«Ժողովուրդ» օրաթերթը սեպտեմբերի 8-ին մի հոդված էր հրապարակել՝ տեղեկացնելով, թե ինչպես են պետական դրամաշնորհները բաշխվում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներից մեկին, եւ ինչ գործունեություն են ծավալում նրա ՀԿ-ները: Արձագանքը, բնականաբար, բուռն էր, որն ավելի շատ հարցեր առաջացրեց:
Բայց նախ հիշեցնենք, թե ինչի մասին էր խոսքը: «Ժողովուրդ»-ը պաշտոնական փաստաթղթերից պարզել էր, որ «Դպրոց-կենտրոնների միությանը» պետական բյուջեից 2015, 2016 եւ 2017 թվականներին հատկացվել է 20 մլն դրամ: Ու ոչ մի տեղ նշված չկա, թե միության ղեկավարությունը կոնկրետ ինչ է արել ստացած պետական միջոցները, ինչպես է ծախսել կամ ում է տվել: Ինչը արդեն կասկածի տեղիք է տալիս` արդյո՞ք հատկացվող գումարները ծառայում են իրենց նպատակին: Նույն կազմակերպությունը նաեւ դրամաշնորհ է ստացել ՀՀ նախագահի նստավայրից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով:
Եւ վերջապես, նյութի 3-րդ մասում գրված էր մի տեղեկություն, ըստ որի՝ վերջերս Ազգային Ժողովում տեղեկություններ տարածվեցին, թե Ռուզաննա Մուրադյանը ձեռնարկ է տպագրել այն մասին, թե ինչպես դպրոցականները պետք է հանդուրժողականություն ցուցաբերեն սեռական փոքրամասնությունների նկատմամբ: Ըստ տեղեկությունների` Մուրադյանը նախատեսել էր այդ թեմատիկայով ձեռնարկը բաշխել դպրոցներին: Ինչին խոչընդոտել է ՀՀ վերահսկիչ պալատը եւ ԿԳՆ-ի միջոցով կասեցրել դրա դուրս բերումը: Ռուզաննա Մուրադյանը, իհարկե, հերքել էր ինչպես իր առնչությունը ՀԿ-ին, այնպես էլ ձեռնարկի հրապարակման մասը:
Ու երբ հոդվածը հրապարակվեց, դրա անոնսային մասը սկսեց ինտերնետային կայքերում պտտվել, տիկին պատգամավորը, առանց հոդվածը ամբողջությամբ կարդալու, շտապեց իր անանուն ու անհասցե մամուլի գրասենյակի անունից հերքման մի «ահասարսուռ» տեքստ տարածել, թե Ռուզաննա Մուրադյանի պարզաբանումը հոդվածում չկա (ինչը ուղղակի սուտ է, քանի որ պատգամավորի խոսքերն ամբողջությամբ մեջբերված են, պարզապես անհրաժեշտ է հայերենի իմացություն՝ այն կարդալու համար:)
Անհասցե գրասենյակից տարածված հայտարարության մեջ նշված է, թե «Ռուզաննա Մուրադյանը եւս մեկ անգամ հերքում է, որ սեռական փոքրամասնությունների նկատմամբ հանդուրժողականություն չի քարոզել, նման բովանդակությամբ ձեռնարկ չի տպագրել եւ անբարոյականություն է որակում իր անձը նման քարոզ իրականացնելու գործընթացի հետ կապելը»:
Իհարկե, ինչ-որ բան չոր հերքելը ցանկացած բակի տաղավարներում կարելի է, երբ հատկապես սեղանին արեւածաղիկի սերմեր կան դրված: Միեւնույն է՝ անպատասխանատվության մակարդակը «բեսեդկի» մակարդակի է: Բայց անբարոյականության որակմամբ նման տեքստ տարածելուց առաջ առավել օրինակելի կլիներ, եթե ԱԺ պատգամավորը մանրամասն հաշվետվություն ներկայացներ, թե ստացած «գրանտները» ինչպես են ծախսվել: Թե չէ 2013-ին էլ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե մի՛ հավատացեք պատի տակի խոսակցություններին՝ իբր գազի գինը սահմանին բարձրացել է: Գազի գինը չի բարձրանա: Բայց նրա հայտարարությունից 2 ամիս անց այն ժամանակ «Հայռուսգազարդը» ներկայացրեց թանկացման հիմնավորումները, եւ գազի գինը բարձրացավ: Այսինքն՝ ինչ-որ բան հերքելը դեռ չի նշանակում, թե չկա:
Ռուզաննա Մուրադյանը շատ լավ գիտի՝ ձեռնարկը ինչպես է ֆինանսավորվել, ինչպես է հոլանդիայի օրինակով սարքված այլ «բրոշյուրներից» թարգմանվել, ում ուղեկցող գրությամբ է տպարան մտել եւ ինչու տպագրությունից հետո դուրս չի եկել: Պարզապես «ժողովուրդ»-ը չէր ցանկանում շատ փորփրել հասարակության համար զգայուն այս թեման, որտեղ խոսք է գնում դպրոցական տարիքի երեխաների շրջանում միասեռականության վերաբերյալ ձեռնարկների տարածման մասին: Բայց իրավիճակը, կարծես թե, փոխվում է:
«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը շարունակում է ամենատարբեր անհատների եւ կազմակերպությունների կողմից ստանալ նույնաբովանդակ ձեռնարկներ, որոնք մեկը մյուսի հետեւից նոր թեմաներ են բացում, թե ովքեր են դրանք հեղինակել ու փորձել տարածել: Պարզվում է՝ մեր երկրում էլի կան ռուզանմուրադյաններ:
Բայց եթե ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը առաջիկայում իր ՀԿ-ների գործունեության մանրամասն հաշվետվություն չտա՝ ամեն դրամի համար փաստաթղթերը մեկիկ-մեկիկ ներկայացնելով, ուրեմն նա հրապարակավ ստել է նաեւ հերքելիս: Մենք առայժմ սպասում ենք պատգամավորի նախաձեռնությանը՝ հընթացս հորդորելով, որ հերքման տեքստ տարածելուց առաջ անհրաժեշտ է նախ կարդալ սկզբնաղբյուրը, հերքել փաստացի՝ սկզբնաղբյուրին, ուղարկել այն լրատվամիջոցին, ով հրապարակել է հոդվածը եւ, ամենակարեւորը, առանց հիստերիայի:
Բայց այս ընթացքում, տիկի՛ն, մի՛ մոռացեք գոնե ինքներդ Ձեզ հետ մինչեւ վերջ անկեղծ լինել:
«Ժողովուրդ» օրաթերթ
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐ` ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
Այն, որ Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է, դա վաղուց հայտնի փաստ է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Իսկ մեր քաղաքացիների զգալի մասը ստիպված է լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին ու ընտրել ավելի մատչելին:
Այսպես՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանում այս տարվա ութ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է 0.6 տոկոս գնաճ: Ըստ այդմ, թանկացել են սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը` 3.9 տոկոսով: Գնաճից չի խուսափել նաեւ ծխախոտի շուկան, որտեղ արձանագրվել է 2.8 տոկոսի թանկացում: Փոխարենը էժանացել են հագուստն ու կոշիկը` 3 տոկոսով: Մրգի շուկայում այս օգոստոսին եւս թանկացում է արձանագրվել: Մրգի գներն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 11 տոկոսով են բարձրացել, ինչին նպաստել է սեզոնը: Չէ՞ որ այս շրջանում մարդիկ ավելի շատ նախընտրում են մրգեր ուտել:
Թանկացումից չի խուսափել նաեւ շաքարավազի շուկան: Այն այս օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, թանկացել է 13.4 տոկոսով: Նշենք, որ տարվա այս ժամանակահատվածում սովորաբար կրկնակի ավելանում է շաքարավազի սպառման պահանջարկը, քանի որ համարվում է փակոցների՝ մուրաբաների սեզոն: Սակայն հուլիսի համեմատ, հակառակը, շաքարավազը էժանացել է` 0.2 տոկոսով: Տեղեկացնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վերջերս ուսումնասիրել է շաքարավազի շուկան եւ պարզել, որ ավելացել է այն ներկրողների թիվը: Նա նաեւ նշել էր, որ հատկապես ԵԱՏՄ անդամ երկրներից կան շաքարավազ ներկրող ավելի քան 20 տնտեսվարող:
Շաքարավազի շուկայից անցնենք ձկնամթերքին, որտեղ գները մնացել են անփոփոխ: Փոխարենը թանկացել է միսը: Մսամթերքի շուկայում այս օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գրանցվել է 6.1 տոկոս աճ: Սա դեռ ամենը չէ, քանի որ հուլիսի համեմատ մսամթերքը դարձյալ թանկացել է` 1.4 տոկոսով: Մսամթերքի թանկացումը եւս պայմանավորված է սեզոնով:
Այս օգոստոսին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Էժանացել են կաթնամթերքը, պանիրը եւ ձուն: Բայց հուլիսի համեմատ նշված սննդատեսակների գները 0.1 տոկոսով բարձրացել են: Սրան զուգահեռ՝ օգոստոսին, հուլիսի համեմատ, թանկացել են նաեւ հրուշակեղենը, սուրճը, թեյը եւ կակաոն:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՏԱՎՈՒՇՈՒՄ ՄԱԼԱՐԻԱ ԿԱ
Օգոստոսի 28-ին Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանող, Հարավային Սուդանից մի աղջկա մալարիայով հիվանդանալու դեպք է բացահայտվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուսանողին ուղարկել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց, նրա վիճակը հիմա բարվոք է: Առողջարանային, տուրիստական Դիլիջանում մալարիայով հիվանդի բացահայտումից հետո ի՞նչ աշխատանքներ են իրականացվել: ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ հիմա մոծակների ակտիվության շրջանն է, Դիլիջան քաղաքում նմուշառում է կատարել՝ տեսնելու համար, թե մալարիա փոխանցող մոծակներ հայտնաբերվո՞ւմ են: Նախորդ տարիներին Դիլիջանում նման մոծակներ հայտնաբերվել են: Իսկ միջազգային քոլեջի ուսանողի հիվանդանալու դեպքի հետ կապված հարկ էր նմուշառում անել: Մալարիա տարածող մոծակները թռչում են մինչեւ 3 կմ, ուստի միջազգային դպրոցի շրջակայքի շինություններում միջատասպան նյութերով մշակումներ են արվել: Դիլիջանում բնակիչների՝ մալարիայով հիվանդանալու վտանգը մեծ չէ, այն տեսական է, սակայն անհրաժեշտ միջոցառումները արվել են, որ կանխվի վտանգը:
Հավելենք, որ 2006թ. Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Լուսինե Պարոնյանը հայտնեց՝ Դիլիջանում վերջերս լայմի հիվանդությունով հիվանդանալու դեպքեր են եղել: Այդ հիվանդությունը տարածում են անտառային տզերը: Նա ասաց, որ Հայաստանում լեյշմանիոզով հիվանդանալու ամենամեծ թվով դեպքերը Տավուշի մարզում են գրանցվում: Վերջերս նման դեպք է հայտնաբերվել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղում: Լեյշմանիոզի դեպքեր են եղել նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն եւ Իջեւան քաղաքին հարակից Գետահովիտ գյուղերում: Լեյշմանիոզով հիվանդ երեխաներ են հայտնաբերվել, որոնք բուժվել են: Այդ հիվանդությունն ավելի տարածված է երեխաների, իմունային թույլ համակարգ ունեցող անձանց շրջանում: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է բժիշկների, նաեւ անասնաբուժական ծառայության հետ, քանզի լեյշմանիոզի հարուցիչը հայտնաբերվում է շների մեջ:
Ու կարելի է ասել, որ լեյշմանիոզի վարակի աղբյուրը շունն է, սակայն շունը անմիջական վտանգ չի ներկայացնում մարդու համար: Բայց երբ մլակը կծում է հիվանդ շանը, մլակի օրգանիզմում վարակի հարուցիչը որոշակի փուլեր է անցնում, այնուհետեւ խայթելով մարդկանց՝ վարակում է լեյշմանիոզով: Ինչպես հայտնի է՝ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում:
Այժմ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը համագործակցում է Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ, որպեսզի նրանք թույլ չտան օրգանական աղբի կուտակումներ:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ