Հայաստանում ամենաաշխույժ ոլորտը շարունակվում է համարվել լրագրությունը: Այստեղ ՀՀ գործող իշխանությունը առանց մտածելու ամենատարբեր խողովակներով թեկուզ փոքր, բայց ներդրումներ է անում՝ տարաբնույթ անուններով կայքեր բացելով: Էլեկտրոնային կայք ունենալը այսօր դարձել է «պրիստիժ»: Էլ ինչ պաշտոնյա, ինչ գործարար, որ գոնե մի կայք չունենա:
Խմբագիրների պահանջը
Ու այսպես տարաբնույթ շահեր սպասարկող հարյուրավոր կայքերով հագեցել է հայրենի լրատվական դաշտը, որոնք գործում են ամենայն անպատասխանատվությամբ, շատ դեպքերում՝ անօրինական դաշտում՝ փորձելով դասվել լրագրողների շարքերը՝ օգտվելով չորրորդ իշխանության համար նախատեսված հասարակական արտոնություններից: Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային շատ կայքեր գործում են անհասցե, այսինքն՝ նրանց որեւէ կերպ գտնել հնարավոր չէ, գործում են՝ չունենալով խմբագրակազմ, էլ չենք ասում այն մասին, որ պետության հետ իրավահարաբերություններում որեւէ կարգավիճակ չունեն:
Դեռ 2016-ի հունիսի 2-ին 15 լրատվամիջոցներ` «Ազգ» թերթը, «Առավոտ» օրաթերթը, առցանց Aravot.am-ը, «168 ժամ» թերթն ու կայքը, «Ժամանակ» օրաթերթն ու 1in.am-ը, «Ժողովուրդ» օրաթերթն ու ArmLur.am-ը, «Իրատես» թերթը, «Հայկական ժամանակ»-ն ու armtimes.com-ը, «Հրապարակ» օրաթերթն ու Hraparak.am-ը, «Մեդիամաքս»-ը, «Չորրորդ իշխանություն» թերթը, yerkir.am-ը, panorama.am-ը, A1plus.am-ը եւ «Հետք»-ը պարբերաբար ահազանգել են այս մասին: Նույնիսկ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը աշխատում էր օրենսդրական նախաձեռնության վրա: Խմբագիրները պահանջում էին «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ փոխել, որոնցից մեկը կարող է լինել օրենքի 11-րդ հոդվածի պարտադիր կիրառումը նաեւ լրատվական օնլայն հարթակների համար: Պետք է կայքի տեսանելի հատվածում տեղադրվի ինֆորմացիա` մատնանշելով լրատվամիջոցի հասցեն, հեռախոսահամարը, թողարկման պատասխանատուի, խմբագրակազմի տվյալները, ինչպես արվում է թերթերի դեպքում: Այլապես նրանք պետք է համարվեն բլոգային դաշտի ներկայացուցիչներ, բայց ոչ լրատվամիջոցներ՝ դրանից բխող հետեւանքներով… Վերը նշված պայմանները չբավարարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ պետական համակարգի տարբեր կառույցների աշխատանքը լուսաբանելու համար ներկայացված հավատարմագրման հայտերը չբավարարել:
Վախենում են
Սակայն ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը առավել կարեւոր գործերով էր զբաղված, եւ նա էլ չցանկացավ լրատվական դաշտը մաքրելու իր խոստումը իրագործել, նախագիծը առաջ տանել` վախենալով, որ կարող է ինչ-որ կայքում իր մասին «վատ» հոդվածներ հրապարակվեն: Փոփոխություն չեղավ նաեւ հավատարմագրման կարգում: ԱԺ-ում ԶԼՄ 280 ներկայացուցիչ է հավատարմագրվել: Ահա, այսպես, բոլորը բոլորից վախենալով, զգուշանալով՝ վատամարդ չլինելու նախատրամադրվածությամբ հարմարվել են այս իրավիճակին, որտեղ խոսքի արժեքը կամաց-կամաց զրոյանում է՝ տեղը զիջելով ֆասթֆուդային անպատասխանատու լրագրությանը: Ու սրան զուգահեռ՝ ՀՀ կառավարությունը ավանդական մամուլին ոչնչացնելու քաղաքականություն է սկսել: Այս առիթով «Ժողովուրդ»-ը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին մի քանի հարցեր ուղարկեց: Ստորեւ ներկայացնում ենք հարցաշարը.
Հարգելի՛ պարոն վարչապետ, հաշվի առնելով թվային տեխնոլոգիաների այս դարաշրջանում տպագիր մամուլի առջեւ ծառացած խնդիրները՝ մի քանի հարցերի պարզաբանման անհրաժեշտություն կա: Աշխարհի որեւէ երկրում այսպիսի հետեւողականությամբ պետական համակարգը չի գնում թերթերի գործունեության դադարի ճանապարհով, ինչպես արվում է Հայաստանում: Խնդրում ենք պատասխանել ստորեւ ներկայացված հարցերին.
1. ՀՀ արդարադատության նախարարությունը օրենսդրական մի մեծ փաթեթ է պատրաստել՝ Հայաստանի Հանրապետության օրենքը «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ըստ որի՝ պետական, մասնավոր բոլոր մարմինները հրապարակային ծանուցումներն այսուհետ պետք է հրատարակեն ոչ թե զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես մինչ օրս է, այլ միայն նախարարության azdarar.am կայքում: Ձեզ հետ համաձայնեցվա՞ծ է այդ նախագիծը:
2. Արդյո՞ք նախագծում նշված հիմնավորումը Ձեզ համար գոհացուցիչ է, ինչը նշանակում է, որ մինչ օրս պետական համակարգը գործել է անկատար:
3. Ունե՞ք հաշվարկներ, թե այս փաթեթի ընդունումից հետո Հայաստանում լույս տեսնող քանի տպագիր մամուլ կարող է ֆինանսական ճգնաժամի մեջ հայտնվել, եւ որո՞նք են դրանք:
4. Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որի հետեւանքով տպագիր մամուլի շատ միջոցներ զրկվելու են ֆինանսավորման աղբյուրներից մեկից, արդյո՞ք պատրաստվում եք հրահանգել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ կասեցնելու օրենսդրական փոփոխության գործընթացը:
5. Ձեր նշանակման օրվանից ՀՀ մի շարք պետական գերատեսչություններ հրաժարվեցին օրաթերթերի բաժանորդագրության փաթեթներից՝ պատճառաբանելով, թե խնայողությունների անհրաժեշտություն եք դրել բոլորի առջեւ: Մեր կողմից ՀՀ կառավարության մամուլի բաժնին բազմիցս ահազանգ հնչեցվել է այս թեմայով: Ձեզ մոտ երբեւէ քննարկվե՞լ են մամուլի ֆինանսավորման գլխավոր աղբյուրից՝ բաժանորդագրություններից զրկելու այդ քայլի հետեւանքները, եւ ի՞նչ որոշման եք հանգել:
6. Ընդհանրապես, տպագիր մամուլի գործունեության խոչընդոտների, ունեցած խնդիրների մասին Ձեզ՝ որպես ՀՀ վարչապետ, ի՞նչ է հայտնի:
Անտեղյակ պաշտոնյան
Պարզ շարադրված այս հարցերին «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության անունից ստացել է, մեղմ ասած, իրավիճակից անտեղյակ պատասխան` ընդհանուր դրույթներով, այլ ոչ թե ամեն հարցին՝ ըստ էության:
«Ի պատասխան ՀՀ վարչապետին ուղղված Ձեր՝ 31.08.2017 հարցմանը` հայտնում ենք հետեւյալը.
Ձեր կողմից նշված օրինագիծը մշակել է ՀՀ արդարադատության նախարարութունը եւ ներկայումս գտնվում է շրջանառության փուլում: Փաթեթը եւ հիմնավորումները դեռ կառավարության քննարկմանը չեն ներկայացվել: Հետեւաբար նախագծի հետ կապված բոլոր հարցերով առաջարկում ենք դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը: Նշենք, որ նախագիծը, ինչպես եւ բոլոր իրավական ակտերի նախագծերը, էլեկտրոնային քննարկման է դրվելու e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, եւ բոլոր ցանկացողները կարող են իրենց առաջարկությունները ներկայացնել:
Ինչ վերաբերում է պետական գերատեսչությունների կողմից օրաթերթերի բաժանորդագրությունից հրաժարվելու մասին տեղեկատվությանը, նշենք, որ բաժանորդագրվելուց հրաժարվելու վերաբերյալ որեւէ հանձնարարական կառավարության կողմից չի տրվել եւ չէր կարող տրվել գերատեսչություններին: Պետական կառույցներն ազատ են որոշելու իրենց համար առաջնային գնումների ցանկը: Ի դեպ, նշենք, որ կառավարության աշխատակազմը շարունակում է նույն քանակով տպագիր մամուլի փաթեթներ ստանալ, ինչ նախկինում»:
Շոուների սպասումով
Այսպիսով՝ ՀՀ վարչապետը նախ հարկ է համարել մեզ տեղեկացնել, որ կարող ենք վիրտուալ քննարկման մասնակցել: Խորհրդի համար, իհարկե, շնորհակալ ենք: Բայց ցավալի է, որ երկրի գործադիր մարմնի ղեկավարը լրատվամիջոցի հարցերին պատասխանել է այսքան անպատասխանատվությամբ, անտեղյակությամբ ու, ամենակարեւորը, իրականությունից կտրված: Ու այս պատասխանից կարելի է եզրակացնել, որ Կարեն Կարապետյանն իսկապես ի զորու չէ որեւէ լուրջ հարց լուծել մեր երկրում: Նրանից պետք է գեղեցիկ շոուներ ակնկալել միայն:
Հ. Գ. Հանուն արդարության՝ պետք է նշել, որ Սերժ Սարգսյանն իր օրը սկսում է օրաթերթերն ընթերցելով` անձամբ: Նա սկզբնաղբյուրից է ծանոթանում հրապարակումներին` թերթերի գործունեությունը համարելով լուրջ, ծանրակշիռ եւ կարեւոր:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿՈՎԵՐԸ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
Սեպտեմբերի 4-ին Իջեւանն ընտրվել է 2018թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: Բացի Իջեւանից՝ այդ կոչմանը արժանանալու հայտ էին ներկայացրել Ջերմուկ եւ Գավառ քաղաքները: Իջեւանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Լիլիթ Ղալումյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Իջեւանի՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք ընտրվելը կնպաստի, որ սպորտի եւ երիտասարդության նախարարության դրամաշնորհներով Իջեւանի ՀԿ-ները քաղաքի երիտասարդությանն ուղղված ծրագրեր իրականացնեն: Նշենք, որ Իջեւանը երիտասարդական, ուսանողական քաղաք է, ուր գործում են ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, այլ ուսումնական հաստատություններ: Տավուշի մարզկենտրոնը ճարտարապետական ուրույն դիմագիծ ունի: Սակայն Իջեւանի քաղաքային դիմագիծը խաթարում են Իջեւանի փողոցներում թափառող կովերը: Դրանք արածում են Իջեւանի տարածքով ձգվող միջպետական ավտոճանապարհի եզրի թփերը եւ ծառերը: Կովերն Իջեւանում շատ ազատ են իրենց զգում, կարծես Հնդկաստանում լինեն, որտեղ դրանք սրբազան կենդանի են համարվում եւ անձեռնմխելի են:
1.3 ԳՐԱՄ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ
Սահմանամերձ Կոթի գյուղի բնակիչ, երկրորդ խմբի հաշմանդամ, 1961թ. ծնված Յուրիկ Սեփխանյանը 2016թ. սեպտեմբերին առանց իրացնելու նպատակի, իր անձնական օգտագործման համար Կոթիում գտնվող իր հայրական տան բակից հավաքել, մանրացրել է կանեփի թուփ, որից պատրաստել, ապօրինի պահել է 1.3 գրամ հաստատուն քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոց: Իր տան նկուղում պահած թմրամիջոցը 2017թ. ապրիլի 7-ին տեղափոխել է Իջեւան, ուր նույն օրը բերման է ենթարկվել ոստիկանության Իջեւանի բաժին, նրա անձնական խուզարկությամբ թմրանյութը հայտնաբերվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի՝ 2017թ. հունիսի 22-ի եզրակացությամբ Յ. Սեփխանյանը հանցագործություն կատարելու պահին տառապել եւ ներկայումս էլ տառապում է շիզոֆրենիայով, որպես հոգեկան հիվանդ՝ հաշվառված է 1987 թ-ից: Այդ հանձնաժողովի եզրակացությամբ՝ նա անմեղսունակ է ճանաչվել: Սեպտեմբերի 5-ին Բերդ քաղաքում դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Յ. Սեփխանյանին ազատել ՀՀ քր. օր. 268 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու համար սահմանված քրեական պատասխանատվությունից եւ պատժից, նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, նրա նկատմամբ կիրառված, հարազատների հսկողությանը հանձնելու մասին անվտանգության միջոցը թողնել անփոփոխ մինչեւ որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ