Սեպտեմբերի 12-ի գիշերը կրակոցներ են հնչել Էջմիածնի «Լիլիթ» ռեստորանային համալիրի մոտ, ինչի արդյունքում սպանվել են քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներից Կարեն Դավթյանը եւ նրա վարորդը՝ Լեւոն Ավետիսյանը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ենթադրյալ հանցագործները զոհերին թիրախավորել են երեք կողմից, ու երբ նրանք հասել են Անդրանիկի փողոց, մեքենայի ուղղությամբ կրակահերթ է բացվել:
Էջմիածնի կրակոցների նախապատմությունը
Մայիսի 24-ին իրավապահների կողմից կանխվել էր քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու գործընթացը: Սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ-ի 35-104 հոդվածի՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի հատկանիշներով՝ ապօրինի զենքը պահելը, կրելը: Գործով մեղադրանք էր առաջադրվել չորս անձի, որոնցից միայն մեկի անունը հայտնի դարձավ: Խոսքը Անդրանիկ Քոչինյանի մասին է, որը փաստաբանի միջոցով բարձրաձայնել էր, թե սպանության նախապատրաստության հետ կապ չունի եւ վախենում է իր կյանքի համար: Իսկ մյուս 3-ին իրավապահները թաքցրին հանրությունից: Ովքե՞ր էին նրանք, ինչո՞ւ էին ուզում սպանել Դոն Պիպոյին, այդպես էլ անհայտ մնաց:
Ըստ տարածված լուրերի՝ վերոնշյալ սպանությունը նախապատրաստելու պատվիրատուն քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանը՝ Արտյոմ Կանեւսկոն էր:
Իրավապահների աշխատանքը
Նշված դեպքից հետո ՀՀ ոստիկանությունը հունիսի 8-ին Երեւանում մեծ շուքով բերման ենթարկելու օպերացիա կազմակերպեց եւ քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի թիկնազորի անդամներին բերման ենթարկեց: Նրանց մեքենաների սրահներում հայտնաբերվել էին զենքեր: Բերման ենթարկվածների թվում էր սպանված Կարենը, որն Էջմիածնում առավել հայտնի է Տուպիկ Կարեն անունով: Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր նաեւ, որ «Կոչ է անում պահպանել համակեցության կանոնները եւ զերծ մնալ հանրության համար անհանդուրժելի թիկնազորներով եւ ավտոշարասյուներով շրջելու սովորույթից»: Թե ինչ եղավ նրանց հետ, ինչպես բերման ենթարկելուց հետո Կարենը եւ մյուսները ազատության մեջ հայտնվեցին, դարձյալ անհայտ մնաց:
ԱԱԾ-ն ոչինչ չարեց
Սրան զուգահեռ Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու աղմկահարույց գործը ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվեց ազգային անվտանգության ծառայության քննչականի վարույթ: Անհրաժեշտ էր առավել անկաշկանդ եւ լուրջ քննություն՝ հասկանալու համար, թե ով է կանգնած սպանության նախապատրաստության հետեւում: Սակայն ԱԱԾ-ն էլ առանձնապես լուրջ քննություն չիրականացրեց: Միայն գործը պարուրվեց խորհրդավորության քողով եւ դադարեցվեց ցանկացած ինֆորմացիայի տրամադրումը այս գործի շրջանակներում. նախաքննություն է ընթանում, եւ վերջ:
Այդ ընթացքում միայն մի քանի լրատվամիջոցներ կարողացան իրենց խողովակներով կցկտուր տեղեկություններ հրապարակել, որ 3.5 ամսվա ընթացքում սիմվոլիկ հարցաքննություններ են իրականացվում այդ գործով, քանի որ հիմնական կասկածյալ պատվիրատուն՝ ի դեմս քրեական հեղինակություն Արտյոմ Հարությունյանի, իրավապահները չեն կարողանում բերել հարցաքննության:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ԱԱԾ-ից տեղեկանալ, թե երեկ սպանված անձինք արդյո՞ք անցնում են Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ նախապատրաստվող քրեական գործով, եթե այո, ապա ինչ կարգավիճակ ունեին: Ու բացի այդ՝ ի՞նչ քննություն է իրականացնում ԱԱԾ-ն այս գործով, եթե սպանության նախապատրաստման քայլը պատժվեց վենդետայով: Ի պատասխան մեր հարցադրումների՝ ԱԱԾ-ից հորդորեցին հարցերը ուղարկել գրավոր: Ուղարկել ենք:
Ստացվում է, որ Արթուր Ասատրյանը չսպասեց իրավապահ մարմինների քննությանը կամ չվստահեց հայրենի իրավապահներին եւ որոշեց ունեցած կասկածներով, սեփական ուժերով հաշվեհարդար տեսնել իրեն սպանելու փորձ արածների ենթադրյալ կասկածյալների նկատմամբ:
Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը
Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ ենթադրյալ հանցագործները Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանեւսկոյի մտերիմներին՝ Կարենին ու նրա վարորդին, թիրախավորել են երեք կողմից: Ու երբ վերջիններս հասել են Անդրանիկի փողոց՝ «Լիլիթ» ռեստորանի մոտակայք, սեպտեմբերի 12-ի գիշերը 00:15-ի սահմաններում նրանց մեքենայի ուղղությամբ կրակահերթ է բացվել: Կրակահերթն այնքան ուժգին ու ինտենսիվ է եղել, որ հարեւան բնակիչների տան տանիքները վնասվել են: Վախեցած հարեւանները աղմուկ են բարձրացրել եւ օգնություն են կանչել: Կարճ ժամանակ անց, երբ կրակոցները դադարել են, մարդիկ դուրս են եկել փողոց եւ տեսել են Կարենին ու նրա վարորդ Լյովային մեքենայում՝ սպանված վիճակում:
Ըստ ականատեսների՝ սպանված Կարենի կինը զենքով դուրս է եկել փողոց, որ օգնի ամուսնուն, սակայն դեպքի վայր շտապած իրավապահները հանգստացրել են կնոջը:
Հարեւանների պատմելով՝ երեք ուղղություններով կրակոցներ էին հնչում փողոցում, որտեղ միայն Կարենի մեքենան էր: Ըստ նրանց՝ ենթադրյալ հանցագործներն իրենց մեքենաները այլ տեղ են թաքցրած եղել եւ գործը կատարելուց հետո աննկատ հեռացել են: Ըստ բնակիչների՝ Անդրանիկի փողոցում կա տեսախցիկ, որի միջոցով կարող են բացահայտել, թե ովքեր են եղել կրակողները, սակայն նրանք հույս չունեն, որ գործը երբեւէ կբացահայտվի:
Նկատենք, որ կրակոցները հնչել են ռեստորանային համալիրի մոտ, որը պատկանում է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մտերիմներից մեկին:
Խորհրդավոր սպանություններ
Էջմիածնում մեծից փոքր համոզված են, որ երեկվա սպանությունները նախկինում կատարված դեպքերի շարունակությունն են, ինչ-որ թելերով միմյանց հետ կապված: Ըստ տարածված լուրերի՝ Արտյոմ Հարությունյանի մտերիմների սպանությունը չի բացառվում, որ կապ ունի ոչ միայն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ կազմակերպված մահափորձի հետ, այլեւ տարիներ առաջ Էջմիածին քաղաքում տեղի ունեցած մեկ այլ սպանության հետ: 2016 թվականի հունիսի 5-ին Արմավիրի մարզում սպանվել էր ըմբշամարտիկ, 42-ամյա Համլետ Պատուրյանը: Ըստ էջմիածինցիների՝ Համլետ Պատուրյանը երեկ սպանված Կարենի մտերիմն էր:
Բայց սա դեռ վերջը չէ: Ըստ բնակիչների՝ 2015 թվականին Էջմիածնի Չարենց թաղամասում սպանվեց Հայկարամ Գրիգորյանը, որը Արմավիրում հայտնի էր որպես թաղային հեղինակություն: Ըստ լուրերի՝ նա Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի շրջապատի մարդկանց հետ մշտապես կոնֆլիկտների մեջ է եղել: Եվ այսպես կարելի էր շարունակել Էջմիածին քաղաքում կատարվող սպանությունների շղթան, որոնք այդպես էլ մնացել են մինչեւ վերջ չբացահայտված:
Ո՞ւր է հրաժարականը
Մեզ մնում է հետեւություն անել, որ Հայաստանում իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի, եւ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունի մեր երկում իրապես կարգ ու կանոն հաստատել, դարձնել «ապահով Հայաստան», պետք է անհապաղ իրավապահ համակարգի ղեկավարներին հավաքի մի սենյակում եւ պարզի, թե նրանցից ով պետք է լքի պաշտոնը: Ինչո՞ւ, որովհետեւ իրավապահ մարմինները անկարող են պայքարել ոչ միայն քրեական տարրերի դեմ, այլեւ տարրական կենցաղային սպանությունները կանխելու հարցում: Այսպես այլեւս չի կարող շարունակվել:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթը բլից զորույց է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ՝ օրենսդրական մի շարք փոփոխությունների մասին, որոնք առնչվում են զանգվածային լրատվության միջոցներին:
-Պարո՛ն Հարությունյան, Դուք շրջանառության մեջ եք դրել օրենսդրական փոփոխությունների մի մեծ փաթեթ, ըստ որի՝ հրապարակային ծանուցումները այսուհետ պետք է հրապարակվեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, այլ հրապարակային ծանուցումների պաշտոնական «Ազդարար» կայքում, որը գտնվում է արդարադատության նախարարության ենթակայության տակ: Ի՞նչ նպատակ եք հետապնդում այս քայլով, քանի որ լրատվամիջոցները վստահ են, որ այս քայլով իշխանությունները ձեռնամուխ են եղել՝ հնարավոր բոլոր միջոցներով ոչնչացնեն մամուլը՝ զրկելով ֆինանսական աղբյուրից:
-Ո՛չ, այդպես չէ:
-Այդ դեպքում ի՞նչ նպատակ եք հետապնդում:
-Ո՛չ, դա նպատակ է հետապնդում ապահովվել թափանցիկությունը, կանխատեսելիությունը, որպեսզի յուրաքանչյուր ոք չփորձի փնտրել ցանկացած լրատվամիջոց, որը կարող է տպվել, ենթադրենք, մարզային եւ կոնկրետ դեպքով երեք հազար օրինակով, եւ միանգամից գնվեն բոլոր 3000 օրինակները, եւ, օրինակ, պարտատերը տեղյակ չլինի, որ կազմակերպությունը սնանկանում է: Սա ընդամենը նպատակ ունի ապահովվելու կանխատեսելիությունը եւ մեր քաղաքացիների շահերի պաշտպանությունը:
-Եթե նախկինում անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չէր տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական, գեղարվեստական ստեղծագործությունների վրա, ապա 2016 թվականի հունիսի 17-ից անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում արդեն լրագրողները եւս զրկվում են այդ հնարավորությունից: Ուշագրավն այն է, որ լրատվամիջոցներն ու լրագրողական կազմակերպությունները օրենքի՝ ուժի մեջ մտնելուց միայն մեկ տարի անց են տեղեկացել փոփոխության մասին: Ինչո՞ւ է անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում այս կարեւոր փոփոխությունը կատարվել առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկումների, արդյո՞ք այն չի դառնա զսպող գործիք լրատվամիջոցների համար:
-Կարծում եմ, որ այն իրավունքները, որոնք զանգվածային լրատվության միջոցները ունեն զանգվածային լրատվության մասի օրենքով, իսկ դա բավականին հստակ է, ու այդ իրավունքները շարունակում են գործել, ինչո՞ւ, քանի որ դա մայր օրենք է, անձնական տվյալների պաշտպանության օրենքը հղում է կատարում օրենքով նախատեսված հիմքերին: Այսինքն՝ օրենքը, որը վերապահում է զանգվածային լրատվության որոշակի իրավունքներ, շարունակում է գործել նաեւ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքում:
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ
ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Երեկ Աջափնյակ վարչական շրջանում գտնվող թիվ 118 դպրոցում դանակահարություն է տեղի ունեցել: Բարձր դասարանի աշակերտները վիճաբանել են, որի ժամանակ նրանցից մեկը որովայնի շրջանում վնասվածք է ստացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով: Դանակահարված տղան տեղափոխվել է հիվանդանոց: Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը հայտնի է: