Կարեն Կարպետյանը, երբ նշանակվեց Հայաստանի վարչապետի պաշտոնում, իր գերխնդիրը համարեց պետական ապարատի օպտիմալացումը, որպեսզի տարբեր մարդիկ պետության հաշվին անիմաստ գումարներ չստանան անարդյունավետ աշխատանքի դիմաց: Բայց դրան զուգահեռ՝ նա իր վստահելի մարդկանցով լցրեց ՀՀ գերատեսչությունները, որոնք տարբեր կարգավիճակներով սկսեցին համագործակցել պետական կառույցների հետ:
Ռազմավարական նախաձեռնություններ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, թե քանի կառույց է Հայաստանում զբաղվում տուրիզմով, որոնք ստեղծվել են միայն Կարեն Կարապետյանի որոշմամբ: Օրինակ` Հայաստանում տուրիզմի զարգացմամբ զբաղվում է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեն, Հայաստանի զարգացման հիմնադրամը, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, սրանց գումարած նաեւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչությունը: Հիմա էլ կառավարության կողմից անցած տարեվերջին ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն է հանձն առել երկրի գյուղատնտեսության զարգացմամբ զբաղվելու գործը: Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը հենց Կարեն Կարապետյանն է: Խորհրդի կազմում են նաեւ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, «Տաշիր գրուպի» ներկայացուցիչ Հայկ Իգնաթյանը եւ այլք:
Տեղեկացնենք, որ կենտրոնը գործում է հանրային-մասնավոր գործընկերության ձեւաչափով: Այն միտված է ՀՀ-ում երկարաժամկետ ռազմավարական բարեփոխումների մշակմանը եւ իրականացմանը, իրականացվող բարեփոխումների կոնսոլիդացմանը եւ խթանմանը: Կենտրոնի ուշադրության կենտրոնում են լինելու հանրային կառավարման, տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության եւ վերամշակման, կրթության, հարկային եւ մաքսային վարչարարության ոլորտները, ինչպես նաեւ այլ բնագավառներ` ըստ անհրաժեշտության: Այսինքն՝ ի թիվս տուրիզմի՝ կրթության կամ հարկային ու մաքսային ոլորտների, այս կենտրոնը զբաղվելու է նաեւ գյուղատնտեսության կառուցվածքային բարեփոխումներով:
Ինչ են արարում սենյակներում
Բայց այստեղ հարց է առաջանում` գյուղատնտեսության նախարարությունը ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ վստահությամբ է համագործակցում նորաստեղծ կենտրոնի հետ: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուղիղ մեկ ամիս առաջ ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն ու «Արար» հիմնադրամը գործադիրին են ներկայացրել գյուղատնտեսության եւ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունների կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները: Ի դեպ, ըստ կառավարության` դրանք մշակվել են` հաշվի առնելով նշված գերատեսչությունների ախտորոշման արդյունքները եւ ֆունկցիոնալ ստորաբաժանումների գործունեության խոչընդոտները: Սա նշանակում է, որ ամբողջ մի գյուղատնտեսության նախարարություն, որն ունի հսկայական աշխատակազմ, մարզային սփռվածություն, սակայն չունի համապատասխան վարչություն կամ բաժին, որը կարող էր մշակել կառուցվածքային բարեփոխումների առաջարկություններ: Փոխարենը այդ գործը հանձնարարվել է ինչ-որ երիտասարդների, որոնք անհասկանալի է, թե ինչ կապ ունեն գյուղատնտեսության հետ եւ որքանով են առնչվում գյուղացու հետ, ավելին` օրվա մեջ քանի ժամ են անցկացնում գյուղերում` հասկանալու համար, թե գյուղերի զարգացման համար կոնկրետ ինչ է անհրաժեշտ: Հասկանալի է, որ իրենք իրենց փողկապները ամուր ձգած, գեղեցիկ կահավորված սենյակներում նստած ժամանակ են անցկացնում: Եւ արդեն կանխատեսելի է, թե ինչպես են նրանք աշխատելու կամ կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելու: Ենթադրվում է, որ նրանք վերցնելու են այլ երկրների փորձը, copy past են անելու ու ռազմավարություն են մշակելու՝ առանց հաշվի առնելու ռիսկերը, Սերժ Սարգսյանի ասած «մենթալիտետը»:
«Պիլոտային» ռազմավարություն
«Ժողովուրդ» օրաթերթը գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ ոլորտին վերաբերող կառուցվածքային բարեփոխումների առաջարկությունների համար ֆինանսական միջոց չի ծախսվելու: Ապա ԳՆ-ից փոխանցեցին, որ այդ աշխատանքներում ներգրավված են լինելու նախարարության մասնագետները: Ըստ ԳՆ-ի՝ նշված կենտրոնի եւ հիմնադրամի կողմից կառուցվածքային բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ մշակելը պիլոտային է: Հարցին` ինչո՞ւ են կառուցվածքային բարեփոխումներ անելու համար ընտրվել հենց ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնն ու «Արար» հիմնադրամը, վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանն արձագանքեց. «Այդպես է նպատակահարմար գտել կառավարությունը` հաշվի առնելով իրենց փորձը այդ ոլորտում: Բացի այս՝ ընդգրկված են համապատասխան մասնագետներ: Ավելին՝ կառուցվածքային բարեփոխումներ են, դրա համար պետք չէ այդ ոլորտի կոնկրետ մասնագետը լինել: Իրենք ամեն դեպքում համապատասխան ուսումնասիրություններ անում են ոլորտի մասնագետների հետ, այս դեպքում գյուղատնտեսության նախարարության»:
Հայկական մրգով
Բայց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության սխալները հաշվի առնելով՝ առնվազն կասկածելի է, որ այս հարցում Կարեն Կարապետյանը կհաջողի: Ճիշտ այնպես, ինչպես սխալվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը:
Միայն հիշեցնենք 2011թ. նոյեմբերին կառավարության կողմից ստեղծված «Հայկական միրգ» ԲԲԸ-ի մասին, որը պետք է հայկական արտադրանքով շատ արագ գրավեր միջազգային շուկան: Սակայն հայկական միրգը միջազգային շուկա դուրս չեկավ: Այս ընկերության գործունեության ու ծախսված գումարների վերաբերյալ հետաքրքիր բացահայտումներ էր արել Վերահսկիչ պալատը: Ըստ որի` ծրագրին աջակցելու նպատակով ընկերությունը 462 հազար 700 դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել Զիմբաբվեում գրանցված աֆրիկյան «Մաքֆերսոն Քընսալթինգ Գրուպ»-ի հետ` խորհուրդներ տալու համար:
Մեզ մնում է սպասել ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ու «Արար»-ի համատեղ գործունեության մասին պաշտոնական բացահայտումներին:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ