Հայաստանը հետեւողականորեն վերածվում է Սիցիլիայի, որտեղ մարդիկ, չվստահելով իրավապահ համակարգին, փորձում են իրենց հարցերը լուծել զենքի ուժով, ինքնադատաստանի միջոցով: Այս տրամաբանության շրջանակներում երեկ գիշեր Էջմիածնում թեժ մարտեր են ընթացել. «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հենց փողոցում եռակողմ անկանոն կրակահերթի արդյունքում սպանվել է երկու հոգի: Սպանվողը քրեական հեղինակություն՝ Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանի թիկնազորից էր: Համենայնդեպս, այս տարվա հունիսի 8-ին Երեւանում, երբ ոստիկանությունը մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց՝ Արտյոմ Հարությունյանի թիկնազորի անդամներին բերման ենթարկելով, «բաժին տարվածների» թվում էր սպանված Կարենը: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր, իսկ թե ինչպես ազատ արձակվեցին, այդպես էլ անհայտ մնաց:
Եւ հիմա կասկածներ կան, որ Էջմիածնում հայտնի Տուպիկ Կարենը՝ Կարեն Դավթյանը, իր վարորդի՝ Լեւոն Ավետիսյանի հետ սպանվել է մեկ այլ հեղինակություն Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի դեմ ծրագրված սպանության փորձի համար: Հիշեցնենք, որ մայիսի 24-ին վնասազերծված խումբը մտադիր էր սպանել Դոն Պիպոյին: Ու այն ժամանակ լուրեր շրջանառվեցին, որ սպանությունը նախապատրաստելու հետեւում կանգնած է Արտյոմ Կանեւսկո մականունով հայտնի Արտյոմ Հարությունյանը: Եւ սպանության փորձի գործը օբյեկտիվ քննելու համար այն ուղարկվեց ՀՀ ԱԱԾ քննչական վարույթ, որտեղ, ըստ էության, ոչինչ էլ չէին քննում՝ ընդամենը խորհրդավորության քող էին հաղորդել դրան: Եւ ահա իրավապահների անգործության արդյունքը եղավ վենդետան:
ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը խորհրդարանի նորընտիր պատգամավորների համար դասընթացներ է կազմակերպել՝ սովորեցնելու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները: Երեկ առաջին դասն էր, որին մասնակցում էին ՀՀԿ, «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների պատգամավորները: ՀՅԴ-ից որեւէ մեկը ներկա չէր: «Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվիրպեց, որ այդ դասընթացին ներկա էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով նախորդ խորհրդարանում պատգամավոր էր ՀՀԿ խմբակցությունից: Սակայն նրանից հնարավոր չեղավ պարզել, թե ինչու էր մասնակցում այդ դասընթացին. չի՞ հասցրել նախորդ հինգ տարում սովորել պատգամավորի գործառույթները, թե՞ մարդաքանակ ապահովելու համար էր գործուղվել: ՀՀԿ խմբակցությունից Արսեն Միխայլովն էլ մեր հարցին ի պատասխան՝ հավաստիացրեց, որ ինքը գիտեր պատգամավորների գործառույթները, պարզապես «շատ էպիզոդներ կան, որոնց պրակտիկորեն դեռ մենք ծանոթ չենք: …Ավելի խորն ուսումնասիրեցի եւ իմացա ահագին բաներ»:
Երեւանի քաղաքապետարանը մտադրվել է բարձրացնել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձը: Բայց փորձում է այդ նպատակին հասնել նենգ եղանակներով՝ տպավորություն ստեղծելով, թե դա հասարակական պահանջ է: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս ընթացքում քաղքապետարանը ձեւափոխել ու կարճացրել է բազմաթիվ երթուղիներ: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված օգտվում են երկու տրանսպորտից: Նպատակը մեկն է. այդպես մարդկանց մոտ արհեստական բողոք հասունացնել, որպեսզի քաղաքացիներն իրենք պահանջեն թանկացնել ուղեվարձը, միայն թե ներկայիս պայմաններով չերթեւեկեն, այլ նստեն մի երթուղային եւ իջնեն իրենց ցանկացած կանգառը: Ուղեւորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ իրենց հաշվարկներով մայրաքաղաքում այսօր օրական 50 հազար մարդ հասարակական տրանսպորտը երկու անգամ փոխելով է հասնում իր ցանկացած վայրը:
Հայաստանի պետական պարտքը շարունակում է իր «հաղթարշավը»: Պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 259.5 մլն դոլար: Այդ գումարից 5 մլրդ 685.6 մլն դոլարը կառավարության պարտքն է, որից միայն 4 մլրդ 447 մլն դոլարը՝ արտաքին պարտքը: Նկատենք, որ մեկ ամսվա ընթացքում պետական պարտքն աճել է 58 մլն դոլարով, տարեսկզբի համեմատ՝ 317.4 մլն դոլարով ավել: Պարտքի աճի նման տեմպերը լուրջ մտահոգությունների տեղիք են տվել: Բանն այն է, որ վաղուց ի վեր այն գերազանցել է Հայաստանի ՀՆԱ-ի 50 տոկոսը՝ մոտենալով կարմիր գծին, եւ գնալով դժվարանում է պարտքի սպասարկումը: Բայց չնայած այդ ամենին՝ իշխանությունները շարունակում են նոր պարտքեր կուտակել:
ՆՈՐ ՇՄԱՅՍՆԵՐԸ
Երեւանի ավագանու՝ երեկվա նիստում իշխող ՀՀԿ ներկայացուցիչների պահվածքից տպավորութուն էր, թե գործ ունենք ոչ թե տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների, այլ թաղի խուժանի, փողոցային խուլիգանների հետ: Ընդդիմադիր գործընկերների հետ բանավիճելու փոխարեն ՀՀԿ-ականները վիրավորական ռեպլիկներ էին հնչեցնում:
Չնայած ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անահիտ Բախշյանի պատկառելի տարիքին՝ ՀՀԿ-ական Արմեն Սահակյանը՝ Շենգավիթցի Ծիտը, նրան մի քանի անգամ դիմեց «լսի, Անո՛», «պարոն Բախշյան»: Երբ «Ելք»-ի մյուս անդամները փորձեցին կարգի հրավիրել նրան, Սահակյանն անցավ «արա՛, ա՛յ տղա» դիմելաձեւերին՝ սկսելով վիճել արդեն «Ելք»-ի մյուս անդամի` Ալեն Սիմոնյանի հետ: Նրան միացավ մեկ այլ մականունավոր՝ Հովհաննես Ավանեսյանը՝ Բլդին: Արդեն նիստի ավարտից հետո քաղաքապետարանի միջանցքում փորձում էր հաշիվներ պարզել ավագանու «Ելք» խմբակցության անդամներից Անի Խաչատրյանի հետ: «Սառայների» մեծ մասնագետ ՀՀԿ-ական Լեւոն Իգիթյանն իր հերթին հակադարձեց ընդդիմադիր անդամներին. «Ձենդ կտրի՛, բոժե մնե»: Իսկ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան էլ, որոշելով չզիջել իր տղամարդ գործընկերներին, նիստի ժամանակ «Երկիր Ծիրանիի» ավագանու անդամներից Մարինա Խաչատրյանի հասցեին նետեց. «Բերանդ փակի մի քիչ, հիմա՛ր»:
Կարճ ասած, ավագանու նիստը երեկ հիշեցնում էր «քուչի բեսեդկայի ռազբորկա»: Բայց ՀՀԿ-ականներից այլ բան դժվար է սպասել. ի վերջո, ՀՀԿ ցուցակով ավագանու անդամ է դարձել նաեւ թաղային խուժանը՝ ընտրությունների ժամանակ իշխանությունների համար ձայներ ապահովելու իր կարողության շնորհիվ: Իսկ նրանցից բարեկրթություն, բանավեճի կուլտուրա կամ նման կարգի դրսեւորումներ սպասելն առնվազն միամտություն է:
Երեկվա ողջ իրարանցման մեջ ամենաուշագրավը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պահվածքն էր. նա սկզբում չէր փորձում միջամտել այդ լեզվակռվին, չէր փորձում կարգի հրավիրել իր թիմակիցներին մինչեւ այն պահը, երբ ավագանու «Ելք» խմբակցության անդամները դիմեցին նրան: Իսկ արդեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հարցին, թե ՀՀԿ-ականները ռեպլիկներ էին նետում «Երկիր Ծիրանիի» անդամների հասցեին, նա փորձել էր արդարանալ. «Անկեղծ ասած, ես չեմ լսել այդ ռեպլիկները: Եթե «Երկիր Ծիրանիի» անդամները դա լսել են, իրենց էլ հարցրեք»: Ասել է, թե Տարոն Մարգարյանն իր լռությամբ երեկ աջակցում էր ՀՀԿ-ականներին, որպեսզի Անահիտ Բախշյանի հետ խոսեն անվայելուչ տոնով եւ վիրավորեն նրան: Սա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն: