամբ պայմանավորված՝ սակագնի փոփոխության վերաբերյալ մտավախությունները պարզապես անհիմն են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Մեր կողմից նկատենք, սակայն, վերջին տարիներին գազի կորուստներն, այնուամենայնիվ, գնալով ավելացել են. 2015թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ դրանք կազմել էին 19.4 մլն խմ /1.7 տոկոս/, արդեն 2016թ. նույն ժամանակահատվածում՝ 18.8 մլն խմ /1.8 տոկոս/, եւ այս տարի՝ 24.3 մլն խմ:

 

 
ԷՐԻԿԸ ԳՆԱՑ
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս պաշտոնում արդեն հավակնորդ կա, ավելին՝ վերջինս արդեն տեղավորվել է Էրիկ Մինասյանի աշխատասենյակում: Աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գործերի կառավարիչ շուտով կնշանակվի Ռուբեն Գրիգորյանը, որը ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնականն է: Armlur-ը պարզեց, որ Էրիկ Մինասյանը Գալուստ Սահակյանի հավատարիմն է ու նրա միջոցով է պաշտոնական առաջխաղացում ունեցել: Ստացվում է, որ Գրիգորիչի դարաշրջանն ավարտվեց:

 

 

ԼԱՊՇԻՆԸ ՆԵՐՎԵՑ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում է շնորհել Իսրայելի եւ Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: «Ինտերֆաքսի» տեղեկություններով՝ Ալիեւի հրամանագիրը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: 2011 թվականի ապրիլին եւ 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվել էր Մինսկում՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու համար:

 

 

ԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանն այսօր երկարատեւ լռությունից հետո խոսեց: Բացակայություններից հետո ԱԺ ժամանած պատգամավորը հերքեց լուրերը, որ տարաձայնություններ ունի Գագիկ Ծառուկյանի հետ:




Լրահոս