ՊՆ ԱԶԱՏՈՒՄՆԵՐԸ ՀԱՍԱՆ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ Ազգային ժողովի ընտրություններում պատգամավորության թեկնածու առաջադրված ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լծվել է նախարարությունում լրջագույն փոփոխություններ իրականացնելու գործընթացին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` բարեփոխումների անվան տակ պաշտոնից կազատվեն նաեւ ՊՆ հնաբնակ շատ գեներալներ:

Առաքելության հետքերով
Մայիս ամսին աշխատանքից ազատվեցին պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը, Երեւանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: Այս գործընթացից հետո՝ մեկ ամիս անց, հունիսի 15-ին, սկսվեց կադրային փոփոխությունների ընթացքը, մասնավորապես գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը ազատվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, իսկ օրերս Արա Նազարյանը ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի տեղակալ:
Այն, որ Վիգեն Սարգսյանը պետք է փոփոխություններ իրականացնի բանակում, ի սկզբանե հայտնի էր, քանի որ նա պաշտպանության նախարարի պաշտոնում գործուղվել է հենց այդ առաքելությամբ: Եւ ինչպես ցույց են տալիս զարգացումները, պաշտպանության նախարարությունում կադրային փոփոխություններն ու ազատումները այսքանով չեն ավարտվելու:
Հեռացնում է
Նկատենք, որ Վիգեն Սարգսյանը, չլինելով զինվորական, նույնիսկ զինվորական ծառայություն չանցած մարդ, ավելի անկաշկանդ է: Մինչ այս, եթե ՊՆ որեւէ պաշտոնյայի թեթեւ ձեռքով որեւէ բան էր պակասում բանակում, կամ այլ անցանկալի երեւույթ արձանագրվում, միանգամից խիստ պատիժ չէր հետեւում դրան. կա՛մ նախազգուշացվում էր, կա՛մ վնասն էր վերականգնում, կա՛մ էլ, վատագույն դեպքում, տուգանքի էր ենթարկվում: Իսկ հիմա Վիգեն Սարգսյանն անխնա ազատում է պաշտոնից անգամ երկարամյա գործունեություն ծավալած սպաներին կամ անկաշկանդ հանձնում նրանց իրավապահների ձեռքը:
«Ժողովուրդ» օրաթերթը օրերս անդրադարձել էր բանակում դիզվառելիքի գողության դեպքերին: Ամբաստանյալի աթոռին են հայտնվել մի շարք պաշտոնատար անձինք: ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանը, ում շուրջ 1,5 միլիոնի դիզվառելիքի յուրացման գործով մեղադրանք էր առաջադրվել: Հուլիսին գրել էինք, որ ՊԲ N զորամասի դասակի հրամանատար Գագիկ Ավետիսյանն է յուրացման մեղադրանքով ամբաստանյալի աթոռին հայտնվել: Եւ այսպես կարելի է շարունակել ՊՆ պաշտոնատար անձանց կողմից կատարվող յուրացումների կամ անփութության հետեւանքով տարբեր դրսեւորումների դեպքերը: «Ժողովուրդ» օրաթերթին ՊՆ-ից հայտնեցին, որ Վիգեն Սարգսյանի կողմից անգամ հնաբնակ սպաներին պատասխանատվության ենթարկելու գործընթացը խիստ ծանր մթնոլորտ է ձեւավորել: Այն անձինք, ովքեր տարիներ շարունակ ծառայել են բանակում, անցել են ազատամարտի ճանապարհով, որեւէ մեղմացուցիչ հանգամանքից չեն օգտվում: Բայց որեւէ մեկը բարձրաձայն դժգոհելու համարձակություն չի դրսեւորում:
Կհասնի նաեվ գեներալներին
Ու մինչ իրավապահները զբաղված են բանակից գողություն կատարած անձանց պատասխանատվության կանչելով, «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ դեռեւս մայիսին ՊՆ-ում սկսած ազատումների եւ փոփոխությունների շղթան հասնելու է մինչ վերին օղակներ: Մասնավորապես առաջիկայում պաշտոնից կազատվի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, եւ նրան կփոխարինի իր առաջին տեղակալ Օնիկ Գասպարյանը:
Նկատենք, որ Մովսես Հակոբյանը իր մտերիմների շրջապատում այլեւս չի թաքցնում իր դժգոհությունը եւ ակնհայտ ցույց է տալիս, որ իր նկատմամբ նման վերաբերմունքը անարդար է: Եւ որպեսզի ընդգծի իր առավելությունը «ջահելների» նկատմամբ, հատկապես վերջին ամիսներին սկսել է դեմոնստրատիվ քայլեր իրականացնել: Նա ակնհայտ ի ցույց է դնում իրողությունը, որ բանակում զինածառայության հետ կապված հարցերում որոշում կայացնողը ինքն է, այլ ոչ թե Վիգեն Սարգսյանը: Շատ նիստերի ժամանակ նա աշխատակազմի մոտ հայտարարում է, թե այս կամ այն որոշումն արդեն կայացված է, բայց եթե նախարար Վիգեն Սարգսյանը ցանկություն է հայտնել քննարկելու այն, կքննարկենք: Այսինքն՝ Արցախից Երեւան եկած Հակոբյանը փորձում է ցույց տալ, որ ՊՆ-ում որոշում կայացնելու իրավասությունը դեռ իրենն է:
«Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ վերջերս, երբ Մովսես Հակոբյանը ԱԺ նախկին պատգամավորներից մեկի հետ զրուցել է իր ապագայի թեմայով եւ այսպիսի առաջարկ լսել, թե՝ ավելի լավ կլիներ, որ դու պատգամավոր ընտրվեիր Մանվել Գրիգորյանի կամ Սեյրան Սարոյանի նման, քան թե հիմա այս իրավիճակում լինեիր: Ի դեպ, Մովսես Հակոբյանից բացի՝ այլ հնաբնակ գեներալներ եւս կազատվեն պաշտոնից, քանի որ Վիգեն Սարգսյանի առաջ բանակը երիտասարդացնելու խնդիր է դրված:
Նկատենք, որ Վիգեն Սարգսյանի ասածները կամ հրահանգները ՀՀ ՊՆ-ում կատարվում են անվերապահորեն՝ ի տարբերություն իր նախորդի՝ Սեյրան Օհանյանի, որի հրահանգները երբեմն «սաբոտաժի զոհ էին դառնում»: Իսկ կատարում են ոչ թե այն պատճառով, որ Վիգեն Սարգսյանն ավելի ուժեղ կերպար է, ամենեւին, նա գոնե Սեյրան Օհանյանի «բռունցքը» չունի: Բայց քանի որ ՀՀ նախագահի նստավայրից է գործուղվել ՊՆ, վայելում է Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը, բոլոր սպաները զգուշանում են, թե կարող է՝ իրենց պահվածքի մասին Սերժ Սարգսյանը վայրկյան առաջ իմանա: Սա է Վիգեն Սարգսյանի՝ ՊՆ-ում արձանագրված հաջողության գլխավոր գրավականը:
Ազդեցությունը պահելով
Այս իրավիճակում ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ շուտով կլրանա Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման մեկ տարին, սակայն նա շարունակում է իր ազդեցությունը պահել նաեւ նախագահի նստավայրում: Եթե նախկինում շատ պաշտոնյաներ սուբորդինացիան պահելու համար իր միջոցով էին կապի դուրս գալիս Սերժ Սարգսյանի հետ, ապա հիմա՝ անգամ ՊՆ տեղափոխվելուց հետո, շատերը էլի շարունակում են Վիգեն Սարգսյանի միջոցով կապ պահել Սերժ Սարգսյանի հետ: Այդ հանգամանքը սկսել է խանդի տեսարաններ առաջացնել նախագահի աշխատակազմի ներկայիս ղեկավար Արմեն Գեւորգյանի մոտ: Սակայն Գեւորգյանը, որ առավել հայտնի է իր համբերատարությամբ, առայժմ լուռ ադապտացվում է նոր իրավիճակներին, մինչեւ կրկին «խեցգետինները սկսեն սուլել»:
Իսկ ՊՆ-ում բոլորը շունչներ պահած՝ սպասում են, թե երբ է իրենց հերթը գալու, որ հրաժեշտ տան սիրելի բանակին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 
ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊԵՏԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-Վանաձորի գծի ուղեմասի պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են, որ Արսեն Յայլոյանը 2008 թվականից մինչեւ 2015 թվականի մարտի 23-ը եղել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-Վանաձորի գծի ուղեմասի պետ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ ապամոնտաժել եւ Վանաձորի գծի ուղեմասի հաշվապահությունում չի ձեւակերպել իրեն վստահված, 405 հազար 400 դրամ ընդհանուր արժողության 20,27 տոննա երկաթգծի վերին կառուցվածքի դետալների մետաղի ջարդոնը: Ըստ նախաքննությունը իրականացնող մարմնի՝ վերջինս իրեն վստահված մետաղյա ջարդոնը յուրացրել է, ինչի հետեւանքով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության Վանաձորի գծի ուղեմասին պատճառել է նույն չափի գույքային վնաս: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով՝ յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

 

ՍՊԸ-Ի ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՔՆՆԻՉԸ
Երեկ ArmLur.am-ին տեղեկություններն էին հասել, որ ձերբակալվել է ձեւավոր, ցինկապատ, պոլիմերային ցինկապատ թիթեղների եւ կղմինդրների արտադրության տեղական շուկայի մասնագիտացված առաջատար ընկերություն համարվող «NARSAN» ՍՊԸ փոխտնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Ըստ նույն տեղեկությունների` նա կասկածվում է վաշխառության մեջ: Ի դեպ, նշենք, որ ընկերության տնօրենը նրա եղբայրն է` Սերգո Հարությունյանը: Սակայն այս ձերբակալության մեջ ուշագրավն այն է, որ իրավապահները նույն գործի շրջանակներում նաեւ ձերբակալել են մի քննիչի: Թե ինչ կապ ունեն ընկերության փոխտնօրենն ու քննիչը, որոնց իրավապահները ձերբակալել են, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Ինչեւէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից, սակայն մեր հարցը այդպես էլ մնաց անպատասխան:

 

 

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾԵԾԸ
Գյումրի քաղաքում սեպտեմբերի 10-ին ծեծկռտուք է տեղի ունեցել 4 անձանց միջեւ: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ դեպքին ականատես են եղել ոստիկանության ծառայողները: Դեպքի առնչությամբ հետաքննություն է կատարվում: Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` վիճաբանության մասնակիցները Գյումրիում տեղակայված համար 102 ռուսական ռազմաբազայի ծառայողներ են:

 

 
ՍԱՐՔՈՎԻ «ԻԳԼԱՆ»
ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով երեկվա դատական նիստին ներկա էր առանցքային մեղադրյալ Հրաչյա Մայիլյանը, որը սակայն հրաժարվեց ցուցմունք տալ: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, որից պարզ դարձավ, որ նախաքննության սկզբում վարույթն իրականացնող մարմինն ըստ էության չի կողմնորոշվել, թե ինչ կարգավիճակ տա. մե՛կ մեղադրյալ է եղել, մե՛կ վկա: Ու նրա՝ 1 ժամից ավել ընթերցված ցուցմունքներում այդպես էլ չհնչեց Սամվել Բաբայան անուն-ազգանունը: Հրաչյա Մայիլյանն իր նախաքննական ցուցմունքում ասել է, որ «Իգլա»-ն վերցրել է նույն գյուղի ճանապարհի եզրից, իր մեքենայով տարել իր տուն, այնուհետեւ Արմեն Պողոսյանը եկել է եւ իր պլանշետով նկարել զենքը՝ ՕՐՕ դաշինքի բացիկը զենքի վրա դրած: Ըստ Հրաչյա Մայիլյանի՝ որպեսզի «Իգլան» հանկարծ իր տանը վնաս չտա, այն տարել ու պահել է իր հանգուցյալ հորեղբոր ավտոտնակում: Արմեն Պողոսյանը սակայն հրաժարվել է զենքը գնելուց՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ մասեր են բացակայում: «Իգլան» այդպես էլ մնացել է Մայիլյանի ավտոտնակում: Սակայն մարտի 21-ին ԱԱԾ աշխատակիցների կողմից Մայիլյանի տանը կեղծ փաստաթղթեր օգտագործելու վերաբերյալ գործի շրջանակներում կատարվել է խուզարկություն, ոչինչ չհայտնաբերելուց հետո Մայիլյանին հրավիրել են ԱԱԾ վարչություն: Հենց այդ ժամանակ էլ ինքը որոշել է ԱԱԾ աշխատակիցներին հայտնել «Իգլայի» ձեռքբերման մասին: Բաբայանն, այնուամենայնիվ, մեղադրյալից հետաքրքվեց, եթե գումարային հարցը լուծվեր, «Իգլան» կամավոր կհանձնե՞ր ԱԱԾ-ին, թե՞ ոչ: Մայիլյանը պատասխանեց. «Երբ ինձ բռնեցին, այդ ժամանակ եմ հանձնել»: Սամվել Բաբայանը հայտարարեց, որ Մայիլյանի նկատմամբ 2014թ. քրեական գործ է հարուցված եղել, որը կասեցված է եղել եւ 2017թ այն վերաբացվել է. «Տարել են, կոխել են պադվալը, ասել են՝ ոնց ասում ենք, գրի՛»,- հայտարարեց Բաբայանը:




Լրահոս